ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Գրադարանները մշակութային կարեւոր օճախներ են եւ Գլենդէյլի Հանրային Գրադարանը այն վայրն է, ուր գրադարանի Հայկական բաժանմունքի պատասխանատու Էլիզաբէթ Գրիգորեանի եւ իր աշխատակիցների կազմակերպութեամբ հայութեան վերաբերող զանազան ձեռնարկներ են իրագործւում:
Օգոստոս 1ին գրադարանի հիւրընկալ հանդիսասրահը տրամադրուած էր նշելու մեծանուն հայի՝ Շահան Նաթալիի ծննդեան տարեդարձը եւ յարգանքի տուրք մատուցելու նրան: Ձեռնարկին ներկայ էին Շահան Նաթալիի շառաւիղները, իսկ օրուայ բանախօսն էր նրա դուստրը՝ Սիլվա Մանուկեանը, ում ներկայացրեց ու բեմ հրաւիրեց Էլիզաբէթ Գրիգորեան:
Սիլվա Մանուկեան UCLAի Միջազգային ուսումնասիրութեանց գծով ուսանող է, աւելի քան կէսդարեայ վաստակ ունի գրադարանային գործի ասպարէզում, շրջագայել է աշխարհի հարիւրաւոր երկրներում, եւ ինչպէս ինքն է վկայում հօրից ստացել է սէր՝ գրքի եւ մշակոյթի հանդէպ:
Սիլվա Մանուկեան շնորհակալութիւն յայտնեց գրադարանին ու նրա հայ աշխատակիցներին ընծայուած առիթի, գաղութի մշակութային կեանքի հարստացման ուղղուած իրենց յարատեւ ջանքերի համար, աւելացնելով. «Այս գրադարանը 1999թ.ին դարձած է իմ տունս», ապա պաստառի օգնութեամբ եւ ժամանակագրական կարգով ներկայացրեց Շահան Նաթալիի՝ բազմատաղանդ գրողի, հրապարակախօսի ու քաղաքական գործչի կեանքն ու գործը, որ նա ժառանգել է իրեն ծնող հայ ժողովրդին, իր մօտ կէսդարեայ կեանքի ընթացքում:
Շահան Նաթալի ( Յակոբ Տէր Յակոբեան ) ծնուել է 1884թ. Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգի Հիւսէյնիկ գիւղում: Որբացել է սուլթանական Թուրքիայում իրականացուած հայկական կոտորածների ժամանակ: Փոքր տարիքից ուխտել է ուղղել իր ընտանիքի եւ իր ժողովրդի հանդէպ կատարուած մեծ անիրաւութիւնը: Սովորել է Կ. Պոլսի Պէրպէրեան Վարժարանում, բախտ ունենալով աշակերտելու ժամանակի լաւագոյն մանկավարժներից Ռեթէոս Պէրպէրէանին: 1904 թ. Մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուսանել Boston University College of Liberal Artsում՝ ուսումնասիրել օրէնք եւ իրաւունք եւ այսպէս է գրել. «Օրէնքները անբարոյութեան ծնողն են, անբարոյութիինն իսկ են»:
Գրող, պատմաբան ու վերլուծաբան, Նաթալի 1904-1914թ.թ. հրատարակել է մի շարք գործեր «Շանթեր», «Ամպեր», «Սիրոյ ըւ Ատելութեան երգեր», «Քաւութեան երգեր», «Վրէժի Աւետարան», եղել խմբագիր ու աշխատակցել բազմաթիւ հանդէսների, ինչպէս «Պայքար», «Փիւնիկ», «Շանթ», «Արծիւ», «Հայրենիք» եւ այլն: Մաս է կազմել Հայ բարեգործական ընդհանուր միութեան, անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, մասնակցել «Նեմեսիս» (յունական դիցաբանութեան մէջ Հատուցման եւ Արդարութեան աստուածուհի, Ցեղասպանութեան հեղինակները ահաբեկելու ծրագիր) գործողութեան:
Հայ ժողովրդի մեծ ողբերգութիւնից ծնուած, հայութեան վերապրումի ուղիների անհանգիստ որոնող, Շահան Նաթալի հաստատել է, թէ հայ ազգը ոչ միայն խօսքով, այլ մանաւանդ գործով պէտք է տիրանայ ապրելու իր իրաւունքին: Իր մի շարք աշխատութիւններով, «Թուրքիզմը Անկարայէն Պաքու եւ թուրքական օրիանթասիոն», «Թուրքերը եւ մենք», հարստացրել է հայ քաղաքական մտքի պատմութիւնը: Քսաներորդ դարի մեծագոյն հայերի շարքին դասուած Շ. Նաթալիի «Թուրքերը ու մենք» մենագրութեան անգլերէն թարգմանութեան, որ արդէն հրապարակի վրայ է, հայերէն բնագրի մօտակայ ամիսներին վերահրատարակման, ինչպէս նաեւ գրողի արխիւի յառաջիկայ մի քանի տարիների ընթացքում լոյս ընծայման մասին ելոյթ ունեցաւ արցախեան ազատամարտիկի դստեր հետ իր կեանքը կապած Նաթալիի թոռնիկը՝ Արա Մանուկեանը:
Հետաքրքրական էին պաստառի վրայ ցուցադրուած գեղանկարիչ Մարտիրոս Սարեանի եւ ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի Շ. Նաթալիին նուիրուած գործերը, գրողի մահուան առթիւ առնուած Յովհ. Զոմեանի լուսանկարները, ինչպէս նաեւ Արթուր Չօլակեանի նկարները: Վերջինիս լուսանկարներում շեշտը դրուած է Շ. Նաթալիի առաջ պարզած մատների եւ ձեռքերի վրայ. Թւում է, Շ. Նաթալին ճանապարհ է ցոյց տալիս պատմութփան քառուղիներում մոլորուած իր ժողովրդին:
Շահան Նաթալին մահացել է 1983թ.: