ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սեպտեմբերի 26-28ը՝ սփիւռքահայ փոքր խմբի առաջարկով նրանց ուղեկցում էի դէպի Անի, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ եւ Կարս: Սեպտեմբերի 26ին, Կիրակի օրը՝ ընդամէնը մէկ շաբաթ անց Սեպտեմբերի 19ի պատարագից, հայերին թոյլ չտուեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ներսում «Հայր Մերը» աղօթել: Ամբողջ օրը կղզում եւ եկեղեցում հսկողութիւն իրականացնող ոստիկանները ոչ միայն արգելում են մոմավառութիւնը, այլ որեւէ աղօթք: Բելգիացի զբօսաշրջիկները, որոնք այդ պահին եկեղեցում էին, զարմացած էին թուրք ոստիկանների պահուածքից: Երբ քաշքշուկով աւարտուեց «Հայր Մերը», ոստիկաններից մէկը մեզ ասաց, որ իրենց հրահանգել են թոյլ չտալ բարձրաձայն աղօթել, քանի որ սա թանգարան է: Անիմաստ էր բացատրել, որ անգամ թանգարանում արգելուած չէ աղօթելը:
Այս հաղորդագրութիւնը տարածում եմ ոչ թէ հակաթուրք տրամադրութիւններ ցանելու, այլ պարզապէս հայ ուխտաւորներին տեղեակ պահելու, որ նրանք Սուրբ Խաչում աղօթել կամ մոմ վառել կարող են եկեղեցու բակում միայն:
Յաւելեմ նաեւ, որ Անիի եկեղեցիներում, աւելի յստակ Մայր Տաճարում, որտեղ պատրաստւում է ուրբաթօրեայ նամազ անել «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին, հսկողութիւն չի իրականացւում եւ հանգիստ կարելի է մոմ վառել ու աղօթել: Կարսի Առաքելոց եկեղեցին, որը տարիներ առաջ թանգարանից վերածուեց մզկիթի, գրեթէ այցելուներ չունի: Կարսում բոլորը գիտեն եւ Առաքելոցը շարունակում են կոչել իր ճիշտ անունով՝ Էրմենի Քիլիսեսի, ասյինքն հայկական եկեղեցի:
Թաթուլ Յակոբեան լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագէտ է