Կալիֆորնիայում հաւանական ահեղ երկրաշարժերի դիմագրաւման նպատակով, ամէն տարի Հոկտեմբեր ամսի երրորդ Հինգշաբթի օրը կազմակերպում են երկրաշարժի դիմակայման համանահանգային աշխատանքներ թէ՛ դպրոցներում եւ թէ՛ հանրային այլ վայրերում: Այդ իմաստով, նոյն օրը դպրոցներում հնչեցւում են երկրաշարժի ահազանգեր՝ փորձնական նախապատրաստման նպատակով:
«Շամլեան» ազգային վարժարանը, մասնակցելով համանահանգային սոյն միջոցառմանը, Հինգշաբթի, Հոկտեմբերի 21ի առաւօտեան ժամը 11ին կատարեց երկրաշարժի դիմագրաւման վարժանքը, որի ընթացքում նախ հնչեց երկրաշարժի ահազանգը: Աշակերտները դասարաններում, իրենց ուսուցիչների վերահսկողութեամբ, գործադրեցին երկրաշարժից պաշտպանուելու եւ ապա վարժարանի բակում կանոնաւորապէս համախմբուելու նախափորձերը:
Սոյն միջոցառմանը մասնակցեցին նաեւ վարժարանի տնօրէնութիւնն ու պաշտօնէութիւնը, վերահսկելով վարժանքի ամբողջ ընթացքը:
Ինչպէս նշեցին երկրաշարժի դիմագրաւման հարցերով վարժարանի պատասխանատուները, սոյն միջոցառման հիմնական նպատակն էր նախապատրաստել աշակերտութեան ու ուսուցչական կազմին, որ իրական երկրաշարժի դէպքում խուճապի չմատնուեն եւ կարողանան առանց իրարանցումի հետեւել վարժարանի անվտանգութեան եւ հրատապ օգնութեան բոլոր ընթացակարգերին:
Նշենք, որ համանահանգային սոյն միջոցառումները կազմակերպուել են ռիխտերի աստիճանաչափով 7.8 ուժգնութեամբ հաւանական ցնցմանը դիմագրաւելու համար, որը աւելի ահաւոր ու խոշոր է քան 1994 թուկանին Նորթրիջում տեղի ունեցած 6.7 ուժգնութեամբ երկրաշարժը:
(Թղթակցութիւնը
վարժարանէն)