Ինչի՞ց Սկսել…

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ ինչպէս համայն աշխարհի ժողովուրդները, այնպէս էլ մենք, լինի դա սփիւռքում թէ հայրենիքում, յայտնուել ենք այսպէս կոչուած համաշխարհային «գլոբալիզացիա»ի յորձանուտներում, կամայ թէ ակամայ մեր ինքնութեան հարցը դառնում է օրհասական, քանզի թերացման առաւել եւս ինքնաթողի դէպքում, արդիւնքը կը լինի կործանարար: Այդ իսկ պատճառով, հէնց այսօր է ճիշդ ժամանակը (եթէ չենք ուշացել արդէն) անյապաղ զբաղուելու մեր գալիք սերունդների ինքնութեան, հոգեկերտուածքի, դաստիարակութեան, մի խօսքով՝ նրա կերպարի, հայի կերպարի ստեղծման, մշակման եւ պահպանման գործը:
Կասկածից վեր է, որ այս գործընթացը եղել է, կայ եւ կը մնայ իրաքանչիւր հայ ընտանիքի գոյատեւման առանցքային իմաստաւորումը:
Սակայն այս նոյն գործընթացը կը լինէր շատ անգամ աւելի արդիւնաւէտ, եթէ դրան տրուէր համապետական, համազգային մակարդակ՝ արդիւնքում տեսնելու այն հայի կերպարը, որ կը լինի առաւելագոյնս անթերի, խորիմաց, կրթուած, ազնիւ, հայրենասէր, հայասէր եւ շատ ու շատ համամարդկային արժէքներով ամփոփուած: Այստեղ է, որ հարց է առաջանում ինչպէ՞ս եւ ինչի՞ց սկսել…
Չափազանցութիւն արուած չէր լինի, եթէ ասէինք, որ գործընթացը պէտք է սկսել հէնց դպրոցից, եթէ չասենք մանկապարտէզից կամ նախակրթարանից, որտեղ սկսւում է ձեւաւորուել երեխայի բարոյահոգեբանական վիճակը, առաջին անգամ հանդիպում է իր հասակակիցին եւ պատրաստ է ընկալելու այն ամէնը, ինչ ներկայացւում եւ հրամցւում է նրան: Այստեղ է, որ պէտք է սերմանել երեխայի մէջ հայի կերպարը, այն հայի, որը ամենաընդունելի եւ իդէալական ձեւաչափն է: Դրա համար հարկաւոր է մշակել եւ ունենալ յատուկ կանոնակարգ՝ ամրագրուած եւ հաստատուած համայն հայ ժողովրդի կողմից, օգտագործելով ամենալայն խաւերին, մարդկանց, որոնք արդէն իրենց մէջ ունեն այդ կերպարը, լինի դա Սփիւռքում եւ հայրենիքում:
Այնուհետեւ այդ կանոնակարգին հարկաւոր է տալ օրէնքի ուժ՝ պետական մակարդակով (թէկուզ սահմանադրական կարգով), որով էլ կը ղեկավարուի ամբողջ կրթական համակարգը ե՛ւ հայրենիքում, եւ ինչու չէ նաեւ՝ Սփիւռքում:
Թերեւս դժուար լինի հէնց առաջին սերունդի համար, քանզի այսօրուայ երեխաները ապագայում իրենք դառնալով ծնողներ, աւելի դիւրութեամբ կը շարունակեն նոյն գործընթացը, ցանկանալով իրենց երեխայի մէջ տեսնել այդ նոյն իդէալական հայի կերպարը, հայի, որը կը լինի առաւելագոյնս անթերի:
Մի գուցէ սա կը լինի այն միակ ուղին, որը մեզ թոյլ կը տայ ճանաչելու ինքներս մեզ, ճանաչուելու օտարների կողմից եւ վերջապէս՝ խոյս տալու այդ նոյն համաշխարհային «գլոբալիզացիա»ի գործընթացից:
Մտածենք այս մասին…
ՅԱԿՈԲ ԴԱՂԼԵԱՆ