ԱԶՆԻՒ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

Հայաստանի Ազգային գրադարանում (ՀԱԳ) տեղի ունեցաւ (անցեալ Ուրբաթ, Մարտ 18ին-Խմբ.) «Հայաստանի գրադարանները 2009թ.» թեմայով սեմինար-խոր-հրդակցութիւն, որը կազմակերպել էին Հայկական գրադարանային ասոցիացիան, Ազգային գրադարանի Մատենագիտութեան եւ գիտական հետազօտութիւնների բաժինը:
Խորհրդակցութեանը մասնակցում էին ներկայացուցիչներ մարզային, համայնքային, բուհական (համալսարանական-Խմբ.) եւ գերատեսչական գրադարաններից: Սեմինար-խորհրդակցութեան ժամանակ ներկայացուեց գրադարանների ֆոնդերի, գրադարանային գործառոյթների, յարակից այլ խնդիրներ՝ 2009թ. գրադարանների վիճակագրական հաշուետուութիւնների հիման վրայ արուած վերլուծութիւնները:
Ըստ բանախօսներին՝ մեր հանրապետութիւնում ամէն օր գրադարան է փակւում, շատերն էլ գոյութիւն ունեն միայն թղթի վրայ: Այս ցաւոտ խնդիրը քննարկելու համար հրաւիրուել էին բոլոր մարզերի գրադարանների, նաեւ մշակոյթի նախարարութեան ներկայացուցիչներ, մասնակցում էին, սակայն, միայն Լոռու մարզային եւ Տաշիրի կենտրոնական գրադարանների տնօրէնները:
Սա թոյլ է տալիս ենթադրելու, որ գրադարանների փակուելը ոլորտի պատասխանատուների անտարբերութեան արդիւնք է նաեւ:
ՀԱԳ փոխտնօրէն Ռաֆիկ Ղազարեանը տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային գրադարանը, 1978 թուականից սկսած, ամէն տարի հրատարակում է «Հայաստանի գրադարանները» վիճակագրական վերլուծութիւնը՝ ներկայացնելով վերջին հրատարակութիւնը՝ «Հայաստանի գրադարանները 2009թ.»:
«Ի տարբերութիւն նախորդ տարիների, վերջին մի քանի տարիների ընթացքում այս գրքում ներկայացւում են նաեւ բուհական, գերատեսչական գրադարանները, որոնք Մշակոյթի նախարարութեան ենթակայութիւնից դուրս են գործում, նաեւ զետեղուած է համապատասխան ինֆորմացիա՝ (տեղեկագրութիւն-Խմբ.) Արցախի գրադարանների մասին», ասաց Ռ. Ղազարեանը:
Ոլորտում առկայ թերութիւնների պատճառներից է նաեւ օրէնքի բացակայութիւնը: Ռ. Ղազարեանը նշեց, որ առաջիկայում կը քննարկեն նաեւ գրադարանների մասին օրէնքի նոր նախագիծը, հաշուի կառնուեն գրադարանների ներկայացուցիչների բոլոր առաջարկութիւնները, դիտողութիւնները:
Գիւղական գրադարանների անմխիթար վիճակի մասին խօսեց, գրադարանների պատասխանատուներին ակտիւ գործունէութեան կոչ արեց ՀԱԳ տնօրէն, Հայկական գրադարանային ասոցիացիայի (ընկերակցութեան-Խմբ.) նախագահ Դաւիթ Սարգսեանը: Օրուայ բանախօսները շեշտեցին այն փաստը, որ վիճակագրական վարչութեան եւ տեղերից տրուող՝ գրադարանների թուի մասին տուեալները չեն համապատասխանում իրար, որը մեծ խնդիր է:
Երկրորդ տարին է, ինչ ներկայացւում է նաեւ Արցախում գործող 10 գրադարանների տուեալները: Արցախում ընթերցողների թիւը մօտ 21.300 է, գրքային ֆոնդը՝ մօտ 400.000, աշխատողների թիւը՝ 75:
Բուհերի գրադարանների տուեալների վերլուծութիւնից պարզ է դառնում, որ 2009թ. աւելացել են ուսանողների յաճախումները, գրականութեան սպասարկումը, համալրումը:
Քաղաքակիրթ ազգերը միշտ պարտաւորութիւն են ունեցել թոյլ չտալ տնօրինել, կամ ըստ ցանկութեան վերաբերուել մարդկութեան ստեղծած արժէքներին ու ձեռքբերումներին: Ինչպիսի՞ն է իրողութիւնը այսօր մեզ մօտ, ինչքանո՞վ ենք մենք մօտ կանգնած այդ պատգամներին: Գաղտնիք չէ, որ մշակութային շատ իրողութիւններ են այսօր յայտնուել լուսանցքում: Սակայն, առաջին տեղի դափնին, առանց տարակուսելու, կարելի է յանձնել գրադարաններին: Մասնաւորեցնելով կարող ենք ասել՝ յատկապէս Հայաստանի գիւղական շատ գրադարանների:
Այս իրողութիւնը փաստուեց Հայաստանի գրադարանային ոլորտը ուսումնասիրելուց եւ մասնաւորապէս 2009թ. վիճակագրական վերլուծութիւնները կատարելուց յետոյ:
Հաշուետու տարում հանրապետութիւնում փակուել են 5 տասնեակից աւել գրադարաններ, որոնց մեծ մասը՝ գիւղերում: Այս թուերը, սակայն, վերջնական եւ ստոյգ չեն: Գիւղերում գրադարան է փակւում հաւանաբար ամէն օր: Վկան՝ Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանները, Լոռու մարզի Տաշիրի եւ Գեղարքունիքի մարզի շատ գրադարաններ:
Իրողութիւնը պարզաբանւում է տեղերից ստացուած մէկ նախադասութեամբ. «Գրադարանը փակուել է ֆինանսական սուղ միջոցների պատճառով, ֆոնդը յանձնուել է գիւղի դպրոցական գրադարանին»: Իսկ մինչ այս քայլին դիմելը, հաւանաբար, այս բոլոր գրադարաններում էլ տիրել է գրեթէ նոյն վիճակը՝ շէնքերը չնորոգել, ֆոնդը չթարմացնել, չջեռուցել, եւ, վերջապէս, կառոյցը օտարել:
Տարեկան հաշուետուութիւնները ամփոփելիս Լոռու մարզի գրադարանների վիճակը տարակուսելու առիթ տուեց: Մարզպետին ուղղուած՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի եւ Հայաստանի Ազգային գրադարանի հարցման պատասխանով ճշդեցինք փակ գրադարանների թիւը: Ահաւասիկ:
Թումանեանի տարածաշրջանի 31 համայնքում չի գործում 12 գրադարան: Եւ պատկերացնել է պէտք, որ դրանց թւում են նաեւ Հրանդ Մաթեւոսեանի ծննդավայր Ահնիձորի, դեռեւս 11րդ դարում գրատուն-գրադարան ունեցող Հաղպատ գիւղի, 2500ից աւելի բնակիչ ունեցող Ախթալայի գրադարանները:
Գուգարքի տարածաշրջանում չեն գործում 15 գրադարաններ, որոնց թւում են 1000ից աւելի բնակիչ ունեցող Դեբետ, Ֆիոլետովոյ գիւղերը եւ 3700 բնակիչ ունեցող Լեռնապատի գրադարանները:
Ստեփանաւանի տարածաշրջանում փակ են 1000-1500 բնակիչ ունեցող Ուռուտ, Գիւլագարակ, Սուերդլով գիւղերի 13 գրադարան: Չեն գործում Սպիտակի տարածաշրջանի 9 գիւղական գրադարաններ, որոնց թւում է 1000-2000 բնակիչ ունեցող Գոգարան, Սարահարթ, Կաթնաջուր գիւղերը:
Սակայն, տարածաշրջանում «ա-մենաառաջաւորի» դիրքում է Տաշիրը, որտեղ 13 համայնքում գործում է ընդամէնը 1-2 գրադարան: Համոզիչ չեն նաեւ գիւղական գրադարանները դպրոցական գրադարաններին միացնելու առաջարկները: Այն չգործող տարբերակ է մի քանի պատճառներով: Նախ, հիմնականում փոքր են դպրոցական գրադարանի տարածքները եւ հիմնաւորուած գրադարանավարների պատճառաբանութիւնները՝ վճարի եւ աշխատաժամերի հարցում:
Հարկ է նշել, որ վերջին 15-20 տարիների ընթացքում շատ քիչ են այն քաղաքապետերն ու գիւղապետերը, որոնք մտահոգ են եղել գրադարանների հոգսերով, եղած միջոցներից գոնէ մի փոքր մասն էլ յատկացրել են գրադարաններին, ֆոնդերի համալրմանը, կամ շէնքերը նորոգել-պահպանելու խնդրին:
Ինչպէ՞ս բացատրել այն հանգամանքը, որ գիւղապետարանում փող չկայ յատկապէս գրադարանավարի հաստիքը պահպանելու համար, երբ յայտնի փաստ է, որ այն կազմում է մօտ 35.000 դրամ: Եւ շատ յաճախ կրճատւում են հէնց այն կադրերը, որոնք տարիներ շարունակ աչքի լոյսի պէս պահել-պահպանել են գրադարանները յետերկրաշարժեան եւ պատերազմական տարիներին:
Այս վիճակում մէկ կամ երկու գրադարան չեն գտնւում: Տասնեակ գրադարաններ են կանգնած սահմանային համարուող այս իրավիճակի առաջ: Չջեռուցուող, քայքայուող, արագ օտարուող շէնքեր, տարիներով չթարմացուող գրքային ֆոնդ, յաճախ իրավիճակին յարմարուող գիւղապետեր:
Որպէս իրավիճակին տիրապետողների, այսօր մեզ անհրաժեշտ է պատճառների խոր, անաչառ վերլուծութիւն, փաստերի վրայ հիմնուած եզրակացութիւններ:
Գաղտնիք չէ, որ այսօր երկրի գրեթէ բոլոր գիտա-մշակութային եւ հասարակական կառոյցները կենտրոնացուած են Երեւանում: Վերջին 20 տարում հանրապետութեան հեռաւոր, եւ ոչ միայն հեռաւոր մարզերը զրկուած են հոգեւոր սննդից՝ թերթ ու ամսագիր, գիրք ու գրականութիւն ստանալուց:
Չեն գործում համայնքների երբեմնի մշակոյթի տները, ռադիօցանցերը: Եթէ կայ նոյնիսկ գրադարան, ապա այն տարիներով չի համալրուած նոր գրականութեամբ: Այսօր պէտք է ընդունել այն իրողութիւնը, որ թոյլ «համայնք-ողնաշարը» շատ տեղերում չի կարող իր վրայ պահել «գրադարան-ամրոց» կառոյցը:
Այսօր հանրապետութիւնում գործում են մօտ 60-70 հրատարակչութիւններ: Դրանք տարեկան հրատարակում են 1500-2000 անուն գիրք ու գրականութիւն: Տարբեր միջազգային ցուցահանդէս-տօնավաճառներում շահեկանօրէն ա-ռանձնանում եւ բարձր պարգեւների են արժանանում հայ հրատարակիչների տպագրած շքեղ գրքերն ու ալբոմները:
Երեւի տեղին է հնչեցնել հարցը. «Ո՞ւմ համար են ղօղանջում զանգերը», երբ 500 տարուայ գրահրատարակչական փորձ ունեցող Հայաստանում այսօր ընթերցողին գիր ու գրականութիւն է հրամցւում ընդամէնը 7-8 գրախանութներում: Նոյնիսկ 300-500 օրինակ տպաքանակը տարիներով չի իրացւում: Հետաքրքիր է իմանալ, որ Հայաստանում 10 գրախանութ է եղել 1927թ., որտեղ վաճառուել է այդ ժամանակի համար պատկառելի համարուող մօտ 100.000 ռուբլու գրականութիւն: Իսկ 1970-ական թթ. «Հայկոոպի եւ Հայգրքի» ցանցում գործել են 165 գրախանութ, 130 գրքի կրպակ եւ իւրաքանչիւր 100 մարդուն բաժին է հասել 370 օրինակ գիրք, 20 անուն ամսագիր, 40 օրինակ թերթ:
Մեր օրերում ոչ մի ճանապարհով չի դրւում գիրքը ընթերցողի սեղանին, չի հասնում նրան, ում համար նախատեսուած է: Տարբեր պատճառներով խզուած է ընթերցող-գիրք կապը: Ստացւում է անտրամաբանական փակ մի շրջան:
Ինչպէ՞ս է կարգաւորւում արդեօք հրատարակուած մօտ 2000 գրքի ճակատագիրը, եթէ չի առաքւում մարզեր, չկայ գրախանութների համապատասխան քանակ, չկայ վաճառքի եւ գնային ճիշտ քաղաքականութիւն: Այս բոլորով հանդերձ, եւ այս ֆոնին է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թուականին ճանաչուել գրքի միջազգային մայրաքաղաք:
Տագնապներ կան, որոնց մասին հաւանաբար ամէն օր պէտք է բարձրաձայնել: Դրանց թւում է գրադարանային ոլորտը: Յստակ պատասխաններ պէտք է ունենանք տալու գեներով (ժառանգականօրէն-Խմբ.) ընթերցասէր, գիրքն ու գրականութիւնը արժեւորող հայի տեսակին, հակառակ դէպքում կը դառնանք մեր ինքնութիւնը անցեալում փնտռող ազգ: Կը ներե՞ն արդեօք սերունդները մեզ:
«Հետք»