ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

Մարտի 16ին տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկէն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիէն (Ֆրանսիա): Նոյն օրն էլ տեղի ունեցաւ հանդիպում ԼՂՀ Նախագահ Բակօ Սահակեանի հետ, որի ժամանակ, բնականաբար, քն-նարկուեց ղարաբաղեան պրոբլեմատիկան (հակամարտութիւնը, հարցը-Խմբ.):
Միջնորդների տարածաշրջանային այցի օրակարգը կազմող հարցերի թւում քննարկուել է կողմերի շփման գծում հնարաւոր միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը: Կարելի է ասել՝ տուեալ այցն իրականացուել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. Մարտի 5ի Սոչիի համատեղ յայտարարութեան իրացման շրջանակներում, որի կէտերից մէկով էլ հէնց պահանջւում է «հրադադարի գծի երկայնքով հնարաւոր միջադէպերի հետաքննութիւն անցկացնել կողմերի մասնակցութեամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ եւ ԵԱՀԿ գործող նախագահի յատուկ ներկայացուցչի աջակցութեամբ»:
Հարցն առաւել քան հրատապ է առաջաւոր գծում բազմաթիւ միջադէպերի համատեքստում, միջադէպեր, որոնց անփոփոխ նախաձեռնող է հանդէս գալիս Ադրբեջանը, ինչպէս որ դա պատահել է հէնց Սոչիի ամենաբարձր մակարդակով հանդիպման նախօրեակին, ինչի արդիւնքում ղարաբաղեան զինծառայող է զոհուել: Եւ պատահական չէ, որ Մինսկի խմբի համանախագահները Մարտի 9ին Վիլնիւսում ընդունեցին կոշտ յայտարարութիւն՝ ընդգծելով, որ «նման անմիտ գործողութիւնները, դրանք հաստատուելու դէպքում, հակասելու են ուժի կիրառումից ձեռնպահ մնալու եւ լեռնայինղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծմանը հասնելու՝ կողմերի պարտաւորութեանը»: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին առաջարկուել է անյապաղ հետաքննութիւն անցկացնել բոլոր կողմերի մասնակցութեամբ՝ նախագահներ Մեդվեդեւի, Սարգսեանի եւ Ալիեւի համատեղ յայտարարութեանը համապատասխան:
Իհարկէ, միջազգային միջնորդների նման նախաձեռնութիւնը միայն ողջունել կարելի է: Կարելի է, եթէ չլինէր մի «բայց»: Իսկ աւելի ճշ-գրիտ լինելու համար՝ երկու «բայց»:
Նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար հազիւ թէ արժէ շփման գծում կայունութեան ապահովման գործում յաջողութեան յոյս պահել, եթէ նրանք այսուհետ եւս իրենց վարկաբեկող հաւասարութեան սկզբունքին են դիմելու հակամարտութեան կողմերի գործողութիւնները գնահատելու ժամանակ: Նոյնիսկ վերը մէջբերուած վիլնիւսեան յայտարարութեան մէջ կարելի է նկատել, որ միջնորդները դարձեալ հաւատարիմ են մնացել իրենց եւ նոյնութեան նշան դրել կողմերի միջեւ, այն ժամանակ, երբ առաջին գծում հերթական ողբերգութեան կոնկրէտ մեղաւորը հանրայայտ է: Ժամանակն է՝ նրանք հասկանան, որ Ադրբեջանի գործողութիւնների անկողմնակալ գնահատականը եւ նրա՝ որպէս զինադադարի ռեժիմը խախտողի նկատմամբ խիստ պատժամիջոցներն են միայն ընդունակ յանգեցնել իրական արդիւնքների: Հակառակ դէպքում համանախագահների բռնած դիրքի ամորֆութիւնը, եթէ նոյնիսկ հետաքննութեան արդիւնքներով նրանք դարձեալ հետեւեն հաւասարութեան արատաւոր պրակտիկային (գործելակերպ-Խմբ.), այսուհետ էլ ադրբեջանական կողմին սադրելու են հրադադարի ռեժիմի նոր խախտումների եւ լարուածութեան յետագայ ահագնացման:
Երկրորդ, միջադէպերի դադարեցման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում դիպուկահարային պատերազմը: Ինչպէս յայտնի է, ահա արդէն աւելի քան երկու տարուայ ընթացքում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բազմիցս կոչ են արել դիպուկահարներին հեռացնել շփման գծից, որը, սակայն, այդպիսի նախաձեռնութեանն անփոփոխ հրաժարումով է պատասխանել: Նա ուշադրութիւն չի դարձնում նաեւ ՄԱԿի եւ ԵԱՀԿԻ համանման կոչերին: ԶԼՄների (զանգուածային լրատու միջոցներու-Խմբ.) հաղորդումների համաձայն, տարածաշրջան կատարած ներկայիս այցի ընթացքում եւս Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը կրկին դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով դիպուկահարներին հեռացնել շփման գծից եւ ամրապնդել զինադադարի ռեժիմը, սակայն պաշտօնական Բաքուն հերթական անգամ հրաժարումով է պատասխանել: «Վերջին զարգացումները ցոյց տուեցին, թէ որքան իրաւացի ենք եղել մենք, երբ կողմերին առաջարկել ենք հետ քաշուել առաջնագծից»,– Ստեփանակերտում ասել է Բեռնար Ֆասիէն: Իհարկէ, իրաւացի են, քանզի ճշմարտութիւնը, տուեալ դէպքում, աքսիոմատիկ է (անվիճելի է-Խմբ.), ինչպէս եւ անվիճելի է այն միտքը, որ իրենց խաղաղարարական նախաձեռնութիւններն իրացնելու համար միջնորդներին անհրաժեշտ է, վերջապէս, խօսքից անցնել իրական գործի:
Թէ երբ կը մշակուեն հնարաւոր միջադէպերի հետաքննման գործուն մեխանիզմները՝ դժուար է ասել, քանի որ առայժմ քննարկումներ ու խորհրդատուութիւններ են գնում այդ հարցի վերաբերեալ: Ինչպէս եւ դժուար է կանխատեսել, թէ նոյնիսկ կոնկրետ մեխանիզմների ստեղծման դէպքում իրադրութիւնն առաջնագծում անմիջապէս կը կայունանայ: Այս յոռետեսութիւնը մեծապէս արդարացուած է, քանզի մենք բազմիցս ենք վկայ դարձել, որ կողմերը համաձայնագրեր են ստորագրել, որոնք, սակայն, Ադրբեջանի պատճառով այդպէս էլ չեն կատարուել: Դրա հաստատումն է եւ այն փատը, որ Մարտի 17ին, երբ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղից դեռ նոր էին թռել, ադրբեջանական կողմից արձակուած կրակոցից զոհուեց ԼՂՀ պաշտպանութեան բանակի եւս մէկ զինծառայող:
Այնուամենայնիւ, կը ցանկանայինք նշել մի դրական պահ Սոչիի յայտարարութեան մէջ. դրոյթ այն մասին, որ միջադէպերի հետաքննութիւնը պէտք է անցկացուի կողմերի մասնակցութեամբ: Իհարկէ, նաեւ ղարաբաղեան կողմի, այլապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հարցը չէին քննարկի ԼՂՀ Նախագահի հետ հանդիպմանը: Այլ խօսքով, կա՛յ այն ըմբռնումը, որ ամբողջ ճշմարտութիւնը պարզելու եւ, վերջին հաշուով, առաջաւոր գծում մարդկանց զոհուելը դադարեցնելու համար հետաքննութեան մեխանիզմների մշակմանն ու իրացմանը ԼՂՀի մասնակցութիւնն անհրաժեշտ է: Բայց, կարծում ենք, միջնորդները պէտք է աւելի լայն նայեն հիմնախնդրին. եթէ միջադէպերը հետաքննելու ժամանակ Լեռնային Ղարաբաղի մասնակցութիւնը պարտադիր է, ապա ինչո՞ւ ԵԱՀԿ հովանու ներքոյ բանակցութիւններում նրա յետագայ քաղաքական ճակատագրի որոշման ժամանակ կարելի է բաւարարուել առանց նրա: Սա ամենեւին էլ հռետորական հարց չէ, իսկ նշանակում է՝ նաեւ գործուն լուծում է պահանջում, որն ակնյայտ է…