ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Արցախի հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգաւորելու ուղղութեամբ տարուող բոլոր ջանքերի հակառակ, Ադրբէյջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեռ շարունակում է ռազմատենչ յայտարարութիւններով սպառնալ Հայաստանին ու Արցախին։ Պիտի ընդունել, որ այդ յայտարարութիւնները կորցրել են իրենց լրջութիւնն ու արժէքը. նրանք սկզբից ի վեր եղել են ու մնում են լոկ ալիեւեան դիւանագիտական խաղ իր իսկ ժողովրդի գլխին, որպիսով նա փորձում է ամրապնդել ու տեւական դարձնել իր նախագահական աթոռը, միեւնոյն ժամանակ միշտ սպառնալիքի տակ պահել հայ ժողովրդին։ Կարծում ենք, թէ Ալիեւը շատ լաւ գիտի, թէ կծան շունը ատամ ցոյց չի տալիս, այլ յարձակւում է։ Իսկ երբ շունն ատամ է ցոյց տալիս, իր վախը զսպելու ու թաքցնելու եւ դիմացինին սարսափի մատնելու համար է։
Ալիեւը եթէ ծանօթ չէ, անպայման պէտք է ուսումնասիրի եւ լաւատեղեակ դառնայ հայոց պատմութեան հազարամեակների ընթացքում հայ ժողովրդի հերոսական խոյանքներին ու հայրենասիրական հերոսապատումներին եւ գոյամարտերին։ Եթէ Ալիեւը չգիտի, հայ ժողովուրդը քաջատեղեակ է «Կամ վահանով, կամ վահանին» խորիմաստ խօսքի պարտաւորեցնող ու հմայական ուժի զօրութեանը։ Հայ կանայք ունէին կոյր համոզում, թէ հայ մարտիկը պէտք է յաղթական տուն դառնայ։ Նրանք «Կամ վահանով, կամ վահանին» խօսքի մէջ խտացրել էին գոյութեան ու գոյատեւութեան գաղափարը։ Այս խօսքով հայ մարտիկին՝ իրենց ամուսիններին ու զաւակներին պարտաւորեցնում էին յաղթել թշնամուն։ Ուրեմն, իրենց պահանջն էր՝ կամ վահանը ձեռքին ողջ ու յաղթական տուն դառնալ, կամ դիակը վահանի վրայ տուն բերել. այլապէս ասած՝ պիտի կռուել մինչեւ արեան վերջին կաթիլը յաղթանակ ապահովելու համար. պարտուած տունդարձ չի կարող լինել։
Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր հայրենասիրութիւնն ու նուիրուածութիւնը հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին։ Հայոց պատմութեան էջերը լի են հայ քաջերի սխրանքներով ու հերոսապատումներով։ Իբրեւ օրինակ յիշենք մի քանիսը. Աւարայրի ճակատամարտը, Ձիրաւի հերոսամարտը, Անիի ինքնապաշտպանութիւնը եւ հայ կանանց խմբի մասնակցութիւնը Այծեմնիկի գլխաւորութեամբ, Վանի, Ուրֆայի, Մուսա Լերան, Այնթապի, Տարօնի, Զէյթունի եւ Շապին Գարահիսարի հերոսամարտերը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Արցախի անզուգական ու հերոսական ճակատամարտերը, ինչպէս նաեւ՝ Պաղեստինեան ճակատում Հայկական Լեգէոնի մղած Արարայի յաղթական ճակատամարտը թրքական բանակների դէմ 1918 թուականի Սեպտեմբերին, եւ …
Այս ինքնապաշտպանական հերոսամարտերում կոփուել է հայ ժողովրդի գոյապայքարի կամքն ու իր կրակի մկրտութիւնն է ստացել։
Ուրեմն, թրքական կառավարութեան բանթուրանական նկրտումները եւ Ադրբէյջանի ղեկավարների, մանաւանդ նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ յայտարարութիւններն ու սպառնալիքները դոյզն ինչ չափով չպիտի խախտեն համայն հայ ժողովրդի ու նրա երիտասարդ բազուկի վճռականութիւնը՝ իր ազգային իրաւունքներին վերատիրանալու ուխտը եւ չպիտի կարողանան կոտրել նրա ազատ ու անկաշկանդ ապրելու աննկուն կամքը։
Արցախի ազատագրումը Ադրբէյջանի 70ամեայ անարդար տիրապետութեան գերութիւնից համարւում է մեծ նուաճում Հայ Դատի արդար պահանջատիրութեան ճանապարհին։ Արցախի ազատագրումը Հայ Դատի ուղղութեամբ մղուող յարատեւ պայքարի իրականացած մէկ փուլն է, հայ ժողովրդի ընդհանուր պահանջատիրութեան կարեւոր դարպասը։
Պէտք է լաւ գիտակցել, որ ցեղասպանութեան արարքների պատժելիութիւնը, մանաւանդ կանխամտածուած ծրագրով եւ պետական զինուած ուժերի ու կառոյցների միջոցով գործադրուած ցեղասպանութիւնների վերահաստատման ու արդար հատուցման հարցերը, ըստ ՄԱԿի մարդկային իրաւանց օրէնքների, անժամանցելի են. այս կարգին են պատկանում Հայկական Ցեղասպանութիւնը թրքական կառավարութեան ձեռամբ եւ Սումգայիթի Եղեռնը Ադրբէյջանի միջոցով։ Գործադրողները կամ նրանց յաջորդող իշխանութիւնները, իբրեւ ժառանգորդներ, մնում են պատասխանատու, յատկապէս երբ նրանք գտնւում են ուրացման ու մերժողական դիրքերում ու դեռ գրաւման տակ են պահում մի ամբողջ երկիր՝ Արեւմտեան Հայաստանը։
Անտարակոյս, Թուրքիայի այսօրւայ իշխանութիւնը, երբ ամէն ճիգ գործ է դնում հերքելու, ուրանալու եւ կասկածի տակ դնելու Հայկական Ցեղասպանութեան իրագործման փաստացի իրականութիւնը եւ անընդհատ փորձում է նենգափոխել եւ սուտ ու շինծու վարկածներ յօրինել իր նախնիների ու նախորդների անմարդկային ոճրագործութիւնները սքօղելու միտումով՝ այդպիսով ինքը եւս մասնակից է դառնում այդ հրէշային ոճրագործութեանը եւ պատասխանատուութեանը։ Թուրքիայի գործող կառավարութիւնը բացի վերոնշեալից, դեռեւս շարունակում է իր գրաւման տակ պահել հայ ժողովրդի պապենական երկրի շուրջ չորս հինգերորդ մասը… Այս առումով, Թուրքիայի իրարայաջորդ իշխանութիւնները եւ այսօրւայ դրութեամբ նախագահ Ապտուլլահ Կիւլի եւ Էրտողանի վարչակարգը համարւում են անվիճելի պատասխանատուն Հայկական Ցեղասպանութեան. անպատմելի ցեղասպանութիւն, որի հետեւանքով հայ ժողովուրդը ենթարկուեց ֆիզիքական ջարդի, մշակութային, տնտեսական եւ քաղաքական անչափելի ու անդարմանելի կորստի ու վնասների։
Հայկական Ցեղասպանութիւնը, բացի ֆիզիքական ու նիւթական կողմից, հայ ժողովրդի համար ունի նաե՛ւ հոգեբանական ու բարոյական նշանակութիւն։ Տասնամեակներ շարունակ հայ ժողովրդի զաւակները, յատկապէս թրքական եաթաղանից մազապուրծ եղած հայ բեկորները, յուսալքուած, ընկճուած եւ տառապալից կեանք են ապրել, որի պատճառով մեծապէս տուժել են թէ ֆիզիքապէս, թէ մշակութապէս եւ թէ տնտեսապէս. ամենից կարեւորը, որ նրանց ստեղծագործական տաղանդը վշտի ու արցունքի ընկեր է եղել…
Հայ ժողովուրդը, ականջալուր իր նախնիների ու մերօրեայ անձնուէր հերոսների պատգամին, հնարաւոր բոլոր միջոցներով շարունակում է պայքարը իր ազգային բռնագրաւուած իրաւունքները վերանուաճելու վճռակամութեամբ։
Կարեւորութեամբ պիտի նշել, որ Հայ Դատի պայքարը արդէն թեւակոխել է մի նոր եւ լրացուցիչ փուլ։ Հայկական Ցեղասպանութեան վերահաստատման ուղղութեամբ ծաւալուող աւելի քան կէսդարեայ պայքարին զուգընթաց՝ հողային պահանջատիրութիւնը միջազգային իրաւական ատեանների ճամփով նոր թափ պիտի հաղորդի պայքարին։
Այս պայքարը, անշուշտ, իր արդար ու տրամաբանական յաղթանակին պիտի հասնի, քանի որ պահանջատիրութիւնը արդար, փաստացի ու առարկայական է։ Հէնց թրքական, անգլիական, գերմանական ու բազմաթիւ այլ երկրների պետական արխիւներում առկայ փաստաթղթերը եւ ականատեսի գրութիւնները Հայկական Ցեղասպանութեան իրագործման լաւագոյն վկաներն են։ Միջազգային փաստաթղթերից նշենք միայն Սեւրի դաշնագիրը եւ Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռը Հայաստանի ու Թուրքիայի սահմանագծման մասին, ըստ որի Հայաստանին յատկացուել է աւելի քան 160,000 քառակուսի կիլոմետր տարածութիւն։
Այսօր թէ Թուրքիայի, թէ Ադրբէյջանի եւ թէ Հայաստանի ու տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական շահեր հետապնդող պետութիւնների շահին է վերահաստատելով Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը՝ խաղաղ միջոցներով արդար լուծում տալ հայ ժողովրդի հողային պահանջատիրութեան եւ Արցախի անկախութեան ճանաչման։ Այսպիսով Թուրքիան եւ Ադրբէյջանը կը փակեն իրենց պատմութեան սեւ էջերը եւ միջազգային հանրութեանը կը ներկայանան իբրեւ արդարամիտ ու արդարադատ պետութիւն։
Այս է թելադրում հայ ժողովրդի ու Հայ Դատի երկարամեայ պայքարը անարդարութեան դէմ՝ իրաւատիրոջ յաղթանակը բռնազաւթիչի դէմ։