Ա. Հիտլերի Հակամարդկային Վերաբերմունքը Մեծ Ողբերգութեան Նկատմամբ
ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Դեռեւս 19րդ դարի վերջերին Գերմանիայի արտաքին քաղաքականութեան մէջ ձեւաւորուել եւ գործում էր մի ուղղութիւն, որը դիւանագիտութեան պատմութեան մէջ յայտնի է Drang nach Osten (արշաւանք դէպի Արեւելք) անուանումով: Դրա նպատակն էր ընդլայնել գերմանական ազդեցութիւնը դէպի Արեւելք, մասնաւորապէս դէպի Մերձաւոր Արեւելք, որն այդ ժամանակ կռուախնձոր էր Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ: Այդ տարածաշրջանում հակասութիւնների հիմնական օբյեկտը (առարկան-Խմբ.) Օսմանեան կայսրութիւնն էր: Այդ երկիրը յայտնուել էր ներքին եւ արտաքին քաղաքական ճգնաժամի մէջ եւ մեծ տէրութիւններից իւրաքանչիւրն իրեն համարում էր թուրքական ժառանգութեան յաւակնորդ:
Գերմանական դիւանագիտութեան համար գործում էր Macht geht vor Recht (ուժը գնում է իրաւունքից առաջ) նշանաբանը, որի հեղինակը Օ. Բիսմարկն էր:
Գերմանիայի արեւելեան քաղաքականութեան ակտիւացումը եւ գերմանա-թուրքական մերձեցումն ակնառու է դառնում յատկապէս Վիլհելմ 2րդ կայզերի ժամանակ: Նա երկու անգամ այցելել է Թուրքիա (1889թ. եւ 1898թ.): Երկրորդ այցելութեան ժամանակ գտնուելով Դամասկոսում, Սալահ-էդդինի դամբարանի մօտ, դիմելով Աբդուլ Համիդ 2ին, յայտարարել է. «Թող Նորին Մեծութիւն սուլթանը եւ 300 միլիոն մուսուլմանները համոզուած լինեն, որ ի դէմս գերմանական կայզերի, նրանք ձեռք են բերում յաւէրժական բարեկամի»:
Աբդուլ Համիդ 2րդն իր հերթին պարտք չմնաց եւ թուրքական մայրաքաղաքին կայզերի նուիրած ջրհորի վրայ տեղադրեց հետեւեալ խօսքերը. «Սուլթան Աբդուլ Համիդ խան 2րդի նորին մեծութեան նրա հաւատարիմ բարեկամը, Կայզերական ընտանիքի վեհաշուք պայծառափայլ զարդարանքը, երջանկութեան բարձունքում կանգնած նորին մեծութիւն Կայզեր Վիլհելմ 2րդը, որի նմանը չկայ գերմանական կայզերների ու տիրակալների մէջ, ի պատիւ օսմանների փատիշահի իր այցով զարդարեց Կոստանդնուպոլիսը, եւ որպէս այցելութեան յիշատակ կառուցեց այս ջրհորը, եւ նրա զուլալ ջրի նման բարձրացրեց երկու ինքնակալների բարեկամութիւնը՝ որպէս անբասիրութեան օրինակ:
Թող այս ջրհորը հանդիսանայ յաւէրժական բարեկամութեան յուշարձան»:
Կայզեր Վիլհելմ 2րդի Թուրքիա կատարած այդ այցին յատուկ թողարկում նուիրեց այն ժամանակ լայն ճանաչում գտած փարիզեան երգիծական Le Rire («Ծիծաղ») հանդէսը (1898թ. Նոյեմբեր), որը Վիլհելմ 2րդին եւ Աբդուլ Համիդ 2րդին պատկերել է որպէս հայերի դէմ որս կատարողների։
Թուրքիայի կողմից հակահայկական քաղաքականութիւնն ու գործողութիւնները ելնում էին պանթուրքիզմի գաղափարախօսութիւնից, ուղղուած էին նաեւ Ռուսաստանի դէմ եւ աջակցութիւն էին գտնում եւրոպական տէրութիւնների, մասնաւորապէս Գերմանիայի կողմից: Այդ կապակցութեամբ 19րդ դարի վերջերին գերմանական ու անգլիական դիւանագիտութեան մէջ որոշակի ուղղութիւն կար «Հայաստանն առանց հայերի» նշանաբանով, որը քօղարկելու նպատակով այդ նոյն գիծը վերագրւում էր Ռուսաստանին: Մինչդեռ, ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան փաստաթղթերից մէկում գրուած է. «Եթէ գերմանացիներին ու թուրքերին Հայաստանը պէտք է առանց հայերի, եթէ նրանց անհրաժեշտ է վերացնել հայկական սեպը, եթէ նրանք ձգտում են ոչնչացնել մեր մահմեդականների եւ թուրքերի ու քրդերի միջեւ գոյութիւն ունեցող արգելապատը, ապա Ռուսաստանի խնդիրն է ամէն գնով վերակերտել այդ հայկական սեպը, արգելապատը՝ թուրքերի, քրդերի եւ մեր թաթարների միջեւ»:
19րդ դարի վերջերին թուրքական ու գերմանական տիրակալների «բարեկամութեան» կարեւոր խնդիրներից մէկը կայզերի կողմից օսմանեան կայսրութեան հայկական բնակչութեան նուազեցման ու բնաջնջման թուրքական քաղաքականութեան ու գործողութիւնների ակտիւ պաշտպանութիւնն էր: Հայկական հարցին պաշտօնական Գերմանիայի այդպիսի դիրքորոշումն ու վարքագիծը բնորոշ էր 19րդ դարի վերջի եւ 20րդ դարի սկզբի ամբողջ ժամանակահատուածում: Այդ կապակցութեամբ, առանց դիւանագիտական նրբութեան, բացայայտօրէն յայտարարել է կայզերական Գերմանիայի արտաքին գործերի նախարար Արտուր Ցիմմերմանր: Նա նշել է. «Ըստ էութեան, հայերը պէտք չեն Գերմանիային: Հայերով բնակեցուած Հայաստանը վնասաբեր է նրա շահերին»: Պատմութիւնը ցոյց տուեց, որ արեւմտեան մեծ տէրութիւնների բեռլինեան «կոնցերտը», որի դիրիժորը կանցլեր Օ. Բիսմարկն էր, հայկական հարցում լիովին պաշտպանեց սուլթանական Թուրքիայի հայատեաց քաղաքականութիւնն ու գործողութիւնները: Օգտուելով արեւմտեան տէրութիւնների թողտուութիւնից եւ աջակցութիւնից, սուլթանական Թուրքիայի կառավարողները 19րդ դարի 90ական թուականներին պետականօրէն մշակուած ծրագրով կազմակերպեցին եւ բարբարոսաբար իրագործեցին հայերի առաջին զանգուածային ցեղասպանութիւնը: Հայկական հարցի յայտնի մասնագէտ գերմանացի Պաուլ Ռոհրբախը գրել է. «Իրականում այն ինչ տեղի ունեցաւ Հայաստանում, իր մասունքներով այնքան ցնցող է, որ ո՛չ մի գրիչ, ո՛չ մի երեւակայութիւն ի վիճակի չէ պատկերելու անհամար սարսափելի տառապանքները, որ կրել է այդ ժողովուրդը»:
Նահատակուած հայերի թիւն անցաւ 300 հազարից, իսկ մի շարք տուեալներով հասաւ մինչեւ կէս միլիոնի: Հայերի այդ ցեղասպանութիւնից յետոյ այրի կանանց ու որբ երեխաների թիւը կազմեց 400 հազար: Եո. Լեփսիուսի բերած հաւաստի տուեալներով միայն 1895 թուականին աւերուել է 2500 հայկական բնակավայր, 568 եկեղեցի ու վանք, 282 եկեղեցի վերածուել է մզկիթի, հարիւրաւոր հայ ընտանիքներ իսլամացուել, իսկ անտուն մնացած ու գոյութիւն պահպանելու պայմաններից զրկուել է կէս միլիոն հայ: Հարկ է ասել, որ 1878 թուականին, Բեռլինի Կոնգրեսին հայոց պատգամաւորների ներկայացրած տեղեկագրում հայկական վեց մարզերում (Վան, Բիթլիս, էրզրում, Սուազ, Խարպուտ, Դիարբեքիր) ապրում էր 1 միլիոն 330 հազար հայ: Կոտորածների համաճարակների, սովամահութեան հետեւանքով արդէն 1896 թուականին մնացել էր 737 հազար հայ: Փաստօրէն, 18 տարուայ ընթացքում հայերի թիւը պակասել էր 600 հազարով: Պատմութեանը յայտնի է թէ ինչ դիրք գրաւեց Գերմանիան 1895-1896 թուականների հայկական կոտորածների նկատմամբ: Չէ՞ որ դա հայերի առաջին զանգուածային ցեղասպանութիւնն էր. Որպէս Թուրքիայի դաշնակից, պաշտօնական Գերմանիան արդարացնում կամ գովերգում էր Թուրքիայի բարբարոսութիւնները: Գերմանական հեղինակներից Ֆ. Հերլեն իր «Բարոյական կարծիքը Գերմանիայում եւ փաստերը» վերնագրով հրապարկման մէջ մէջբերում է կատարում գերմանական պաշտօնեաներից մէկի հետեւեալ բացականչութիւնը, «Ճիշդ ես անում կտրիճ թուրք, դու միակ ջենտլմենն ես Արեւելքում»:
Հետաքրքրական է, թէ ինչ էր գրում այդ ժամանակ գերմանական մամուլը: Ահա այսպէս: Շաբաթահանդէսներից մէկը անհոգի, անխիղճ, ես կ՛ասէի ցինիկաբար նշել է. «Թուրքերը ճիշդ վարուեցին բնաջնջելով հայերին»: Այդ նոյն հանդէսում նոյն ոճով գրուած է. «Եթէ հայ որբերը մեռնում են սովից, ուրեմն բարի աստուածը ցանկանում է, որպէսզի նրանք սովից մեռնեն»: Իսկ ինչպիսի՞ն էր կայզերական Գերմանիայի պաշտօնական դիրքորոշումը թուրքական հայատեաց քաղաքականութեան եւ հայկական կոտորածների նկատմամբ: Բերենք միայն երկու փաստ: 1895 թուականին ստանալով Կոստանդնուպոլսում գերմանական դեսպան Ֆօն Զաուրմայի զեկուցագիրը հայերի կոտորածների մասին, կայզեր Վիլհելմ 2րդը փաստաթղթի լուսանցքում երկերեսանիօրէն ու կեղծաւորութեամբ արել է հետեւեալ նշումները. «Եւ այս բոլորը քրիստոնեան ու եւրոպացին պէտք է հանգիստ դիտարկի ու սուլթանի հասցէին բարի խօսքեր ասի՞:»: Այնուհետեւ կայզերը գրել է. «Այս բոլորը գերազանցում է այն ամէնին, ինչ եղել է անցեալում: Կարծես թէ (վարֆոլոմէական) բարդուղիմէոսեան գիշերն է: Անհրաժեշտ է Դռան (սուլթանական կառավարութեան -Ս. Ս.) հետ այլ ձեւով խօսել: Վերջիվերջոյ մենք քրիստոնեաներ ենք…»: Դրանից յետոյ կայզերն աւելացրել է. «Եւ քրիստոնէական տէրութիւններն այդ ամէնին պէտք է հանգիստ նայեն: Ամօթ մեզ բոլորիս»: Կայզերի հետեւութիւնը լուսանցքում այսպիսին է. «Սուլթանը պէտք է գահընկեց արուի»: Նման գրութիւններն ու արտայայտութիւնները մնացել են միայն թղթի վրայ եւ գործնական ոչ մի բան չի ձեռնարկուել: Ճշմարտութիւնն այն է, որ խօսքով դատապարտւում էին հայկական կոտորածները, իսկ իրականում, ուղղակի կամ ոչ ուղղակի պաշտպանութիւն էին գտնում կայզերական կառավարողների կողմից: Միանգամայն ճշմարիտ է հայկական հարցի գիտակ Պ. Ռոհրբախը, որը նշել է. «Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի միայն ընդգծուած բարեկամական վերաբերմունքը հնարաւոր դարձրեց սարսափելի չափերի կոտորածները»: Այստեղ, ինչպէս ասում են, մեկնաբանութիւնն աւելորդ է: Եթէ Գերմանիայի կառավարողները պաշտպանում էին թուրքական ոճրագործութիւնները, աջակցում էին սուլթանական իշխանութիւններին հայկական ռեֆորմների խափանման գործում, հանդէս էին գալիս որպէս հայերի ցեղասպանութեան մեղսակիցներ, ապա գերմանական ժողովրդի ականաւոր մտածողները, նշանաւոր հասարակական գործիչները խիզախօրէն սատար էին կանգնում արեւմտահայութեանը, դատապարտում էին թուրքական կառավարողների յանցաւոր հակահայկական գործողութիւնները, օգտագործում էին նիւթական ու բարոյական բոլոր միջոցները հայերին օգնութիւն ցոյց տալու համար: Բերենք միայն մի մեծ մարդասէր գերմանացի Եոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունէութեան օրինակը: 1895 թուականի աշնանը Գերմանիայի Ֆրիզդորֆ բնակավայրում տեղի է ունենում միսիոներների հաւաք եւ ստեղծւում է «Գերմանա-Արեւելեան առաքելութիւնը»: Այն ժամանակ լուր է հասնում Ֆրիզդորֆ, որ Արեւմտեան Հայաստանում, Կոստանդնուպոլսում եւ Թուրքիայի հայաբնակ վայրերում սկսուել են հայերի զանգուածային կոտորածները, իսկ մահմեդական մոլեռանդները 3000 հայ այրել են Ուրֆայի մայր տաճարում: 1896 թուականի աշնանը «Գերմանա-Արեւելեան առաքելութեան» ղեկավարութեան յանձնարարութեամբ Եո. Լեփսիուսն ուղեւորւում է Թուրքիա, այնտեղ մնում է 8 շաբաթ, հանգամանօրէն ուսումնասիրում է արեւմտահայութեան ողբերգական վիճակը եւ վերադառնալով Գերմանիա հասարակութեան լայն շրջաններին իրազեկ է դարձնում այդ մասին: Կարեւոր նշանակութիւն ունեցաւ նրա վճռական քայլը՝ «Կայզերական տեղեկագրում» նրա գրած «ճշմարտութիւնը Հայաստանի մասին» (Die Wahrheit Ֆber Armenien) յօդուածի հրապարակումը: Այնուհետեւ նա իր հիւանդ կնոջ՝ Մարգարեթ Ցելլերի եւ վեց երեխաների հետ մեկնում է Բեռլին եւ ստանձնում այդ ժամանակ հիմնուած «Հայերին օժանդակութեան հիմնարկի» (Armenisches Hilfswerk) քարտուղարի պաշտօնը: Օսմանեան կայսրութիւն կատարած իր ուղեւորութեան եւ արեւմտահայութեան ողբերգական վիճակին ծանօթանալու արդիւնքն ամփոփուեց նրա «Հայաստանը եւ Եւրոպան» աշխատութեան մէջ, որը լոյս տեսաւ 1896 թուականին: Այդ աշխատութեամբ ամբողջացուեց «Ճշմարտութիւնը Հայաստանի մասին» յօդուածաշարը, որը հրապարակուել էր գերմանական մամուլում: «Հայաստանը եւ Եւրոպան» աշխատութիւնը հաւաստի աղբիւրներով ցոյց է տալիս սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականութիւնն ու յանցաւոր գործողութիւնները XIX դարի վերջին տասնամեակում: Աշխատութիւնում հայերի ցեղասպանութեան վերաբերեալ բերուած պաշտօնական փաստաթղթերն ու հաւաստի տուեալները մեծ հետաքրքրութիւն առաջացրին ամբողջ Եւրոպայում: Պատահական չէ, որ աշխատութիւնը թարգմանուեց անգլերէն, ֆրանսերէն եւ ունեցաւ մի քանի հրատարակութիւն: Եո. Լեփսիուսը պաշտօնական փաստաթղթերի հիման վրայ ցոյց է տուել հայերի կոտորածներն ինչպէս Արեւմտեան Հայաստանի բոլոր նահանգներում, այնպէս էլ հայաբնակ Տրապիզոնի, Մամուրեթ-ուլ-Ազիզի, Հալէպի, Ադանայի եւ Անկարայի նահանգներում: Գրքի առաջին գլուխը վերնագրուած է. «ճշմարտութիւնը Հայաստանի մասին», որտեղ բացայայտուած են սուլթանական կառավարողների ծրագրերն ու գործողութիւններն արեւմտահայութեան առաջին զանգուածային ցեղասպանութեան իրականացման գործում: «Հայաստանը եւ Եւրոպան» աշխատութիւնը վաւերական փաստերով ու անվիճելի ճշմարտութիւններով ամբաստանագիրք է Եւրոպայի իմպերիալիստական տէրութիւնների կառավարող շրջանների դէմ: Եւրոպական մեծ տէրութիւնների յանցաւոր քաղաքականութիւնն արեւ-մտահայութեան նկատմամբ Եո. Լեփսիուսը մերկացրել է նաեւ մէկ ուրիշ ստուարածաւալ 40 հատորանոց ժողովածուում. Յայտնի է, որ Եո. Լեփսիուսը մասնակցեց «Եւրոպական կառավարութիւնների մեծ քաղաքականութիւնը 1871-1914» ժողովածուի կազմմանն ու խմբագրմանը: Այդ հրատարակութեան նպատակն էր որոշ չափով թեթեւացնել կայզերական Գերմանիայի մեղքը համաշխարհային իմպերիալիստական քաղաքականութեան եւ, յատկապէս առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծման մէջ: Եո. Լեփսիուսի հետ 40 հատորանոց այդ ժողովածուի կազմելուն ու խմբագրմանը մասնակցեցին նաեւ Ալբրեխտ Բարդհոլդին եւ Ֆրիդրիխ Թիմեն: Ժողովածուի մէջ հայկական հարցը եւ հայերի ցեղասպանութեանը վերաբերող փաստաթղթերը տեղ են գտել մի շարք հատորներում: Հարկ է ասել, որ տեղադրուած փաստաթղթերն ամենեւին էլ չէին կարող փոխել գերմանական արտաքին քաղաքականութեան եւ գործողութիւնների էութիւնը: Դա անհնարին էր, սակայն որոշ մեղմացում նկատելի է: Հայկական հարցը, յատկապէս ծաւալուն տեղ է գրաւել 9րդ հատորի առաջին մասում: Այն վերնագրուած է «Հայկական եռամիութիւնը. Անգլիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ գործունէութիւնը 1890-1895թթ.»: 12րդ հատորի առաջին մասում տեղադրուած է դիւանագիտական փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ «Հայկական Հարցը եւ Մեծ տէրութիւնները 1896 թուականին» վերնագրով: Բնական է, որ Եո. Լեփսիուսի գրաւոր ու բանաւոր խօսքը մեծ դեր կատարեց արեւմտահայութեան ծանր վիճակի մասին ճշմարիտ հասարակական կարծիք ստեղծելու համար: 19րդ դարի 90ական թուականների հայերի ցեղասպանութեան ժամանակ եւ դրանից յետոյ. Եո. Լեփսիուսը հսկայական գործնական աշխատանք կատարեց արեւմտահայութեան օգնութեան գործում: Ամէնից առաջ Եո. Լեփսիուսը ձեռնամուխ եղաւ սպանուած հայերի այրիների ու որբերի օգնութեանը: Հէնց այդ նպատակով էլ Եո. Լեփսիուսը Ֆրիզդորֆի իր գորգի ֆաբրիկան տեղափոխում է Կիլիկիա: Ֆաբրիկան գործում է Ուրֆա հայկական քաղաքում, ուր աշխատում են հայ այրիներն ու որբերը: Բացի դրանից, նրա ջանքերով հայ որբերի համար հայաբնակ կենտրոններում որբանոցներ, բուժարաններ, արհեստանոցներ ու արհեստագործական դպրոցներ հիմնուեցին, իսկ Գերմանիայում հայ որբերի ու ուսանողների համար հովանաւորողներ հաւաքագրուեցին: Իր գործունէութեամբ նա համաշխարհային առաջադէմ հասարակութեան խիղճն էր արթնացնում ընդդէմ սուլթանական Թուրքիայի կառավարողների: Բեռլինում պահպանուող «Գերմանա-Արեւելեան առաքելութեան» արխիւում կան բազմաթիւ փաստաթղթեր, որոնցում ցոյց են տրուած Եո. Լեփսիուսի հայանպաստ գործունէութեան զանազան փաստեր: Փաստաթղթերից մէկում գրուած է, որ 1890ական թուականներից մինչեւ 1914 թուականը Եո. Լեփսիուսի նախաձեռնութեամբ արեւմտահայութեանը տրամադրուել է 2.5 միլիոն ոսկի ֆրանկի նիւթական օգնութիւն: Հայկական բնակավայրերում հաստատուել է վեց որբանոց եւ երկու գորգագործական ձեռնարկութիւն, հայկական կոտորածների ժամանակ տուժած հայերին յատկացուել է մեծ քանակութեամբ հագուստեղէն, դեղորայք ու սննդամթերք: Վերոյիշեալ ժամանակահատուածում Եո. Լեփսիուսի ջանքերով տարեկան 600 հայ որբուկ է խնամուել ու դաստիարակուել: Որպէս Հայկական Հարցի փայլուն գիտակ. Եո. Լեփսիուսը պատկերաւոր ձեւով բնութագրել է Հայկական Հարցը: Նա ասել է. «Հայկական հարցն ինքնածին տունկ չէ, այլ եւրոպական դիւանագիտութեան պտուղն է… Դիւանագիտական շախմատային խաղի մէջ, որին հայը կատարում էր զինուորի դեր, որին, երբեմն առաջ էին մղում կամ զոհաբերում»:
Հարկ է ասել, որ կայզերական Գերմանիան, լինելով սուլթանական Թուրքիայի մերձաւոր դաշնակիցը, շարունակեց այդ նոյն գիծը նաեւ երիտթուրքերի կառավարողների հետ: Դա նշանակում էր, որ թուրքական հայատեաց քաղաքականութիւնն ու գործողութիւնները լիովին պաշտպանութիւն էին գտնում պաշտօնական Գերմանիայի կողմից: Այդ յանցաւոր քաղաքական կուրսը դրսեւորուեց առաջին աշխարհամարտի նախօրեակին, մասնաւորապէս Արեւմտեան Հայաստանի ռեֆորմների հարցում եւ այնուհետեւ պատերազմի ընթացքում Հայոց Ցեղասպանութեան կազմակերպման եւ իրականացման, 20րդ դարի առաջին ու մեծ ոճրագործութեան մեղսակցութեան մէջ: Եւրոպական բոլոր տէրութիւնների շարքում հայերի ցեղասպանութեան գլխաւոր մեղսակիցը կայզերական Գերմանիան էր: Գերմանական կառավարողների նման դիրքորոշմամբ էլ պայմանաւորուած էր նրանց վարքագիծը հայերի ցեղասպանութեան նկատմամբ: Գերմանացի յայտնի արեւելագէտ Եո. Մարկուարտը իրաւացիօրէն նշել է, որ հայերի ցեղասպանութեան հարցում «առաւել ծանր է Ռայխստագի պատասխանատուութիւնը»: Հայերի ցեղասպանութեան դատապարտմանն ու կայզերական Գերմանիայի մեղսակցութեանն է նուիրուած Եո. Լեփսիուսի մեծածաւալ աշխատութիւնը «Գերմանիան եւ Հայաստանը», որտեղ զետեղուած է շուրջ 500 դիւանագիտական փաստաթուղթ: Բացի դրանից, մէկ ուրիշ աշխատութեան մէջ Եո. Լեփսիուսը, դիմելով կայզերական Գերմանիայի կառավարիչներին, մեղադրելով նրանց հայերի ցեղասպանութեան մեղսակցութեան մէջ, յայտարարում էր. «Եթէ դուք մեղաւոր չէք, ապա ապացուցէք, որ մեղաւոր չէք»: 1916 թուականի Յունուարի 27ին Կառլ Լիբկնեխտը ի լուր աշխարհի յայտարարեց. «Թուրքական կառավարութիւնը կազմակերպեց հայերի սարսափելի ջարդերը: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին եւ դրա համար մեղադրւում է Գերմանիան, քանզի Կոստանդնուպոլսի կառավարութեանը հրամայում էին գերմանական սպաները»:
Ցեղասպանութեան ականատես, գերմանացի յայտնի հրապարակախօս Հարրի Շտիւրմերը իրաւացիօրէն մեղադրում է գերմանական կառավարութեանը այդ հակահումանիստական քաղաքականութեան մէջ, քանզի այլ կերպ չի կարելի բնութագրել Գերմանիայի գործողութիւնները հայ ժողովրդի նկատմամբ: Հ. Շտիւրմերը 1915-1916 թուականներին աշխատելով Կոստանդնուպոլսում որպէս Klnische Zeitungի թղթակից, փաստագրական յատուկ գիրք է գրել «Պատերազմական երկու տարի Կոստանդնուպոլսում« վերնագրով, որի 3րդ գլուխը ամբողջապէս նուիրուած է արեւմտահայութեան դէմ երիտթուրքերի կազմակերպած եւ իրականացրած աննախադէպ ոճրագործութիւնների նկարագրմանն ու դատապարտմանը: Սարսափազդու է գրքի այն մասը, որտեղ նկարագրւում է Կոստանդնուպոլսի հայերի նկատմամբ թուրքական իշխանութիւնների ոճրագործութիւնները, որոնց ականատես է եղել նրա կինը, որը պատմել է. «Եթէ այդպիսի տեսարաններ տեղի են ունենում կէսօրին, ամենաուժեղ երթեւեկութեան ժամին եւրոպական Պերայի կենտրոնում, ամենաշատ բանուկ փողոցում, ուրեմն ես կ՛ուզենայի իմանալ, թէ ինչ են անում թուրքերը այդ խեղճ հայերի հետ երկրի դեռեւս բոլորովին վայրի հեռաւոր շրջաններում: Եւ, եթէ թուրքերը վարւում են այստեղ մայրաքաղաքում վայրի գազանների նման, այն ձեւով, որ եւրոպացի կինը չի կարող գնալ եւրոպական թաղամասի կենտրոնական փողոցով առանց ենթարկուելու նեարդային ցնցման, ուստի ես չեմ կարող այլեւս ապրել այս սարսափելի երկրում»: Եւ ամէն անգամ, որ նա փողոց էր դուրս գալիս, արտասուահեղձ, իրեն կորցնելու չափ ըմբոստացած այն ամէնից, որ նա տեսել էր մի տարուց աւելի, մոլեգնում էր՝ «Դուք՝ գերմանացիներդ, ոճրագործներ էք, ստոր յանցագործներ էք, դուք, որ հանդուրժում էք, նման գազանութիւններ թուրքերի մօտ, դուք, որ ձեր լրիւ հսկողութեան տակ էք վերցրել ամբողջ երկիրը, դուք մարդասպաններ էք, եւ այլեւս երբեք ոտք չեմ դնի ձեր անիծեալ երկիրը: Ախ, Աստուած իմ, որքան եմ ատում Գերմանիան»: «Սկսած այդ պահից,- այնուհետեւ գրում է Շտիւրմերը,- երբ իմ հարազատ կինը այդքան ստորութիւնից վրդովուած, ըմբոստացած եւ զզուած, դողահար եւ արտասուաթաթախ իմ դէմքին շպրտեց այս անէծքը, ես բոլոր իմ կապերը խզեցի Գերմանիայի հետ»:
Ակադեմիկոս Է. Տառլեն, իրաւացիօրէն դատապարտելով կայզերական Գերմանիայի մեղսակցութիւնը հայերի ցեղասպանութեանը, գրել է, «Գերմանացի հիւպատոսները, միսիոներները, զինուորականներն ու քաղաքացիական անձինք դժկամօրէն, զուսպ կերպով (չէ՞ որ Թուրքիան կարեւոր դաշնակից էր) իրենց կառավարութեանը իրազեկ էին պահում պլանաչափօրէն իրագործուող անլուր եւ անհամար զանգուածային կոտորածների մասին, սակայն ոչ Վիլհելմը, ոչ Բեթման Հոլվեգը հարկ չէին համարում միջամտելու: Գերմանական իշխանութիւնների մի խօսքը բաւական էր կանգնեցնելու ջարդերի երկու ղեկավարներին՝ Թալէաթ փաշային եւ էնվէր փաշային»:
Գերմանիայի թուրքամէտ, հակահայկական քաղաքականութիւնը, նրա մեղսակցութիւնը հայերի ցեղասպանութեանը բացայայտ դրսեւորւում է նաեւ վերջին ժամանակներս յայտնաբերուած գերմանական արխիւային փաստաթղթերում:
Երկարատեւ որոնումների արդիւնքում գերմանական Բադեն-Բադեն քաղաքի արխիւում. գերմանական արտաքին քաղաքականութեան փաստաթղթերի ժողովածուում (1937-1945). D սերիայի 7րդ հատորի 171 էջում յայտնաբերուեց այն արտայայտութիւնը, որն արել է Հիտլերը 1939թ. Օգոստոսի 22ին: Այն ներկայացնում ենք տողերիս հեղինակի թարգմանութեամբ: Ահա այն. «Ես հրամայել եմ… այն մասին, որ պատերազմի նպատակը ոչ թէ որոշակի սահմանագծի հասնելն է. այլ հակառակորդի ֆիզիկական բնաջնջումը: Արդ. ես հրահանգել եմ իմ ընտիր մահապարտներին անգութ եւ անխնայ բնաջնջել լեհական ցեղին ու լեզուին պատկանող տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Միայն այդպէս մենք կարող ենք նուաճել մեզ անհրաժեշտ կենսատարածքը: Ի վերջոյ, ո՞վ է յիշում այսօր հայերի բնաջնջումը»: Հետազօտողների տուեալներով ներկայումս Գերմանիայի արխիւներում Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ գոյութիւն ունեն աւելի քան երեք հազար փաստաթուղթ. որոնցից միայն մի մասն է հրապարակուել: Այդ փաստաթղթերի մի մասը ծաւալուն ժողովածուով կազմել ու հրապարակել է գերմանացի յայտնի հրապարակախօս, լրագրող, հմուտ հետազօտող Վոլֆգանգ Գուստը: Շուրջ 700 էջանոց այդ ժողովածուն նոր լոյս է սփռում Հայոց Ցեղասպանութեան հաստատման, միջազգային ճանաչման ու դատապարտման ասպարէզում: Առանց տարակուսանքի կարելի է ասել. որ այդ ժողովածուն կարեւոր դեր խաղաց 2005 թուականի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձեւ ընդունելու գործում: Ցաւօք աշխարհի մեծ տէրութիւններից մէկը՝ Գերմանիան, Թուրքիայի ճնշման ներքոյ, բանաձեւում չի օգտագործել ցեղասպանութիւն-գենոցիդ բառը:
Այդուհանդերձ բանաձեւում գրուած է. «Բունդեսթագը ցաւում է Օսմանեան կայսրութեան երիտթուրքական կառավարութեան արարքների համար, որոնք յանգեցրել են Անատոլիայի հայերի գրեթէ լրիւ բնաջնջմանը: Նա ցաւում է նաեւ գերմանական ռայխի անփառունակ դերի համար, որը, բազմակողմանիօրէն իրազեկ լինելով հայերի նկատմամբ կազմակերպուած հալածանքների ու բնաջնջման մասին, նոյնիսկ չի փորձել կասեցնել ոճրագործութիւնները»: Փաստօրէն, բանաձեւում արտացոլուած է հայերի ցեղասպանութեան էութիւնը: Դրանով Գերմանիան դառնում է աշխարհի 20 պետութիւններից մէկը, որը, ըստ էութեան, ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը, դատապարտում է թուրքական ցեղասպան պետութեանը:
ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ Պատմական գիտութիւններու դոկտոր է, պրոֆէսոր Տեղեկատուութեան միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: