ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Համաշխարհային դրամատիրութիւնն այս օրերին նոր լոյսի ներքոյ է ի յայտ գալիս: Մի խումբ ճանաչուած մասնագէտներ տարբեր գնահատականներ են տալիս այս օրերին՝ մանրամասն վերլուծելով ընդհանուր իրավիճակը: Մասնաւորապէս նշում են, թէ այսպէս կոչուած «գլոբալիզացիայի» հետեւանքով ամերիկեան միջին դասակարգը մեղմ ասած չի օգտւում. օգտւում են վերին շրջանակները:
Այս կարծիքն արտայայտուած է մի յօդուածում, որի հեղինակն է Մայքըլ Սփենսը, ով Նոբելեան մրցանակ է ստացել տնտեսագիտութեան ոլորտում: Գիտնականն իր խմբով ուսումնասիրել է Միացեալ Նահանգների տնտեսութեան կառուցուածքը՝ մասնաւորապէս զբաղուածութեան միտումները, վերջին քսան տարուայ ընթացքում: Նրանք պարզել են, որ այդ ժամանակահատուածում ամերիկեան աշխատողի աւելացուած արժէքը կտրուկ աճ է գրանցել՝ 21 սենթ ամբողջ տնտեսութեան գծով: Չնայած այս ամէնին աշխատավարձերը եւ աշխատանքի հնարաւորութիւնները նուազել են:
Փաստօրէն գլոբալիզացիան աւելացնում է ամերիկեան ընկերութիւնների արտադրողականութիւնը, սակայն դրանից շահում են միայն ամենահարուստները: Մինչդեռ միջին խաւի ներկայացուցիչները, նոյնիսկ եթէ աշխատանք են գտնում, ցածր են վարձատրւում: Իհարկէ չի կարելի ասել, որ նրանցից բոլորն են տուժողի դերում. միջին խաւի ամենալաւ կրթութիւն ստացած ներկայացուցիչներն ունեն լաւ աշխատանք եւ բարձր եկամուտ, բայց նրանք փոքրամասնութիւն են կազմում:
Այս ամէնով հանդերձ տնտեսագէտները նշում են գլոբալիզացիայի դրական կողմերը սպառողների համար: Այդ երեւոյթի պատճառով բազում ապրանքներ եւ ծառայութիւներ աւելի էժան են, քան կը լինէին, եթէ Միացեալ Նահանգների տնտեսութիւնը մեկուսացած լինէր:
Կան նաեւ տնտեսագէտներ, ովքեր համարում են, որ տեխնոլոգիաների զարգացումը «բեւեռացնող» ազդեցութիւն է ունեցել. այն զգալիօրէն աւելացրել է ղեկավարների թէ՛ աշխատավարձը, թէ՛ աշխատանքի արդիւնաւէտութիւնը, եւ գրեթէ չի ազդել ստորին օղակի աշխատողների վրայ:
Ընդհանուր առմամբ ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ գլոբալիզացիան եւ տեխնոլոգիաների զարգացումը աւելացնում են արտադրողականութիւնը եւ բարեկեցութիւնը, սակայն այդ գործօնները անհաւասար են բաշխւում՝ առաջ մղելով Միացեալ Նահանգների վերին խաւը եւ հարստացնելով զարգացող տնտեսութիւնները, այդ իսկ պատճառով տուժողի դերում է յայտնւում ամերիկեան միջին դասակարգը:
Տարօրինակ կարող է թուալ, որ նման կարծես ոչ այնքան զարմանալի նորութիւն է հնչեցնում նոբելեան մրցանակակիրը: Սակայն փաստն այն է, որ բազմաթիւ քաղաքական գործիչներ եւ գործարարներ քննարկուող խնդիրն անտեսում են: Գուցէ անխոցելի հեղինակութիւն ունեցող գիտնականի վերլուծութիւնը ուշադրութիւն կը հրաւիրի այս հարցին:
Հարկ է նշել, որ վերջին տասը տարիների ընթացքում արտադրութեան ոլորտում նոյն աշխատանքը կատարող անձնակազմը կրճատուել է յիսուն տոկոսով: Տնտեսագէտները, սակայն, սա էլ խնդիր չեն համարում՝ պնդելով, որ այս դէպքում տեղի է ունենում աշխատուժի վերաբաշխում: Իսկ ինչ վերաբերում է իրենց աշխատանքը պահպանած ամերիկացիներին, ապա նրանց կեանքի մակարդակն, անշուշտ, աճել է:
Գոյութիւն ունի մի մտայնութիւն, համաձայն որի տնտեսութեան արդիւնաւէտ աշխատանքի արդիւնքում վերջ ի վերջոյ շահում են բոլորը, սակայն դա ոչ միշտ է այդպէս: Կարող է տպաւորութիւն ստեղծուել, թէ շուկայի դերակատարներից մէկը կամ մի քանիսը սխալ են թոյլ տուել, սակայն դա էլ իրականութեանը չի համապատասխանում:
Մայքլ Սփենսրի կարծիքով տարբեր երկրներում գործունէութիւն ծաւալող կազմակերպութիւնները գործում են այնպէս, ինչպէս կարելի էր ենթադրել: Այս դէպքում սխալի մասին խօսելն աւելորդ է: Այնուամենայնիւ սա չի մխիթարում ամերիկեան միջին դասակարգին, քանի որ ներկայիս տնտեսական մոդելը պատմութեան ընթացքում գոյութիւն ունեցած մոդելներից ամենաարդիւնաւէտն է համարւում, իսկ եթէ այն բացասական ազդեցութիւն է ունենում հասարակութեան որեւէ շերտի վրայ, այլեւս ի՞նչ կարելի է սպասել:
Այսօր մասնագէտները նշում են, թէ ինչպէս են ամերիկեան առաջնորդները գլուխ կոտրում նախահաշուի վրայ, ինչը չափազանց հեշտ լուծուող խնդիր է: Աւելի բարդ է գտնել պատասխանն այն հարցի, թէ ինչպէս անել, որ ամերիկեան դրամատիրութիւնն օգտակար մնայ միջին դասակարգի համար: Չէ՞ որ ամերիկեան երազանքի հիմնական խթանը միջին դասակարգի բարօրութիւնն է եղել, եւ այս մարդկանց շարքերի նօսրացումը սպառնում է ոչ միայն գերհարուստների անդորրը խանգարել, այլ դրամատիրութեան դրոյթների հիմքը խախտել:
Անցնելով յարակից նիւթին նշենք, որ անցեալ Երկուշաբթի օրը Standard & Poor՛s ընկերութիւնն յայտարարել է Միացեալ Նահանգների վարկային գնահատականն իջեցնելու մասին: Այս քայլի հիմնական պատճառը երկրի նախահաշուի հսկայական ճեղքուածքի հետ կապուած տարաձայնութիւններն են: Երկիրը դեռ պահպանել է իր AAA (լաւագոյն-Խմբ.) վարկանիշը, սակայն կազմակերպութիւնը զգուշացրել է, որ երկարաժակէտում (2 տարի) վարկային միաւորը կարող է փոփոխութիւն կրել: Այս քայլը հիմնաւորւում է նրանով, որ այդպիսի բարձր վարկանիշի համեմատ Միացեալ Նահանագները չափազանց մեծ նախահաշուի պակասուրդ եւ աճող պետական պարտք ունի, իսկ ամենացաւալին այն է, որ կառավարութիւնն այս բարդ իրավիճակից յստակ ելք չի առաջարկում:
Եթէ երկրի վարկանիշն իսկապէս իջեցուի, դա կ՛աւելացնի նախագահ Օբամայի վարչակազմի եւ Կոնգրեսի վրայ գործադրուող ճնշումը, որպէսզի նրանք լուրջ միջոցներ ընդգրկող երկարաժամկէտ ծրագիր հաստատեն, որն էլ հնարաւորութիւն կընձեռի կրճատել գրեթէ 1.5 տրիլիոն դոլարի հասնող նախահաշուի պակասուրդը: Այս ամէնը կարող է աւելացնել Միացեալ Նահնանգներին տրամադրուող վարկերի տոկոսադրոյքները եւ յետագայ բացասական ազդեցութիւն ունենալ դոլարի վրայ:
Եթէ երկրի վարկանիշն իսկապէս իջեցուի, կը բարձրանան նաեւ հիպոթեքային վարկերի տոկոսադրոյքները եւ կը խստացուին ամբողջ երկրում տրամադրուող վարկերի պայմանները: Սա էլ իր հերթին կասկածի տակ կը դնի այս խորը ճգնաժամից երկրի դուրս գալու կարողութիւնը:
Հարկ է նշել, որ 2007-2009թթ. Միացեալ Նահանգների պետական պարտքը հասել է ընդհանուր արտադրանքի 60%ին, իսկ եթէ ներկայումս 10% կազմող նախահաշուի պակասուրդը աճի, այդ պարտքն աւելի սարսափազդու թիւ կը կազմի:
Անցեալ շաբաթ Միացեալ Նահնագների վարչակազմը ներկայացրել էր ծրագիր, համաձայն որի նախահաշուի պակասուրդը յաջորդ տասներկու տարիների ընթացքում կը կրճատուի չորս տրիլիոն դոլարով՝ հիմնականում ծախսերի կրճատման եւ հարուստների հարկերի բարձրացման հաշուին: Այս քայլը կարելի է կտրուկ որակել, եւ հնարաւոր է յուսալ, որ վարկանիշային կազմակերպութիւնները կը գնահատեն այն:
Չնայած Միացեալ Նահանգների վարկանիշի իջեցումը դեռեւս կատարուած փաստ չէ, այն կարող է բաւարար լինել դոլար գնելու եւ կուտակելու հարցում ներդրողներին վախեցնելու համար: