ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Մի խումբ տնտեսագէտների վկայութեամբ աշխարհում միջին դասակարգի նկատելի աճ է գրանցւում, եւ մինչեւ 2022 թուականն աղքատութիւնն իր դիրքերը կը զիջի աւելի բարւօք եւ օգտակար շարժիչ ուժ համարուող միջին դասակարգին: Ասիական երկրները ամենախոշոր արդիւնքների ականատեսը կը լինեն. այս հատուածում է, որ կենտրոնացուած կը լինի երկրագնդի միջին խաւի երկու երրորդը: Հէնց այս պարագայում է, որ երկրագնդի հարստութեան ծանրութիւնը վերջնականապէս կը տեղափոխուի դէպի Արեւելք: Արժոյթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ առաջիկայ հինգ տարիների ընթացքում Չինաստանի տնտեսութիւնն առաջ կ՛անցնի ամերիկեան իր մրցակցից: Ընդամէնը մէկ օրինակ՝ վերջին եօթ տարիների ընթացքում Չինաստան æեներալ Մոթորս ընկերութեան մեքենաների համեստ գնորդից վերածուել է համար առաջին պահանջարկ ներկայացնողի: æեներալ Մոթորսը հսկայական աշխատանքներ է իրականացնում փոքրածաւալ ինքնաշարժների արտադրութեան բնագաւառում՝ հիմնականում նպատակ ունենալով վառելիքի խնայողութեան խնդիրն օրակարգում պահել:
Այսօրուայ համաշխարհային միջին դասակարգի ծննդեան պատմութիւնը խիստ տարբերւում է արեւմտեան միջին դասակարգի ծննդեան օրինակից: Այսպէս կոչուած Industrial Revolution-ի (արդիւնաբերական յեղափոխութեան) ժամանակաշրջանի պատմաքաղաքական օրինաչափութիւնները չեն գործում համաշխարհային միջին դասակարգի ծաղկման եւ ինքնահաստատման պարագայում: Այսօր քչերն են կանխատեսում, որ Չինաստանի կամ Հնդկաստանի տնտեսական ծաղկումը կարող է տանել դէպի քաղաքական ազատութիւնների պահանջարկին այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ Արեւմուտքում:
Միջին դասակարգի պատ-մական ձեւակերպումը՝ «մարդիկ, ովքեր փոքր ի շատէ բարենպաստ աշխատավարձով են ապրում», չի համապատասխանում այսօրուայ «միջին դասակարգ» հասկացութեանը: Ներկայումս զարգացող երկրներում միջին դասակարգը ոչ այնքան հաստատուն ե-կամտի առկայութիւն է, որքան մտածելակերպ:
Փաստագրական տուեալներից հետաքրքիր է Բրազիլիայի օրինակը: 2003-2008թթ. ընկած ժամանակահատուածում 24 միլիոն մարդ յաղթահարել է աղքատութիւնն ու բարձրացել բարօրութեան միւս աստիճանի վրայ, որը կոպիտ ձեւով որակում են «ցածր միջին դասակարգ»: Այսօր այդ երկրի 191 միլիոն բնակիչների կէսից աւելին համարւում են միջին հնարաւորութիւնների տէր մարդիկ, ինչը չափազանց գրաւիչ է խոշոր ձեռնարկութիւնների համար: Վերջիններս իրենց հերթին շահագրգռուած են արդիւնաբերական ձեռնարկութիւններ եւ սպասարկման ոլորտներ հիմնել այստեղ, քանի որ առկայ է բարւօք ենթակառուցուածք՝ հաստատուն եկամուտ ապահովելու համար: Զարգացող երկրներում ուժեղ թափով բարձրանում է կրթութեան մակարդակը, քանի որ խոշոր ձեռնարկութիւնների համար շահաւէտ է տեղական աշխատուժն օգտագործելով ապրանքներ արտադրել եւ տեղում սպառել: Մի խօսքով, զարգացող երկրներն աստիճանաբար աւելի հրապուրիչ են դառնում, քան զարգացած երկրները, որտեղ մոլեգնում է տնտեսական ճգնաժամը՝ բացառութեամբ մէկ-երկու երկրների, որոնք էլ իրենց ճնշուած են զգում շրջապատի մթագնող իրավիճակում: Վառ օրինակ է Գերմանիան, որը վերջին տարիներին կարողացել է զարգացում գրանցել, բայց կաղում է մի շարք եւրոպական երկրների ահագնացող պարտքերի կամ պարտքերը չվճարելու հեռանկարի պատճառով:
Զարգացող երկրներում միջին դասակարգը, ապշած իր նոր ձեռք բերած կարգավիճակից, յարձակում է գործում հանրախանութների վրայ՝ աւելի խոշոր հեռուստացոյց, աւելի մեծ սառնարան եւ ժամանակակից օգտագործման այլ իրեր ձեռք բերելու մոլուցքին տուրք տալով: Այսօր մի շարք տնտեսագէտներ պնդում են, որ Չինաստանի միջին դասակարգն առնուազն 157 միլիոն մարդ է ընդգրկում իր շարքերում: Աշխարհում առայժմ միայն Միացեալ Նահանգներում աւելի շատ միջին դասակարգի ներկայացուցիչներ կան: Ոմանք էլ նոյնիսկ պնդում են, թէ միջին դասակարգի չինացիների թիւը հասնում է 800 միլիոն մարդու: Վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանի տնտեսութիւնը միջին հաշուով տարեկան 15 տոկոսի աճ է գրանցել: Բջջային հեռախօսների եւ ինքնաշարժների վաճառքի ամենամեծ շուկան այսօր համարւում է Չինաստանը: Իսկ Հնդկաստանի միջին խաւը, մասնագիտական կանխատեսումների համաձայն, առաջիկայ 5 տարիների ընթացքում գերազանցելու է երկրի բնակչութեան քառորդը:
Միջին դասակարգի ձեւաւորման գործընթացին մեծապէս նպաստում են պետական բարենպաստ օրէնքները, օրինակ՝ նուազագոյն աշխատավարձերի բարձրացումն ու հարկային բարենպաստ դաշտի ստեղծումը: Արտաքին ներդրումների պատճառով զարգացող երկրներում աւելանում է աշխատավարձով ապրող մարդկանց քանակը, ովքեր իրենց թոյլ են տալիս, օրինակ ինքնաշարժ գնել, ինչի արդիւնքում ինքնաշարժի մասնագէտների պահանջարկ է ստեղծւում, եւ ձեզ յայտնի շղթայական հետեւանքները տանում են դէպի բարենպաստ մթնոլորտի ստեղծման:
Այստեղ որոշեցի մէկ ուրիշ ընթացք տալ այսօրուայ ակնարկին եւ ամէն ջանք գործադրելու եմ, որպէսզի իմ քննադատութեամբ աւելորդ կրքեր չբորբոքեմ: Խօսքը Հայաստանի տնտեսութեանն է վերաբերում: Յայտնի է, որ արեւմտեան տնտեսական համակարգի բարօրութեան մէջ մեծ տեղ են գրաւում այսպէս կոչուած «consumer confidence» եւ «investor confidence» ցուցանիշները, որոնք համապատասխանաբար նշանակում են սպառողների վստահութիւն եւ ներդրողների վստահութիւն: Այս երկու ցուցանիշները մեծ դեր ունեն երկրի տնտեսութեան առողջութեան եւ յետագայ զարգացման գործընթացում: Այսօրուայ ակնարկի մէջ շեշտը կը դնենք ներդրողների վստահութեան ցուցանիշի վրայ:
Տեղեակ չեմ, արդեօք պետական որեւէ առարկայական ցուցանիշ կայ, որն այսօր արտացոլւում է Հայաստանի տնտեսական վարկանիշը գնահատելիս: Հայաստանի պայմանները մեծապէս տարբերւում են ասիական կամ եւրոպական որեւէ այլ երկրի պայմաններից: Խիստ բացասական գործօններ են հանդիսանում տնտեսական շրջափակումը, թշնամաբար տրամադրուած հարեւան երկրների բացայայտ սաբոտաժը՝ (խափանարարութիւնը-Խմբ.) մեր երկրին ծնկի բերելու առումով, փայլուն ուղեղների եւ որակեալ աշխատուժի արտահոսքը երկրից, կաշառակերութիւնն ու խնամիական յարաբերութիւնները եւ ուրիշ մի շարք գործօններ: Դրական կարելի է որակել կրթութեան համեմատաբար բարձր մակարդակը (չնայած այն վերջին տարիներին մաքառում է միջոցների սղութեան պատճառով), եւ ՍՓԻՒՌՔԸ: Այո, եւ այս վերջին գործօնն է, որ վերլուծութեան առարկայ է այսօր ոչ միայն մեր, այլ արտաքին մի շարք ուժերի կողմից, ովքեր իրենց «բարի» կամ «չար» նպատակներն են հետապնդում: Սփիւռքահայութեան տնտեսական հզօրութիւնը խոշոր խթանիչ ուժ կարող էր հանդիսանալ Հայաստանի համար, բայց ցաւօք դա հեռու է այսօրուայ իրականութիւնից: Մի քանի տասնեակ կամ հարիւր փոքր եւ խոշոր ներդրողների ներկայութիւնը հայ իրականութեան մէջ ողջունելի է եւ ուրախալի, բայց կան նաեւ դէպքեր, երբ սփիւռքահայ ներդրողները բախուել են կաշառակերութեան եւ կոռուպցիայի բազմագլուխ վիշապին, որի կործանարար ազդեցութիւնը շատ աւելի լայն է, քան մէկ կամ մի քանի տասնեակ գործարարների անուրջների կործանումը՝ Հայաստանում գործ հիմնելու եւ իր պատմական հայրենիքին տուրք տալու առումով: Օրինակ՝ տարիներ առաջ մի պարսկահայ գործարար որոշել էր խոշոր դրամագլուխ ներդնել Հայաստանում պոլիէթիլենային տոպրակներ արտադրելու նպատակով:
«Թող շահոյթս փոքր լինի՝ համեմատ այլ պետութիւնների, բայց գոնէ հայրենիքում գործ կը ստեղծեմ», ասել էր նա: Լինելով զգոյշ գործարար՝ նա իր նախատեսածից փոքր գումար էր տարել՝ փոքր ծաւալի արտադրութիւն հիմնելու համար, որպէսզի թէկուզ աննշան յաջողութեան հասնելու դէպքում տասնապատկեր ներդրման ծաւալը: Կռահում էք, չէ՞, թէ ինչով է աւարտուել այս հայրենասէրի ոդիսականը:
«Մեր քեարը (շահը) ինչ ա՞ սրա մէջ», հարցրել էր տեղի ամենակարողներից մէկը, եւ փորձել որպէս գործընկեր մտնել գործի մէջ: Մեր սփիւռքահայ եղբայրը, որ լաւատեղեակ չէր նման անցուդարձից, զարմացել էր, թէ ինչ-որ մի պաշտօնեայ, առանց դրամի կամ որեւէ այլ ներդրման փորձում է հաւասար գործընկեր դառնալ ապագայի ենթադրուող շահաւէտ բիզնեսի ոլորտում: Ներդրողը որոշակի փորձերից յետոյ թքել էր իր ներդրած դրամի վրայ եւ հեռացել՝ այլեւս երբեք չվերադառնալու խոստումով: Այս պատմութիւնը լսել եմ մօտ 18 տարի առաջ՝ իմ պարսկահայ տանտիրոջից, ով հարազատի պէս ընդունեց իմ ընտանիքը եւ ցաւով էր նշում, թէ ինչպէս իր ընկերներից աւելի քան մէկ տասնեակ անձինք հետեւում էին այդ գործարարի քայլերին եւ պատրաստ էին թէկուզ ջնջին յաջողութեան դէպքում Հայաստանում ներդրումներ կատարել եւ աշխատանք ստեղծել: Ի՞նչ կատարուեց: Այս մարդիկ՝ հաւանական ներդրողները, միանգամից այլ ուղիներ փնտռեցին իրենց գործարար նպատակներն իրականացնելու համար, եւ ուղեւորուեցին հեռաւոր չինաստաններն ու հարաւ արեւելեան ասիական այլ երկրներ:
Ժամանակները փոխուել են, եւ 90ականների գայլային դրամատիրութիւնն, ասում են, վերացել է: Բայց արդեօ՞ք Հայաստանում այսօր բարենպաստ պայմաններ են ստեղծուած սփիւռքահայ ներդրողին հրապուրելու համար: Արդեօ՞ք այս ներդրողները օրինական դաշտով ապահովուած են պատեհապաշտ, «մաուզերիստ», ղօչաղ տղերքից, ովքեր թքած ունեն այն հանգամանքի վրայ, որ սպանելով սփիւռքահայի ձեռներէցութեան փորձը՝ նրանք աւելի մեծ բան են գողանում, քան դրամը: Այսպիսինները յոյս ու հաւատ են կողոպտում, ինչը վարակիչ է, եւ մէկ անձին «գցելու» հետեւանքով իրենք պատնէշում են մի խոշոր ալիք, որը կարող էր դէպի Հայաստան գալ: Նրանք սպանում են «investor confidence» ցուցանիշը՝ այն կարեւոր գործօնը, որը տնտեսութեան մղիչ հիմնական ուժերից մէկն է, առանց որի զարգացումը բացառւում է: Հետեւաբար, առաջին հերթին նրանք դաւաճանում են երկրին ու նրա բնակչութեանը:
Այստեղ մէկ այլ գործօն է առաջ գալիս՝ խնամի-ընկեր յարաբերութիւնների առկայութիւնը: «Ինչպէ՞ս կը լինի, Սմբոյի հետ հաց ենք կերել, Վզգօն մեր տղեն ա» մտածելակերպն օգնում է, որ գիշատիչներն օրէնքից խուսափեն: Իսկ սմբոներն ու վզգօները վախեցնում են ներդրողներին, աղքատացնում Հայաստանը, զրկում են հայերին ներդրում կատարելու եւ աշխատանք ունենալու հնարաւորութիւնից: Այսօր Արեւմուտքում եւս առկայ են կաշառակերութեան եւ օրինախախտութեան բազմաթիւ փաստեր, բայց դեռեւս գործում է օրէնքը, եւ անկախ նրանից, թէ ում եղբայրն ես կամ ում խնամին եւ ինչքան փող ունես, կարող ես կանգնել դատարանի առջեւ, եթէ օրէնքին դէմ գործես: Մեր հայրենիքում ոչ ոք իրաւունք չունի փորձարկումներ կատարելու, եւ պէտք է խիստ ձեւով օրէնք կիրառել, նոյնիսկ եթէ հարազատ եղբայրդ է օրէնքը խախտում: Այս հանգամանքը կարող է ոմանց մօտ վերականգնել արդարութեան նկատմամբ կորցրած հաւատը, եւ այդ ամէնի արդիւնքում ներդրողների վստահութեան ցուցանիշը կը բարձրանայ: Մասնաւոր խօսակցութիւններից լսել եմ, թէ ինչպէս իշխանութեան այս կամ այն պաշտօնեան 18-20 ժամ աշխատում է, եւ իրօք աշխատում է, ոչ թէ սուրճ խմում: Հաւատում եմ, որ կան այսպիսի բարձրաստիճան պաշտօնեաներ, որոնց խելքն ու միտքը գռփելը չէ, այլ երկրի բարօրութիւնն ու ժողովրդի բարգաւաճումը: Բայց քանի դեռ մարդակերպ գայլերը (թէկուզ եւ անհատներ) «զօռբայութեամբ» հանգիստ իրենց էշն են առաջ քշում, օրնիբուն աշխատող պաշտօնեաների ջանքերը լաւագոյն դէպքում աննշան հետք կը թողնեն մեր երկրում:
Տեղական ներդրում կատարող սփիւռքահայ անձանց ունեցուածքի նկատմամբ կատարուած իւրաքանչիւր ոտնձգութիւն պէտք է դիտուի որպէս ազգի հանդէպ կատարուած դաւաճանութեան, եւ պատժուի Հայաստանի սահմանադրութեամբ ամրագրուած ամենախիստ պատժաչափով: Սրա հետ մէկտեղ կառավարութեան մարմինները պարբերաբար պարտաւոր են կադրերի վերապատրաստման կամ որակաւորման (staff development) իրենց ծրագրերում նշել, որ ներդրողներին վախեցնելու իւրաքանչիւր փորձ պիտի խափանուի անկախ ընկերական կամ բարեկամական յարաբերութիւններից: Միայն այս դէպքում կարելի է աւելացնել երկրի տնտեսական աճն ապահովող 2 ակնառու ցուցանիշներից մէկը՝ ներդրողների վստահութիւնը, որի առողջացման արդիւնքում կը բարելաւուեն նաեւ երկրում առկայ պայմանները եւ կը դադարի ուղեղների արտահոսքը:
«Իսկ որքա՞ն մարդ իրենց վաստակած հանգիստը կը վայելեն հայրենիքում», կը հարցնէք: Տասնեակ հազարաւոր մարդիկ, ովքեր կը նախընտրեն Հայաստան տանել իրենց մեծ ու փոքր խնայողութիւնները, եթէ «ղօչաղ» տղերքի սպառնալիքը իսպառ վերացուի: Այսպիսի բացարձակ ցուցանիշ շուտափոյթ ապահովելն իրական չէ, բայց այս ուղղութեամբ զգալի քայլեր կազմակերպելն ու մեղաւորներին ի ցոյց աշխարհին պարզելը հրամայական է այսօր:
Վերադառնալով մեր սկզբնանիւթին հարկ եմ համարում հանրութեանը ներկայացնել, որ Չինաստանը, Հնդկաստանը եւ Բրազիլիան յաւակնում են աշխարհի 5 խոշոր տնտեսութիւնների ցուցակի մէջ մտնելու: Նմանօրինակ միտք է արտայայտել Ռուսաստանը: Տնտեսագէտները կարեւորում են այս երկրների բնակչութեան վարքի ու հոգեբանութեան մանրակրկիտ ուսումնասիրութեան գործընթացը: Այսինքն՝ մարդկային գործօնը միշտ ամենաբարձր սանդղակի վրայ է կանգնած: Յուսով եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները եւս ուշադրութիւն կը դարձնեն ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Սփիւռքի բնակչութեան ուսումնասիրման կարեւոր գործօնի վրայ: Եւ իւրաքանչիւր փորձ (այդ թւում նաեւ անհատական հողի վրայ) Սփիւռքը Հայաստանից զատելու առումով պէտք է խստօրէն եւ հրապարակայնօրէն դատապարտուի: Այս թեման դեռ սպառուած չէ, եւ առաջիկայում պարբերաբար կ՛անդրադառնանք նիւթին:
Great article! Enjoyed reading it… Critical, yet constructive. Way to go, baron Melekyan!