2010ի ամռանը Հայաստանից մի փոքր խումբ էր այցելել Թուրքիայի Ռիզէի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի, Արդաշենի եւ Արդուինի նահանգի Խոփայի գաւառների համշենցիների բնակավայրեր: Դաշտային աշխատանքների ընթացքում հաւաքած նիւթի հիման վրայ վերջերս լոյս տեսաւ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի օսմանագիտական բաժնի ղեկավար, բանասիրական գիտութիւնների թեկնածու Լուսինէ Սահակեանի «Համշենի հայկական միկրոտեղանունների իմաստակառուցուածքային քննութիւն» ուսումնասիրութիւնը (http://www.lezu.am/?p=686): Ներկայացնում ենք մեր («Անկախ» համացանցային լրատու գործակալութեան աշխատակցուհի Աստղիկ Խաչատրեանի-Խմբ.) հարցազրոյցը Լուսինէ Սահակեանի հետ իրենց այցի եւ կատարած աշխատանքի արդիւնքների մասին:
ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Տիկի՛ն Սահակեան, պատմէ՛ք այցի մասին, ո՞րն էր այցելութեան նպատակը:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Անցեալ ամռանը մի փոքրիկ խմբով հնարաւորութիւն ունեցանք այցելելու Արդուինի նահանգի Խոփայի գաւառի Քեմալփաշայի (նախկին Մաքրիյալ) ենթաշրջանի մի շարք բնակավայրեր, որտեղ ապրում են բուն Համշենից այստեղ տեղափոխուած՝ 18րդ դարում բռնի մահմեդականացուած համշենցիների ներկայ սերունդները: Եղանք Արդահանի Բիլբիլան կոչուող նրանց ամառային արօտավայրում: Այնուհետեւ անցանք Արտանուջ գաւառով, եղանք յայտնի æեհեննեմ դերեսիում՝ Դժոխքի կիրճում, որտեղ ցեղասպանութեան տարիներին թուրք հրոսակները բազմաթիւ հայերի են ցած նետել, ու մինչ օրս էլ տեղացիները յիշում են այդ սահմռկեցուցիչ ոճրագործութիւնը: Մի քանի օր կանգ առանք նաեւ պատմական բուն Համշենում, մասնաւորապէս՝ Ռիզէի նահանգի Չամլըհեմշինի գաւառում, այդ թւում՝ Այդերի (Արտեր) ամառային արօտավայրում, որն այսօր դարձել է զբօսաշրջութեան կենտրոն: Այցելեցինք գաւառի Մաքրեւիս, Չաթ (հնում՝ Տափ), Չինչիւա (հնում՝ Շինչիւա) գիւղեր, պատմական Զիլ (Ներքին) բերդ, Համշենի գաւառի Զուղա, Արդաշենի գաւառի Օջէ գիւղեր: Այցի նպատակն էր դաշտային հետազօտութիւնների միջոցով պարզել, թէ համշենցիներն այսօր որքանո՞վ են պահպանել հայկական սովորոյթները, հայկական մշակոյթի ի՞նչ շերտեր են մնացել, ինչպիսի՞ն են այդ շրջանների բնակչութեան լեզուավիճակն ու ժողովրդագրական պատկերը: Նշեմ, որ ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող, ճանաչուած համշենագէտ Սերգէյ Վարդանեանը Բիլբիլանում իր հաւաքած արժէքաւոր բանահիւսական նիւթերի մի մասն արդէն հրատարակել է «Ձայն համշենական» ամսաթերթում (2011, N 1-4):
ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Տիկին Սահակեան, որքա՞ն է այսօր համշենցիների թիւը Թուրքիայում, գնահատականները խիստ տարբեր են ու իրարամերժ:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այսօր համշենցիների թուաքանակի մասին յաճախ կեղծ եւ ուռճացուած տուեալներ են շրջանառւում. խօսում են Թուրքիայում 1,5-3 միլիոն համշենցիների մասին: Այս թուերն իրականութեան հետ որեւէ կապ չունեն:
Տարիների ընթացքում իմ հաւաքած տեղեկութիւնների համաձայն, որոնք յենւում են առաւել վստահելի հաղորդումների՝ յատկապէս համշենցի մտաւորականների եւ տեղացի բնակիչների վկայութիւնների վրայ, այսօր Համշենի բարբառով խօսող համշենցիների թիւը Արդուինի նահանգի Խոփայի եւ Բորչկայի գաւառներում կազմում է մօտաւորապէս 20-25 հազար, իսկ Թուրքիայի մեծ քաղաքներում հաստատուածներով հանդերձ՝ ընդհանուր առմամբ՝ 30-35 հազար: Կրկնենք՝ այս թիւը վերաբերում է հայերենի Համշենի բարբառախօսներին: Իսկ Ռիզէի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Ֆընդըքլըի, Փազարի, Չայելիի եւ Իքիզդերէի գաւառներում բնակուող եւ Թուրքիայի այլ քաղաքներ տեղափոխուած՝ մայրենի բարբառը վաղուց մոռացած համշենցիների թիւը, մօտաւոր հաշւումներով, 50-60 հազար է: Առաւել առարկայական լինելու համար նշենք, որ Ռիզէի նահանգի Չամլըհեմշինի գաւառում համշենցիների թիւն ամռանը հասնում է 6000-7000ի, իսկ ձմռանը համշենցիները հեռանում են ամառանոցներից, եւ գաւառում մնում է մօտաւորապէս 2400 մարդ: Անգամ եթէ վերցնենք մէկ գիւղի օրինակով, պատկերն այսպիսին է. դեռեւս 25 տարի առաջ Համշեն գաւառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա գիւղում այժմ մշտական բնակելի է ընդամէնը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպէս ամառանոց: Արդաշենի գաւառում համշենցիների թիւը մօտ 3000 է: Այսինքն՝ ողջ Թուրքիայում նրանց թիւը տատանւում է մօտաւորապէս 80-90 հազարի միջեւ: Այս թիւը հաստատում են նաեւ խնդիրներից քաջատեղեակ, տեղում իրենց ազգագրութեան, պատմութեան հարցերով զբաղուող համշենցի մասնագէտները: Կարծում եմ՝ նրանք այս թուերը կեղծելու խնդիր չունեն: Ուստի չափազանցուած գնահատականներն ամենեւին տեղին չեն: Ցաւօք, մեզանում նման հարցերը յաճախ են աղաւաղւում: Ահա մի թարմ օրինակ. վերջերս Ղրղըզստանից մի համշենցի այցելել էր Արցախ՝ ընդամէնը տնտեսական պայմաններին ծանօթանալու եւ մի քանի օրից վերադարձել: Իսկ հայկական շատ լրատուամիջոցներ այս լուրը ծուռ հայելու մէջ ներկայացրեցին, թէ իբր 200 համշենցի ընտանիքներ պատրաստւում են վերաբնակուել Արցախում: Անհասկանալի ոգեւորութիւն բարձրացաւ մամուլում, հեռուստաալիքներում, նոյնիսկ չգիտեմ՝ խեղաթիւրո՞ւմ ասեմ, թէ՞ պատրանք, մի հեռուստաալիքով յայտարարուեց, թէ իբր այդ համշենցին արդէն դարձի է եկել, քրիստոնէութիւն ընդունել: Լաւ է, որ այս բացայայտ ապատեղեկատուութիւնը հերքուեց:
ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Եթէ խօսենք մահմեդական համշենցիների ազգային ինքնագիտակցութեան մասին, արդեօք նրանք պահպանե՞լ են հայկական ինքնութեան տարրեր:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ռիզէի նահանգում եւ Արդուինի նահանգի Խոփայի եւ Բորչկայի գաւառներում պատկերն էականօրէն տարբեր է: Վերջին երկուսում համշենցիները դեռեւս խօսում են Համշենի բարբառի իւրայատուկ խօսուածքով: Միաժամանակ, շեշտենք, որ նրանք հայերէն տառեր չգիտեն: Մեսրոպեան այբուբենն այժմ գիտաճանաչողական նպատակներով սովորում են մի քանի մտաւորականներ: Պէտք է ասել, որ շնորհիւ բարբառի պահպանման՝ Խոփայի եւ Բորչկայի գաւառների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, բայց ոչ աւելին: Հայկական ինքնութեան այլ կարեւոր բաղադրիչները, մասնաւորապէս՝ միասնական հայկական պետութեան, Հայաստան-հայրենիքի գաղափարը, գրեթէ արտայայտուած չեն: Նրանց մէջ կան նաեւ այնպիսիները, ովքեր խուսափում են իրենց ծագման մասին խօսելուց, լաւագոյն դէպքում՝ իրենց համարում են հոմշեցի (համշենցի)՝ մերժելով թէ՛ հայկական եւ թէ՛ թուրքական ինքնութիւնը: Չափազանց հետաքրքրական է, որ այս գաւառների համշենցիների միջավայրում տարածուած են մարքսիստական-աթէիստական մոլեռանդ համոզմունքները, որոնք, ըստ իս, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական գաղափարաբանութեան դէմ: Մարքսիստական-աթէիստական գաղափարների ամրակայմանը, ինչպէս տեղացիներն էին ասում, նպաստել է նաեւ այն, որ տակաւին 1928 թ. Մոսկուայից վերադառնալով՝ թուրք կոմունիստ գրող Նազիմ Հիքմեթը ձերբակալւում է եւ տեղափոխւում Խոփայի բանտ: Այս դէպքից յետոյ նրա ստեղծագործութիւնները լայն տարածում են գտնում նաեւ համշենցիների միջավայրում:
ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Իսկ Ռիզէի համշենցիները՞:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ռիզէի նահանգի համշենցիների շրջանում թուրքացումը խոր արմատներ է գցել: Նրանք թրքախօս են, մոռացել են մայրենին՝ հայերէնն ու Համշենի բարբառը: Ոմանք, երբեմն ընդունելով հայկական ծագումը, անմիջապէս յաւելում են, որ արդէն թրքացել են: Առհասարակ համշենցիների միջավայրում շրջանառւում են թուրք կեղծարար գիտնականներ Քըրզըօղլուի եւ Սաքաօղլուի տեսակէտները, ըստ որոնց՝ նրանք իբր սերում են թիւրքական ցեղերից: Թէեւ այստեղ մարքսիզմի գաղափարակիրների նոյնպէս հանդիպեցինք, սակայն սկսած 1950ական թթ. Թուրքիայում զարգացում եւ տարածում ստացող իսլամական կառոյցները լրջօրէն ազդեցին Ռիզէի համշենցիների վրայ եւս: Խիտ բնակեցուած գիւղերում եւ վարչական կենտրոններում բացուել են ղուրանի շրջանային, անգամ գիշերօթիկ դասընթացներ, շատացել են մզկիթները, որի հետեւանքով համշենցիների մէջ կարելի է հանդիպել նաեւ մոլեռանդ մահմեդականների:
Այնուհանդերձ, Ռիզէի նահանգում ապրող համշենցիները, ի տարբերութիւն Խոփայի եւ Բորչկայի, պահպանել են Վարդավառի տօնը: Յուլիսի վերջին Թուրքիայի տարբեր վայրերից հաւաքուելով՝ Ռիզէի համշենցիները բարձրանում են եայլաներ (արօտավայրեր) եւ նշում Վարդավառը, որը, կարելի է ասել, աւելի շուտ վերածուել է երգուպարի ինքնատիպ մի տօնակատարութեան: Բացի այդ, Ռիզէի համշենցիները դեռ այսօր էլ խօսակցական թուրքերէնում շարունակում են օգտագործել հայերէն կենցաղային բառեր, ինչպէս նաեւ միկրոտեղանուններ (արօտավայրերին, կալերին, հանդերին, առուներին, անտառներին, ճահիճներին, բլուրներին, գետակներին, աղբիւրներին, հողամասերին, ձորակներին տրուող անուններ), որոնք հիմնականում կազմուել են Համշենի բարբառի բառաֆոնդից: Չամլըհեմշինի (Ներքին Վիժէ) գաւառի Մաքրեւիս գիւղում ինձ յաջողուեց գրառել մի շարք միկրոտեղանուններ, տոհմանուններ, անձնանուններ: Այսինքն՝ ինչպէս այդ մասին գրում է չամլըհեմշինցի լրագրող եւ հայրենագէտ æան Ուղուր Բիրեօլը, նրանց մօտ հայերէնը պահպանուել է զուտ տեղանունների ու կենցաղային բառերի օգտագործման չափով:
Գրառումների ժամանակ նկատեցի, որ միկրոտեղանունները հիմնականում յիշում էին տարեցները, մեծաւ մասամբ՝ չյիշելով անգամ դրանց իմաստները: Ռիզէի Չինչիւա գիւղում բնակիչները, մեզ տեսնելով, շատ զարմացան, մեզ ասում էին՝ «քանի դար է՝ այստեղ հայի ոտք չի կպել»: Չափազանց հետաքրքիր հանդիպում կայացաւ Արդաշենի գաւառի Օջէ գիւղում: Մեզ դիմաւորեցին պարկապզուկի ուղեկցութեամբ իրենց շուրջպարով (հորոնով): Այնտեղ յաջողուեց գրառել ինչպէս նրանց խօսակցական թուրքերէնում պահպանուած բառեր, այնպէս էլ արժէքաւոր միկրոտեղանուններ:
ԱՍՏՂԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Կը ներկայացնէ՞ք ձեր գրանցած միկրոտեղանուններից մի քանի օրինակ:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Չամլըհեմշինում եւ Արդաշենում մեծահասակներից գրառել եմ շուրջ 100 միկրօ՝ կամ ժողովրդական տեղանուններ: Ուղեւորութիւնից վերադառանալուց յետոյ 9 ամիս պահանջուեց, որ հաւաքած տեղանունները համակողմանի քննութեան եւ ստուգաբանութեան ենթարկեմ ու ներկայացնեմ հանրութեանը: Առհասարակ միկրոտեղանունները յայտնի են միայն մարդկանց որոշակի խմբի: Միկրոտեղանուններն աւելի մանրամասն պատկերացում են տալիս տուեալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսական աշխարհի, բնակչութեան զբաղմունքի, լեզուական իրողութիւնների մասին: Բերեմ մի քանի օրինակ՝ Աղփիափ-Աղբրիափ, Ացկօղ-Աջկող, Գալեր-Կալեր, Ընգեզութ-Ընկուզուտ, Ցաքութ-Ցախուտ, Քարափ, Օձուտ, Խացթուր-Խաչդուռ: Ի դէպ նշեմ, որ խաչ արմատով տեղանուններն ու բառերը տարածուած են համշենցիների խօսակցական թուրքերէնում՝ Խաչքար-Խաչիքար, Խաչիւանաք-Խաչիվանք, Խաչափիթ-Խաչափայտ, Խաչկուն, Հազինդաղ-Խաչին+տեղ, Խաչի աւլա-Խաչի բակ, Խաչաջուր (տանձի տեսակ) եւ այլն: Միկրոտեղանունները հայոց պատմական յիշողութեան եւ մշակութային ժառանգութեան մասն են: Հետեւաբար, դրանց ուսումնասիրութիւնը պէտք է ընդգրկուի հայ պատմաբանասիրութեան օրակարգում, յատկապէս այն պատճառով, որ դրանց մեծ մասը, գտնուելով թուրքական միջավայրում, ժամանակին չգրանցուելու դէպքում սերնդափոխութեան հետեւանքով դատապարտուած է մոռացութեան:
Sut e
It is a total LIE and misleading, who is paying for this lady’s voyages and interviews?
Lusine tun khapisgu
Da aydpes che, da irakanutyan het voreve kap chuni
This is false information. you claim there are only about 25k Hamshen Hayer? Please give me your proof of these numbers. I know for a fact there are many more