ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
ԴԵՐՍԻՄ.- Տասնեակ տարիներ անց կրկին Մնձուրը լսեց հայկական երգն ու երաժշտութիւնը, Եռագոյնը ծածանուեց Դերսիմի լեռներում:
Մնձուրի ափին Դերսիմի բնակիչներն ու արտասահմանից եկած հիւրերը սովորականի պէս վայելում էին իրենց հանգիստը, զմայլւում Մնձուր գետի գեղեցկութեամբ:
Երբ հեռուից հնչեց հայկական դհոլն ու զուռնան, փոքր-ինչ խառնաշփոթ առաջացաւ. տասնեակ հետաքրքրասէր աչքեր շրջուեցին դէպի մեզ, այնուհետեւ ձայներ լսուեցին. «Հայերը եկա՜ն, հայերը՜»: Նախորդ օրը Դերսիմի Նազմիյէ քաղաքում Մգրօ Սարգսեանի անուան «Մարաթուկ» երգի-պարի ազգագրական համոյթի ելոյթը մեծ ոգեւորութիւն եւ հետաքրքրութիւն էր առաջացրել դերսիմցիների մօտ:
Սկզբում նախ մեծ հետաքրքրութեամբ դիտում էին, իսկ որոշ ժամանակ անց համարձակները, պարողների հետ ձեռք ձեռքի տուած, փորձում էին սովորել հայկական պարի որոշ շարժումներ: Գնալով շրջանը մեծանում էր: Դերսիմցիները, հայերի հետ միասին ուս ուսի տուած, պարում էին հինաւուրց հայկական «Քոչարի»ն ու «Սասնայ եարխուշտա»ն:
Փոքր ինչ հանգստանալու համար դադար առնելիս երիտասարդ աղջիկների մի խումբ մօտեցաւ եւ խնդրեց նորից պարել Քոչարի»: Ոգեւորութիւնը գնալով մեծացաւ, շրջանակի կենտրոնում յայտնուեց հայոց եռագոյնը, պարում էին նոյնիսկ Մնձուրի ջրերում:
Այդ ընթացքում դերսիմցիները մօտենում էին մեզ եւ ասում. «Այս հողերը ձեր պապերինն է, այստեղ հայերի հետ միասին համերաշխ ապրել ենք հարիւրաւոր տարիներ, սակայն հայերին վռնդեցին, ու մենք միայնակ մնացինք: Օրինակ՝ Հալուորիկ գիւղը հայկական գիւղ էր, տասնեակ եկեղեցիներ ու գերեզմաններ կային, սակայն, ցաւօք, չկարողացանք պահպանել»:
Հարկ է նշել, որ բոլոր հայկական գիւղերի անունները ժողովուրդը տալիս էր ոչ թէ թուրքական, այլ հայկական տարբերակով:
Երգ ու պարի ողջ ընթացքում մի քանի տարեց մարդիկ ուշադիր դիտում էին հայկական պարն ու վայելում հայկական երաժշտութեան խրոխտ հնչիւնները, սակայն որեւէ կերպ չէին արձագանգում, կարծես թէ արձանացել էին, միայն երբ մօտեցանք, նկատեցինք տարեց մի կնոջ թաց աչքերը:
Արդէն երեկոյեան կողմ դերսիմցիները խանդավառութեամբ մեզ հարցնում էին, թէ երբ եւ որտեղ է կայանալու յաջորդ համերգը:
Երգի ու պարի ազդեցութեամբ տեղի ունեցաւ շատերիս համար անսպասելին. մեզ մօտեցան մի խումբ մարդիկ, որոնցից ոմանք ապրում էին Դերսիմում, ոմանք՝ Ստամբուլում, ոմանք էլ՝ Շուեյցարիայում, եւ յայտնեցին, որ իրենց մայրական տատիկը հայ է, իսկ իրենց քեռիներն ապրում են Հայաստանում: Նրանք շատ յուզուած էին, փորձում էին արտաբերել այն հայերէն բառերը, որոնք գիտէին ու յիշում էին, անընդհատ հարցեր էին տալիս հայկական աւանդոյթների ու մշակոյթի մասին:
Մենք հրաժեշտ տուեցինք միամեանց՝ վստահ, որ նորից հանդիպելու ենք:
Ապրի՜ք սիրելիներ:
Եկող տարի, առաջ Աստուած, մենք էլ ձեզի հետ կը լինենք Դէրսիմի լեռներում:
Չմշկածագցի