
ԵՐԵՒԱՆ.- «Այսօր, քանի որ հակառակ մեր սպասումների, խնդիրը չստացաւ լուծում, ժամանակն է հրապարակել, թէ ի՛նչ է տեղի ունեցել բանակցութիւնների վերջին երկու ռաունդերում (փուլերուն-Խմբ.)», երէկ լրագրողներուն հետ հանդիպման ժամանակ յայտարարեց ՀԱԿի համակարգող Լեւոն Զուրաբեան:
Զուրաբեան, ներկայացնելով հարցին իրենց մօտեցումը՝ ըսաւ.
«Օգոստոսի 16ին տեղի ունեցաւ Հայ Ազգային Կոնգրես-իշխանութիւններ երկխօսութեան 5րդ ռաունդը, որը, Կոնգրեսի պատուիրակութեան պնդմամբ, ամբողջութեամբ նուիրուեց Օգոստոսի 9ին Կոնգրեսի երիտասարդ աքթիւիսթների եւ ոստիկանութեան աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադէպի հետեւանքով ձերբակալուած երեք երիտասարդների ազատ արձակման խնդրի քննարկմանը: Այդ օրը, երկխօսութեան ընթացքում առաջին անգամ որոշուեց, յարգելով իշխանութեան պատուիրակութեան խնդրանքը՝ առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատուիրակութիւնը նման խնդրանք ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դա կը հեշտացնի խնդրի լուծումը:
«Քանի որ հակառակ Կոնգրեսի պատուիրակութեան սպասումների, խնդիրը այդպէս էլ չստացաւ լուծում, ժամանակն է հրապարակել թէ ի՛նչ է տեղի ունեցել բանակցութիւնների վերջին երկու ռաունդերում:
«5րդ ռաունդի հէնց սկզբից, Կոնգրեսի պատուիրակութիւնը յայտարարեց, որ բանակցութիւնների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է լուծել ձերբակալուած երիտասադների խնդիրը: Նաեւ պարզաբանեց, որ ունի կատարուածի իր վարկածը, որը ամբողջութեամբ ժխտում է ոստիկանութեան հնարովի վարկածը: Նշուեց, որ ոստիկանութեան ներկայացրած վարկածի կեղծիքը, երիտասարդների նկատմամբ բռնութիւններն ու դրանց աննախադէպ դաժանութիւնը, փաստաբանների ապօրինի ազատազրկումը եւ նրանց նկատմամբ կատարուած բռնութիւնները, գործին ներգրաւուելու մերժումը եւ դրանից բխող ձերբակալութեան ապօրինութիւնը, վկայում են, որ գործ ունենք հալածանքների հետ, որոնք կրում են ակնյայտօրէն քաղաքական բնոյթ, ուստի Կոնգրեսն իրեն իրաւունք է վերապահում բոլոր ձերբակալուածներին դիտարկելու որպէս քաղբանտարկեալներ: Պատուիրակութիւնը յայտարարեց, որ հնարաւոր չէ բանակցել քաղաքական բանտարկեալների առկայութեան պայմաններում, առաջարկեց որպէս առաջնահերթութիւն լուծել բոլորի խափանման միջոցը փոխելու հարցը: Որպէս լուծում, իշխանութեան պատուիրակութեանն առաջարկուեց ստորագրել փաստաթուղթ մը՝ իշխանութեան եւ ընդդիմութեան երկխօսութեան գործընթացի համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու եւ փոխադարձ վստահութեան բարձրացմանն ուղղուած քայլերի իրականացման…
«Իշխանութիւնների պատուիրակութիւնը ժամանակ խնդրեց հարցը քննարկելու եւ պատասխանելու համար: Այնուհետեւ փոխուեցին Արտակ Կարապետեանի եւ Սարգիս Գէորգեանի խափանման միջոցները, իսկ Օգոստոսի 23ին տեղի ունեցած 6րդ ռաունդի ժամանակ, իշխանութիւնները թէեւ մերժեցին Կոնգրեսի ներկայացուած փատաթղթի ստորագրումը, փոխարէնը՝ հաւաստիացումներ տրուեցին, որ իրաւական «ոչ խտրական» գործընթացը կը տարածուի բոլորի վրայ: Պատասխան խօսքում Կոնգրեսի պատուիրակութիւնը յայտարարեց, որ իշխանութիւնների հաւաստիացումները հեռացնում են բանակցութիւնների շարունակման համար վերջին խոչընդոտը, եւ առաջարկեց շարունակել օրակարգային հարցով բովանդակային քննարկումները: Հանդիպման վերջում պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց լրագրողների առջեւ փոխհամաձայնեցուած յայտարարութիւններով հանդէս գալ, որի հետեւանքով Կոնգրեսի պատուիրակութեան ղեկավարը հանդէս եկաւ հետեւեալ յայտարարութեամբ. «Ինչպէս պայմանաւորուել էինք, այսօր շարունակեցինք քննարկել Օգոստոսի 9ի միջադէպը եւ դրա հետ կապուած զարգացումները: Քննարկման արդիւնքում կարող եմ ասել, որ մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելեանի խափանման միջոցը փոխելու հարցը արագօրէն կը կարգաւորուի: Դա նկատի ունենալով՝ մենք անցել ենք օրակարգային հարցի քննարկմանը եւ լսել ենք իշխանութիւնների տեսակէտը»: Ելնելով վերոշարադրեալից՝ Հայ Ազգային Կոնգրեսի պատուիրակութիւնը յայատարարում է.
«1. Հակառակ փոխադարձ պայմանաւորուածութիւնների եւ տրուած հաւաստիացումների, Տիգրան Առաքելեանի խափանման միջոցը մինչ օրս փոխուած չէ:
2. Օգոստոսի 9ի միջադէպի հետեւանքով առաջացած քաղաքական լարուածութեան յաղթահարման նպատակով, ՀԱԿի քայլերը, որոնք ուղղուած են երկխօսութեան շուրջ վստահութեան եւ կառուցողական մթնոլորտի ստեղծմանը, չեն արժանանում իշխանութիւնների կողմից համարժէք ընդառաջ քայլերի:
3. ՀԱԿի երաշխիքներով Տիգրան Առաքելեանի խափանման միջոցը՝ օրէնքով նախատեսած անձնական երաշխաւորութեան խափանման միջոցով փոխարինելու մերժումը վկայում է, որ իշխանութիւնները ցանկանում են օգտագործել Առաքելեանի կալանաւորումը՝ որպէս Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու համար ճնշման լծակ: Դրանով ամրապնդւում է Տիգրան Առաքելեանի՝ քաղաքական բանտարկեալ լինելու հանգամանքը, եւ դրա հետեւանքով երկխօսութիւնը վերածւում է քաղաքական պատանդների առեւտրի:
4. Մերժելով ՀԱԿի երաշխիքները նման հարցում՝ իշխանութիւնները ցոյց են տալիս, որ պատրաստ չեն կառուցել յարաբերութիւնները վստահութեան հիման վրայ, եւ հարցականի տակ են դնում շատ աւելի մեծ փոխվստահութիւն պահանջող եւ պետութեան ու ժողովրդի ճակատագրին վերաբերող ներքաղաքական հարցերի շուրջ համաձայնութեան ձեռքբերման որեւէ հնարաւորութիւն:
5. Չկարողանալով ապահովել ուղիղ եթերով երկխօսութեան հեռարձակման կամ Կոնգրեսին ամէն ռաունդից յետոյ կէս ժամ ուղիղ եթեր տրամադրելու տարրական պահանջների կատարումը, կամ վերացնել Հանրային հեռուստատեսութեամբ եւ միւս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահաւաքների մասին իրազեկող նիւթերի հեռարձակման արգելքը, ինչպէս նաեւ հանրահաւաքներից առաջ իրաւապահ մարմինների կողմից բնակչութեան ահաբեկումը, տարաբնոյթ խոչընդոտների յարուցումը, մասնաւորապէս հանրային եւ այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը՝ իշխանութեան պատուիրակութիւնը կասկածի տակ է դնում իր իսկ պնդումները, իր լայն լիազօրութիւնների մասին, եւ, ընդհանրապէս՝ իր վստահելիութիւնը:
6. Վերջին օրերին իշխանութիւնների ճնշման ներքոյ մի շարք հանգստեան տների ղեկավարները չեղեալ են համարել Կոնգրեսի ներկայացուցիչների հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները՝ Օգոստոսի 26-28ին ՀԱԿի երիտասարդների ամէնամեայ աւանդական հաւաք կազմակերպելու մասին:
7. Այս բոլոր զարգացումները վկայում են, որ ձեւականօրէն շարունակելով երկխօսութիւնը, իշխանութիւնները, վախենալով ՀԱԿի աճող հեղինակութիւնից՝ նորից անցնում են հին՝ բռնաճնշումների, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների եւ ժողովրդավարական ազատութիւնների ոտնահարման մարտավարութեան կիրառմանը:
8. Քաղբանտարկեալների առկայութիւնը անհնար է դարձնում երկխօսութեան շարունակութիւնը:
«Նման պայմաններում, ՀԱԿը հարկ է համարում յայատարարել հետեւեալը.
Հայ Ազգային Կոնգրեսի պատուիրակութիւնը առկախում է իր մասնակցութիւնը ՀԱԿ-իշխանութիւններ երկխօսութեան շրջանակներում ընթացող բանակցութիւններում: Կոնգրեսի պատուիրակութիւնը նաեւ յայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցութիւնները, Տիգրան Առաքելեանի խափանման միջոցը փոխելուց անմիջապէս յետոյ»:
ՀԱԿին հետ երկխօսութեան մէջ մտած իշխանութիւնները ներկայացնող խումբը, իր կարգին հանդէս եկած է յայտարարութեամբ մը, ուր մանսաւորապէս կ՛ըսուի.
«Ցաւով ծանօթացանք երկխօսութեան ընթացքի վերաբերեալ Հայ Ազգային Կոնգրեսի յայտարարութեանը. ցաւով, որովհետեւ այն նախ եւ առաջ հարուածեց մինչ օրս համատեղ աշխատանքի ընթացքում մեր գործընկերների հանդէպ ձեւաւորուած վստահութեանը. մի բան, որ իրապէս ձեռքբերում էինք համարում: Մենք ցաւում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում էք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհաւատալ:
«Մենք՝ Քաղաքական կոալիցիան ներկայացնող աշխատանքային խմբի անդամներս, չենք առաջնորդուի ՀԱԿի որդեգրած գործելաոճով եւ ՀԱԿ պատուիրակութեանը չենք վերագրի յօրինուած պարտաւորութիւններ: Իսկ ակնյայտ ստին կը պատասխանենք ընդամէնը մէջբերում անելով Օգոստոսի 23ի հանդիպումից անմիջապէս յետոյ մեր աշխատանքային խմբի ղեկավարի խօսքից:
«Ի պատասխան հարցին՝ արդեօք աշխատանքային խումբը խոստացե՞լ է, որ Տիգրան Առաքելեանն ազատ կ՛արձակուի, պարոն Յարութիւնեանն ասաց. «Ես արդէն ասացի՝ մենք իրաւական պրոցեսին (գործընթացին-Խմբ.) ամենեւին չենք ներգրաւուում. ընթանում է քաղաքական գործընթաց, մենք ընդամէնը դիտարկել ենք, թէ ի՛նչ է տեղի ունենում մեր իրաւական համակարգում, եւ վստահութիւն ենք յայտնել, որ այն ինչպէ՛ս գործել է, այդպէս էլ շարունակելու է գործել՝ բոլորի նկատմամբ ոչ խտրական: Սա հէնց այն դէպքն է, երբ մեկնաբանութիւնները պարզապէս աւելորդ են»:
«Ինչպէս նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր եւս կրկնում ենք նոյնը. միջադէպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում եւ չենք էլ կապելու այս կարեւոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրաւական հարթութիւնում է:
«Մենք, ինչպէս միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկայ ու մեր ժողովրդին յուզող խնդիրների լուծման ուղղութեամբ, եւ շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկութեան շուրջ երկխօսութեան համար: Յոյս ունենք, որ մեր գործընկերները կը կարողանան վեր կանգնել այսպահային գայթակղութիւններից, եւ մենք հնարաւորինս շուտ կը կարողանանք շարունակել մեր երկրի համար կարեւոր քաղաքական գործընթացը»: