ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Դարեր շարունակ կանայք պայքարում են հասարակութեան մէջ իրենց դիրքը բարելաւելու եւ տղամարդկանց հետ իրաւահաւասարութեան հասնելու համար:
Պատմութիւնը բազում կանանց է անմահացրել, իսկ նրանցից իւրաքանչիւրի կեանքն առանձին գեղարուեստական գործի հիմք կարող է դառնալ: Նախկինում հայրիշխանութեան դէմ պայքարը սովորաբար իր նախաձեռնողների համար տխուր վախճան էր ունենում: Ներկայումս մենք կարծես նման դէպքերի ականատեսը չենք լինում, սակայն ժողովրդավարութիւնն իր խնդիրներն է առաջ քաշել: Կանայք փորձում են լուծել դրանք, ձգտելով բոլոր բարդութիւնները իրենց հնարաւորութիւնների սահմաններում յաղթահարել: Որոշ դէպքերում ամենօրեայ հոգսերը կոտրում են կնոջը, իսկ երբեմն էլ յաջողութեան գրաւական դառնում:
Զարգացած երկրներում, տնտեսութիւնը կանանց բաւականին մեծաթիւ «բանակ» ունի իր կազմում. նրանք ներկայացուած են բոլոր օղակներում, իրենց տեղն են գտել ղեկավար մարմիններում:
Վերջին վիճակագրական տուեալների համաձայն զարգացող երկրներում այս գործընթացը դեռ նոր է թափ հաւաքում, եւ կարելի է նշել, որ հաւանական է աւելի մեծ յաջողութիւնների հասնի, քան տասնամեակների պատմութիւն ունեցող կանանց շարժումները՝ Արեւմուտքում: Բաւական է միայն նշել, որ Ֆորբս ամսագրի հեղինակաւոր ցուցակում ընդգրկուած՝ իրենց գործունէութեան արդիւնքում միլիարդատէր դարձած 14 կանանցից 7ը չինացիներ են: Այս երկիրը ոչ միայն ընդհանուր ցուցանիշներով է ապշեցնում աշխարհին, այլ նաեւ տնտեսութեան գրեթէ բոլոր հատուածներում մեծ թուով կանանց ներգրաւումով: Չնայած ընդունուած է կարծել, թէ արեւելքում կանայք ճնշուած են, իրական արդիւնքները ցոյց են տալիս, որ այնտեղ տեղակայուած կազմակերպութիւնների ղեկավարներն աւելի լաւ առաջ են մղում իրենց կին աշխատակիցներին: Չինաստանում բարձր մակարդակի կառավարիչների 32 տոկոսը կանայք են, մինչդեռ նոյն ցուցանիշը Միացեալ Նահանգներում կազմում է 23 տոկոս, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 19 տոկոս: Եւ այս ամէնն այն դէպքում, որ արեւմտեան երկրները զարգացող իրենց հարեւաններին յորդորում են աւելացնել կանանց ներգրաւուածութիւնը տարբեր ղեկավար մարմիններում:
«Թոյլ սեռի» այս յաջողութիւնները կարելի է բացատրել այն փաստով, որ նրանք աւելի մեծ յաջողութիւնների են հասնում արդէն կրթութեան բնագաւառում: Միացեալ Արաբական Էմիրութիւններում համալսարանների շրջանաւարտների 65 տոկոսն են կանայք: Ռուսաստանը փոքր-ինչ ետ է մնում, սակայն նոյնպէս կարող է պարծենալ 57 տոկոս կին-շրջանաւարտներով: Հարկ է նշել, որ տնտեսութեան համար ամենակարեւոր եւ նրա ապագան կազմող բիզնես դպրոցներն արդէն բռնել են ֆեմինիզացիայի (կիներու թիւի համեմատութեան բարձրացման-Խմբ.) ճանապարհը. Չինաստանում եւ Հնդկաստանում այս մասնագիտացմամբ սովորող ուսանողների 1/3ը կանայք են, ինչը նրանց թոյլ է տալիս Հարվարդի բիզնես դպրոցի համապատասխան ցուցանիշի հետ համեմատուել:
Այս հատուածն ընթերցող քաղաքացու մօտ կարող է տպաւորութիւն ստեղծուել, թէ զարգացող երկրները «դրախտ» են կանանց համար, սակայն դա այդպէս չէ: Արդէն նշուած Միացեալ Արաբական Էմիրութիւններում կինը միայնակ չի կարող ճանապարհորդել, քանի որ երկրում առկայ է թրաֆիքինգի վտանգը: Այլ երկրներում կանայք դեռեւս կրում են ընտանիքի հոգսերի եւ երեխաների խնամքի հետ կապուած պատասխանատուութիւնների մեծ մասը: Բիզնեսի միջավայրում էլ գործարքների զգալի մասը կնքւում են տղամարդկանց կապերի միջոցով, ինչը ինքնին ոչ շահաւէտ իրավիճակ է ստեղծում կանանց յաջողակ լինելու համար:
Բոլոր վերոյիշեալ գործօնները խիստ բացասական ազդեցութիւն են ունենում կանանց թէ՛ առողջութեան, թէ՛ ինքնագնահատականի վրայ: Լուրջ յաջողութիւնների հասնելու համար նրանք ստիպուած են հաստատուած աշխատանքային ժամերից երկար մնալ իրենց աշխատավայրում, որպէսզի կարողանան հաստատել իրենց բարձր կարողութիւնները: Զարգացող տնտեսութեան պայմաններում նոր վտանգներ էլ են ծագում. աշխատողները յաճախ բնակւում են իրենց աշխատանքի վայրից հեռու, հետեւաբար ամէն օր տանից մինչեւ գործատեղի հասնելու ճանապարհին եւ յատկապէս երեկոյեան ուշ ժամերին տուն վերադառնալիս կանայք իրենց ապահով չեն զգում: Այդ կարծիքն են յայտնել Բրազիլիայի կանանց 62 տոկոսը:
Այս տեղեկատուութիւնից պարզ է դառնում, որ ներկայիս հասարակութեան մէջ կանայք դիմակայում են բազում խնդիրների եւ յաղթող դուրս գալիս: Թէ ինչու զարգացող երկրների կին քաղաքացիները աւելի յաջողակ են այդ հարցում հիմնաւորւում է մի շարք պատճառներով: Նախ եւ առաջ այդպիսի երկրներում աշխատող կինը հեշտութեամբ եւ բաւականին ցածր վարձատրութեամբ կարող է լուծել սնունդ պատրաստելու եւ երեխաների մասին հոգ տանելու հարցը: Սպասարկման ոլորտն այդ տնտեսութիւններում նոր է կայանում, իսկ այս ընթացքում ծառայութիւնները դեռ զգալիօրէն էժան են արդէն զարգացած երկրների համապատասխան ոլորտից: Բացի այդ վաղուց ի վեր հաստատուած կորպորատիւ կանոնները արագ փոփոխութեան են ենթարկւում: Աշխատաշուկան գնալով համալրւում է նորանոր երիտասարդներով, իսկ այս պարագայում պայքարը ծաւալւում է ոչ թէ հմտութիւնների, այլ բնատուր կարողութիւնների ոլորտում: Այն դէպքում, երբ ընկերութիւնները կորցնում են իրենց փորձառու աշխատողներին, նրանք բազում պայմաններ են առաջարկում վերջիններիս շահագրգռելու համար:
Այդպիսի քայլերից մէկը կանանց աւելի մեծ օգնութիւն առաջարկելն է: Օգնութիւնը կարող է լինել կանանց համագործակցութեան ցանցերի ստեղծման, կարճաժամկէտ պայմանագրերի առաջարկման միջոցով, որոնք խրախուսում են կանանց ճանապարհորդութիւնները: Խելամիտ գործատուները նաեւ նախաձեռնել են յղի կանանց եւ ժամանակաւոր աշխատանք փնտռող մայրերին փոխադարձ փոխարինելի աշխատանքի տեղաւորել, ինչից շահում են թէ՛ կանայք, թէ՛ կազմակերպութիւնները: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ այս ամէնը զգալի ֆինանսական միջոցներ է պահանջում, սակայն այսպիսի լուծումների լայն կիրառումը ցոյց է տալիս, որ վերջիններս աւելի մեծ շահոյթ են բերում, քան թիրախային այլ խմբերի հետ տարուող աշխատանքը:
Բացի վերոյիշեալ խնդիրներից աշխատող կանայք հիմնականում ստիպուած են զբաղուել իրենց ծեր ծնողների խնամքով: Այս հարցում էլ գործատուները խրախուսելու միջոցներ ունեն. նրանք ոչ խիստ աշխատանքային գրաֆիկ (ժամանակացոյց-խմբ.) են սահմանում եւ թոյլ տալիս աշխատանքը տանից կատարել: Որպէսզի տարեց ծնողները սատարեն իրենց դուստրերին աշխատանքի հարցում, գործատուները նրանց համար այցելութեան օրեր են կազմակերպում եւ ներկայացնում իրենց համապատասխան աշխատակիցների յաջողութիւնները: Կան այնպիսի ընկերութիւններ, որոնք նոյնիսկ առողջութեան ապահովագրութիւն են առաջարկում իրենց աշխատակիցների ծնողներին, իսկ աշխատակցի անվտանգ տուն հասնելու խնդիրը լուծում են կանոնաւոր աշխատող ներքին աւտոբուսային ցանցով եւ միայն կանանց համար նախատեսուած տաքսի ծառայութիւններով:
Այս ամէնը ցոյց է տալիս, որ պատմական արմատներ ունեցող կանաց անհաւասար դիրքը տղամարդկանց նկատմամբ տեղի է տալիս նրանց բարձր ներգրաւուածութեանը հասարակական եւ տնտեսական կեանքին: Ակներեւաբար աւելի քիչ տղամարդիկ են հակառակւում այս փոփոխութիւններին: