ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այսօր յաճախ են խօսում այն մասին, թէ չինական ազգային դրամանիշն արհեստականօրէն կառավարւում է տեղի իշխանութիւնների կողմից, եւ ոմանք նոյնիսկ պնդում են, թէ մեր «դժբախտութիւններից» հիմնականը հէնց դա է: Նրանք չարաչար սխալւում են: Տնտեսագէտների մի հսկայ բանակ արդարացիօրէն պնդում է, թէ չինական դրամանիշի արժեւորման հետ զուգընթաց, թանկանալու են արդիւնաբերական ապրանքները ոչ միայն Միացեալ Նահանգներում, այլ ամբողջ աշխարհում, եւ դա ոչ մի լաւ բան չի խոստանում որեւէ երկրի տնտեսութեան զարգացման համար: Եկէք խօսենք փաստերով:
Վաղուց ի վեր համաշխարհային տնտեսութիւնում սկսուել է գործընթաց, որի համաձայն արդիւնաբերողները իրենց արտադրամասերը տեղափոխում են զարգացող երկրներ, ուր աշխատուժը զգալիօրէն էժան է, ինչը թոյլ է տալիս ապրանքի վերջնական գինն իջեցնել: Այս հանգամանքը բաւականին լուրջ խնդիրներ է առաջացնում Միացեալ Նահանգների համար: Մասնաւորապէս Չինաստանի հետ առեւտրային պակասուրդի հիմնական պատճառներից մէկն այն է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների վերջնական հաւաքումը մեծաւ մասամբ կատարւում է Չինաստանում: Սակայն հարկ է իրավիճակն աւելի մանրամասն քննել, եւ այդ դէպքում պարզ կը դառնայ, որ Չինաստանը չի արտադրում այդ ապրանքների մասերից ոչ մէկը. այնտեղ դրանք միայն վերջնական հաւաքւում են: Քանի որ դրա արդիւնքում ապրանքը ներմուծւում է Չինաստանից, միայն մեր երկրների միջեւ տեղի ունեցող առեւտրի հաշուեկշիռն է փոփոխւում: Իրականում հաշուարկներում պէտք է ընդգրկուէին նաեւ Հարաւային Կորէան, Ճապոնիան, Թայուանը, Եւրամիութիւնը եւ, որքան էլ զարմանալի է, Միացեալ Նահանգները, քանի որ վերջնական ապրանքի բաղկացուցիչ մասերն արտադրւում են այդ երկրներում:
Ամերիկեան քաղաքական գործիչները այս պարագայում միակ ելքը տեսնում են եուանի (չինական դրամանիշ) փոխարժէքի բարձրացման մէջ, սակայն նրանք մոռանում են, որ այս իրավիճակում Չինաստանում հաւաքուող տեխնիկայի միջոցների արտադրութեանը մասնակցող ամենաբարձր վարձատրուող աշխատուժը նախագծողներն են, ծրագրային ապահովման հեղինակները, ինչպէս նաեւ կառավարիչները եւ շուկայագէտները, ովքեր Միացեալ Նահանգների քաղաքացիներ են: Պարզ է, որ նրանց բարձր աշխատավարձը հնարաւոր է միայն այլ հատուածների աշխատուժի ցածր վարձատրութեան հաշուին, հակառակ դէպքում շահաւէտ չի լինի այդ ապրանքները վաճառել: Իսկ ամերիկեան օրէնսդիրները, շարունակելով եուանի փոխարժէքի հարցում Չինաստանի վրայ ազդելու քաղաքականութիւնը՝ մի օրինագիծ են հաստատել, որի համաձայն լրացուցիչ տուրքեր կը դրուեն այն ապրանքների վրայ, որոնք ներմուծուել են իրենց դրամանիշի փոխարժէքը ցածր պահող երկրներից:
Մասնագէտներն այս հարցում համակարծիք չեն. նրանց մի մասը համարում է, որ նմանատիպ միջոցներով հնարաւոր է զգալիօրէն աւելացնել աշխատատեղերի քանակը Միացեալ Նահանգներում, մինչդեռ մասնագէտների մէկ այլ խումբ գտնում է, որ ամերիկեան առեւտրային պակասուրդի պատճառները ժողովրդագրական են եւ կ՛առուցուածքային: Նրանք պնդում են, որ առանձին արհեստական միջոցներով միայն աննշան փոփոխութիւններ արձանագրել հնարաւոր կը լինի:
Բացի այդ, կայ նաեւ այլ վտանգ: Ասում են. «Կապիտալը վախկոտ է. այն փախչում է ապահով վայր»: Եթէ ցանկացած կիրառուած միջոց ոչ շահաւէտ դարձնի ապրանքների արտադրութիւնը Չինաստանում, կան բազում այլ երկրներ էժան աշխատուժով, որոնք կը գրաւեն նրա տեղը, այդպիսիք են՝ Վիետնամը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Մեքսիկան եւ այլն: Այսպիսով ամերիկեան քաղաքացիները ոչ մի կերպ չեն շահի քաղաքական անհեռատես որոշումներից: Զգալի փոփոխութեան համար պէտք է ապահովել եուանի փոխարժէքի կտրուկ բարձրացումը կամ անկիրառելի տուրքերի գանձումը: Ակներեւ է, որ այս տարբերակներից եւ որեւէ մէկը իրատեսական չէ:
Այն փաստը, որ 30 տարուայ ընթացքում էլեկտրատեխնիկայի արտադրութիւնը կենտրոնացել է Ասիայում, յուշում է, որ դա դանդաղ մի գործընթաց է եղել: Անհնար է, որ հակառակ գործընթացը աւելի արագ կազմակերպուի, եւ նոյնիսկ եթէ դա հնարաւոր լինի, հետեւանքները աւելի կործանարար կը լինեն, քան ներկայիս իրավիճակն է: Այս ամէնը հաշուի առնելով, մեր երկրի ղեկավարները պէտք է ընկալեն, որ ապրանքների բարձր արժէքի հիմնական պատճառը հէնց Միացեալ Նահանգների աշխատուժի բարձր աշխատավարձն է, եւ պէտք չէ ձգտել արտադրման միւս փուլերն էլ մեր երկիր վերադարձնել: Աւելի արդիւնաւէտ կը լինի նոր համակարգային մօտեցման մշակումը եւ կիրառումը:
Ցաւօք սրտի Միացեալ Նահանգների քաղաքական շրջաններն աւելի շատ զբաղուած են հատուածական տարաձայնութիւններով, եւ հրաժարւում են միահամուռ ձեւով մօտենալ կլոր սեղանին՝ վերջնական ծրագիր հաստատելու ակնկալիքով: Արդիւնքում կատարւում է ակնյայտը. Չինաստանն աւելի է հզօրացնում իր տնտեսական եւ քաղաքական հաշուեկշիռը: Արդիւնքում սովորական ամերիկացին աւելի է մօտենում թշուառութեան սահմանագծին, եւ բարեկեցութեան վերականգնման տեսլականն աւելի հեքիաթային շղարշ է ստանում: