ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
ՀՅԴ 31րդ ընդհանուր ժողովից յետոյ եւ ՀՀ համապետական երկու կարեւոր ընտրութիւնների նախընտրական ժամանակահատուածում, առիթ կայ, ահա, անդրադառնալու իշխանական կոալիցիայի գլխաւոր ուժի՝ ՀՀԿի պատկերացումներին՝ ՀՅԴ դերի ու անելիքի մասին, եւ թափանցելու այդ պատկերացումների ու ակնկալիքների գաղափարախօսական խորքերը: Ի վերջոյ ՀՅ Դաշնակցութեան նկատմամբ ՀՀԿի գաղափարախօսական դիրքորոշումներից եւ ՀՅԴ դերի եւ անելիքների մասին հանրապետական ղեկավարների պատկերացումներից են կախուած սոյն կուսակցութեան քաղաքական մօտեցումները, նրանց՝ ինչպէս հակադաշնակցական, այնպէս էլ դաշնակցականամէտ կեցուածքների դրդապատճառները: ՀՀԿի գաղափարախօսական դիրքորոշումների մի կարեւոր մասը, վերջին տարիներին, դրսեւորուել է ՀՀԿ փոխնախագահ Մ. Լալայեանի հեղինակած «Ազգային գաղափարախօսութեան խնդիրների շուրջ» աշխատութեան մէջ, որը հրատարակուել է 2003 թ., ապա վերահրատարակուել երկու անգամ՝ չնչին փոփոխութիւններով:
Հեղինակի կարծիքով՝ «Դաշնակցութիւնն ունի հմայք, առասպել եւ առաքելութիւն, բաներ, որոնք յատուկ են թերեւս միայն Հայ Եկեղեցուն, եւ որոնց բացակայութեան դէպքում այն դառնում է շարքային կազմակերպութիւն»: Այս հրաշալի բնորոշումը անթերի կը լինէր, եթէ հմայք, առասպել եւ առաքելութիւն հասկացութիւնների ընդհանուր քողի տակ չթերարժեւորուէր ՀՅԴ գաղափարախօսութեան դերն ու նշանակութիւնը:
«Որեւէ գաղափարական դաշնակցական կը հաստատի,- հաւատացնում են հանրապետականները,- որ Դաշնակցութեան ուժն ու հմայքը իր Ծրագրի, Կանոնագրի կամ կազմակերպական կառոյցի մէջ չէ, այլ՝ որոշակի աւանդոյթներից ձեւաւորուած բարոյականի, որը յայտնի է դաշնակցականութիւն անուամբ: Իսկ դաշնակցականութիւն ասել է՝ ա) նուիրումի եւ նահատակութեան ոգի, բ) յեղափոխականութիւն, գ) մարտական եւ կազմակերպական կարգապահութիւն, միաժամանա՛կ»: Դեռ թողնենք մէջ բերուած մտքի հանելուկային հակասութիւնը, որով մի կողմից ՀՅԴ Կանոնագիրը չի համարւում Դաշնակցութեան ուժի ու հմայքի աղբիւր, իսկ միւս կողմից՝ դաշնակցականութիւնը բացատրւում է մարտական եւ կազմակերպական կարգապահութեամբ: Բա էլ որտեղից է բխում տուեալ կարգապահութիւնը, եթէ ոչ հէնց ՀՅԴ Կանոնագրից ու կազմակերպական կառոյցից:
Անցնենք: Մեր կարծիքով՝ ՀՅԴ ծրագրային հասկացութիւնները եւ կանոնագրային սկզբունքները, ահաւասիկ, հէնց այն արժէքներն են, որոնց այսօր չի ախորժում Հայաստանի քաղաքական էլիտան: Այս իրողութիւնը, կարմիր թելի պէս, ակնյայտօրէն երեւում է ՀՀԿի գաղափարախօսական դիրքորոշումներում, իսկ վերոյիշեալ գըրքոյկում՝ կրկնւում մի քանի անգամ:
ՀՀԿական մտաւորականը կարծում է, թէ Դաշնակցութիւնը կարիք ունի «ինքնանորոգման» մի գործընթացի: Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ՀՅԴ գաղափարաբանութեան ազգայնականացում, այսինքն՝ ազգային եւ ընկերվարական դրոյթների հաշուեկշռի փոփոխում՝ ի նպաստ առաջինի»: ՀՅԴի ազգային եւ սոցիալիստական արժէքները ժողովրդավարութեան եւ յեղափոխականութեան հետ համատեղ կազմում են աշխարհընկալման ամբողջական մի համակարգ: Համակարգ, որն ուղղուած է Հայաստանի եւ Հայութեան լիակատար ազատագրմանը եւ լիարժէք զարգացմանը: Արժէքների այդ քառեակը համարկուած, համակարգուած է եւ ոչ թէ դասակարգուած: Եթէ ՀՀԿին դուր է գալիս միայն ազգայինը, խնդրեմ, թող իրենց արժէքային համակարգից դուրս նետեն «ազատականութիւն», «պահպանողականութիւն» հասկացութիւնները, որոնք, ի դէպ, չափազանց ապաշնորհ կերպով են կուտակուել նրանց ծրագրային փաստաթղթերում:
Դաշնակցութեան միմիայն «ազգային» առաքելութեան համատեքստում, ՀՀԿականները երազում են Դաշնակցութեան համար տեսնել սահմանափակ եւ կանխորոշուած դեր. «Դաշնակցութեան հիմնական առաքելութիւնը,- ըստ նրանց,- մնում է Սփիւռքի հայօրէն պահպանումը եւ նրա Դարձը Արեւմտահայաստան: Այս առաքելութեան կայացումն անցնում է Հայկական պետութեան ինքնիշխանացման, æաւախքի եւ Նախիջեւանի ազատագրման ճանապարհով»: Թէեւ այս բանաձեւումներում խօսք չկայ Արեւմտեան Հայաստանի ազատագրման մասին, այնուամենայնիւ, ենթադրում ենք, որ նշուած մտքերի հեղինակները լաւ են հասկանում, որ առանց Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան, էապէս, անիմաստ է դառնում Սփիւռքի «Դարձը Արեւմտահայաստան»: Սակայն այստեղ կայ Հայութեանը որպէս քաղաքական առանձին-առանձին ձգտումներ ունեցող եւ օրգանապէս տարանջատ մի կոնգլոմերատ տեսնելու վտանգաւոր ընկալումը, որն ամուր ընկած է ինչպէս ՀՀՇական, այնպէս էլ ՀՀԿական գաղափարախօսութեան հիմքում: Այս առումով՝ հայը հայից, Հայաստանը՝ Հայաստանից տարբերակելու, քաղաքական ճղճիմ հաշիւներով Դաշնակցութեան համար «հիմնական առաքելութիւն» յօրինելու փորձերը արդէն 20ամեայ վաղեմութիւն ունեն:
Իսկ այս «հիմնական առաքելութիւն»ից զատ, ուրիշ ինչ «ոչ հիմնական» դեր են նախատեսում ՀՅԴի համար. «Հայկական պետութեան ներսում Դաշնակցութիւնը պէտք է գործի առաւելապէս իբրեւ բարոյական ուժ. նա պէտք չէ հրապուրուի գործադիր իշխանութեան լծակներով՝ ա) այսօրուայ անխուսափելի մրոտումից զերծ մնալու, որով՝ իր հմայքն ու առասպելը պահելու, բ) դրսի ճնշումներից պետութեանն, ըստ հնարաւորի, ապահովագրելու, գ) պետութեան հետ համագործակցութիւնը քողարկելու համար»: Սա արդէն քաղաքական դերերի բնորոշման եւ բաշխման եւս մեծամտական փորձ է: Գործադիր իշխանութիւններից հեռու պահելով ՀՅԴին, հանրապետականները նախ իբր «խաթր» են անում Դաշնակցութեանը չմրոտուելու պահով, ապա ապահովագրում են պետութեանը դրսի ճնշումներից: Ասել է՝ եթէ Հայաստանում հմայք ու առասպել ունեցող քաղաքական ուժը յայտնուի գործադիր իշխանութեան մէջ, ապա Հայաստանը ճնշումների կենթարկուի դրսից: Սա օրինաչափութի՞ւն է, թէ՞ իրադրային քաղաքականութեան այսօրեայ թելադրանք: Պարոնայք, իսկ սխալմամբ չէ՞ք մտածում նաեւ, թէ հմայք, առասպել եւ առաքելութիւն ունեցող 120ամեայ կուսակցութիւնը չի գիտակցում միջազգային քաղաքականութեան իրադրութիւնները: Թէ՞ կարծում էք, որ ՀՅԴն երբեւէ Հայաստանն ու Հայութեանը կը վտանգի իր քաղաքական ձգտումների բերումով: Եթէ դուք լաւ գիտէք ՀՅԴ պատմութիւնը, ապա մնում է ենթադրել, որ այս օրինաչափութիւնը ընդամէնը ձեր մոգոնած խաղն է, որով ձգտել ու ձգտում էք ՀՅԴին հեռու պահել գործադիր իշխանութիւնից, ինչը, պէտք է ենթադրել, ՀՀԿի մենաշնորհն է այլեւս:
Եթէ առաջնորդուենք ՀՀԿական նշուած օրինաչափութեամբ, էլ ինչո՞ւ են ցանկանում ՀՅԴին տեսնել օրէնսդիր իշխանութեան մէջ, ինչո՞ւ են ասում, թէ ՀՅԴն «պէտք է ունենայ տեղեր խորհրդարանում՝ ընտրուած համամասնական կարգով, որոնց միջոցով զգալ տայ իր ներկայութեան մասին Երկրում»: Եթէ յանկարծ ՀՅԴի նախաձեռնութեամբ խորհրդարանում ընդունուի թոշակային, հարկային կամ ընտրական ոլորտներին առընչուող որեւէ բարեփոխում, բա յետոյ ի՞նչ էք անելու: Կամ՝ եթէ յանկարծ ՀՅԴի նախաձեռնութեամբ խորհրդարանում անցնի Վիլսոնի իրաւարար վճռի հիման վրայ պահանջատիրական որեւէ նախագիծ, դրսի ուժերը չե՞ն ճնշի պետութեանը: Իսկ եթէ այսպէս է, յատկապէս ինչո՞ւ էք ցանկանում, որ «æաւախքի ու Նախիջեւանի ազատագրման հարցերում ՀՅԴն լինի հիմնական մունետիկն ու գործադրողը»: æաւախքի ու Նախիջեւանի եւ դեռ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան գործով զբաղուող ՀՅԴն, մօտ տասը տարի, մասնակցել է գործադիր իշխանութեանը եւ հէնց հիմա էլ իր ներկայութիւնը զգացնել է տալիս ԱԺում: Դրանից Հայաստանը արդեօք ճնշումների՞ է ենթարկուել: Եթէ մոռանում էք արտաքին ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրուող ճնշումների բնոյթն ու պատճառները, ապա յիշեցնենք ձեզ, պարոնայք, որ Հայաստանին ոչ միայն ճնշում են, այլեւ նրա անկախութիւնն են հարցականի տակ առնում այսօր ձեր վարած որոշ արտաքին, ներքին եւ սոցիալ-տնտեսական սխալ քաղաքականութիւնների պատճառով:
Ուրիշ էլ ինչպիսի՞ն են ՀՀԿականները երազում տեսնել ՀՅ Դաշնակցութեանը: Այսպէս՝ «կուսակցութեան պատմութեան էջերը թերթելով, մենք այս հարիւրամեակում կ՛ուզէինք տեսնել ո՛չ թէ երիտթուրքերից խաբուած կամ եւրասոցիալիզմ տենչող, այլ՝ իր ներսում Ցեղակրօն, Տարօնական շարժումներ ծնելու (նաեւ պահպանելու) ընդունակ Դաշնակցութիւն»: Որքա՜ն պատմա-գաղափարախօսական անճշդութիւններ կան ձեր պատկերացումներում: Նախ՝ երիտթուրքերից խաբուել-չխաբուելու, համագործակցել-չհամագործակցելու յանկերգը ՀՀԿից լսելն այլեւս չի զարմացնում, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտում մի փոքր «թրեւ գալով» անգամ, դժուար չէ հասկանալ, որ բոլշեւիզմի տապալումով հանդերձ, տակաւին չի անհետացել բոլշեւիկութիւնը: Նոյն պատմաշինական միֆերն ու թաբուները գործում են նաեւ այսօր: Եթէ անցեալում հակադաշնակցական պայքարում տիրում էր պատմագիտական անծայրածիր խաւարը, ապա այսօր լոյսն ու մութը յաճախ են իրար հետ հանդէս գալիս՝ նողկանք ու ձանձրոյթ պատճառելով: Գոնէ բոլշեւիկները «երիտթուրքերից խաբուած» Դաշնակցութեանը չէին համարում հմայք, առասպել եւ չգիտես էլի ինչ առաքելութիւն ունեցող կուսակցութիւն եւ իրենց բարոյական իրաւունք չէին վերապահում Դաշնակցութեանը տեսնել այսպիսին եւ ոչ այնպիսին. «Ո՛չ թէ Մովսէս Տէր Գալուստեանների ու æորջ Մարտիկեանների, այլ՝ Նաթալիների ու Նժդեհների Դաշնակցութիւն»:
Իսկ այդ շարժումները, որոնց մասին ճառում էք, հիմնականում ձեւաւորուել են օրուայ քաղաքական մթնոլորտում եւ ուղղուած են եղել ՀՅԴ վարած քաղաքականութեան դէմ: «Մարտկոցական» շարժումն, ըստ էութեան, սովետամէտ շարժում էր, իսկ «Տարօնական»ը՝ պրո-նացիստական: Այդ շարժումները, բոլորն էլ, մարել են իրենց ծնունդ տուող գործիչների քաղաքական կարիերայի (ասպարէզի-Խմբ.) աւարտով: «Մարտկոցական»ը, վերանուանուելով «ամրոցական», ի վերջոյ մարեց 1960ականներին, իսկ «Տարօնական»ը անհետացաւ նացիզմի փլուզումով: Այդ շարքին չի կարելի դասել ցեղակրօն ուխտերը, որոնք, ոչ թէ առանձին շարժման մաս են եղել, այլեւ եղել են ՀՅԴ երիտասարդական կառոյցի միաւորներ եւ վերանուանուելով «Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն»՝ գոյատեւում են առ այսօր: «Մարտկոցական» եւ «Տարօնական» շարժումներում ընդգրկուած բազմաթիւ դաշնակցականներ հետագային զղջացել եւ ձգտել են վերականգնել իրենց կուսակցական անդամակցութիւնը: Այս իմաստով արժէ այստեղ յիշատակել անուանի գրող, հրապարակախօս Վազգէն Շուշանեանի («Մարտկոցական»ից) եւ Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոս Սեդրակ æելալեանի («Տարօնական»ից) անունները: Դուք շատ լաւ գիտէք «Մարտկոցական» եւ «Տարօնական» շարժումների գլխին կանգնած գործիչների՝ Շ. Նաթալիի եւ Գ. Նժդեհի միմեանց նկատմամբ խիստ անհանդուրժողական, իրարամերժ եւ գաղափարախօսական առումով թշնամական, ոխակալ վերաբերմունքը: Խնդրեմ ասացէք, ինչպէ՞ս էք պատկերացնում «Նաթալիների ու Նժդեհների Դաշնակցութիւն»ը:
Ձեր արշիններով մի չափէք ՀՅԴին: Դաշնակցութիւնը, ըստ էութեան, նման չէ ձեր կուսակցութեանը: Դաշնակցութիւնը չի եղել ու չի լինի ձեր նշած կամ չնշած ցանկալի կամ ոչ ցանկալի մարդկանցից եւ ոչ մէկի մասնաւոր սեփականութիւնը:
Մենք լաւ ենք ըմբռնում ՀՀԿի պատկերացումների գաղափարախօսական խորքը: Նա չի ցանկանում տեսնել այն Դաշնակցութիւնը, որն ազգայինից բացի, ունի նաեւ քաղաքական եւ սոցիալական հայեացքներ եւ այս երկրի համար տենչում է քաղաքական ազատութիւն եւ սոցիալական արդարութիւն:
Չկայ դաշնակցականութիւն առանց Դաշնակցութեան, ճիշդ այնպէս, ինչպէս Հայաստանը չի կարող լինել առանց հայի:
Ժամն է արդէն, պարոնայք, որ Հայաստանում այլոց տեղն ու անելիքը սահմանելու փոխարէն, մի փոքր էլ խորհէք ձեր սեփական կուսակցութեան տեղի ու անելիքի մասին: