ԼՂՀ Սահմանադրութիւնը. Պետութիւնը՝ Մարդու Համար
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

Ուղիղ հինգ տարի առաջ՝ 2006 թուականի Դեկտեմբերի 10ին, ղարաբաղցիները համաժողովրդական հանրաքուէով ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Սահմանադրութիւնը: Կարելի է լիիրաւ կերպով պնդել, որ այդ օրը դարձաւ բախտորոշ եւ ընդմիշտ մտաւ հինաւուրց Արցախի նորագոյն պատմութեան տարեգրութեան մէջ:
Այդ օրն իրօք նշանաւոր է, բայց այն նշանաւոր է կրկնակի, քանզի հանգամանքների երջանիկ բերումով դարձեալ Դեկտեմբերի 10ին, բայց արդէն 1991 թուականի, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցաւ մէկ այլ՝ նոյնքան էլ նշանաւոր հանրաքուէ ԼՂՀի պետական անկախութեան մասին: Այդ երկու կարեւոր իրադարձութիւններին 15 տարի է իրարից բաժանում, սակայն այդ մէկուկէս տասնամեակը, կարելի է ասել, որպէս անտեսանելի կամուրջ է ծառայում, որն անցկացուած է ժամանակի գետի վրայով եւ անխզելիօրէն իրար է կապում Լեռնային Ղարաբաղի՝ որպէս ինքնուրոյն պետութեան յետագայ զարգացումը կանխորոշող երկու քաղաքական իրադարձութիւնները: Ուստի 2006 թուականին ԼՂՀ Սահմանադրութեան ընդունումը չի կարելի դիտել նրան նախորդած պետական շինարարութեան գործընթացներից անջատ:
Պէտք է պետականաստեղծ իրաւական ակտերի թուին դասել ե՛ւ հէնց ԼՂՀի հռչակումը 1991 թուականի Սեպտեմբերի 2ին, ե՛ւ նոյն թուականի Դեկտեմբերի 10ի հանրաքուէն անկախութեան մասին, ե՛ւ 1992 թուականի Յունուարի 6ին ԼՂՀ Գերագոյն խորհրդի կողմից իր առաջին նիստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» հռչակագրի ընդունումը: Այս ամէնն այն նոյն շղթայի օղակներն են, որ սերտօրէն իրար է միացրել մեր բոլոր իրաւական քայլերը դէպի անկախ պետականութիւն տանող ճանապարհին: Չափազանց կարեւոր է, որ այդ պետականութեան արմատները մինչեւ դարերի խորքերն են ձգւում, երբ Արցախն ինքնիշխանութիւն ունէր: Եւ կարելի է ասել, որ 20րդ դարի վերջին, երբ ԽՍՀՄի փլուզման հետ կապուած պատմական լուրջ գործընթացների արդիւնքում Հարաւային Կովկասում երեւան եկան իրաւաքաղաքական նոր իրողութիւններ, ղարաբաղցիները տասնամեակներ անց վերականգնեցին իրենց պետականութիւնը:
Բնական է, որ մինչեւ Սահմանադրութեան ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը որպէս իրաւական ժողովրդվարական պետութիւն, որն օրէնքի գերակայութիւն էր հռչակել, համապատասխան օրէնսդրական բազա էր ստեղծել, որը թոյլ էր տալիս կարգաւորել յարաբերութիւնները հասարակական-քաղաքական կեանքի գործնականում բոլոր ոլորտներում: Այդ նպատակին է ծառայել, ամէնից առաջ, սահմանադրական այն օրէնքների փաթեթը, որոնք որոշեցին պետական ինստիտուտների գործելու հիմնական սկզբունքները: Պէտք է ասել՝ դրանք բռնեցին ժամանակի քննութիւնը՝ ղարաբաղեան պետութեան գործունակութիւնն ապահովելով նրա պատմութեան նոյնիսկ արտակարգ լուրջ բեկումներին: Սակայն ժամանակը տեղում կանգնած չմնաց, եւ այն բնականոն կերպով յանգեցրեց ԼՂՀ Հիմնական օրէնքի ընդունմանը՝ որպէս հանրապետութեան օրէնսդրութեան հիմք: Սահմանադրութիւնն իրաւաբանօրէն ամրագրեց պետական շինարարութեան գործընթացում հանրապետութեան ձեռք բերած նուաճումները, ինչպէս նաեւ հասարակութեան եւ պետութեան զարգացումը որոշող հրամայականները, իրար միջեւ եւ պետութեան հետ քաղաքացիների յարաբերութիւնները կանոնակարգող նորմերն ու սկզբունքները:
Իր գոյութեան առաջին օրերից ԼՂՀն պահպանում է հաւատարմութիւնը օրէնքին ու ժողովրդավարական արժէքներին: Դա նաեւ գործող Սահմանադրութիւնն է հաստատում: Ինչպէս եւ ցանկացած սահմանադրութիւն՝ հանրապետութեան Հիմնական օրէնքն ամրագրում է մեր երիտասարդ պետութեան քաղաքական կառուցուածքի հիմքերը, որոշում պետական իշխանութեան եւ կառավարման մարմինների գործելու ձեւերն ու մեթոդները: Այնուամենայնիւ, կարելի է պնդել, որ մեր Սահմանադրութիւնը հետեւում է «պետութիւնը՝ մարդու համար» սկզբունքին: Նրա մէջ միանշանակ կերպով հռչակւում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութիւն է, որ նա մարդու հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները ճանաչում է որպէս անկապտելի եւ բարձրագոյն արժէքներ, որպէս ազատութեան, արդարութեան եւ խաղաղութեան հիմք, որ իշխանութիւնը ԼՂՀում պատկանում է ժողովրդին: Թուարկուած թեզիսներից այս վերջինն իրացնելու նպատակով Սահմանադրութիւնը երաշխաւորում է պետութեան կառավարմանը ժողովրդի ուղղակի մասնակցութիւնը տարբեր մակարդակների՝ նախագահական, խոր-հրդարանային, համայնքային ընտրութիւնների միջոցով, որոնք անկախ ԼՂՀի պատմութեան ընթացքում քիչ չեն անցկացուել:
Հարկ է նշել, որ Սահմանադրութիւնը պետութեան նոյնպիսի կարեւոր ատրիբուտ է, ինչպիսին որ զինանշանն է, դրօշն ու օրհներգը, իսկ նշանակում է՝ նաեւ համապատասխան վերաբերմունք է պահանջում իր նկատմամբ: Այո, նա քաղաքացիների համար իրաւունքներ ու ազատութիւններ է երաշխաւորում, բայց նա իրենից ներկայացնում է նաեւ պարտականութիւնների իւրատեսակ ամբողջութիւն, որոնք ենթադրում են, ամէնից առաջ, պատասխանատուութիւն պետութեան եւ հասարակութեան առաջ: Յարգալից վերաբերմունքը օրէնքների նկատմամբ՝ ընդհանրապէս, եւ Սահմանադրութեան նկատմամբ՝ մասնաւորապէս, նրանց պահանջների անբասիր կատարումը պետութեան գոյութեան եւ առաջընթաց զարգացման գրաւականն է հանդիսանում: Սոսկ իրապէս «աշխատող» սահմանադրութիւնը կարող է ապահովել ԼՂՀի գործունակութիւնը եւ ներպետական կայունութիւնը, դառնալ իր հռչակած ժողովրդավարական սկզբունքներին հանրապետութեան հաւատարմութեան հաստատումը: