ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Երկար էի մտածում այս թեմայի շուրջ մտքերս շարադրելուց առաջ: Մտածում էի, որովհետեւ ամէն օր լրագրողներ, վերլուծաբաններ, ակտիւիստներ ու պարզապէս մտահոգ մարդիկ Հայաստանում եւ Սփիւռքում անդրադառնում են մեր հայրենիքում տիրող քաոսային իրավիճակին: Բացասական երեւոյթների մասին իւրաքանչիւր մարդ իր տեսածը, լսածը բարձրաձայնելով յոյս ունի կասեցնել, այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Չնայած խօսքն այսօր կորցրել է իր արժէքն ու նշանակութիւնը, այնուամենայնիւ յոյս կայ, որ իւրաքանչիւրիս պայքարի արդիւնքում ինչ-որ կերպ հնարաւոր կը լինի կանխել Հայաստանում իրականացուող «սպիտակ ցեղասպանութիւնը»: Այսօր Հայրենիքը լքում են երիտասարդներն ու ծերերը, գործարարներն ու գիտնականները, լքում են որովհետեւ չեն տեսնում ապագայի յոյս, որովհետեւ չկան արժէքներ, չկայ արժանապատուութիւն: Իշխանութիւններն ամէն կերպ փորձում են ջնջել հայ մարդու յիշողութիւնը, կտրել այն թելերը, որով մարդը կապուած է իր հողին:
Անկախութիւնից ի վեր Հայաստանում երբեք նման յուսահատ վիճակ չի եղել, քանի որ միշտ եղել է հաւատ, եղել են նպատակներ ու ծրագրեր: Այսօր, սակայն, հայն իր հայրենիքում չի կարող ծրագիր ու նպատակ ունենալ, որովհետեւ իւրաքանչիւր նախաձեռնութիւն դատապարտուած է: Իսկ եթէ այնուամենայանիւ յաջողում ես՝ դառնում ես հետապնդումների թիրախ, որ իրականացւում է պետական մակարդակով: Ստեղծուած իրավիճակից լաւագոյն ելքը դառնում է սեփական կամքով հիմնած գործիցդ հրաժարուելը, հակառակուելու եւ պայքարի փորձերի դէպքում՝ առաջանում է ճաղերի յետեւում յայտնուելու սպառնալիք եւ մինչեւ իսկ՝ վտանգւում է ֆիզիկական գոյութիւնդ: Արդիւնքում, մեծամասնութիւնը գերադասում են լքել հայրենիքը, առաւել յամառները, միաժամանակ, որեւէ բան փոխելու յուսահատ փորձեր են անում: Հարկ է ընդգծել, որ Հայաստանում ապրելն ու պայքարելը, ոչ միայն ահռելի ջանքեր, նուիրում է պահանջում, նաեւ՝ մեծ ռիսկեր (վտանգներ-Խմբ.) է կրում, կշեռքի նժարին դրւում են սկզբունքներն ու արժանապատուութիւնը:
ՀՀում իրականացուող ապօրինութիւնների զոհ է դարձել նաեւ իմ ընտանիքը: Մենք կորցրեցինք մեր տարիների աշխատանքի արդիւնքում ստեղծուած ընտանեկան բիզնեսն ու տունը: Մեր սեփականութիւնը ճանաչուեց «գերակայ հանրային շահ» եւ տրամադրուեց կառուցապատող սիրիահայ Աւետիս Կարագուլեանին: «Գերակայ հանրային շահ»ի անուան տակ մեզ նման հազարաւոր մարդիկ տեղահանւում են իրենց սեփական տարածքներից ու նոյնիսկ գիւղեր են դատարկւում (Քաջարանի դէպքը)՝ առանց փոխհատուցման եւ մարդիկ յայտնւում են փողոցում: Սիւնիքի մարզի Քաջարան գիւղի դէպքը ցոյց է տալիս, որ Հայաստանի իշխանութիւնները չունեն Հայաստանը զարգացնելու ռազմավարութիւն, աւելին նրանց չհաշուարկուած գործողութիւնները ուղղակիօրէն սպառնում են Հայաստանի ազգային անվտանգութեանը: «Գերակայ հանրային շահ» ճանաչուեց սահմանամերձ մի գիւղ, որի արդիւնքում մարդիկ ստիպուած են լինելու լքել իրենց տները: Վերոնշեալ տարածքում իրականացուելու է հանքարդիւնաբերութիւն, ինչն էլ իր հետ բազմաթիւ այլ խնդիրներ է բերելու՝ մինչեւ անգամ յանգեցնելու է բնապահպանական աղէտի: Ժողովրդագրական հսկայական խնդիրներ ունեցող Հայաստանում ՀՀ կառավարութիւնն իր մի որոշումով գիւղեր ու բնակավայրեր է դատարկում՝ մարդկանց աճն ու զարգացումը խթանելու փոխարէն:
Մարդու իրաւունքների կոպիտ խախտումներով ուղեկցուող այս դէպքերի մասին ահազանգում են նոյնիսկ միջազգային կազմակերպութիւնները, սակայն այս ամէնը որեւէ կերպ չի անհանգստացնում Հայաստանի իշխանութիւններին:
Ցաւալին այս դէպքում նաեւ այն է, որ իշխանութիւնները պետութեան անուան ներքոյ իրենց կողմից իրականացուող ապօրինութիւնների մասնակից են դարձնում նաեւ սփիւռքահայերին՝ այս կերպ օգտագործելով նրանց ներուժը: Մի կողմից շահաւէտ բիզնես անելու կարգախօսով իշխանութիւնները Հայաստան են հրաւիրւում սփիւռքահայ գործարարների, ովքեր ներդրումներ կատարելով տնտեսութեան մէջ այդպէս էլ չեն ունենում շահոյթներ եւ արդիւնքում ոչ միայն կորցնում են իրենց իսկ ներդրած գումարները՝ այլեւ ենթարկւում են հարկային, իրաւապահ մարմինների հետապնդմանը («Նարեկացի» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ բարեգործ Նարեկ Յարութիւնեանի դէպքը, «Փարիզեան սուրճ»ի հիմնադիր Վալերի Աշխէն Գործունեանի դէպքը): Միւս կողմից էլ, որոշ սփիւռքահայեր գործիք են դառնում իշխանութիւնների ձեռքում’ հայաստանցիներին ունեզրկելու համար: Սրա լաւագոյն օրինակներից է «Աւօ ՖՄՀ» ՍՊ ընկերութեան տնօրէն Աւետիս Կարագուլեանը, ով իր բիզնեսի համար, հազարաւոր երեւանցիների, զրկեց տնից, գոյքից եւ ապրուստի միջոցներից: Խնդիրն այստեղ այն չէ, որ կառուցապատողները մեծ մասամբ սփիւռքի ներկայացուցիչներ են, այլ այն, որ Հայաստանի իշխանութիւնները ոչնչացնում են ամէն ինչ, այդ թւում՝ այնքան զգայուն Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները: Արդիւնքում, սրւում են հայաստանաբնակ հայերի ու սփիւռքահայերի միջեւ յարաբերութիւնները: Ու նրանք այն սփիւռքահայերն են, որ տարիներ շարունակ տարբեր ծրագրերի միջոցով, անհատական նուիրատուութիւններով օգնել են Հայաստանին՝ կրելով եւ փայփայելով մի օր հայրենիք վերադառնալու եւ համատեղ հայրենիքը զարգացնելու բաղձալի երազանքը: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայել ու խնայում՝ նպաստելու հայրենիքի զարգացմանը ու, երբ նրանցից ոմանք խիզախում են վերադառնալ, աշխատել եւ ապրել հայրենիքում, փլուզւում են բոլոր երազանքները: Հայկական լրատուամիջոցներում գրեթէ ամէն օր կարելի է հանդիպել նմանատիպ գոնէ մէկ դէպքի, ինչի հետեւանքով հայը թշնամանում է հայի հետ:
Աշխարհասփիւռ հայութիւնը մի կողմից պայքարում է միջազգային հանրութեան կողմից մեր ազգի դէմ իրականացուած Ցեղասպանութեան ճանաչման համար, միւս կողմից ոչնչացւում է Հայաստանի վերջին ռեսուրսը՝ հայ մարդը: Հայաստանի ներկայ իշխանութիւնների ձեռքով են տեղի ունենում ապօրինութիւններն ու թալանը, խարխլւում մեր պետութեան հիմքերը: Կարելի է դուրս գալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերից, սակայն բարոյական ճգնաժամը սպառնում է դառնալ դատավճիռ: