
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Չինաստանը աստիճանաբար է ի յայտ բերում իր հզօրութիւնը ռազմական բնագաւառում:աչ Այդպէս էլ սպասւում էր, տնտեսական հզօրութիւնը պարտադիր կերպով պիտի դառնար ռազմաքաղաքական բռունցք, եւ դրա ապացոյցը վերջին մի քանի իրադարձութիւններն էին, որ հնարաւոր է ոմանց ուշադրութիւնից դուրս մնացած լինէին:
Միացեալ Նահանգների ռազմական հզօր ներկայութեան երաշխիքը պիտի հանդիսանար æերալդ Ր. Ֆորդ անուանումը կրող միջուկային ռազմանաւը, որ կառուցման ընթացքում է այս օրերին Վիրջինիայում: Համաձայն տուեալների, այս հսկան կարող է կրել աւելի քան 4500 մարդուց բաղկացած անձնակազմ, ինչպէս նաեւ մեծ քանակով զէնք, զինամթերք, եւ բազմաթիւ ռազմական օդանաւեր: Սակայն ինչպէս ասում են յաճախ, Շաբաթն Ուրբաթից շուտ եկաւ:
Չինաստանի իշխանութիւնները յայտարարել են, թէ տիրապետում են ռազմական այնպիսի մի տեխնիկայի, որն հնարաւորութիւն ունի ակնթարթօրէն ոչնչացնել իր ջրերում լողացող ցանկացած նաւի: Բնականաբար, սա անհանգստացնում է ամերիկեան իշխանութիւններին եւ հարց է բարձրացնում, թէ որքանով է նպատակայարմար միլիարդաւոր դոլարների ներդրումներ իրականացնել, եթէ դա մէկ ակնթարթում յօդս կարող է ցնդել: Չինաստանի բարձրաստիճան շրջանակները չեն թաքցնում, թէ նպատակ ունեն որքա՛ն հնարաւոր է՝ հեռու մղել ամերիկեան ներկայութիւնը իրենց ափերից: Մասնագէտները նշում են, թէ ամերիկացիք բացայայտ հակաքարոզչութիւն չեն անում այնպէս, ինչպէս անում էին Խորհրդային Միութեան պարագայում:

Ամերիկեան արտաքին գործոց նախարարութեան բարձրաստիճան մի պաշտօնեայ իր Չինաստան կատարած մի այցելութեան ընթացքում յայտարարել է, թէ Չինաստանին որպէս ոսոխ չի համարում: Սակայն ամերիկեան ռազմական շրջանակներում զգուշօրէն խօսում են Խաղաղ Ովկիանոսեան հնարաւոր ռազմական գործողութիւնների մասին, առանց անուններ նշելու:
Չինական նորաստեղծ DF-21D հրթիռները, ասում են, ի վիճակի են թռչել այնպիսի բարձրութեան եւ անկեան տակ, որ ամերիկեան հրթիռային կայանները ի վիճակի չեն լինի տեղակայել եւ վնասազերծել նրանց: Միակ հնարաւոր կանխարգելումը ամերիկեան անմարդ ինքնաթիռներն են, սակայն սրանց հնարաւոր հակազդեցութիւնը կարող է աւելի կործանիչ հետեւանքների տանել: Խօսում են, թէ մեծածաւալ ռազմական գործողութիւնները պայմանաւորուած կը լինեն նրանով, թէ ո՛վ առաջինը կը կարողանայ շարքից դուրս հանել հակառակորդի համակարգչային կապերը: Տեսնո՞ւմ էք, թէ ո՛ւր ենք գնում:
Այսօր աւելի քան երբեւէ խօսում են Խաղաղովկիանոսեան հակամարտութիւնների գօտու ընդլայնման մասին: Նախկինում միայն Թայուանի խնդիրն էր, հիմա դրան աւելացել են եւս մի քանիսը՝ հակամարտութեան կիզակէտին է հասել չին-ճապոնական վէճը տարածքային կղզիների կապակցութեամբ. Հարաւչինական ծովում առկայ նաւթի հսկայական պաշարների վրայ աչք են տնկել Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները: Նախկինում նմանօրինակ վիճաբանութիւնները սանձւում էին չհասած կիզակէտին, երբ ամերիկեան ռազմանաւերի մի հզօր բանակ ընդամէնը ուղղւում էր հակամարտութեան գօտի: Այսօր Չինաստանին վախեցնելը դժուար է, քանի որ նա իր զինանոցում ունի հզօր ռազմական սուզանաւերի մի խումբ, որոնք ի վիճակի են յաջողութեամբ դիմադրել ամերիկեան ռազմանաւերին: Չինաստանն ինքը բացայայտ հակամարտութեան չի գնում դեռեւս, սակայն տարէցտարի այս պետութեան՝ միջազգային ատեաններում ցոյց տուած վերաբերմունքը գնալով կարծրանում է: Ամերիկեան ընդհանուր նախահաշուի կրճատումը անխուսափելիօրէն պէտք է ազդէր ռազմական հզօրութեան վրայ՝ մասնաւորապէս հարկ է նշել նախագահ Օբամայի վերջերս ստորագրած օրինագիծը, ռազմական նախահաշուի կրճատման վերաբերեալ: Խօսւում է նոր մարտավարութեան մասին, իբր թէ միաժամանակ 2 խոշոր պատերազմ վարելու աննպատակայարմարութեան մասին. քչերն են բացայայտօրէն ասում, թէ միջոցներն այլեւս չեն բաւականացնում:
Առաջիկայ 10 տարիների ընթացքում ռազմական ծախսերը պիտի կրճատուեն առնուազն 487 մլրդ. տոլարով, եւ խօսում են այսպէս կոչուած՝ մէկ պատերազմ մղելու ռազմավարութեան մասին, իբր թէ 2րդը հակառակորդի մարտունակութեան զգալի նուազեցման ուղղութիւն պէտք է ունենայ: Բանակը պիտի կրճատուի 80 հազար զինուորով՝ հասնելով 490 հազարի, իսկ նաւատորմի ծառայողների թիւը պիտի կազմի 175 հազար նաւաստի՝ 202 հազարի դիմաց:
Վերադառնալով մեր նախկին նիւթին՝ նշեմ, թէ հանգստի անցած մի հրամանատար վերջերս յայտարարել է, թէ իմաստ չունի նոր ռազմանաւի վրայ միլիարդներ ծախսել, եթէ Չինաստանը դրա դէմն առնելու համեմատաբար էժան միջոց է գտել: Որոշ կանխատեսումների համաձայն, առաջիկայ տասնամեակի ընթացքում Չինաստանը տիեզերական իր նկրտումներով առաջ է անցնելու բոլոր երկրներից, եւ այս հանգամանքը շատերի անհանգստութեան առիթ է դարձել:
Այժմ, սովորութեան համաձայն, հետաքրքրասէրներին կը ներկայացնենք մի քանի հակիրճ տուեալներ.
Rolls-Royce Motor Cars Ltd ընկերութիւնից յայտարարել են, թէ անցեալ տարուայ ընթացքում Չինաստանում վաճառել են աւելի շատ թանկարժէք մեքենայ, քան այլուր, սակայն յոյս ունեն, թէ 2012ին ամերիկացիների գնումները կը գերազանցեն չինացիների ցուցանիշը: Հետաքրքրասէրի համար նշեմ, թէ այսօր Rolls-Royce ինքնաշարժների ամենամեծ կենտրոնացումը Հոնկ Կոնգում է, որին հետեւում են Բեւերլի Հիլզն ու Սինգապուրը: Ինքնաշարժի ամենաթանկարժէք տեսակը գնելու համար առնուազն 6 ամսուայ հերթագրում պէտք է ունենաք:
Երեքշաբթի օրը հրապարակուած մի տուեալի համաձայն, իտալական մաֆիայի ձեռքում այս օրերին աւելի շատ կանխիկ դրամ կայ, քան տեղական դրամատներում, որոնց տրամադրութեան տակ գտնուող կանխիկ գումարը կազմում է աւելի քան 65 մլրդ. եուրօ, իսկ իտալական տնտեսութեան մէջ ունեցած իր ներկայութիւնից մաֆիան աւելի քան 100 մլրդ. եուրոյի տարեկան եկամուտ ունի: