ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Նոյնիսկ երդուեալ մատնիչը կը խոստովանի, թէ մատնիչ բառն իր մէջ խիստ բացասական իմաստ ունի, որքան էլ որ մատնութեան արդիւնքում կատարուած բացայայտումը ազնիւ նպատակ ունենայ: Մարդկութեան պատմութեան մէջ մատնիչներին չեն սիրել, որովհետեւ շարժառիթները հիմնականում անձնական օգուտ քաղելու նպատակներ են եղել: Հարցը, անշուշտ, միանշանակ չէ այն առումով, որ յաճախ այսպէս կոչուած whiastleblowing-ի արդիւնքում բազմաթիւ կեանքեր եւ մարդկային ճակատագրեր են փրկւում: Օրինակ, եթէ «հալորդայ» տեղեկութեան համաձայն, անկուշտ գործարանատէրը ստիպուած է եղել կարգի բերել իր գործարանից արտանետուող քիմիկատների մնացուկների հետ կապուած շրջակայ միջավայրի աղտոտման խնդիրը, արդիւնքում աւելի քիչ վնաս հասցնելով բնակիչներին, բնութեանը, կարելի է նոյնիսկ շնորհակալ լինել: Տեղեկութեան «հաղորդումը» բացասական ենթատեքստից կարող է դուրս գալ, եթէ «հաղորդողը» չի առաջնորդւում անձնական նեղ շահերով: Իհարկէ, սա փիլիսոփայական կարծիքների փոխանակման համար լուրջ նախաբան կարող է ծառայել, բայց դա՛ չէ մեր քննարկման թեման:
Վերջերս հրապարակուած մի շարք նիւթեր հետաքրքիր վիճակագրութիւն են ներկայացնում, որտեղ հիմնականում նշւում է, թէ խոշոր ձեռնարկութիւններն ահագին չափով մեծ ուշադրութիւն են սկսել դարձնել whiastleblowing-ի երեւոյթի վրայ, հիմնականում աւելացնելով դրա դիմաց տրուող դրամական փոխհատուցումը:

2012ին աւելի են հեշտացրել նախնական կարեւոր տեղեկութիւնների ձեռք բերման ընթացքը, պաշտպանութեան նոր եղանակներ տրամադրելով տեղեկութիւններ հաղորդողին, աւելացնելով պարգեւատրումները, եւ ահա թէ ինչու. միջազգային տնտեսական ճգնաժամի արդիւնքում խոշոր ձեռնարկութիւններն ու դրամական հաստատութիւնները աւելի նպատակայարմար են գտնում կանխարգելիչ միջոցների վրայ կենտրոնանալ, քան գործ ունենալ վնասարարութիւնների հետեւանքների հետ: Միացեալ Նահանգները այս գործընթացի առջեւում են: Այսպէս կոչուած Դոդդ-Ֆրենք (Dodd-Frank Act) առաջարկի արդիւնքում, «տեղեկութիւն» հաղորդող մարդկանց պատսպարում են հնարաւոր վրէժխնդրութիւնից, իսկ օրինապահ մարմինները խոստանում են վերականգնուած արժէքի մինչեւ 30 տոկոսով պարգեւատրել տեղեկատու աղբիւրին: Նմանօրինակ «նպաստաւոր» իրավիճակում տեղեկութիւն հաղորդել ցանկացողների թիւը բազմապատկւում է: Աւելին, այս ամէնի կողքին զարգացում է ապրում մի հզօր բնագաւառ՝ իրաւաբանական ընկերութիւններ, որոնք կենտրոնանում են մարդկանց օրինական տեղեկութիւններ եւ իրաւաբանական աջակցութիւն հաղորդելու, եթէ նրանք որոշել են բացայայտել այս կամ այն օրինախախտումը: Ձեռնարկութիւնները, զգուշանալով դրամական վնասներից եւ հրապարակային խայտառակութիւնից, ներքին ծրագրեր են կազմում, որպէսզի խրախուսեն իրենց աշխատակիցներին տեղեկութիւնները հաղորդել հէնց իրե՛նց, ո՛չ թէ արտաքին կամ օրինական մարմիններին, նպատակ ունենալով ապօրինի երեւոյթի դէմն առնել նախքան դրա տարածումն ու ափերից դուրս գալը: Այս երեւոյթն իր հետ բերում է վտանգաւոր հետեւանքներ, քանի որ «գլոբալիզացիայի» արդիւնքում ամերիկեան շատ ընկերութիւններ իրենց դուստր ձեռնարկութիւններն են հիմնել ամբողջ աշխարհով մէկ, եւ եթէ, ասենք, Չինաստանում հիմնադրուած ինչ որ ձեռնարկութեան աշխատակից մատնի իր վերադասի ապօրինի արարքը, ապա նոր օրէնքը պարտաւոր է ամէն ինչ անել, մատնիչի եւ նրա ընտանիքի անվտանգութիւնն ապահովելու համար:
Նոյնիսկ չեմ համարձակւում վերլուծութեան ենթարկել, թէ ինչպիսի հետեւանքներով է յղի այս ընթացքը: Ձեռնարկատէրերն, ովքեր սովոր են սեղանի տակից հարցեր լուծել, ստիպուած պիտի լինեն վերանայել իրենց «ձեռագիրը» քանի որ նման դէպքերի արդիւնքում իրաւաբանական մեծ գլխացաւանքների առաջ կը կանգնեն, իսկ տեղեկատուութեան հեղինակներին սպասւում է բարդ ճակատագիր, քանի որ նրանց ֆիզիկական անվտանգութիւնն ու հրապարակային անուանազրկումը որոշ երկրներում գրեթէ անխուսափելի է դառնում:
æրի երես է դուրս գալիս եւս մէկ հանգամանք. փաստօրէն տարիներ, նոյնիսկ տասնեակ տարիներ առաջ կատարուած մեծ ու փոքր խախտումներ են բացայայտւում այս օրերին, եւ դրանց հեղինակները պատասխանատուութեան են ենթարկւում ներկայ պայմանների լոյսի ներքոյ: Օրինակ, վերջերս կատարուած մի բացայայտման արդիւնքում պարզուել է, թէ Քանտրիուայդ (Countrywide) ընկերութիւնը 2 Կալիֆորնիաբնակ կոնգրեսմենների «նպաստաւոր» պայմաններով վարկեր է տրամադրել, որի արդիւնքում հետաքննութիւն է ընթանում: Նրանցից Հովարդ Մք. Քիոնը, պնդում է, թէ տեղեկութիւն չի ունեցել, որ $315,000 դոլարի վարկը իրեն է տրամադրուել նպաստաւոր պայմաններով: Միանգամայն հնարաւոր է, որ այժմ արդէն լուծարուած Քանթրիուայդի ինչ որ պաշտօնեայ «լաւութիւն» է փորձել անել կոնգրեսմենին, որի արդիւնքում վերջինս գլխացաւանքի մէջ է ընկել:
Յատկանշական է ե՛ւս մէկ օրինակ: Օրեր առաջ Շուեցարիայի կենտրոնական դրամատան գլխաւոր պաշտօնեայ Ֆիլիփ Հիլդեբրանդը ստիպուած եղաւ հրաժարական տալու այն բանից յետոյ, երբ տեղեկութիւն ստացուեց, թէ իր կինը (շատերը պնդում են, թէ առանց ամուսնու իմացութեան) վաճառել է մեծ չափով շուեցարական ֆրանկ, խոշոր քանակութեան (մօտ 0.5 միլիոն) ամերիկեան դոլար գնելով՝ վերջինիս կտրուկ արեժեքաւորումից մի քանի օր առաջ: Ստացւում է հետեւեալը. եթէ նոյնիսկ կինը իր ինքնագլուխ քայլն իրականացրել է առանց ամուսնուն իմաց տալու, ապա ինչ որ մէկը, մատնելով կատարուածի մասին, պատճառ է դարձել Հիլդեբրանդի կարիերայի (ասպարէզի-Խմբ.) գլխիվայր շուռ գալու համար:
Ամերիկեան օրէնսդրութեան պատմութեան մէջ այսպէս կոչուած whistleblowing-ը յիշում են 1863 թուականից, երբ Աբրահամ Լինքոլնը ներկայացրեց մի օրինագիծ, որի համաձայն անձանց, ովքեր պետութեանը խաբող մարդկանց մասին տեղեկութիւններ էին հաղորդում, վերականգնուած դրամի 30% չափով պարգեւատրում էին: Այս օրինագիծը գրեթէ մոռացութեան էր մատնուած մինչեւ 1986 թուականը, երբ այն վերականգնուեց, եւ այս օրերին կատարելագործման է ենթարկւում:
Միջոցների նմանօրինակ օրհասական պարագայում պետական մարմինները ամէն ինչ անում են, որպէսզի կանխեն զեղծարարութեան փորձերը: Իհարկէ, բոլորն էլ գիտեն, թէ մատնիչների մի խումբ անմեղ մարդկանց վրայ կենտրոնանալով, կը փորձի փող վաստակել: Խորհրդային Միութեան բնակիչներին քաջ ծանօթ են դէպքեր, երբ անմեղ մարդկանց արատաւորելով, Սիբիր են աքսորել հազարաւոր ընտանիքներ, պատճառ դառնալով մարդկանց ճակատագրերի խորտակման. Այսպէս էլ է եղել: Կեղծ տեղեկութիւն հաղորդելու համար նախատեսուած են խիստ պատժամիջոցներ:
«Հաշուի առնելով այս ամէնը, մեր հայրենակիցները պէտք է խիստ աչալուրջ գտնուեն, խուսափելով ապօրինի նոյնիսկ ամենամանր թուացող արարքից», նմանօրինակ կարծիք յայտնեց մեր հայրենակիցներից մէկը, ով աշխատում է օրինապահ մարմիններում եւ չուզեց իր անունը մատնանշել:
«Մեզնից ոմանք սովոր են հարցերը լուծել ամէն գնով, խորհուրդ եմ տալիս տասը չափել, մէկ կտրել. Որեւէ փող չի կարող փոխարինել այն ժամանակին, որ հայրը պիտի անցկացնէր իր զաւակի հետ, նրան կեանք սովորեցնելով, եւ պաշտպանելով նրան կեանքի փոթորիկներից՝ խնդրում եմ այս մասին գրես», ասաց նա: Խոստացայ յաջորդ ակնարկովս անդրադառնալ այդ թեմային: