ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Շամլեան» Ազգային վարժարանում Յունուարի 13ը իւրատեսակ օր էր: Կրթօջախը հիւրընկալել էր Տիեզերքի հետազօտութիւնների ամերիկեան գործակալութեան՝ ՆԱՍԱի ճանաչուած տիեզերագնաց Գրեգորի Էրոլ Չամիտոֆին: Նրա այցի պատմութիւնը հայկական դպրոց սկսուել էր մի քանի ամիս առաջ, երբ վարժարանի 4րդ դասարանի աշակերտ Շանթ Արմէնեանը նամակ էր գրել կոնգրեսական Էդըմ Շիֆին՝ յայտնելով, որ ինքն ու դասընկերները շատ կը ցանկանային հանդիպել տիեզերագնացի եւ լսել նրա անմիջական պատմութիւնները տիեզերքի մասին:
«Շամլեան»ի սաների ու Շանթ Արմէնեանի համար, ով մանկուց է հետաքրքրւում տիեզերքով ու տիեզերագնացութամբ եւ անդամակցում է Sidewalk Astronomy ակումբին, Էդըմ Շիֆի դրական պատասխանը երազանքի իրականացում էր:
«Շատ ուրախ էի, երբ ստացայ Շանթի նամակը ու մեծ սիրով իրականացրեցի նրա ու դասընկերների ցանկութիւնը: Հրաշքի նման մի բան է կատարւում, երբ աշակերտները հանդիպում են տիեզերագնացի հետ: Նրանք ոգեւորւում են եւ առաւել լաւ են սկսում հասկանալ գիտութեան առանցքային նշանակութիւնը», նշում է կոնգրեսական Էդըմ Շիֆը: «Շամլեան» հայկական վարժարանի 4ից 8րդ դասարանի աշակերտներին ամերիկացի յայտնի տիեզերագնաց Գրեգորի Էրոլ Չամիտոֆը պատմեց Endeavour տիեզերանաւով տիեզերք կատարած իր վերջին առաքելութեան մասին, ներկայացրեց լուսանկարներ եւ տեսանիւթ տիեզերանաւում անձնակազմի անցկացրած օրերի մասին: Շամլեանցիները մեծ ոգեւորութեամբ շուրջ մէկ ժամ ունկնդրեցին տիեզերագնացին, այնուհետեւ Գրեգորի Չամիտոֆը պատասխանեց աշակերտների հարցերին:
«Շամլեան» կրթօջախի սաներին Չամիտոֆը խորհուրդ տուեց հաւատալ ու հետեւել երազանքին եւ այն անպայման կը կատարուի:
«Երեխաները շատ հետաքրքրուած էին տիեզերքով ու մեր աշխատանքով, եւ դա շատ ուրախալի է: Կան ծրագրեր, որոնց շրջանակներում տիեզերագնացներն այցելում են կրթական տարբեր հաստատութիւններ, խրախուսելու համար աշակերտների շրջանում գիտութեան եւ մաթեմատիկայի նկատմամբ սէրը: Այսօր, սակայն բացառիկ օր է, քանի որ աշակերտներն իրենք են հետաքրքրութիւն ցուցաբերել եւ ես «Շամլեան» դպրոցում եմ նրանց ցանկութեամբ, մասնաւորապէս Շանթի նամակին ի պատասխան», նշեց տիեզերագնացը:
Գրեգորի Չամիտոֆը 2011 թուականին դէպի Միջազգային տիեզերակայան Endeavour տիեզերանաւի վերջին թռիչքի ժամանակ հանդիսացել է առաքելութեան մասնագէտ, մինչ այդ՝ որպէս գիտնական՝ վեց ամիս անցկացրել է Միջազգային տիեզերակայանում: Նա Կալիֆորնիայի տիեզերագնացների պատուաւոր խմբի անդամ է: