
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Մարտի 10ը ճակատագրական տարեթիւ է Յունաստանի ինչպէս ժողովրդի, այնպէս էլ կառավարութեան համար: Բանն այն է, թէ սա վերջնաժամկէտն է Յունաստանի կառավարութեան վրայ դրուած, որից յետոյ երկիրը «դեֆոլ»չ (նիւթական պատաւորութիւնները կատարելու անկարող, սնանկ-Խմբ.) կը յայտարարուի, եթէ չկարողանայ վճարել մօտ 19 միլիարդ դոլլարի վարկային տոկոսները: Ինչպէս երեւում է, հէնց այդպէս էլ լինելու է, եթէ հրաշք տեղի չունենայ:
Ահա արդէն 2 տարի է, ինչ յոյները ականատես են լինում իրենց կենսամակարդակի կտրուկ անկման, եւ մարդիկ զրկւում են ամենաանհրաժեշտ գույութեան միջոցներից՝ կրճատուել են բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր դեռ աշխատանք ունեն, կրճատուել են կենսաթոշակները, եւ երիտասարդութիւնը զանգուածային արտագաղթի ճանապարհն է բռնել: Մասնաւոր պարտատէրերը ստիպուած են հաշտուել այն գաղափարի հետ, թէ իրենց կողմից տրամադրուած վարկերը աւելի քան 50 տոկոսով այլեւս չեն վերադարձուի, սակայն պահանջում են, որ յունական կառավարութիւնը լրացուցիչ կրճատումներ նախաձեռնի:
Այժմ պետութիւնը ցանկանում է վերաֆինանսաւորել իր պարտքը, որպէսզի մինչեւ 2020 թուականը ազգային պարտքը երկրի համախառն ներքին արտադրանքի 120 տոկոսին հասցնի, ներկայիս 160 տոկոսի փոխարէն: Մի քանի հնարաւոր հետեւանքներ են հորիզոնում կանգնած, այդ թւում՝ Յունաստանը կարող է դուրս գալ Եւրագօտուց, վերականգնելով իր ազգային դրամանիշ դրախման, եւ յայտնի չէ, թէ ինչ պայմաններով: Արդիւնքում տուժելու է երկրի առանց այդ էլ հիւանդ տնտեսութիւնը, որն արդէն իսկ «junk» է որակուել վարկանիշային ընկերութիւնների կողմից:
Յունաստանի աշխատուժի մի զգալի մասը ներգրաւուած է պետական աշխատանքների մէջ, եւ այդ իսկ պատճառով հարցականի տակ կը մնայ այս մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը, իսկ ովքեր աշխատանք կ՛ունենան, նրանց աշխատավարձերի համար բաւարար դրամ չի լինի: Հարցականի տակ է նաեւ թոշակառուների ամսեվճարների հարցը, եւ այստեղից բխող բոլոր հետեւանքները կարող են երկիրը նոր ալեկոծութիւնների մէջ դնել:
Ինչպէս գիտէք, Յունաստանի տնտեսութեան հիմնական եկամտաբեր ճիւղը զբօսաշրջութիւնն է, որը զգալի հարուածի տակ է ընկել վերջին տարիներին մոլեգնած բողոքի ցոյցերի պատճառով: Մարդկանց մօտ արդար երկմտութիւն է առաջանում, երբ հարցը գալիս է Յունաստանում իրենց հանգիստն անցկացնելուն: Բնական է, որ պետական բազմաթիւ ծրագրեր կը կրճատուեն, որն է՛լ աւելի կարող է վատթարացնել ծառայութիւնների որակն ապահովելու խնդիրը:
Այս օրերին Եւրոպական երկրներն ու Արժոյթի միջազգային հիմնադրամը բանակցութիւնների մէջ են յունական կառավարութան հետ, եւ այս բանակցութիւնների ընթացքը փոփոխական վայրիվերումներով է առաջ շարժւում: Իրականում յունական իշխանութիւնները կանգնած են գրեթէ անլուծելի խնդրի առաջ. մի կողմից սեփական ժողովրդի ցասումն ու դժգոհութիւնն է, որ արգելք կը հանդիսանայ առաջիկայ ընտրութիւններին ներկայ իշխանաւորներին ձայն տալու կապակցութեամբ, միւս կողմից օտարերկրեայ պարտատէրերի պահանջներն են, որ ցանկանում են աւելի մեծ ճնշման տակ դնել յոյն ժողովրդին, օրինակ, ասենք, պահանջելով, որ կառավարութիւնը հրաժարուի 13րդ եւ 14րդ աշխատավարձ վճարելու գաղափարից:
Սա նաեւ իր հերթին փորձութիւն է եւրոպացիների համար: Եթէ հարցերը այսքան բարդ են փոքրիկ Յունաստանի պարագայում, ապա ի՞նչ կը լինի, եթէ բարձրանայ Իսպանիային կամ Իտալիային օգնելու հարցը: Եթէ ընթացիկ բանակցութիւնները վերջնական փակուղու առաջ կանգնեն, ապա Յունաստանը հնարաւորութիւն չի ունենայ պարտքի տոկոսները ժամանակին վճարել, որի արդիւնքում համաշխարհային տնտեսութիւնը նոր ցնցման առջեւ կը կանգնի: Այստեղ ամէնից առաջ իրեն լաւ կը զգայ այնպիսի պետութիւնը, որ իր պահուստում կանխիկ դրամի պաշարներ ունի, այսինքն՝ Չինաստանն ու Հնդկաստանը, Բրազիլիան ու Ռուսաստանը, եւ այլ մի քանի պետութիւններ: Սակայն այս էյֆորիկ վիճակն էլ երկար շարունակուել չի կարող, քանի որ համաշխարհային տնտեսութիւնը անտեսանելի թելերով սերտօրէն փոխկապակցուած է, եւ մէկի «դժբախտութիւնը» շատ կարճ ժամանակահատուածում դառնում է բոլորինը: Որոշ տնտեսագէտներ յանդգնում են առաջ քաշել առաջին հայեացքից կասկածելի թուացող մի վարկած, թէ իրեն ամենահանգիստը կարող է զգալ այն տնտեսութիւնը, որն ինքնաբաւ է, այսինքն՝ կապ չունի մէկ այլ երկրի տնտեսութեան «առողջական» վիճակի հետ: Հայաստանը համեմատաբար անկախ կարող է համարուել այդ առումով, քանի որ միւս պետութիւնների հետ համեմատած սերտաճած չէ համաշխարհային տնտեսութեան մէջ:
Այստեղ ստիպուած կրկնելու եմ նախորդ նիւթերում հնչած կարծիքն այն մասին, թէ որքա՛ն կարեւոր է օրինական դաշտի ամրացումը երկրում: Մեր երկիրն ունի չափազանց մեծ մի առաւելութիւն շատերի հետ համեմատած. դա սփիւռքն է, որ դեռեւս զգացական ամուր կապեր ունի Հայաստան աշխարհի, նրա բարօրութեան հետ, եւ կարող է ջրի երեսին պահել համեմատաբար ստուար բնակչութիւն ունեցող իր հայրենիքը, եթէ «տղերքը» իրենց փորի մասին մտածելիս մի քիչ էլ երկրի ապագայի մասին մտածեն, ու դաժանօրէն «չգցեն» դրսից եկածներին, մտածելով, թէ մի հոգու խաբելու արդիւնքում տասնեակ հնարաւոր ներդնողների են խրտնեցնում: Իւրաքանչիւր սփիւռքահայի դրամաշորթութիւնը պէտք է դիտուի որպէս դաւաճանութիւն հայրենիքի նկատմամբ: Իւրաքանչիւր յայտարարութիւն, թէ «մենք շատ մութ օրեր ենք տեսել, մինչեւ սփիւռքահայութիւնը դա համտես չանի, թող չյաւակնի այս երկրում հաւասարազօր անդամ դառնալու գաղափարին» պէտք է դաժանօրէն դատապարտուի եւ ամօթանքի արժանանայ, եւ ահա՛ թէ ինչու. Սփիւռքահայ պարոն Աբիսողոմը հնարաւորութիւն ունի Մադագասկարում գործ դնելու, աւելի մեծ եկամուտ ապահովելու ակնկալիքով, բայց այդպէս չի՛ անում, քանի որ տատն ու պապը «Հայաստան» ասելով են հոգիներն աւանդել բարձրեալին, եւ փոքրիկ Աբիսողոմի յիշողութեան մէջ դեռ վառ է այս պատկերը:
3 միլիոնանոց Հայաստան «պահելը» այդքան էլ բարդ խնդիր չէ, եթէ հաշուի առնենք, թէ որքան յաջողակ գործարարներ ունենք ամբողջ աշխարհով մէկ սփռուած: Ընդամէնը պէտք է ցուցադրաբար խայտառակ անել մի քանի բարձրաստիճան դրամաշորթի, նրանց դատի տալով, մոռանալով «ախպերական խորովածները», որ ժամանակին կիսել են սեղանի շուրջ, բայց դրա համար պէտք է, որ ժողովուրդը քաղաքականապէս գրագէտ լինի ու կամք դրսեւորի, ընտրելով նրանց, ովքեր անբիծ հեղինակութեան տէր են:
Այսօր բարձրագոյն իշխանութիւնները ունե՛ն այդ հնարաւորութիւնը, բայց պէտք է իրենց հերթին կամք դրսեւորեն այդ առումով, եւ համապատասխան պայմաններ ստեղծեն, որ արդար ընտրութիւններ ընթանան երկրում: Այլապէս Յունաստանի օրը կարող ենք ընկնել, եւ Եւրոմիութիւնը հաստատ մեզ ձեռք չի մեկնի:
Իսկ ամառային արձակուրդները Յունաստանում անցկացնել պատրաստուողներին խորհուրդ է տրւում տաս չափել, մէկ կտրել: