ԳԼԵՆԴԷՅԼ.- «Արարատ» երգչախումբը մի քանի ամիսներ է պատրաստւում էր ներկայացնելու վերոյիշեալ ծրագիրը: Ամէն Չորեքշաբթի երեկոյեան, ՀՄԸՄի Գլենդէյլի կենտրոնում երգչախմբի անդամները հաւաքւում էին պարապմունքի՝ արհեստավարժ երգչուհի, խմբավար Ալենուշ Եղնազարի գլխաւորութեամբ: Այնպէս ոգեւորող էին ազգային երգերը, որ նոյնիսկ փորձերի ընթացքում խանդավառւում էին մասնակիցները: Ամէն փորձի ժամանակ մտածում էի, «Ալենուշ, ի՜նչ ես անում, ժողովուրդը ոտքի կանգնած պիտի լսի այս երգերը»:
Եկաւ համերգի օրը՝ Կիրակի, 19 Փետրուարը, իրօք, ժողովուրդը կարօտ էր երաժշտութեան այս ժանրի դասական ձեւով մատուցմանը, եւ կարծես ծարաւած՝ աղբիւրից ջուր խմելու նման էր ընդունում իւրաքանչիւր երգ: Ստեղծուել էր իրար լրացնող մանրամասներով մի մթնոլորտ: ՀՄԸՄի Գլենդէյլի «Արարատ» մասնաճիւղի Մշակութային բաժանմունքը ներկայացնում էր «Արարատ» երգչախմբի 6րդ տարեկան համերգը: Երգչախմբի ու նուագախմբի անդամները կրում էին սկաուտական տարազներ, իսկ խմբավարուհին՝ արենուշի տարազով: Բոլորը զինուորների նման կանգնած էին բեմի վրայ:
Համերգի ծրագիրը զարդարում էին տեսասահիկների ցուցադրութիւնը եւ մէջընդմէջ կատարուող ասմունքները՝ բոլորն էլ նոյն ոգով, հայ ժողովրդի ազգային պատմութեան հպարտ էջերից: Այնտեղ մեր Հայրենիքն էր, Ադանան, Բանկ Օթօմանը, Խանասորը, Գետաշէնն ու Ղարաբաղը, Սարդարապատն ու Նոր Երեւանը: Երգում էին Անկեղծ զինուորը, Մարտիկը, Սօսէ մայրիկը, Կիկօն, Ֆեդան, Անդրանիկը: Երգչախմբի աւելի քան 40 մասնակիցներ, առանց զէնքի, իրենց երգերով գրաւել էին ունկնդիրներին, որոնք ակամայ յանձնուել էին օրուայ գաղափարին. Սօսէ մայրիկի օրինակով, թող զարթնի Լաօն, Տալւորիկցի քաջը, Զէյթունցին, եւ Երբ ալեկոծ ծովի վրայ, Ձայն մը հնչեց, Խաղաղ դաշտի որդիք, ժամանակն է՝ Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ:
Ես իմ անուշ Հայաստանին էլ էր այնտեղ՝ Էրեբունի-Երեւանով, մեր դասական երգերը, որոնք երգչախմբի փորձառութեան եւ հմտութեան չափանիշի գրաւականն էին:
Կատարուած հսկայական աշխատանքին իր արժանին էր մատուցում ունկնդիրը՝ ջերմ ընդունելութեամբ եւ բուռն ծափահարութիւններով: Պատիւն արժանաւորաց:
Կ.Տ.Գ.