Կարեւորը Քեզ Երջանիկ Զգաս
Ռուս լրագրող Եւգենի Ատարովը հարցազրոյց է անցկացրել հայ տաղանդաւոր գրոսմայստեր Լեւոն

Արոնեանի հետ, որի նախաբանում այսպէս է բնութագրում նրան.
Լեւոն Արոնեանի նկատմամբ, ով ժամանակակից շախմատի ամենափայլուն դէմքերից է, օբյեկտիւութիւն (առարկայականութիւն-Խմբ.) պահպանելը շատ դժուար է: Նրա մօտ կարծես սուր անկիւններ չկան: Նա շատ հմայիչ ու հաճելի է շփումների ժամանակ: Ամէն պահի կարող է կատակել կամ լիաթոք ծիծաղել ուրիշի կատակի վրայ: Նայելով նրան, դժուար է պատկերացնել, որ նա կարող է ինչ-որ մէկին տհաճութիւն պատճառել (շախմատի խաղատախտակից դուրս, իհարկէ): Նրա մօտ ինչ-որ բան կայ Տալից (աշխարհի նախկին չեմպիոն), ով ակնթարթօրէն նախատրամադրում էր իրեն շախմատի տախտակի մօտ եւ լիովին անխիղճ էր, չնայած՝ բարեհոգի էր իր հակառակորդների նկատմամբ:
Եթէ շատ քիչ ժամանակով յայտնւում ես Լեւոնի շրջապատում, անմիջապէս, քեզնից անկախ, սկսում ես երկրպագել նրան: Եւ պատահական չէ, որ ամէն տարի աւելանում են նրա երկրպագուները: Նա յաղթում է մրցաշարերի 50%-ից աւելին, որում նա հանդէս է գալիս: Նա աշխարհի ամենակայուն խաղացողներից մէկն է: Նոյնիսկ Մեքսիկայում, աշխարհի առաջնութեան ժամանակ, երբ նա հիւանդ էր, կարողանում էր պայքարել առաջատարների հետ: Միայն Մագնուս Կառլսենը անհաւատալի «թռիչքով» կարողացաւ առաջ անցնել Արոնեանից:
Անհաւանական ոճով է հանդէս գալիս Լեւոնը: Նրա խաղում կայ դասականը, ժամանակակիցը, ինչ-որ ռոմանտիկը, որը խառնուած է հազուագիւտ կոմբինացիոն (խառն-Խմբ.) ոճին, բայց ամուր դիրքային հիմքում:
Իմ կողմից աւելացնեմ, որ պատահական չէ, որ Յունուար ամսին աշխարհում կայացած շախմատի մրցապայքարներից ամենալաւը ճանաչուել է Վեյկ ան Զէէում անցկացուած Անիշ Գիրի-Լեւոն Արոնեան մրցապայքարը, որը 44րդ քայլում աւարտուեց Լեւոն Արոնեանի յաղթանակով: Մնում է յուսալ, որ դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մղուող պայքարի յաջորդ փուլում Լեւոն Արոնեանը կը հասնի նաեւ այդ բարձունքին, քանի որ շախմատի մնացած բոլոր տարբերակներով նա արդէն չեմպիոն դարձել է:
ՀԱՐՑՈՒՄ.- Վերջին ժամանակներում հետեւելով քո խաղին, եւ ընդհանրապէս քո վերաբերմունքին շախմատի հանդէպ, տպաւորութիւն է ստեղծւում, որ քեզ բոլորովին չի հետաքրքրում մարտական նպատակները, այլ միայն՝ «գործընթաց»ը: Այդպէ՞ս է իրականում, եւ կարելի է արդեօք քեզ վարակել ինչ-որ գաղափարով, նպատակով:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նպատակո՞վ: Ես նոյնիսկ չգիտեմ, այդ ամէնը տրամադրութեամբ է: Եթէ տրամադրութիւն չկայ, թւում է, ոչ մի բան չի կարող ինձ ստիպել նստել խաղատախտակի առջեւ: Վերջին հաշուով, համարեայ անօգուտ է: Առաջ դա սպառնալի չափերի էր հասնում: Հիմա ինձ մի քիչ դաստիարակել եմ: (ծիծաղում է:) Կարող եմ ինչ որ բան դիտել, մեծ բաւականութեամբ սկսում եմ աշխատել տղաների հետ, որոնց հետ համագործակցում եմ: Ինձ հետաքրքիր է իմանալ ինչ որ նորութիւն, հասկանալ ինքս ինձ, ինչու ինչ որ մէկը խաղում է այսպէս, իսկ ես՝ ուրիշ կերպ: Գործողութեան է խթանում նաեւ այն, որ հիմա զգում եմ, որ ցանկութեան դէպքում կարող եմ ինքնուրոյն կամ կոմպիւտերի օգնութեամբ հերքել այն, ինչը խաղացուել է տարիներ առաջ: Հաճելի զգացմունք է:
ՀԱՐՑՈՒՄ.- Միթէ՞ քո մէջ մինչեւ հիմա չեն եռում յաւակնութիւնները: Հասկանում եմ, որ առաջ «խակ» նորեկ էիր, բայց հիմա, երբ յաղթում ես գերմրցաշարերում, աշխարհի ուժեղագոյն շախմատիստներին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Չգիտեմ իմ մէջ ինչն է փոխուել եւ ինչը մնացել նոյնը: Յաւակնութիւննե՞ր: Ես միայն համոզուած եմ իմ ուժերի վրայ: Եւ դա բնական է. ապրելով մի տանը մէկ տարի, դու արդէն դրան վերաբերւում ես որպէս քո հարազատի: Դա նաեւ բարձրակարգ մրցաշարերում է: Արդէն բաւական ժամանակ է անցել, ինչ ես սկսել եմ ուժեղ խաղալ եւ էլ չեմ մտածում, թէ «սրա հետ վատ չի, եթէ ոչ-ոքի խաղամ»: Առաջ, երբ ուժեղ խաղացողների հետ էի խաղում, թւում էր թէ լաւ է, որ ոչ-ոքի խաղացի, չնայած լաւ դիրք ունէի: Յաղթելով սկսում ես ամէն ինչին համարձակօրէն վերաբերուել, ինչը որ քեզ շրջապատում է:
ՀԱՐՑՈՒՄ.- Երբ նստում ես խաղատախտակի առջեւ, չե՞ս մտածում, որ հիմա կը ստեղծես ինչ որ անօրինական գաղափար:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ոչ, ոչ մի դէպքում չի եղել: Դա պատահում է այն պահին, երբ տեսնում եմ ինչ որ հետաքրքիր բան: Այդ պահին աչքերս վառւում են եւ եթէ դա վրիպում չէ, չեմ ցանկանում բաց թողնել գեղեցիկ գաղափարը: Ամէն մէկս փառասէր է, ուզում ենք պատմութեան մէջ մեր անունը գրել, իսկ ինչո՞ւ դա չանել ինչ-որ պայծառ կոմբինացիայի միջոցով:
ՀԱՐՑՈՒՄ.- Դու քեզ հոգու խորքում արուեստագէտ համարու՞մ ես:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նայած երբ: Երբ տանն եմ, ինձ համարում եմ ձրիակեր, հաւաքների ժամանակ՝ բանուոր, երբեմն՝ սեւագործ բանուոր: Մրցաշարերի ժամանակ միանում է ստեղծագործելու ցանկութիւնը, որտեղ արդէն ուզում եմ արուեստագէտ լինել: Եթէ լաւագոյն մարզավիճակում եմ՝ ուզում եմ կրկնակիօրէն:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչքա՞ն պէտք է զբաղուի քո մակարդակի խաղացողը, որպէսզի հետ չմնայ միւսներից:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Շատ:
ՀԱՐՑՈՒՄ.- Շատը յարաբերական է:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ո՞ւմ ես հարցնում: (Ծիծաղում է): Ես շատ չեմ զբաղւում, միայն հաւաքների ժամանակ: Այնտեղ խնդիրները շատ են: Բայց որոշների վրայ աչքերդ փակում ես:
ՀԱՐՑՈՒՄ.- Սկզբնախաղի խնդի՞ր է:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Եւ դա: Սկզբնախաղը 80-90% աշխատանքն է: Այդ հարցը դժբախտաբար չես յետաձգի թէ չէ նրանք քեզ կը գցեն:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչի՞ կ՛ուզենայիր հասնել, որպէսզի կենսաթոշակի անցնելիս մտածէիր՝ կեանքս շախմատում յաջողուեց:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նոյնիսկ չգիտեմ: Երեւի յաղթել բոլորին ամէնուր եւ տարբեր ձեւերով: Ահա շախմատային բաւարարուածութիւնը: Չգիտեմ թէ ինչով կը բաւարարուէի կենսաթոշակի ժամանակ: Ինչքան էլ մեծացնեն շախմատի դերը, դա միայն կեանքի մի մասն է: Չեմ կարող պատկերացնել մարդուն, նոյնիսկ աշխարհի չեմպիոնին, ով կ՛ասէր, որ շախմատը իրեն լրիւ երջանիկ է դարձրել: Եթէ ինձ մօտ կուտակուեն մեծ թուով գեղեցիկ պարտիաներ (խաղեր-Խմբ.), դրանով ես երեւի բաւարարուած զգամ:
Ռուսերէնից թարգմանեց՝
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆԸ