ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տնտեսական նորութիւնների տարափը հիմնականում անմխիթար է այն աստիճան, որ յաճախ մարդ չի էլ ցանկանում դրանց անդրադառնալ: Երկրի առողջապահական բնագաւառում իրականացուող փոփոխութիւնները, վառելիքի գների աճը, ամէնօրեայ ապրանքների հնարաւոր թանկացումը, պատերազմի անխուսափելի ուրուականը, առանձին ընկերութիւնների գրանցած յաջողութիւնները (որ նկատելի բարեփոխումներ չեն տալիս հասարակ մահկանացուի կեանքին) եւ անյաջողութիւնները յաճախ խամրում են մեր անմիջական առօրեայում կատարուող դէպքերի լոյսի տակ, եւ այս մասին ենք զրուցելու այսօր:
Սկսենք դրականից: «Անպայման այցելիր իմ ատամնաբուժին, նա մի փոքրամարմին հայ աղջիկ է, Վուդլընդ Հիլզում, բայց այնպիսի վարպետութեամբ է կատարում իր գործը, եւ այնքա՛ն ուշադիր է իր հիւանդների նկատմամբ, որ ապշել կարելի է», ասաց սեւամորթ բարձրաստիճան մի պաշտօնեայ, ում հետ զրուցում էի անցեալ շաբաթավերջին: Մեր ինքնաշարժը սովորականից աւելի դանդաղ ընթացքով էր շարժւում, քանի որ անձրեւաջուրը այնպիսի մի հզօր հոսանք էր ընդունել, որ սպառնում էր նաւակների վերածել մոլորուած ինքնաշարժերը: Հէնց այս խօսքի վրայ ճերմակ BMW մակնիշի մի ինքնաշարժ սլացաւ մեր կողքից, ջրի շիթերը մինչեւ երկինք բարձրացնելով, կորցրեց հաւասարակշռութիւնն ու հարուածեց մայթի անկիւնում տեղաւորուած թերթի երկաթեայ արկղին: Ընթացքում մի քանի ինքնաշարժ ստիպուած էին արգելակել, քանի որ BMW-ից արձակուած ցեխաջուրը ամբողջութեամբ փակել էր վարորդների տեսադաշտը: Մենք էլ կանգնեցինք: BMW-ից դուրս թռաւ մօտ 18 տարեկան երիտասարդը, ու հայերէն եօթյարկանի հայհոյանքներով բջջային հեռախօսը բացեց, ապա իր հօրը կամ ծանօթին տեղեկացրեց, թէ ինչ եղաւ:
Զրուցակիցս ցանկանում էր սպասել ոստիկանութեան ժամանմանը, քանի որ հեռուից լսւում էին ազդանշանները:
«Պէտք է վկայութիւն տալ, թէ ինչպիսի արագութեամբ էր այս ստահակը սլանում», ասաց նա: «Արի հեռանանք այստեղից», ասացի զրուցակցիս, եւ լինելով նրբանկատ անձնաւորութիւն, նա չմերժեց խնդրանքս: Ճանապարհի յաջորդ հատուածը լռութեամբ անցանք: Երկու տպաւորութիւն, որ տարօրինակ զուգադիպութեամբ յաջորդեցին մէկմէկու: Երկու դէպք, որի արդիւնքում զրուցակցիս մօտ տարբեր տպաւորութիւններ առաջացան:
Բաւական վերջերս մտորումների գիրկն էի ընկել, թէ ինչո՞ւ եմ այդքան ցաւում շատերի հետ մէկտեղ, երբ մի տհաճ դէպք եմ լսում մեր հայրենակիցների մասին: Ինչ է, գերմա՞րդ ենք, եւ մարդկային արատները մեզ յատուկ չե՞ն: Գուցէ գաղթականի սահման չճանաչող բարդոյթնե՞րն են մեր յաւէրժ ուղեկիցներն այս կեանքում: Չէ՞ որ բացարձակ դրական յատկանիշներով օժտուած մարդկային խումբ, ազգ, տեսակ գոյութիւն չունի: Եւ գիտակցելով այս ամէնը, ինչո՞ւ ենք շատ շատերս գլուխներս կախում, երբ, օրինակ, հեռուստատեսութեամբ խօսում են այս կամ այն հայ յանցագործի ձեռքով կատարուած արարքի մասին: Աշխատակիցներիցս մէկը, կարդալով առողջապահական բնագաւառում առկայ բարդութիւնների մասին, յայտարարեց. «Հայերն այնքան կթեցին Մեդիքերին, որ այն սնանկացաւ»: Ափսոս որ վկայ չկար մեր խօսակցութեան ժամանակ, եւ օրինական ընթացք չկարողացայ տալ միջադէպին, քանի որ անմիջապէս խօսքը փոխեց: Միթէ՞ հայերն են «կթել» Մեդիքերին: Զեղծարարութիւնը ազգութիւն կամ գոյն ունի՞:
Յիշում եմ մէկ այլ դէպք, երբ խանութում մի կիսահարբած, նկատելով հայերէն թերթը ձեռքումս, յայտարարեց «Դուք իտալական մաֆիային էլ էք անցել,» հաւանաբար լսել էր նախորդ օրուայ վերջին նորութիւնների ժամանակ հնչած «յայտնագործութիւնը», որի ժամանակ յայտարարել էին, թէ Լոս Անջելեսում հայկական մաֆիայի կնքահայրին են ձերբակալել: Անիմաստ կը լինէր որեւէ վիճաբանութեան մէջ մտնել, կամ պատիւ պահանջել, քանի որ ամէն մի «ախմախի հետ գլուխ դնել չարժէ», յիշեցի ընկերոջս հօր իմաստուն խօսքերը: Բայց անկախ ինձնից տրամադրութիւնս ընկաւ: Գիտակցելով, որ բացասական երեւոյթներնն առկայ են բոլոր ազգերի մէջ, պէտք չէ մխիթարուել դրանով, ու լռել այս մասին:
Շատերիս մէջ կարելի է նկատել մի ընդհանուր ուղղուածութիւն, որի մասին ենք զրուցելու այսօր: «Երեխան պէտք է լաւ մեքենայ քշի, բա ամօթ չի՞» ասում են շատ ծնողներ, եւ ընկրկում զաւակների յորդոր/պահանջներին, ու գնում յաճախ իրենց ուժերից վեր մի թանկարժէք ինքնաշարժ, դնում իրենց զաւակի տրամադրութեան տակ: Զաւակը՝ եօթերորդ երկնքում, պիտի «ցուցադրի» իր այս յաջողութիւնը, եւ ոտքը մինչեւ վերջ դնում է արագացուցչի վրայ, եւ հզօր մեքենան խրխնջում է ձիու պէս, ու սլանում: Լաւագոյն դէպքում ոստիկանութեան տուգանքին է արժանանում մեքենայատէր ծնողը, քանի որ 18 կամ նմանօրինակ տարիքի երիտասարդը ամենայն հաւանականութեամբ չի կարողանայ վճարել թանկարժէք ticket-ը: Իսկ վատագոյն տարբերակը մատաղ կեանքի կորուստն է, հարազատների ցաւն ու անսահման կսկիծը: «Չի՛ կարելի, արգելուա՛ծ է, ի վիճակի չե՛նք» բառերը ոչ բոլորս ենք կարողանում արտաբերել, չէ՞ որ խօսքը վերաբերւում է կեանքում ամենաթանկ էակին: Բայց մարգարէական այդ բառերը անհրաժեշտ է բառապաշարում դեռ փոքրուց ունենալ, եւ բացատրել զաւակներին, թէ աշխարհը չի աւարտուի, եթէ մի «եօլա գնալու» մեքենայ վարի, քանի որ «եօլա գնալու» մեքենան աւելի քիչ հաւանականութեամբ կ՛արժանանայ «ցուցադրման», եւ հաւանաբար մրցավազքի պատուին չի արժանանայ:
Դեռ վաղ տարիքից յատկապէս հայրերը պէտք է սերմանեն իրենց արու զաւակների մէջ, թէ ամօթ չէ էժան ինքնաշարժ վարելը, եւ թող որ երեխան ինքը փորձի վաստակել թանկարժէք ինքնաշարժը գնելու հնարաւորութիւնը: Շատերս էլ մխիթարում ենք ինքներս մեզ, թէ երեխան լաւ է սովորում, ինչ է, արժանի չէ՞ մի լաւ մեքենայ քշելու: Շատ աւելիին է արժանի, բայց իմացած եղէք, որ ոստիկանները շատ աւելի մեծ ուշադրութեան կ՛արժանացնեն թանկարժէք ինքնաշարժ վարող անչափահասի կամ երիտասարդի վրայ, քան հասուն վարորդի վրայ: Ճիշտ է, ազատ երկրում ենք ապրում, եւ նման մօտեցումները հեշտութեամբ կարելի է հերքել, բայց փաստը մնում է փաստ-հայ երիտասարդներից շատերը ասես ժառանգաբար թանկարժէք ինքնաշարժ վարելը դիտում են որպէս կայացման եւ յաջողութեան վկայական, եւ պէտք չէ, որ նման թիւրիմացութեան գիրկն ընկնեն վաղ հասակից: Իսկ Մերսեդեսներից ու BMW-ներից յաճախ թնդացող հայերէն բառերով կասկածելի արեւելեան մուղամների մասին էլ չեմ ուզում խօսել, արդէն յոգնեցրել եմ ընթերցողին այս թեմային անդրադառնալով:
Մեր հայրենակցուհի ատամնաբոյժի հրաշագործութեամբ հպարտանում եմ, եւ աշխատում եմ անձամբ հետեւել իր օրինակին՝ իմ բնագաւառում. համոզուած եմ, որ նման հրաշագործներն աւելի շատ են, քան ամաչեցնողները: Մենք բոլորս մեր ընտանիքի, ազգի, եւ տեսակի դեսպաններն ենք, եւ արժէ այս մասին յաճախ յիշել ու յիշեցնել մեր շրջապատին: Եթէ յիշենք ու յիշեցնենք ինքներս մեզ այս մասին, գլխացաւանքներից հեշտութեամբ կարելի է խուսափել: Տնտեսական անցուդարձին կ՛անդրադառնանք յաջորդ շաբաթ: