ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
«Թեղուտի պաշտպանութեան» տեղւոյս՝ Լոս Անճելըսի զօրակցող խումբը, խմբագրութեանց փոխանցած է Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղուած բաց նամակին բնագիրը: Ստորեւ կը ներկայացնենք սոյն նամակի բնագիրը.
Վեհափառ Տէր,
Հայաստանում վերջին շրջանում ակտիւացե (աշխուժացած-Խմբ.) են հասարակական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկայ տարբեր սոցիալական խնդիրների: Շր-ջակայ միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական խնդիրներով մտահոգ հայերին ոչ միայն Հայաստանում, նաեւ՝ Սփիւռքում: Հայրենիքում պայքարող քաղաքացիական նախաձեռնութիւններին ամէն օր իրենց զօրակցութիւնն են յայտնում աշխարհասփիւռ տարբեր հայ համայնքներից:
Խնդրի կարեւորութեան եւ լուծման հրատապութեան մասին ահազանգում են մասնագէտները, եւ արհամարհել այն՝ նշանակում է անտարբեր մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային: Այսօր անխնայ օգտագործւում եւ սպառւում են Հայաստանի ներկայ եւ ապագայ սերունդների սեփականութիւնը հանդիսացող ընդերքն ու բնական պաշարները, աղտոտւում եւ անդառնալի վնաս է հասցւում բնութեանն ու շրջակայ միջավայրին: Այս ամէնն անարդար սոցիալական քաղաքականութեան հետեւանք է նաեւ, որ անմիջականօրէն սպառնում է հայ ժողովրդի ապագայ սերունդների կենսունակութեանը:
«Հայ Առաքելական Եկեղեցին, որպէս ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելութիւն հայ ժողովրդի հոգեւոր կեանքում՝ ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում», ամրագրուած է ՀՀ Սահմանադրութեամբ:
Հայ Առաքելական Եկեղեցին է, որ դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականութիւն, պահպանել է մեր ինքնութիւնը, մեր տարածքը՝ հարկ եղած դէպքում նաեւ զէնք վերցրել ի պաշտպանութիւն հայրենիքի: Բնութեան, որպէս Աստծոյ արարչագործութեան նկատմամբ հոգածութիւնը Հայ եկեղեցու անմիջական առաքելութիւնն է: Այսօր, Հայ Առաքելական եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդութեամբ պէտք է սատարի մեր երկրի Աստուածատուր բնութեան պահպանութեանն ուղղուած արդար պայքարին:
Հայ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:
Հայ եկեղեցին պատրաստւում է Քրիստոնէական եկեղեցու մեծագոյն տօնին՝ Սուրբ Զատիկին եւ խորհրդանշական կը լինի, որ այս ժամանակահատուածում մեր Եկեղեցին իր զօրակցութիւնը յայտնի հայրենիքի ապագայով մտահոգ բնապահպաններին: