
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ
Լրագրող (եւ գրող ու բլոգգեր) Վահան Իշխանեանը երէկ ինձ հարց տուեց.- «Յարգելի Կիրօ Մանոյեան, կը ցանկանայի իմանալ կիսում էք արդեօ՞ք ձեր ընկերոջ՝ պատգամաւոր Արծուիկ Մինասեանի հետեւեալ տեսակէտը DIY ակումբը հրդեհելու կապակցութեամբ. «Տուեալ դէպքում ես համոզուած եմ, որ այդ երիտասարդները շարժուել են մեր հասարակութեան եւ ազգային գաղափարաբանութեան համատեքստում, ճիշդ ձեւով»»:
Իմ պատասխանը.
Ես չեմ կիսում իմ ընկեր Արծուիկ Մինասեանի՝ ձեր մէջբերած անձնական համոզումը, որովհետեւ գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի եւ կամ իշխանաւոր-իրաւապահ իրաւունք չունի ուրիշի վրայ բռնանալու: Այլապէս՝ եթէ իւրաքանչիւրս իր կարծիքների, նախասիրութիւնների կամ ատելութիւնների համար սկսի բռնութիւն կիրառել աջ ու ձախ՝ կ՛ունենանք լրիւ քաոս եւ անիշխանութիւն, այլ խօսքով՝ կը կորցնենք պետութիւնը, չի մնայ հասարակութիւն, ժողովուրդ, ազգ եւ դրանց հետ կապուած ամէն ինչը: Ինչ-ինչ պատճառաբանութիւններով անհանդուրժողական մօտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել:
Միաժամանակ, չեմ կիսում այս հարցը քաղաքականացնելու ճիգերը՝ ուղղուած ՀՅԴի դէմ: Ինձ թւում է, որ հանդուրժողականութեան անունով հանդէս եկողներից որոշները իրենք են կանխակալ անհանդուրժողականութիւն ցուցաբերում պարզապէս, որովհետեւ խնդրին առնչուողներից ոմանք ՀՅԴի անդամ են. նոյնն է՝ թէ այդ մարդկանց ազգութեամբ հայ կամ քրիստոնեայ լինելու համար մեղադրեն ամբողջ հայութեանը եւ բոլոր քրիստոնեաներին: Ինձ թւում է, որոշ շրջանակներ յարմար առիթ գտան մէկ կողմից հասարակութեան գոնէ մի հատուածի ուշադրութիւնը շեղելու երկրում առկայ բազմաթիւ եւ ծանրակշիռ խնդիրներից, միւս կողմից՝ հարուածի տակ դնելու Դաշնակցութեանը, ով թէեւ խորհրդարանական ընտրութիւններից աթոռների տեսքով եղաւ ամենաշատ կորցնողը, բայց շնորհիւ իր վարած փայլուն քարոզարշաւին՝ կարեւոր ընտրախաւ ձեռք բերեց:
ՀՅԴի դէմ այս քարոզչութիւնը հասաւ նրան, որ դաշնակցական երիտասարդներ սկսեցին յայտարարել. «Եթէ ազգդ, հայրենիքդ ու ընտանիքդ ուզում ես պաշտպանել թշնամուց, գեօթից, ու դաւաճանից ուրեմն Ֆաշի՞ստ ես: Եթէ այդպէս է ապա ես ֆաշիստ եմ, նացիստ ու ցեղակրօն»: Նման տեսակէտ ունեցող իմ երիտասարդ կուսակիցներին ու մեր համակիրներին խորհուրդ կը տայի, թէ ամենալաւն ու ամենաճիշդը դաշնակցակա՛ն լինելն է. այսինքն՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավար եւ յեղափոխական, ու բոլոր ուժերով պայքարել հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակոյթային բովանդակ շահերի պաշտպանութեան համար, ձգտելով Հայ Դատի լուծմանը.- ամբողջական հայութեամբ՝ ամբողջական հայրենիքի կերտմանը: Այլ խօսքով՝ հակաֆաշիստ, հականացիստ ու ո՛չ ցեղակրօն: Պէտք չէ տուրք տալ ուրիշների քարոզչութեանը եւ ընկնել իրենց լարած թակարդի մէջ՝ գործածելով իրենց կարծրատիպերը, յատկապէս երբ ունես քո՝ ՀՅԴի սեփական յստակ գաղափարախօսութիւնը:
Առիթից օգտուելով, ուզում եմ նաեւ անդրադառնալ այս հարցի շուրջ Սփիւռքում ստեղծուած արձագանգներին, յատկապէս՝ Հիւսիսային Ամերիկայում: Փաստ է, որ այդ արձագանգը բնականաբար նաեւ ազդուած է տեղի քաղաքական մթնոլորտից, քաղաքական օրակարգից: Տեղերում քաղաքական մթնոլորտի եւ օրակարգի բնական ազդեցութիւնն է նաեւ պատճառը այն փաստի, որ այս հարցը նոյն ձեւի հնչեղութիւն չունեցաւ Եւրոպայում եւ Մերձաւոր Արեւելքում: Հիւսիսային Ամերիկայում արձագանգողների մէջ էլ կան երկու խմբեր. մէկը՝ փորձում է առիթից օգտուել եւ ՀՅԴի դէմ իր կեցուածքը «հիմնաւորել», միւսը՝ առաւելաբար դաշնակցական երիտասարդներ, ովքեր կատարուածների մէջ տեսնում են իրենց անդամակցած կամ համակրած կուսակցութեան սկզբունքների խախտում: Ինձ հետաքրքրողը այս երկրորդ խումբն է, որովհետեւ նրանք իսկապէս սրտացաւ են եւ նրանց համար հարցը սկզբունքային ու գաղափարական է: Այս երիտասարդներին խորհուրդ կը տայի չվհատուել, չհիասթափուել եւ չյուսահատուել. ճիշդ ձեւով շարունակել ընդհանուր գաղափարական պայքարը, հաշուի առնելով ու գիտակցելով, որ խնդիրների առկայութիւնն է այդ գաղափարական պայքարի պատճառը, այլապէս՝ եթէ ամէն ինչ լինէր իդէալական վիճակում՝ գաղափարական պայքարի կարիք չէր էլ լինի: Նաեւ՝ կարեւոր է հաշուի առնել տարբեր հասարակութիւններում մտածողութիւնների հոլովոյթի հանգրուանների տարբերութիւնները եւ այդ գաղափարական պայքարը համապատասխանեցնել այդ քաղաքական իրականութիւններին: Այլապէս՝ գաղափարական անշահախնդիր պայքարը ոչ միայն օգտակար կարող է չլինել, այլ ընդհակառակը՝ կարող է նոյնիսկ վնասել բուն նպատակին:
Ահա այսքան երկար պատասխան՝ ձեր կարճ հարցին, բայց դա բխում է խնդրի բազմաշերտ ու բազմակողմանի էութիւնից:
Comments 3