ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ահա արդէն մի քանի օր է, ինչ Մեքսիկական Լոս Քաբոս հանրայայտ հանգստավայրում աշխարհի զարգացած եւ զարգացող 20 պետութիւնների ղեկավարների հերթական հանդիպումն է ընթանում, որի հիմնական նպատակն է մանրազննին վերլուծման ենթարկել աշխարհը նոր տնտեսական ճգնաժամի ճիրաններից փրկելու գերխնդիրը: Կարերլի է ասել, որ օրհասական այս պայմաններում, հորիզոնի վրայ գոնէ մէկ յուսադրող լուր կայ՝ այն, որ Յունաստանի շուրջ ծաւալուող իրավիճակը սպասուածից աւելի բարենպաստ դուրս եկաւ, յատկապէս այն ժամանակ, երբ Եւրոմիութեան հետ կապերը խզելու կողմնակից ուժերը պարտուեցին, աւելի ճիշդ բացարձակ մեծամասնութիւն չստացան ընտրութիւնների ժամանակ: Հակառակ դէպքում աշխարհին սպասում էր անխուսափելի մէկ այլ ճգնաժամ, որից դուրս գալը շատ աւելի խրթին կը լինէր:
Բանն այն է, թէ հնարաւոր այս ճգնաժամը շատ աւելի ցաւոտ կարող է լինել, քանի որ այս անգամ զարգացած երկրների կողքին զարգացող երկրները եւս պիտի սկսեն կաղալ: Զարգացած երկրները այլեւս տեղ չունեն լուծումներ փնտռելու: Չինաստան-Հնդկաստան երեւակայական շոգեքարշը զգալիօրէն դանդաղեցրել է իր ընթացքը: Այսպէս կոչուած Ջի-20 երկրների առաջնորդները, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչութեան երկու երրորդը, ինչպէս նաեւ աշխարհի տնտեսութեան աւելի քան 85 տոկոսը, պիտի պահանջեն, որ Յունաստանի նկատմամբ պահանջները աւելի «փափուկ» եւ տանելի լինեն, որպէսզի յանկարծ յոյները չխրտնեն ու նորից Եւրոմիութիւնից դուրս գալու խնդիր չբարձրացնեն: Յունաստանի հարցը վտանգաւոր է հիմնականում այն պատճառով, որ հարեւան Իսպանիան, Իտալիան եւ միւսները կարող են հետեւել նրա օրինակին, եթէ պարտատէրերի պահանջները «անտանելի» դառնան:
Քանի որ այս հանդիպմանը մասնակցում է Արժոյթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցչութիւնը եւս, ապա յոյս կայ, որ իրական հնարաւորութիւններ կը ստեղծուեն Յունաստանին յատկացուող վարկերի պայմանները տանելի դարձնելու:
Առաջիկայ մի քանի օրերը կարող են վճռական դառնալ աշխարհի տնտեսութեան համար: Ես նորից ստիպուած եմ ներկայացնել տնտեսագէտ Նուրիէլ Ռուբինիի անցեալ ամսուայ վերջերին տուած կանխատեսումներից մի քանիսը: Յիշեցնեմ, թէ այս տնտեսագէտի մասին հանգամանօրէն անդրադարձել եմ իմ մի ակնարկում մասնաւորապէս այն պատճառով, որ նա ճշգրտօրէն կարողացել էր կանխատեսել 2008 թուականի ճգնաժամը:
Ռուբինին իր վերջին ելոյթներից մէկում նշել է, թէ Եւրոպայի տնտեսական կործանման հեռանկարը որեւէ մի երկրի կամ շրջանի տնտեսութեան համար բարենպաստ պայմաններ չի կարող ստեղծել, քանի որ «դոմինօ էֆֆեկտով» (շղթայական-Խմբ.) կարող է բոլորին իր հետեւից տանել: Տնտեսագէտի կարծիքով ամենայն հաւանականութեամբ Յունաստանը դուրս կը գայ Եւրոգօտուց, եւ դա կարող է ճգնաժամ չդառնալ, եթէ միայն մէկ կամ երկու փոքր երկրներ հետեւեն նրա օրինակին: Իրավիճակը պայթուցիկ կը դառնայ, եթէ սրանց հետեւեն խոշոր տնտեսութիւնները:

«Ոչ մի պետութիւն այլեւս կղզիացած չէ», ասել է Ռուբինին, Եւրոպական ճգնաժամը ամերիկեան շուկաներին իր ետեւից կը տանի, քանի որ ամերիկեան խոշոր ձեռնարկութիւնների զգալի մասը Եւրոպայում արտադրութիւն ունի հիմնած եւ մեր երկրի հիմնական գնորդներից մէկը հէնց Եւրոպան է: Ներդնողներին սպասւում է հիմնականում ոչ պայծառ շահոյթի հեռանկար: Խոշոր տնտեսութիւնները առաւելագոյն դէպքում կարող են գրանցել 2ից 2,5 տոկոսի տնտեսական աճ, մինչդեռ զարգացող երկրները միջինը 6 տոկոսի հեռանկարային աճ են ակնկալում, ասել է Ռուբինին, շեշտելով հեռանկարային բառը: Ռուբինին նշել է, թէ երկու երրորդի հաւանականութիւն կայ, որ Յունաստանը դուրս կը գայ Եւրոմիութիւնից, եւ դա այնքան էլ մեծ դժբախտութիւն չի կարելի համարել, եթէ այդ «ելքը» ծրագրաւորուած լինի, եւ ոչ թէ քաոսային: Դա նոյնիսկ յոյների համար կարող է լաւ լինել: Եւրոպան այլընտրանք չունի, քան միաձուլման քաղաքականութիւն որդեգրելու, ասել է Ռուբինին, այլապէս տարաձուլումը կարող է յանգեցնել տնտեսական եւ դրամական զանգուածային վնասի: Այսօր ոչ բոլորն են դրան պատրաստ, բայց այլընտրանք չկայ:
«Մենք Եւրոպա ենք կերտել առանց բաւականաչափ եւրոպացիների», ասել է Ռուբինին, հաւանաբար նկատի ունենալով, թէ միայն դրամական միութիւն ստեղծելը բաւարար չէ քաղաքական կամք ստելծելու համար, երբ վիճակը բարդանում է: Եւ իրօք, ինձ ծանօթ գերմանացիներից մէկը մէջբերեց Ռուբինիի այն յայտարարութիւնը, թէ գերմանացիք կարծում են, որ աւելի քան 20 տարի է ինչ յոյները հարսանիքի մէջ են, եւ երբ պարտքերը վերադարձնելու ժամանակն է գալիս, նրանք բողոքում են նոյնիսկ այն ժամանակ, երբ այդ պարտքի մօտ 75 տոկոսը ներւում է: Իմ ծանօթի հաւաստիացմամբ, Գերմանիայում թոշակի անցնելու տարիքը 65ից դարձրել են 67, իսկ յոյները խոշոր բողոքի ցոյցով են դիմաւորել իրենց կառավարութեան որոշումը՝ թոշակի տարիքը 55ից 57 տարեկան դարձնելու: Մի քանի օր առաջ իր տուած հարցազրոյցում Ռուբինին կոչ է արել Եւրոպական կառավարութիւններին իջեցնել հարկերը եւ բարձրացնել աշխատավարձերը, ոչ թէ խրախուսել «խնայելու» քաղաքականութիւնը, որ անխուսափելիօրէն կարող է տնտեսական փակուղու առաջ կանգնեցնել երկրներին:
«Գերմանական կառավարութիւնը 1000 եւրօ պէտք է տայ բոլոր այն ընտանիքներին, որոնք պատրաստ են իրենց ամառային հանգիստն անցկացնել հարաւային Եւրոպայի կաղացող պետութիւններում, իսկ բոլոր նրանք, ովքեր ամառանոց կը գնեն այս վայրերում, պէտք է հարկային արտօնութիւններ ստանան», ասել է Ռուբինին:
Նրան համարում են ժամանակակից տնտեսական մարգարէ: Գուցէ այսպիսի պարզ առաջարկի վրայ կարելի է կանգ առնել, եւ հնարաւորութիւն ընձեռնել, որ հասարակ գերմանացիները Յունաստանում մէկ կամ երկու շաբաթով հանգիստ վայելեն, օգտուելով Յունաստանի անկրկնելի բնութեան բարիքներից: Այլապէս թշնամանքը այս երկու երկրների բնակիչների շրջանակում հասել է աննախադէպ չափերի: Եւ յետոյ կարող է ուշ լինել:
Նուրիէլ Ռուբինիի մարգարէութիւններին դեռ կ՛անդրադառնանք: