ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

2012թ. Փետրուարի 1ին Թուրքիայի զինուած ուժերի գլխաւոր շտաբը տուեալներ հրապարակեց երկրի զինուած ուժերի մասին: Դրանց համաձայն՝ Թուրքիայում ամէն 99 բնակչին բաժին է ընկել 1 զինուորական: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում զինծառայողների քանակը կազմել է 506.892, ժանդարմերիայինը (ոստիկանութեան-Խմբ.)՝ 208.869, իսկ առափնեայ պաշտպանութեանը՝ 5392, ընդհանուր՝ 721.153 մարդ: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում առկայ է 329 գեներալ/ծովակալ, ժանդարմերիայում՝ 33, իսկ առափնեայ պաշտպանութիւնում՝ 2: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում ծառայող սպաների ու ենթասպաների թուաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 33.762 եւ 71.444, ժանդարմերիայում՝ 5490 սպայ եւ 22.583 ենթասպայ, առափնեայ պաշտպանութիւնում՝ 594 սպայ եւ 1401 ենթասպայ: Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերում ծառայողներից 457.677ը զինուորական անձնակազմ է, իսկ 49.215ը՝ քաղաքացիական անձնակազմ, ժանդարմերիայում համապատասխանաբար՝ 205.103 եւ 3766, իսկ առափնեայ պաշտպանութիւնում՝ 4506 եւ 886:
Թուրքիան իր բանակի անձնակազմի մեծութեամբ ՆԱՏՕ անդամ 28 երկրների թւում զբաղեցնում է 2րդ տեղը, մինչդեռ ռազմական ծախսերի ցուցանիշով 7րդն է: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ զինուորների թիւը 3.5 միլիոն է, որից 2.027.000ը բաժին է ընկնում Եւրոպային, իսկ 1.487.000ը՝ Հիւսիսային Ամերիկային: ՆԱՏՕ անդամ երկրների թւում ամենամեծ բանակն ունի ԱՄՆը՝ 1.427.000 մարդ: Թուրքիան իր 720.000անոց բանակով երկրորդն է, ապա գալիս են Ֆրանսիան՝ 227.000, Գերմանիան՝ 205.000, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան՝ 192.000ական, Իսպանիան՝ 127.000, Յունաստանը՝ 124.000 եւ Լեհաստանը՝ 100.000:
Ռազմական ծախսերի ցուցանիշով ՆԱՏՕ անդամ երկրների թւում առաջատարը նոյնպէս ԱՄՆն է, որի ցուցանիշը 2011թ. կազմել է $731.9 մլրդ.: ԱՄՆին յաջորդում են Մեծ Բրիտանիան՝ $63.6 մլրդ., Ֆրանսիան՝ $53.4 մլրդ., Գերմանիան՝ $48.1 մլրդ., Իտալիան՝ $30.2 մլրդ., Կանադան՝ $23.7 մլրդ.: Թուրքիան իր $14.5 մլրդ. ցուցանիշով 7րդն է: Առաջատար տասնեակում են նաեւ Իսպանիան՝ $14 մլրդ., Հոլանդիան՝ $11.3 մլրդ եւ Լեհաստանը՝ $8.9 մլրդ.: ՆԱՏՕ բոլոր երկրների ռազմական ծախսերը չեն կազմում ԱՄՆ ռազմական ծախսերի մէկ քառորդը:
2012թ. Մարտի 27ին Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութեան գլխաւոր վարչութիւնը (SSM) ներկայացրեց իր ռազմավարական հնգամեայ պլանը, որում խօսւում է պաշտպանական ոլորտի հիմնական նախագծերի աւարտի կոնկրետ ժամկէտների մասին: Ակնկալւում է, որ այդ նախագծերն աւելի բարձր մակարդակի կը հասցնեն երկրի ռազմական արդիւնաբերութիւնը:
2012-2016թթ. ռազմավարական պլանի համաձայն՝ թուրքական Altay տանկի առաջին օրինակը պէտք է արտադրուի մինչեւ 2015թ.: Հակատանկային մեծ հեռահարութեամբ հրթիռներն (UMTAS) արտադրուելու են մինչեւ 2012թ. աւարտը, իսկ միջին հեռահարութեամբ հրթիռները (OMTAS)՝ մինչեւ 2013թ. աւարտը: Լազերային կիսաակտիւ մարտագլխիկով CIRIT հրթիռի զանգուածային արտադրութիւնը սկսուելու է մինչեւ 2013թ. աւարտը: Այս հրթիռը տեղադրուելու է Atak ուղղաթիռների վրայ:

Բացի այդ, Թուրքիան պլանաւորել է մշակել հեռահար գործողութեան (մինչեւ 2500 կմ.) հրթիռներ: Հրթիռի միջանկեալ տեսակի (մինչեւ 1500 կմ. շառաւղով) փորձարկումները սկսուելու են յաջորդ տարի: Mehmetcik-1 հետեւակի գրոհային հրացանի զանգուածային արտադրութիւնը մեկնարկելու է այս տարուայ Յուլիսին: Այն մշակուած է գերմանական Heckler & Koch HK416ի բազայի վրայ:
T-129 Atak հետախուզա-հարուածային մարտավարական ուղղաթիռը եւ Anka անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) զինուած ուժերը կը համալրեն համապատասխանաբար՝ 2013 եւ 2014թթ.: Բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը երկրի ռազմաօդային ուժերի կազմը համալրելու է մինչեւ 2016թ. աւարտը, իսկ Hurkus ուսումնական ինքնաթիռը՝ մինչեւ 2015թ. աւարտը: Ռազմաուսումնական ռէակտիւ ինքնաթիռն արտադրուելու է մինչեւ 2014թ.: Տակտիկական (մարտավարական-Խմբ.) ԱԹՍների արտադրութիւնը նախատեսուած է 2014թ.:
Ռէակտիւ ինքնաթիռի շարժիչի նախատիպը պատրաստ կը լինի մինչեւ 2016թ.: Միջին եւ ցածր հեռահարութեան հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) համակարգերը մշակուելու են մինչեւ 2016թ. աւարտը: Ռադիօտեղորոշիչ դիտարկման արբանեակը պատրաստ է լինելու մինչեւ 2016թ.: Տարբեր պլատֆորմներում օգտագործուելիք ռադարն արտադրուելու է մինչեւ 2016թ.:
MILGEM դասի թուրքական արտադրութեան առաջին էսկադրոնային ականակիրը ռազմածովային ուժերի կազմը համալրելու է մինչեւ 2016թ. վերջը: Սեփական սուզանաւի զարգացման հեռանկարների վերաբերեալ հետազօտութիւնն աւարտուելու է մինչեւ 2015թ.:
Ըստ ռազմավարական պլանի՝ 2016թ. ռազմական արդիւնաբերութեան ցուցանիշներով Թուրքիան մտնելու է աշխարհի ուժեղագոյն երկրների լաւագոյն տասնեակում: 2016թ. ողջ ռազմական արտահանումը կազմելու է $2 մլրդ.: Հարկ է նշել, որ 2011թ. Թուրքիան արտահանել է մօտ $800 միլիոնի սպառազինութիւն, իսկ այս տարի պլանաւորել է այդ ցուցանիշն աւելացնել եւս $200 մլն.ով: 2011թ. իրագործուել է SSM աւելի քան 280 նախագիծ, կնքուած պայմանագրերի վերջնական արժէքը կազմել է մօտ $27 մլն. 301 հազար: Ներկայ դրութեամբ SSMն ապահովում է Թուրքիայի զինուած ուժերի ռազմական կարիքների աւելի քան 50 տոկոսը: Թուրքական սպառազինութիւնն արտահանւում է Մալայզիա, Սաուդեան Արաբիա, Ինդոնեզիա, ԱՄԷ, Վրաստան, Ադրբեջան, Պակիստան, Բանգլադեշ, Մակեդոնիա, Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Կատար, Թուրքմէնստան, Յորդանան ու Հարաւային Կորեա:
Բացի այդ, պլանով նախատեսուած է, որ Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը սպառազինութեան ծանուցման ու արտահանման գործընթացը կօօրդինացնելու համար իր կապի գրասենեակներն է ստեղծելու 5 տարածաշրջանում՝ Մերձաւոր Արեւելք, Հեռաւոր Արեւելք, ԱՄՆ, Կովկաս-Միջին Ասիա ու ԵՄ-ՆԱՏՕ: Թուրքիայի կառավարութիւնը պլանաւորում է աջակցել թեստաւորման (փորձաքննութեան-Խմբ.) ու սերտիֆիկացման «վկայագրման-Խմբ.) կենտրոնների ստեղծմանը, որոնց մակարդակը պէտք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին՝ քաղաքացիական ու հասարակական սեկտորի (ոլորտներու-Խմբ.) պահանջների գոհացման համար:
Հարկ է նշել, որ սեփական ռազմական արդիւնաբերութեանը զարկ տալուն նպաստում են նաեւ տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիայի տարածաշրջանային յաւակնութիւնները: 2011թ. Սեպտեմբերի 8ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը յայտարարեց, որ Թուրքիան չի կարողանում հետ ստանալ տեխզննման (մասնագիտական քննութեան-Խմբ.) նպատակով Իսրայէլ ուղարկած իր Heron տիպի ԱԹՍները. «Ո՞ւր են վերանորոգման նպատակով Իսրայէլ ուղարկուած Heron-ները: Իսրայէլը պէտք է Թուրքիային յետ վերադարձնի Heron: Դրա համար սահմանուած է ժամկէտ, սակայն ցայժմ մեր ԱԹՍները չեն վերադարձուել: Մենք անգամ նախապէս վճարել ենք դրանց վերանորոգման վճարը: Գործարար էթիկայի տեսանկիւնից Իսրայէլն անբարոյական քայլ է գործել»:
Սակայն Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարեց, որ Heron-ների շարժիչների վերանորոգման գործընթացը դեռ աւարտուած չէ:

Սեպտեմբերի 15ին Թուրքիայի պաշտպանութեան նախարար Իսմեթ Եըլմազը, այցելելով քուրդ զինեալների կողմից սպանուած ոստիկանական սպայի հարազատներին, նրա մահուան մէջ մեղադրեց Իսրայէլին, որը ձգձգում է Թուրքիային խոստացած Heron-ների տրամադրումը, ինչն էլ հեշտացրել է քուրդ զինեալների գործը. «Վերջին շրջանում Թուրքիան քուրդ զինեալների դէմ գործածելու համար $183 միլիոնով Իսրայէլից գնել է 10 Heron, սակայն ներկայումս դրանցից 3ը կործանուել են, 2ը դարձել են լրիւ անպիտան, 3ը շարժիչի հետ կապուած խնդիրներ ունեն՝ թռչում են միայն պահեստային շարժիչով, քանի որ բուն շարժիչն անսարք է: Արդիւնքում՝ 5 Heron-ների շարժիչների վերանորոգման նպատակով ուղարկուել են Իսրայէլ»:
Նոյեմբերի 24ին Իսմեթ Եըլմազը յայտարարեց, որ Իսրայէլը տուգանուել է Թուրքիային Heron ԱԹՍների մատակարարման վերաբերեալ պայմանագրով ստանձնած պարտականութիւնները չկատարելու համար. «Heron-ների մատակարարման ձգձգման պատճառով հայրենական ընկերութիւնները տոյժեր են սահմանել Իսրայէլի նկատմամբ, ինչն արուել է առկայ համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրում առկայ է մի կէտ, ըստ որի՝ թուրքական կողմը կարող է տոյժեր սահմանել այդ ապարատների մատակարարման ժամկէտը խախտելու համար:
2011թ. Դեկտեմբերի վերջին Իսրայէլի կառավարութիւնն արգելափակեց Թուրքիային իսրայէլական IAI եւ Elbit ընկերութիւնների կողմից ռազմաօդային ուժերի համար նախատեսուած հետախուզական համակարգերի յատկացման վերաբերեալ գործարքը: 2009թ. իսրայէլական կողմի հետ կնքուել է $141 միլիոնանոց պայմանագիր, որից $87 միլիոնն բաժին էր ընկնում Elbit-ին, իսկ 54 միլիոնն՝ IAI-ին:
2011թ. իսրայէլական կողմը պէտք է յանձնէր այդ համակարգերը, սակայն յետագայում կողմերը համաձայնութեան եկան դա յետաձգել մինչեւ 2012թ. Ապրիլ: Իրանական լրատուամիջոցներն այս կապակցութեամբ գրեցին, որ Իսրայէլը Թուրքիային հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) տարրերի յատկացման գործարքը չեղեալ է յայտարարել Իրանի պատճառով. «Իսրայէլի կառավարութիւնը, մտահոգուելով, որ Իրանը կարող է նորագոյն տեխնոլոգիաների մէջ ներթափանցելու հնարաւորութիւն ստանալ, չեղեալ է յայտարարել Թուրքիային ռադիօտեղորոշիչ կայանների եւ ՀՕՊ համակարգերի յատկացման վերաբերեալ պայմանագիրը: Դրա պատճառը թուրք-իրանական սերտ եւ բարեկամական յարաբերութիւններն են: Իսրայէլը վստահեցնում է, որ Թուրքիային տուեալ սպառազինութեան վաճառքի դէպքում Իրանը կարող է դրանք ուսումնասիրելու թոյլտուութիւն ստանալ»:
2011թ. Դեկտեմբերի վերջին Էրդողանը յայտարարեց, որ Թուրքիան պէտք է ընդլայնի իր ռազմական արդիւնաբերութեան զարգացման նախագծերը, որոնք կոչուած են երկիրը տեղական արտադրութեան անհրաժեշտ ռազմական տեխնիկայով ապահովելուն. «Այդ առումով մենք պէտք է օրինակ վերցնենք Իրանից, որը բաւական զարգացրել է իր ռազմական արդիւնաբերութիւնը: Օրինակ, Իրանն արտադրել է 2000-2500 կմ. հեռահարութիւն ունեցող հրթիռներ: Մինչդեռ թուրքական հրթիռների առաւելագոյն հեռահարութիւնը կազմում է ընդամէնը 150 կմ.: Բացի այդ, Իրանն իր ռազմական տեխնիկան արտադրում է Եւրոպայից անկախ՝ ուշադրութիւն չդարձնելով միջազգային պատժամիջոցներին: Թուրքիան նոյնպէս կարող է արտադրել սեփական ռազմական արտադրանք»:
2012թ. Մարտի 29ին Ռուսաստանի Սեւծովեան նաւատորմի «Ֆլագ Ռոդինի» պաշտօնաթերթի փոխխմբագիր Սերգէյ Գորբաչովը յայտարարեց, որ Ռուսաստանի Սեւծովեան նաւատորմը վերջին տարիներին Թէոդոսիայից ոչ հեռու ընկած ջրատարածութիւնում քանիցս թուրքական սուզանաւեր է բացայայտել: Թէոդոսիայում է գտնւում նոր զինատեսակների փորձարկման կենտրոնը: Թուրքական սուզանաւերը Թէոդոսիայի մօտակայքում զբաղուած են հետախուզական աշխատանքների իրականացմամբ: Մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ 1970-1980ական թթ., Թուրքիան նախընտրում էր իր սուզանաւերը չմտցնել Սեւ ծովի ջրատարածութիւն, ուր գերիշխում էր խորհրդային նաւատորմը:
2012թ. Փետրուարի 27ին թուրքական Takvim օրաթերթին տուած հարցազրոյցում անվտանգութեան եւ ռազմական հարցերով ամերիկացի յայտնի լրագրող Սէյմուր Հերշը յայտարարեց, որ առաջիկայ մէկ տարին շատ կարեւոր է Մերձաւոր Արեւելքի, այդ թւում նաեւ Թուրքիայի համար, քանի որ կարող են պատկերուել մերձաւորարեւելեան երկրների առաջիկայ 30 տարիների ուրուագծերը. «Թուակազմով թուրքական բանակն աշխարհում զբաղեցնում է 9րդ տեղը: Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնալու համար կարեւոր քայլեր է ձեռնարկել ռազմական ոլորտում, որտեղ Թուրքիայի միակ թերի կողմն այն է, որ նա ցայժմ աւիակիր (ռազմական օդանաւեր փոխադրող նաւեր-Խմբ.) չունի: Սակայն Թուրքիան քայլեր է ձեռնարկում այդ ուղղութեամբ. Թուրքիան երկար ժամանակ ԱՄՆի հետ բանակցում էր F-35 կործանիչների գնման շուրջ, ինչն աւարտուեց յաջողութեամբ: Թուր-քիան արդէն իսկ պատուիրել է F-35 կործանիչներ, որոնք լայնօրէն օգտագործւում են աւիակիրների վրայ»:
Յիշեցնենք, որ 2012թ. Փետրուարի 23ին Իսմեթ Եըլմազը յայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆից գնելու է F-35 (F-35 Lightning II) տիպի 100 կործանիչ, որոնց համար ընդհանուր առմամբ վճարելու է $16 մլրդ.: Եըլմազը յաւելել էր, որ առաջին երկու ինքնաթիռները Թուրքիային կը յանձնուեն 2015թ.:
Մարտի 12ին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Մուրաթ Բիլգելը ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի (USNI) Proceedings ամսագրին տուած հարցազրոյցի ժամանակ յայտարարել էր, որ իրենց նպատակը լաւ ուսուցուած անձնակազմ ունեցող, լաւ սպառազինուած, ռազմավարական հեռաւորութիւններում մոբիլ նաւատորմ ունենալն է. «Առաջիկայում մենք պլանաւորել ենք նաւատորմը համալրել նոր բազմաֆունկցիոնալ ֆրեգատներով, օդային փոխադրման միջոցներով, ուղղաթիռներով ու ինքնաթիռներով, սուզանաւերով: Բացի այդ, մենք պլանաւորում ենք ունենալ աւիակիր, որն իր ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կը մասնակցի ՆԱՏՕ միջազգային գործողութիւններին: Դրանում կարող են տեղակայուել ԱՄՆից ստացուելիք F-35 տիպի 100 կործանիչներն ու բրիտանական Harrier-ները (ուղղահայեաց վայրէջքով): Այդ աւիակիրն ունենալու է 140 մ. երկարութիւն եւ 24.000 տ. քաշ: Աւիակրի կառուցման նախագիծը գնահատւում է $1.5 մլրդ.: Այն կառուցուելու է 5 տարուայ ընթացքում եւ փորձարկումներից յետոյ՝ 6-7 տարի անց, յանձնուելու է շահագործման»:
2012թ. Մարտի 3-6ը Թուրքիայի տնտեսական եւ արտաքին քաղաքականութեան հետազօտական կենտրոնը (EDAM) սեփական ատոմային ռումբ ունենալու վերաբերեալ հարցախոյզ անցկացրեց Թուրքիայի 81 նահանգներից 15ում, որին մասնակցեց 18ից բարձր տարիք ունեցող 500 մարդ: Հարցախոյզի մասնակիցների 54%ն այն կարծիքին է, որ Իրանի միջուկային ծրագրի զարգացման (Իրանից բխող սպառնալիքի) ֆօնին Թուրքիան պէտք է աշխատանքներ տանի սեփական ատոմային զէնքի ստեղծման ուղղութեամբ: 8.2%-ը կարծում է, որ դա անհրաժեշտ չէ, քանի որ ՆԱՏՕն ապահովում է Թուրքիայի անվտանգութիւնը: 34.8%-ն էլ կտրականապէս դէմ է Թուրքիայի կողմից սեփական ատոմային զէնք ստեղծելուն: EDAM-ի նախագահ Սինան Ուլգենը, մեկնաբանելով հարցախոյզի արդիւնքները, յայտարարեց, որ դրանք վկայում են, որ թուրք ժողովուրդը չի հաւատում իրանական միջուկային սպառնալիքի ֆօնին ՆԱՏՕի կողմից Թուրքիայի անվտանգութեան ապահովմանը:
Պէտք է նշել, որ Էրդողանը բազմիցս յայտարարել է, թէ իրենք դէմ են, որ Իրանը ստեղծի միջուկային զէնք՝ ընդգծելով, որ եթէ Իրանը ստեղծի միջուկային զէնք, ապա դա տարածաշրջանի միւս երկրներին (Եգիպտոս, Սաուդեան Արաբիա, ինչպէս նաեւ Թուրքիա) կը ստիպի գնալ նոյն ճանապարհով, ինչը սպառնալիքի տակ կը դնի տարածաշրջանի կայունութիւնն ու խաղաղութիւնը:
2012թ. Յունուարին Հռոմում գտնուող ՆԱՏՕ քոլեջի աշխատակից Ժան-Լուպ Սամաանի պատրաստած «The day after Iran goes nuclear: Implications for NATO» (Իրանի՝ միջուկային երկիր դառնալու յաջորդ օրը. հետեւանքները ՆԱՏՕի համար) զեկոյցում նշուած է, որ Թուրքիան ներկայումս լրջօրէն մտորում է իր միջուկային ռազմական մշակումների զարգացման շուրջ, քանի որ կարծում է, թէ Իրանում միջուկային մարտագլխիկի յայտնուելուց յետոյ այդ երկրի հետ հաւասարութեան եւ ուժերի տարածաշրջանային հաւասարակշռութեան պահպանումը հնարաւոր կը դառնայ միայն սեփական միջուկային զէնքի ձեռքբերման միջոցով: Ապրիլի սկզբին Էրդողանի չինական այցի ժամանակ անգլիական մամուլը գրեց, որ Էրդողանը Թուրքիայում ատոմակայանի կառուցման կապակցութեամբ բաւական գրաւիչ առաջարկ է արել Չինաստանին՝ միեւնոյն ժամանակ շահագրգռուածութիւն ցուցաբերելով սեփական միջուկային զէնքի ստեղծման հարցում:
Յիշեցնենք, որ Չինաստանի ու Թուրքիայի վարչապետեր Վեն æիաբաոյի ու Էրդողանի դռնփակ բանակցութիւնների արդիւնքում ստորագրուել էր երկու փաստաթուղթ, որոնցից մէկը Չինաստանի էներգետիկայի ազգային վարչութեան եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարութեան միջեւ մտադրութիւնների մասին արձանագրութիւնն է, իսկ երկրորդը՝ Ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման մասին համագործակցութեան պայմանագիրը: Դա հանդիսանալու է երկու երկրների միջեւ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցութեան զարգացման առաջին քայլը: Ուշագրաւ է, որ միջուկային հարցով դեռեւս Փետրուարին Թուրքիա էր ժամանել Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը, որն, ի դէպ, փոխարինելու է Հու Ձինտայոյին, իսկ Էրդողանը վերջին 27 տարիներին Չինաստան այցելած Թուրքիայի առաջին վարչապետն է:
Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ սեփական ատոմային զէնք ունենալու նկրտումներին, ապա պէտք է նշել, որ ներկայումս այն ձգտում է ընդլայնել իր միջուկային հնարաւորութիւնները՝ անհրաժեշտ պահին միջուկային զէնք արտադրել կարողանալու համար: Թուրքիայում արդէն իսկ առկայ են ատոմային ռումբեր, որոնք, սակայն, ոչ թէ թուրքական են, այլ՝ ամերիկեան: 2011թ. Դեկտեմբերի սկզբին թուրքական լրատուամիջոցները, վկայակոչելով Atomic Scientists ամսագիրը, գրեցին, որ Թուրքիայի հարաւարեւելեան հատուածում ընկած Ինջիրլիքի աւիաբազայում (ռազմական օդանաւերու խարիսխ-Խմբ.) ներկայումս պահւում են 60-70 B61-12 տիպի միջուկային ռումբեր: 2001թ. Թուրքիայում պահուող ատոմային ռումբերի ցուցանիշը կազմում էր 90, իսկ յետագայում կազմելու է 50:
ԱՄՆը Ինջիրլիքի ռազմաբազայում չունի որեւէ ինքնաթիռ, որը կը կարողանայ կրել դրանք, քանի որ Անկարան մերժել է ԱՄՆին Ինջիրլիքում ռազմավարական ինքնաթիռներ տեղակայելու հարցում՝ պատճառաբանելով, որ դա կը փոխի բազայի «խարիսխ-Խմբ.) կարգավիճակը: Այսինքն՝ ԱՄՆը այդ ատոմային ռումբերը կրելու համար պէտք է օգտուի իր այլ բազաներից: Իսկ թուրքական ինքնաթիռներն էլ նախկինում իրաւունք չունէին կրել դրանք, մինչդեռ այն բանից յետոյ, ինչ Թուրքիան համաձայնեց իր արեւելեան հատուածում ամերիկեան ռադարի տեղակայմանը, Վաշինգտօնը Թուրքիային յանձնեց 10-20 ատոմային ռումբ, որոնք այսուհետ կարող են կրել թուրքական օդուժի 142րդ էսկադրիլիայի F-16A/B տիպի ինքնաթիռները՝ ԱՄՆ թոյլտուութեամբ: 2017թ. Ինջիրլիքում պահուող B61-12 ռումբերը փոխարինուելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով:
2010թ. աշնանը Թուրքիայի Ազգային անվտանգութեան խորհուրդն առաջին անգամ «կարմիր գրքի» սպառնալիքների թւում ներառեց կիբերանվտանգութիւնը: Այդ փաստաթուղթը, որն անուանում են նաեւ «գաղտնի կամ կարմիր սահմանադրութիւն», թարմացւում է 5 տարին մէկ անգամ: Դրանից արդէն մէկ տարի անց՝ 2011թ. Հոկտեմբերի սկզբին, յայտնի դարձաւ, որ Թուրքիան ստեղծում է Ազգային կիբերբանակ, որը սկզբնական շրջանում բաղկացած է լինելու 200 մասնագէտից: Այս կապակցութեամբ Տեղեկատուական անվտանգութեան միութեան նախագահ Մուսթաֆա Ալքանը յայտարարեց, որ Թուրքիան տեղեկատուական անվտանգութեան պաշտպանութեան տեսանկիւնից գտնւում է յետնապահների տասնեակում՝ ընդգծելով, որ ռիսկային գօտում են գտնւում երկրի անգամ ֆինանսական համակարգերը:
Այդ մասին է վկայում նաեւ բրիտանական The Economist մեդիախմբի կողմից Յունուարի 19ին 8G20»ի երկրների վերաբերեալ պատրաստած Cyber Power Index վարկանիշը, որում արտացոլուած է այդ 20 երկրների կիբերհզօրութիւնը: Cyberhub.com-ի վերլուծաբանները փորձել են պարզել կիբերհարձակումներին դիմագրաւելու եւ IT ենթակառոյցների զարգացման հարցում G-20ի երկրների ունակութիւնները: Այդ նպատակով ընտրուել է մօտ 40 չափանիշ, որոնք բաժանուել են 4 հիմնական խմբի. կիբերտիրոյթի նորմատիւա-իրաւական կարգաւորում, տնտեսական եւ սոցիալական համատեքստ, տեխնոլոգիական ենթակառոյց, դրա օգտագործում տնտեսութեան մէջ: Թուրքիան դրանում հանգրուանել է 15րդ հորիզոնականում՝ ստանալով 30.4 միաւոր եւ առաջ անցնելով միայն ՀԱՀից (30.2), Սաուդեան Արաբիայից (25.7) եւ Ինդոնեզիայից (23.5): Առաջին տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան՝ 76.8 միաւոր, ապա գալիս են ԱՄՆը՝ 75.4, Աւստրալիան՝ 71, Գերմանիան՝ 68.2 եւ Կանադան՝ 66.6:
Իրաւական եւ նորմատիւային բազայի ցուցանիշով Թուրքիան «G20»ում զբաղեցրել է 15րդ տեղը՝ 49.2 միաւոր, տնտեսական եւ սոցիալական համատեքստի ցուցանիշով՝ 17րդ տեղը՝ 24, տեխնոլոգիական ենթակառոյցի ցուցանիշով՝ 10րդ տեղը՝ 29.9, տնտեսութեան մէջ տեխնոլոգիական ենթակառոյցների գործածման ցուցանիշով՝ 17րդ տեղը՝ 15.9 միաւոր:
Այսպիսով, վերոնշեալը վկայում է, որ Թուրքիայի զինուած ուժերի ու ռազմական արդիւնաբերութեան արդիականացման ու զարգացման վրայ իրենց կնիքն են թողնում նաեւ Թուրքիայի տարածաշրջանային մեծ յաւակնութիւնները եւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: Դրանք Թուրքիային մղում են ընդլայնել սեփական ռազմական արդիւնաբերութիւնը, արդիականացնել զինուած ուժերում առկայ ռազմական տեխնիկան եւ նոր զինատեսակներով համալրել դրանք՝ տարածաշրջանային այլ երկրներից յետ չմնալու եւ տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրք գրաւելու նկրտումներին համապատասխանելու համար: Այդ գործօնները յետագայում նոյնպէս իրենց ազդեցութիւնն են թողնելու Թուրքիայի զինուած ուժերի ու ռազմական արդիւնաբերութեան հզօրացման վրայ: Վերջին տարիներին Թուրքիայի գրանցած տնտեսական յաջողութիւնները նոյնպէս նպաստում են ռազմական ոլորտի պլանների յաջող իրագործմանը:
Թուրքիայի զինուած ուժերի ու ռազմական արդիւնաբերութեան հզօրացման վրայ մեծ ազդեցութիւն ունի նաեւ ԱՄՆի հետ ռազմական համագործակցութիւնը ինչը բաւական մեծ թափ է հաւաքել այն բանից յետոյ, ինչ Թուրքիան համաձայնեց Մալաթիայում ամերիկեան ռադարի տեղակայմանը: Այդ համագործակցութեան ընդլայնումն աւելի հրատապ է դարձել Իսրայէլի հետ Թուրքիայի ռազմական համագործակցութեան կասեցումից յետոյ:
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ թրքագէտ է