ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Դաւութօղլուի «կոչը» երկրից արտագաղթած քաղաքացիներին, թէ վերջիններից է բաղկացած թրքական սփիւռքը՝ անկախ ազգային պատկանելիութիւնից, պարզապէս ցնցող կարելի է համարել: Թրքական դիւանագիտութեան «փայլուն քայլը» ինչ որ տեղ սպասելի էր, բայց նման արտայայտութեա՞մբ:
«Մենք կիսում ենք միեւնոյն բարքերը, սովորութիւնները», ասել է Դաւութօղլուն, եւ սրա մէջ ոմանք ինչ որ ճշմարտութիւն կը գտնեն. չէ՞ որ անկախ մեզնից մենք վերցնում ենք շրջապատի ազդեցութիւնը, որքան էլ որ դիմադրենք դրան գիտակցաբար: Սակայն խորամանկ դիւանագէտի այս քայլը, եթէ նոյնիսկ ամենամարդասիրական նկատառումներով կատարուած լինէր, ոչ այլ ինչ է, քան իւրօրինակ կողոպուտի փորձ, որ կարելի է համաշխարհային պատմութեան մէջ մտցնել որպէս աննախադէպ երեւոյթ: Այս քայլը շռնդալից ծափահարութիւնների կ՛արժանանար, եթէ աշխարհը տեղեակ չլինէր Թուրքիոյ անցեալի մասին:
Եկէք փոքրացնենք պատկերը, եւ համեմատական կարգով հետեւեալ օրինակը բերենք: Պատկերացրէք, թէ մէկը գողութեան պահին սպանել է ընտանիքի հօրը, բռնաբարել տանտիկնոջը, սրբել տարել է տան ունեցուածքը, եւ տարիներ անց նրա թոռը՝ դառնալով այդ շրջանի թաղապետ, «մեծահոգաբար» դիմում է իր կառավարած թաղի նախկին բնակիչներին, ովքեր աշխարհով մէկ սփռուած են, այդ թւում նաեւ հրաշքով ողջ մնացած երեխային, ում հայրը սպանուել էր, իսկ մայրը՝ բռնաբարուել. «Եկէք ձեր թաղը, սա ձեր յիշողութիւնն է, ձեր ծննդավայրը, եկէք միասին խորոված վայելենք, ես ընդունում եմ, որ այս թաղում անկարգութիւններ եղել են, այդքան էլ անսիրտ չեմ, բայց յանկարծ չսպասէ՛ք, թէ միակողմանի ներողութիւն կը խնդրեմ նախնիներիս արարքների համար, իսկ տունը ետ ստանալու մասին նոյնիսկ չմտածէ՛ք»:
Որոշ հայրենակիցներ նոյնիսկ պատրաստակամութիւն են յայտնել զրուցել, քննարկել, հրաւէրներ են ընդունել Թուրքիոյ կենտրոնական, նահանգային եւ տեղական մարմիններից, պարգեւներ ստացել համալսարաններից: Այս մարդկանց թւում կան նշանաւոր գիտնականներ, գործարարներ, եւ այլոք: Իսկ մենք, այսինքն՝ Սփիւռքը, իր յստակ դիրքորոշումը չի արտայայտել նմանօրինակ երեւոյթների վերաբերեալ, փոխարէնը դատապարտելով Թուրքիոյ դիւանագիտական քայլերը, որոնք փորձում են հիմնականում այդ երկրի անցեալում առկայ արիւնոտ ծալքերը արդուկել: Ընդամէնը կոչ ենք անում մեր հայրենակիցներին աչալուրջ գտնուել, որ դարանը չընկնեն:
Ժամանակակից Թուրքիան իր գործն է անում, ցաւօք՝ մտածելով, թէ մօտաւորապէս մէկ դար տեւած ժխտման քաղաքականութիւնը լաւագոյն մարտավարութիւնն է անցեալի արիւնալի սխալները ուղղելու կապակցութեամբ: Մի կողմ դնենք Թուրքիոյ նկրտումները: Ի՞նչ ենք անում մենք, երբ թուրք դիւանագէտը հրաւիրում է աշխարհահռչակ հայ մասնագէտին, գրկաբաց ընդունելով նրան Ստամբուլի օդանաւակայանում, պատւում է, յուշագրեր է տալիս, պաշտօններ առաջարկում: Ո՞րն է Հայաստանի, Սփիւռքի դերը: Քարկոծե՞լը, հրապարակային պախարակո՞ւմը, «դաւաճան» յայտարարե՞լը: Մէկ անգամ եւս ուզում եմ ինքս ինձ յիշեցնեմ, թէ այսօրուայ թուրք քաղաքացու հանդէպ ատելութիւն չունեմ, որ իրենց նախնիները սպանել են մեծ հօրս, ու թողել առանց թաղելու՝ բլրի եզրին, ու տարիներ անց ականատեսները այս մասին տեղեկացրել են լուսահոգի տատիկիս: Երկար տարիների աշխատանք էր պահանջւում այսօրուայ գիտակցութեանս հասնելու համար, ու հասկանալու, որ դատարկ ատելութիւնը նախ եւ առաջ ատողին է վնաս:
Ներե՞լ, ինչպէ՞ս ներել, երբ ասում են, թէ նման բան չի եղել: Իսկ ի՞նչ անի այսօր թուրք քաղաքացին, գիւղացին, մտաւորականը, երբ իր կառավարութիւնը ոչ միայն ժխտում է Ցեղասպանութեան փաստը, այլ նաեւ առիթը չի կորցնում «պատմական արդարացումեր» փնտռելու՝ արհաւիրքը կոծկելու կապակցութեամբ:
Ուրեմն մի՛ դատէք ինձ, երբ վրդովուում եմ տեղեկանալով, որ աշխարհահռչակ հայ գիտնականը Թուրքիայում՝ «իր հայրենիքում», պարգեւներ է ստանում, այսպէս են ներկայացնում որոշ լրատուամիջոցներ: Իսկ գիտնականը ուրախ ժպտում է լուսանկարից, երեւի իր մեծ հօրը չեն սպանել ու թողել բլրակի վրայ, երեւի իր նախնիներին որոշակի արտօնութիւններ են տուել Օթոմանները, այսպիսի դէպքեր էլ են եղել:
Իսկ ո՞րն է Հայաստանի դերը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՕՐԻՆԱՊԱՀ ԴԱՌՆԱԼՆ Է, որ դրսի մասնագէտները ուրախութեամբ իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն պատմական հայրենիքում: Հայաստանի խնդիրը իւրաքանչիւր սփիւռքահայ ներդնողին լրացուցիչ պաշտպանուածութիւն յատկացնելն է , որպէսզի ամէն մի ներդնող իրեն ապահով զգայ, քանի որ մէկի հանդէպ կատարուած անարդարութիւնը խրտնեցնում է տասին, հարիւրին: Բայց ինչպէ՞ս կարող է իշխանութիւնը սատար կանգնել սփիւռքահային, առանց սատար կանգնելու սեփական երկրի քաղաքացիների իրաւունքներին: Սա հնարաւոր չէ, քանի որ այսպէս կոչուած ընտրովի (selective) արդարութիւն չի կարող գոյութիւն ունենալ, կա՛մ արդա՛ր ես, կա՛մ ո՛չ: Տարիներ են հարկաւոր առկայ վիճակը փոխելու, բայց անհնար ոչինչ չկայ, որքան էլ որ ինձ երազող համարեն ոմանք:
Թոքատ քաղաքում, ասում են, դեռ պահպանւում է մի քար, որտեղ փորագրուած է պապիկիս անունը, ով տեղական ալրաղացի տէրն է եղել, ու օրական հաց է մատակարարել հարիւրաւոր մարդկանց՝ այդ թւում նաեւ թուրքերի:
«Ինձ ոչինչ չեն անի թուրքերը, ես նրանց լաւ եմ վերաբերուել, տասնեակ տարիներ աշխատանքով եմ ապահովել», ասել է պապս, երբ արտագաղթի ճանապարհին յանկարծ յիշել է, որ պէտք է ետ վերադառնայ ու կողպի իր ալրաղացը. «գուցէ մի օր յետ գանք»: Ինչպիսի միամտութիւն. խեղճ մարդուն սպանել են, ձին վերցրել, ու տեսնող է եղել, որ ձիու նոր տէրը իր «հաւատարիմ» թուրք ծառան է եղել: Ես չեմ բաւարարուի, եթէ մի օր հրաշքով ինձ տեղեկացնեն, թէ Թոքատի ալրաղացը որոշել են «յանձնել» տիրոջ օրինական ժառանգներին: Իսկ յանցագործութեան համար ո՞վ եւ ինչպէ՞ս է պատասխան տալու:
Ցեղասպանութեան 100 ամեակի նախաշեմին Սփիւռքն էլ իր հերթին իր անելիքն ունի, եւ այդ անելիքները աւելացան վերջին ձեզ յայտնի տխուր իրադարձութիւններով՝ Լոս Անջելեսում: Ուրեմն, որտեղի՞ց սկսենք մեր «բակը» մաքրելու աշխատանքերը. Ահա այս մասին է որ պիտի մտածենք բոլորս անխտիր, եւ մեր առաջնորդները՝ մի կողմ դնելով քաղաքական աստառները, պէտք է ճշմարիտ պատասխան որոնեն, ու մարտավարութիւն մշակեն: Եթէ մենք տէր չկանգնենք մեր արժէքային եւ մարդկային ունեցուածքին, ուրիշներն անպայման կը փորձեն «իրենցով անել» դրանք: Իսկ Արեւմտեան Հայաստանից (ներկայիս Թուրքիայից) արտագաղթած մեր հայրենակիցները աւելի մեծ աչալրջութեամբ պիտի վերաբերուեն թրքական ղեկավարութեան բարեկամական քայլերի մեկնաբանութեանը, քանի որ, ինչպէս երեւում է, թուրք դիւանագիտութիւնը նրանց միջոցով է որշել «կրակից շագանակներ հանել»:
Բոլորիս պատմական հայրենիքը Հայաստանն է, անկախ ներկայ բնակավայրից, անկախ ծննդավայրից, անկախ այնտեղ առկայ ինշխանութիւններից ու նրանց այս կամ այն արարքից: Կարող էք ինձ ռոմանտիկ համարել, ես մասն եմ հարիւր հազարաւոր, գուցէեւ միլիոնաւոր այն սփիւռքահայերի, ում սիրտը դողում է Հայաստան կամ հայ ասելիս, ով սաստիկ տխրում է, երբ այս կամ այն յանցագործութեան մասին կարդալով, տեղեկանում է, թէ ոճրագործը հայ է, ով առաջին հերթին լուրերը կարդալիս Հայաստանի մասին է ուզում տեղեկութիւն ունենալ: Ես ձեր կողքին եմ, երբ թրքական մեղեդին հայերէն բառերով լսելով, այլայլուած դուրս է գալիս դահլիճից, որպէսզի երաժշտութեան մոգական ուժը չմտնի հոգուս խորքն ու 100 տարի առաջ կատարուած դէպքերը գլուխ չբարձրանան: Չէ՞ որ հայ կանանց որովայնը բացելիս՝ նախքան գետը հրելը այդ նոյն երգերն են նուագել «ժանդարմաները»:
Միակ լուծումը հայրենիքում արդարութեան ձայնը պահել, պահպանելն է, գուրգուրանքը ամէն մի ցիրուցան եղած մարդկային փշուրի նկատմամբ, նրանց հրաւիրելով հայրենիք, որ գոնէ իրենց գիտելիքները նուիրեն, իրենց բացակայութեան փոխարէն: Ինձ երազող համարէք, բայց ինձ պէս հազարներ կան, որ չնայած խոչընդոտներին, հաւատում են, թէ կը գայ օրն ու վերջապէս միաւորուած կը տեսնենք բոլորիս: Առանց տեսլականի ո՛չ մի գաղափար նոյնիսկ մէկ ժամուայ կեանք չունի: