
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հետաքրքիր էր լսել կատարեալ ամերիկահայ դարձած Էնդի (Անդրանիկ) Թորոսեանին:
Ծնուել էր Հայաստանում: Ծնողները լիբանանահայ են, ընկերները՝ հիմնականում պարսկահայ: Ունի բարձրագոյն կրթութիւն հաշուապահութեան գծով, մասնագիտութեամբ աշխատում է, նաեւ դասաւանդում է համալսարանում: Ամուսնացած է Հայդիի (Հայկուհու) հետ, եւ ունեն երեք զաւակներ: Նա ասում է. «Մենք ոչ թէ պէյրութցի կամ հայաստանցի ենք, մենք Եղեռնի վերապրողներ ենք: Մերձաւոր Արեւելքի իսլամական երկրներում մենք քրիստոնեայ ենք, սակայն այստեղ քրիստոնեայ լինելով՝ չենք կարող առանձնանալ. անհրաժեշտ է մեր ինքնութիւնը: Եթէ դա կորցնենք, այդ ժամանակ Եղեռնը իրականացած կը լինի: Միայն լեզուն բաւարար չէ այն պահպանելու համար. կայ եւս մի զօրեղ միջոց՝ մեր մշակոյթը, երաժշտութեան լեզուն, որ շոյում է մեր զգայարանները եւ հասկանալի է բոլորին»:
Ու իր դստեր՝ Սոֆիի, օրինակով բացատրում է այն հրաշքը, որ պատահել էր իրենց հետ եւ լցրել էր այն պարապութիւնը, որ Անդին միշտ զգում էր իր մէջ:
Տէր եւ տիկին Էնդի եւ Հայդի Թորոսեանների դուստրը՝ Սոֆին, ամերիկածին մի հայ աղջնակ է: Իր բազմաթիւ ընկերուհիների պէս յաճախում է ամերիկեան դպրոց, դիտում է ամերիկեան հեռուստակայանները, տարւում է Ամերիկայում հեղեղուած գեղեցկութիւններով: Հերթը եկել էր երաժշտական ուսման, եւ ծնողները բերել էին նրան Լարք երաժշտական դպրոց: Սոֆին այստեղ գտնում է աւելի գեղեցիկ մի բան՝ հայ մնալու բանաձեւը, ազգային պատկանելութեան պատուանդանը: Այս իւրայատուկ հաստատութեան մէջ հայ եւ ոչ հայ աշակերտները հաղորդակցւում են եւրոպական երաժշտութեան հետ, միեւնոյն ժամանակ ծանօթանում են հայ երաժիշտներին, երգում եւ ասմունքում են հայերէն: Սոֆին հասցրել է արդէն ներկայացնել հայկական երաժշտական գործիքների մասին կատարած իր աշխատանքը: Հայր Էնդին համարում է, որ գտել է այն կառոյցը, ուր կարող ես գալիք սերնդին յանձնել հայապահպանման յստակ օրինագիծը՝ մեր մշակոյթով եւ յատկապէս երաժշտութեամբ՝ տալով նրան համապարփակ երաժշտական կրթութիւն:
Այս հաստատութիւնը կանգնած էր նիւթական լուրջ դժուարութիւնների առջեւ:
«Լարք»ի բազմավաստակ տնօրէն Վաչէ Պարսումեանն ասում է. «Ես յոյսս գրեթէ կորսնցուցած էի, տարիներով աշխատելէ ետք, տեղի տալով տնտեսական ծանր պարտաւորութիւններուն՝ կարծես ուրիշ միջոց չգտնելով պէտք էր գոցէի մեր 23 տարուան հաստատութիւնը եւ գործակիցներս ուղարկէի տուն»: Սակայն Էնդին, հազիւ գտած լինելով տարիների իր երազը՝ ազգային ինքնագիտակցութեան սնուցման աղբիւրը, վճռականօրէն նետւում է փրկարար աշխատանքների: Ստեղծւում է Վերականգնողական յանձնախումբ, որի հետեւողական ջանքերով, տարբեր-տարբեր դրամահաւաքների միջոցով, անհատական նուիրատուութիւնների օգնութեամբ կարելի է դառնում դրանք զուգորդել եւ առաջ պտտել Լարք երաժշտական ընկերակցութեան գոյութեան անիւը:
Իւրաքանչիւր պարկեշտ հաստատութիւն, որի գոյատեւումը կախուած է անհատական եւ հասարակական նուիրատուութիւններից, պարտք պիտի համարէր նուիրատուներին հաշիւ տալ իր կացութեան մասին, յատկապէս հայկական գաղութում, ուր ազգապահպանման որեւէ կառոյցի վիճակը պիտի հետաքրքրէր բոլոր հայերին՝ հաւասարապէ՛ս:
Այս նպատակով, Ուրբաթ, Յուլիս 6, 2012ի յետմիջօրէին, ժամը 5:30ին «Լարք»ի տնօրէնութիւնը կազմակերպել էր մամլոյ ասուլիս, որին հրաւիրուած էին Լոս Անճելըսի հայկական մամուլի ներկայացուցիչները: Ներկայ էին նրանք, ովքեր յարմարութիւն ունէին: Կազմակերպողների կողմից ստեղծուել էր պատասխանատու եւ շինիչ մթնոլորտ: Յաջորդաբար խօսք էին առնում «Լարք»ի տնօրէն Վաչէ Պարսումեանը, «Լարք»ի վարչութեան ատենապետ Բարսեղ Թոփչեանը, փոխտնօրէնուհի Թագուհի Արզումանեանը, Վերականգնողական յանձնախմբի եւ հանգանակութեանց ղեկավար Էնդի Թորոսեանը: Նրանք պատմում էին կենտրոնի ստեղծման, նրա նպատակների, կատարուած աշխատանքների եւ հետագայ ծրագրերի մասին:
Կարելի է առանց գեղարուեստական զեղումների, միայն թուերով եւ փաստերով ներկայացնել անցնող 23 տարիների ընթացքում հաստատութեան ծաւալած բեղուն գործունէութիւնը: Կրթական, կատարողական, հրատարակչական գլխաւոր ուղղութիւններով ընթացող աշխատանքները ծառայում են մէկ հիմնական նպատակի՝ հայ համայնքի համար պատրաստել մտածող երաժիշտներ, որպէսզի մեր ունեցած երաժշտական ժառանգութիւնը փոխանցուի ապագայ սերունդներին: Հսկայական փրկարար աշխատանքներ են տարուած՝ պահպանելու հայ երաժշտութեան խնկարկման այս օրրանը, եւ դեռեւս կան իրենց լրումին սպասող հարցեր:
Իսկ ինչո՞ւ այդքան կարեւորել երաժշտութիւնը: Ահա թէ ի՛նչ ենք կարդում Լարք ընկերակցութեան կայքէջում (www.larkmusicalsociety.com) մի բարեկամի կողմից տեղադրուած Karl Paulnack-ի գրութիւնը (Welcome Address)՝ վերցուած Բոստոնի կոնսերուատորիայի կայքէջից.
«Երաժշտութիւնը ձեւ ունի գտնելու մեր սրտերի եւ հոգիների մէջ շարժուող խոշոր, աներեւոյթ կտորները եւ օգնել որոշելու՝ մեր ներսում գտնուող այդ մասերի դիրքերը:
Առաջին միաւորուած շարժումը, որ ես տեսայ Սեպտեմբեր 11, 2001ի (9/11) երեկոյեան, Նիւ Եորքում, երգեցողութիւնն էր: Ժողովուրդը երգում էր: Ժողովուրդը երգում էր կրակների շուրջ, ժողովուրդը երգում էր՝ «Մենք պիտի յաղթահարենք»: Առաջին կազմակերպուած հանրային միջոցառումը աւելի ուշ, այդ շաբաթ, ես յիշում եմ Պրամզի «Ռեքուիէմ»ն էր: Ամերիկեան Զինուժը պաշտպանում էր օդային տարածքը, սակայն վերականգնումը ղեկավարւում էր արուեստներով, մասնաւորապէս՝ երաժշտութեամբ:
Ես եկայ հասկանալու, որ երաժշտութիւնը «արուեստների եւ զուարճութիւնների» մաս չէ, այն ճոխութիւն չէ: Երաժշտութիւնը մարդկային գոյութեան տարրական պահանջք է, մի ճանապարհ է մեզ համար՝ հասկանալու իրերը մեր սրտերով, երբ չենք կարող՝ մեր մտքերով: Ըստ յոյների՝ երաժշտութիւնը մի ուսմունք է մեր մէջ գտնուող ներքին առարկաների (օբյեկտների) աներեւոյթ յարաբերութիւնների մասին: Եթէ մարդկութեան համար կայ խաղաղութեան ապագայ, ես սպասում եմ, որ դա պիտի գայ արուեստագէտներից»:
Գուցէ չափազանցուած է, բայց իրականութիւն է:
Մեզ պէ՛տք են հայ մշակոյթի եւ յատկապէս երաժշտութեան նորափթիթ տունկերը: Ոռոգենք նրանց այգին, որպէսզի վերածուի այն մեծ ծառաստանի եւ նրանց ստուերի հովանու տակ ուռճանայ «հայ» կոչուող ազգային ինքնագիտակցութիւնը: