
Լոյսն ինչո՞ւ բացուեց…:
Քաղաքն հնօրեայ
Բացուող լոյսին ի՞նչ երեսով նայի,
Լռութիւնն ինչպէ՞ս զարթնած՝ չգոռայ,
Չգուժի մահը Մարդո՛ւ եւ Հայի՛…
Բայց զարթնեց քաղաքն իբրեւ յօդացաւ,
Ցաւով լի նեարդե՛ր թաղերը դարձան.
Ինքն իրեն ատող քաղաքն արթնացաւ,
Իր խիղճն արթնացաւ ու տնքաց անձայն…
Մեղքի անկողնում զարթնած՝ նա շտկեց
Ճմրթուած հագուստն ու ելաւ ոտքի,
Բայց ամօթն ինչպէ՞ս մաքրի մտքի մէջ,
Ճմրթուած հոգին ինչպէ՞ս նա շտկի,
Թէ լուա՛ցք դառնայ անգամ լացն անկեղծ,
Վերածուի զղջումն այրող արդուկի…
Եւ ամաչելով մարդիկ քաղաքում
Նայել հայելուն ու նայել իրար՝
Փորձեցին իրենք իրենցից թաքուն
Ապրել անպատի՛ւ, անխի՛ղճ, անիրա՛ւ…
Ու ափն այրող վարձն իր շնանալու
Քաղաքը ծախսեց տագնապով թաքուն,
Բայց հետքը, սպին, տե՛ս, վրիժառու
Սեւ խարանի պէս մնա՛ց իր հոգում…
Ո՞ւ ր գնայ հիմա եւ ո՞ւմ բողոքի
Ինքն՝ յանցագործին դարձած մեղսակից,
Կեղծ քուէ տալով՝ ծախած իր հոգին
Ու պոռնկացուած ինքն ի՛ր տեսակից:
Ի՞նչ ատեան գնայ…: Իր տէրերն էլի
Խրախճանում են՝ յաղթանակից գոհ,
Տե՛ս, միջազգայի՛ ն այս կաւատների
Խրախուսական ծափերի ներքոյ…:
Մայիսի 7, 2012
—————————————————————————————-
ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Անկախ Հայաստա՛ն, ես, որ քեզ թաքուն
Կրել եմ իմ մէջ ոչ թէ ինն ամիս,
Այլ գիտակցական իմ ամբո՛ղջ կեանքում,
Քո ծանրութեան տակ գտել եմ հանգիստ,
Տագնապել եմ քո անշարժութիւնից,
Քո խլրտումից՝ հրճուանքո՛վ յորդել,
Ու սրտիս զարկը՝ արթուն պահող ինձ,
Քո ոտնաձայնի հե՛տ եմ շփոթել,-
Ների՛ր, չե՛ս ծնուել դեռ եմ կարծիքով…:
Դո՛ւ, անկախութի՛ւն իմ Հայաստանի,
Գէթ հիմա՛ ծնուիր մի դժուար ճիգով,
Թէկուզ երկունքի ցա՛ւն ինձ սպանի…
Քեզ երազանքիս բարձունքի՛ց լուսէ,
Ցաւիս խորքի՛ց եմ խնդրում ահագնած,
Որ ծնուես ինչպէս մե՛նք ենք երազել,
Որ վիժուած երազ չդառնա՛ս յանկարծ…:
—————————————————————————————
ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԻ ԱՌՋԵՒ
Դո՛ւ, որ անհաշիւ տուիր կե՛անք ու շունչ,
Դու՝ արձանացած մեր կա՛մք ու հաւա՛տ,
Ի՞նչ են հաւաքուել պատուանդանիդ շուրջ
Այս մարդիկ մանր ու հաշուենկատ:
Քեզ են մեծարում իբր անհամբեր՝
Դիրտն ու տականքը՝ դարձած ընտրանի,
Մինչ խնկում էին երէկ ոճրաբեռ
Կուռքով ծանրացած ա՛յլ պատուանդանի…
Նրանք միեւնո՛յն կեղծաւորութեամբ
Երկրպագելով շէյթան ու Աստուած՝
Ծաղրում են իրենց բութ ներկայութեամբ
Զոհողութի՛ւնը՝ քեզնով մարմնացած…
Տե՛ս, քաղաքական քջո՛ւջ են անում
Կտցելով փառքիդ փշրանքներն առատ,
Քո բանակի՛ց են, տե՛ս, ներկայանում՝
Շարուած հայեացքիդ վեհութեան առաջ:
Մի ձեռքով պատուի առնում քե՛զ, հողի՛ն,
Միւսով… մտնում են գրպա՛նը մեր ծակ,
Ծաղի՛կ են դնում քո ոտքերի տակ,
Ու փշէ պսա՛կ՝ հայութեան գլխին…
Իսկ դու չե՛ս տեսնում նրանց…: Ակնդէտ
Նայում ես՝ բարձրի՛ն հայեացքդ յառած,
Մեր լեռների պէ՛ս, մեր լեռների հե՛տ
Ծագող գալիքի՛ ն ելած ընդառաջ…