
Լեռնային Ղարաբաղի կառավարութեան առընթեր զբօսաշրջութեան վարչութեան պետ Սերգէյ Շահուերդեան անդրադարձած է Ազոխի քարանձաւին առնչուող զարգացումներուն։
«2011ին կառավարութեան կողմից հարաւային զբօսաշրջային երթուղու զարգացման մասին որոշմամբ՝ Ազոխ գիւղում կը ստեղծուի Ազոխի քարանձաւի թանգարան-լաբորատորիա, որտեղ հնագէտները պիտի աշխատեն: Դա նախատեսւում է անել այսօր Ազոխում գործող միջնակարգ դպրոցի շէնքում, երբ որ դպրոցի համար նոր շէնքի կառուցումը կ՛աւարտուի:
«Դա շատ հետաքրքրական եւ իւրայատուկ մօտեցում է, որովհետեւ բացառիկ երեւոյթ է հնագիտական վայրի կողքին ունենալ հնագիտական թանգարան: Նման թանգարան կայ Տիգրանակերտում, կը լինի նաեւ Ազոխում», յայտնած է ան։
Ազոխի քարանձաւի պեղումները սկսած են 6 տարի առաջ եւ կը կատարուին «Ազոխ Քէյվ» միջազգային նախագիծին կողմէ: Ծրագրի ղեկավարներն են Լեւոն Եպիսկոպասեան, Տանեա Քինգ, Պատրիսիա Դոմինգես:
«Ազոխի քարանձաւի պեղումների ծրագիրը տասնամեակների ծրագիր է, եւ կառավարութիւնը կը շարունակի աջակցել այս ծրագրին», նշեց Սերգէյ Շահուերդեան:
Քարանձաւում յայտնաբերուել են հազարաւոր նմուշներ: Դրանք մշակւում են Ազոխի լաբորատորիայում, որոշներն էլ ուղարկւում են արտերկիր՝ համապատասխան ուսումնասիրութիւններ կատարելու նպատակով, որից յետոյ վերադարձւում են ԼՂՀ, մասնաւորապէս, դրանք հիմնականում պահւում են ԼՂՀ պետական պատմաերկրաբանական թանգարանում: