
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Ասում են մարդն ի՛նքն է ի վիճակի փոքրիկ ուրախութիւններով պարուրել իրեն երբեմն, ու կտրուել հոգսաշատ առօրեայից: Ահա այդպիսի մի պահի մասին եմ ուզում կիսուել ձեզ հետ այսօր:
Անցեալ Կիրակի օրը հրաւիրուած էինք Սամուէլ Երվինեանի նոր ձայնասկաւառակի ներկայացման հանդիսութեանը: Երկար սպասուած այս ձայնագրութեան մասին ժամերով զրուցել եմ հեղինակի՝ տաղանդաւոր ջութակահարի հետ, ու ինքս էլ մի փոքր մասնակցութիւն եմ ցուցաբերել երգացանկի անուանումների առնչութեամբ:
Սամուէլ Երվինեանին ներկայացնելու կարիք չկայ, նրա շնորհքի մասին տեղեակ են աշխարհում միլիոնաւոր երաժշտասէրներ, իսկ Եանիի համերգի «Երվինեանական» հատուածին «Եութիւբ» կայքէջում աւելի քան 12 միլիոն այցելու է գրանցուել, ու գնալով աճում է այդ թիւը:
Երեկոն անցաւ ջերմ մթնոլորտում: Ստեղծուեց մտերմիկ մթնոլորտ, որտեղ Սամուէլը մի քանի մեղեդի նուագեց, պատասխանեց հանդիսատեսների հարցերին, ու անմիջական կապ ստեղծեց լսարանի հետ: Իսկ երբ հանդիսատեսներից մէկը խնդրեց Սամուէլին պատմել նրա՝ Կարօ Հայրապետեանի արուեստի հետ ունեցած առնչութեան մասին, ծրագիրն այստեղ հասաւ իր գագաթնակէտին: Սամուէլը, արժանի տուրք տալով վաղամեռիկ հանրայայտ ջութակահարին, յանպատրաստից ձեւով առաջարկեց նուագել «Որսկան Ախպեր» մեղեդին, որ Հայրապետեանի երգացանկի գլուխգործոցներից էր ժամանակին:
Առաջին հնչիւնների հետ մէկտեղ իմ ետեւում նստած միջահասակ կինը սկսեց արտասուել: «Սպանեցիր ու կեանք տուիր, Սամուէլ,» ասաց, խորը հոգոց հանելով: Ակամայից ժպտացի, ու ճանապարհ ընկայ դէպի հեռաւոր սարերի ու սառնորակ աղբիւրների երկիրը: Հաճելի թախիծը չէր կարելի տխրութիւն համարել, ինչպէ՞ս էր Սամուէլը կարողանում ունկնդրին ջերմութեամբ պարուրուած թախծի արահետով մտաւոր զբօսանքի տանել. Թախի՞ծ, ջե՞րմ, անհամատեղելի այս զգացմունքները իրար էին միաձուլուել, իսկ Սամուէլը արհեստավարժ ձեւով փոխանցում էր իր շնորհքը. Մարդը իր երջանկութիւնից բաժին էր հանել իր լսարանին: Դահլիճը պայթեց ծափահարութիւններից, երբ Երվինեանը վերջին նոտան հնչեցրեց: Յանկարծ նկատեցի, որ իրար կողք կողքի նստած անծանօթ մարդիկ իրար հետ ջերմ զրուցում էին, կիսում իրենց տպաւորութիւնները երաժշտութեան մասին:
Այս երեկոն բաւական ինքնաբուխ էր ու անկեղծ: Կարեւորը, ընտիր լսարան էր հաւաքուած, ում կարօտում եմ, ու համոզւում, թէ նրանք կան, ու երեւան են գալիս ամէն մի արժանի առիթով: Չնայած Սամուէլի գերյոգնածութեանը (որը արդիւնք էր իր երկարատեւ միջազգային շրջագայութեան Եանիի նուագախմբի հետ մէկտեղ), երաժիշտը իրեն անմնացորդ նուիրել էր իր արուեստին այդ օրը, եւ հանդիսատեսը զգաց այս հանգամանքը: Ջութակն ասես Սամուէլի
մարմնի մի անբաժան մասն է դարձել, որի միջոցով նա կարողանում է ոչ միայն իր, այլ նաեւ հայի ներքնաշխարհը հրամցնել աշխարհին: Երվինեանը կարիք չունի բեմի մի ծայրից միւսը վազելու, ակրոբատիկ շարժումներ անելու, ինչպէս մի շարք երաժիշտներ են անում՝ փորձելով զուարճացնել հանդիսատեսին: Նա կանգնած է մի կէտում եւ հայեացքով ու մէկումէջ աչքերի կիսաբաց արտայայտութեամբ է ուղեկցում իր լսարանին դէպի անծայրածիր ճանապարհորդութեան, եւ այդ ընթացքում խամրում են նաեւ ժամանակի սահմանափակումները: Յանկարծ տեղափոխւում ես վաղ մանկութիւն, լսում տատիկիդ մրմնջոցը, նրա երգերը, նոյնիսկ զգում նրա պատրաստած հաց- պանիր-կանաչու անմոռանալի հոտը, ու անհասկանալի մի ուժ է գալիս մարմնիդ: Ոչի՛նչ որ Կիրակի օր է, համերգն աւարտուել է ուշ երեկոյեան, մի այնպիսի եռանդով ու բարձր տրամադրութեամբ ես դուրս գալիս Երվինեանի ելոյթից յետոյ, որ ինքդ քեզ խօսք ես տալիս նորից ու նորից այցելել նրա բոլոր համերգները:
Ասում են, որ կան մարդիկ, ովքեր Սամուէլին չեն հանդուրժում: Գիտեմ թէ ինչո՛ւ. որովհետեւ իր այդքան նրբազգացութեան ու խորաթափանց բնաւորութեան հետ մէկտեղ, Երվինեանը նաեւ շիտակ խօսք ասող է եւ սկզբունքային, իսկ սա ոմանց դուր չի գալիս: Բայց սա ազնիւ ու ճիշդ մարդու ամենակարեւոր յատկանիշն է, եւ Սամուէլը ընդունում է, թէ նոյնիսկ գիտենալով, որ որոշ հանգամանքներում տուժել է, երբեք չի ափսոսացել իր ուղղամտութեան համար: Միայն այսպիսի մարդը կարող է անկեղծ երաժշտութիւն մատուցել, իսկ այլընտրանքային տարբերակը «շոու»ն է, որ երբեք չի կարող համեմատուել իսկական արուեստի հետ:
Երբ հարաւամերիկացին, եւրոպացին, ասիացին Եանիի համերգի ժամանակ լսում է Սամուէլի կատարումները (իսկ Եանին առատաձեռն է իր՝ Սամուէլին ներկայացնելու հարցում), տասնեակ հազարաւոր մարդիկ ծանօթանում են հայազգի հետ՝ ի դէմս Երվինեանի: Եւ հնչում է զուլալ, հայկական մեղեդին Սամուէլի ջութակի միջոցով, մտնում մարդկանց սրտերն ու հոգիները, կախարդելով նրանց, տրամադրելով նրանց, բարիացնելով նրանց: Ահա թէ ինչպիսի՛ հիւպատոս ունենք, ով միանշանակ ու յստակօրէն տարբերակում է իսկական երաժշտութիւնը ուտել-խմելու, զուարճանալու մելիզմներից, ով կարող է իսկական հայկականը հրամցնել առանց աղաւաղելու: Սամուէլին նորանոր յաջողութիւններ են սպասւում եւ հարկաւոր է, որ մարդիկ, ովքեր հնարաւորութիւններ ունեն, սատար կանգնեն լաւագոյն հայ ջութակահարներից մէկին, որպէսզի նա կարողանայ բազմահազարանոց դահլիճներում իր արուեստը հրամցնել հանդիսատեսին: Նրա հրամցրած մեղեդիների ուժը իրօք սփոփիչ է ու ամենակարող: Սպասում ենք Սամուէլ Երվինեանի յաջորդ մենահամերգին, ակնկալում ենք աւելի մեծ յաջողութիւններ ու բարձունքներ, քանի որ նա ի վիճակի է յաղթահարել դրանք: