ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Առաջիկայ ընտրութիւնները, որոշ կանխատեսումների համաձայն, վճռական կարող են դառնալ ինչպէս Միացեալ Նահանգների, այնպէս էլ համաշխարհային հանրութեան համար: Բանն այն է, թէ դեմոկրատների որդեգրած ծրագիրը փոքր ի շատէ շօշափելի է, քանի որ նախորդ տարիներին հնարաւոր է եղել վերծանել նրանց որեդգրած մարտավարութիւնը: Իմ մեկնաբանութեամբ, այդ ծրագիրը հիմնականում հանդիսացել է հնարաւորին չափով նուազեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները երկրի եւ նրա բնակիչների կեանքի վրայ: Ո՛չ միշտ է դա յաջողուել, քանի որ համաշխարհային տնտեսութիւնը յատկապէս վերջին երկու տասնամեակի ընթացքում գրեթէ դադարել է ինքնուրոյն գործելուց՝ առանձին պետութեան օրինակով, եւ փոխկապակցուած է: Հնարաւոր չէ մէկ պետութեան աննախադէպ թռիչքը, եթէ միւս առաջադէմ պետութիւնների տնտեսութիւնները կաղում են:
Թէ ինչ կը բերի հանրապետական ճանապարհը երկրին, դեռ գաղտնի է: Կարելի է կռահել, որ նրանց դիրքորոշումը ընդամէնը կենտրոնանում է ներկայ վարչակարգի խիստ քննադատութիւնների վրայ, առանց կոնկրետ ծրագրի առաջարկի:
Ի՞նչ է սպասւում հասարակ մահկանացուին, մեզ: Հանրապետականների մօտեցման մէջ շեշտուած է պետական ծախսերի կրճատման թեզը, որն իբր թէ ամերիկեան տնտեսութեանը սպառնում է հոգեվարքի հասցնել: Այստեղ չի մանրամասնւում, թէ պետական ծախսերի կրճատումը ինչպիսի սպեղանի է հասցնում միջին եւ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների սպառման զամբիւղին: Պետական համակարգային ներդրումները երկարացնում են գործազուրկների նպաստների ժամկէտները, ծերերին ապահովում թոշակներով, ընչազուրկներին՝ ամսական մի փոքրիկ գումարով ու անհրաժեշտ բժշկական խնամքով: Եթէ այս պետական «անպէտք» համարուող ծախսերը չլինէին, ապա երկրի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը կընկղմէր ծայր աստիճան աղքատութեան ճանկը: Ասում են, թէ այստեղ բնակուող հայ ընտրազանգուածը հիմնականում անտարբեր է ընտրական գործընթացների նկատմամբ: Եթէ դա այդպէս է, ապա կոչ եմ անում բոլոր ընթերցողներին խրախուսել իրենց շրջապատի մարդկանց պարզել իրենց ընտրավայրերը եւ ԱՆՊԱՅՄԱՆ ընտրել իրենց նախընտրած թեկնածուին, քուէարկել իրե՛նց նախընտրած ծրագրերի օգտին, եւ հակառակն ապացուցել թերահաւատներին:
Տեղական մասշտաբով վերցրած, անձամբ ինձ հետաքրքրող 2 նախընտրական առաջարկ կայ ընտրաթերթիկների վրայ, որին կանդրադառնամ ստորեւ:
Proposition 30ը ուղղակիօրէն վերաբերւում դպրոցական համակարգի ֆինանսաւորմանը: Գաղտնիք չէ, որ մեր դպրոցների ֆոնդերը աննախադէպ չափով կրճատման են ենթարկուել վերջին 3 տարիների ընթացքում: Աւելացել են աշակերտների թիւը դասարաններում, կրճատուել են ծառայութիւնները: Օրինակ, դպրոցներից մէկը կորցրել է իր բուժքրոջը, որ նախկինում ամէն օր ներկայ էր դպրոցում ու անհրաժեշտ առաջին օգնութիւնն էր հասցնում, երբ աշակերտը դրա կարիքն ունենար: Այժմ այս դպրոցը ընդամէնը շաբաթը երկու օրով է բուժքրոջը աշխատանքի կանչում, քանի որ դրամ չկայ: Այսինքն, եթէ բուժքոյրը Երեքշաբթի եւ Ուրբաթ օրերին է աշխատում, ապա Հինգշաբթի օրը շտապ բուժօգնութեան կարիք ունեցող աշակերտը ամբողջութեամբ մնում է կամ ծնողի, կամ էլ emergency ծառայութեան յոյսին, քանի որ բուժքրոջից բացի ո՛չ ոք չի կարող մասնագիտական որոշում առնել, արդեօ՞ք կարիք կայ emergency կանչելու, թէ թեթեւ միջամտութեամբ կարելի է հարցը լուծել:
Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչպիսի ծանրաբեռնուածութիւն է սա դնում շտապ օգնութեան ծառայութեան վրայ: Եւ արդեօ՞ք բժշկական մի փոքր միջամտութեան համար դպրոց շտապող մեքենան մէկ այլ, աւելի անհրաժեշտ վայրից չի ուշանայ: Քանի՞ մարդու կեանք կարող է այսպիսով վտանգուել: Եթէ Proposition 30ը չվաւերացուի, այսինքն՝ չանցնի, կրթական տարին անխուսափելիօրէն կը կրճատուի, մէկ դասարանում սովորող աշակերտների թիւը աննախադէպ չափով կաւելանայ, առաւել դրամատիկ (ծայրայեղ չափերով-Խմբ.) կերպով կը նուազեն կարիքաւոր աշակերտներին յատկացուած սոցիալական եւ հոգեբանական, ինչպէս նաեւ ակադեմիական ծրագրերը:
«Ի՞նձ ինչ,» կարող է մտածեն ոմանք, ովքեր հանրակրթական համակարգում սովորող զաւակներ չունեն: Դպրոցական համակարգի թուլացման արդիւնքում աննախադէպ չափով կ՛աւելանան յանցագործութիւնները եւ կարիք կը լինի ուղղիչ աշխատանքային վայրերի, բանտերի թիւն աւելացնել, քանի որ ներկայումս դրանց թիւը արդէն իսկ բաւարար չէ՛: Այս հեռանկարից փախուստ չկա՛յ: Որոշ անհատներ պնդում են, թէ ներկայ համակարգը առանց այդ էլ վատառողջ է, կան բազմաթիւ անպատասխանատու դասատուներ (թոյլ տուէք այս վերջիններին ուսուցիչ չկոչել), աշակերտների առաջադիմութիւնը հեռու է գերազանց համարուելուց եւ այլն, եւ պէտք է դէ՛մ քուէարկել Proposition 30ին:
Ստիպուած եմ չհամաձայնել նրանց հետ, քանի որ այս անհատները, տոգորուած յեղափոխական տրամադրութիւններով, դժուարանում են պատկերացնել, թէ ինչպիսի քաոս ու անկարգութիւն կառաջացնի համակարգի ի սպառ ջախջախումն ու վերացումը: Պէտք է պայքարել որակն ապահովելու համար, պէ՛տք է պահանջել, որ անբարեխիղճ դասատուները հեռացուեն աշխատանքից, բայց համակարգի թուլացումն ու վերացումը երկար ժամանակ կարող է անմխիթար վիճակում թողնել հանրակրթական դպրոցը, մինչեւ մի նոր համակարգի ի յայտ գալը: Իսկ ինչպէս գիտէք, նոր համակարգի ի յայտ գալուց յետոյ տարիներ, գուցէ տասնեակ տարիներ կը պահանջուի, մինչեւ այն փորձարկուի ու թերութիւնները նուազեցուեն: Կիսաքաղց ընտանիքում վերջին մի կտոր հացի բաժինը նուազեցնելով չի կարելի յուսալ (պահանջել), որ այս ընտանիքի անդամների արտադրողականութիւնը կտրուկ բարձրանայ:
Անհրաժեշտ է տարբեր մօտեցումներ, ծրագրեր կեանքի կոչել, որպէսզի այն ոտքի կանգնի: Այլապէս ի՞նչ է ստացւում, «վերացրէ՛ք համակարգը, եւ օրէնքն ինքն իրեն կը հաստատուի», ասում են որոշ քննադատներ, բայց այսպիսի մարտավարութիւն 19րդ դարի վերջին եւ 20րդ դարի սկզբներին որդեգրել էր յայտնի մի քաղաքական խմբաւորում, ռուսաստանաբնակ Բակունինի գլխաւորութեամբ: Անրախիան երբե՛ք էլ կարգ ու կանոն չհաստատեց, ինչպէս որ համոզուած էին դրա հետեւորդները:
Proposition 30ը օգնութեան վերջին ճիչն է, Կալիֆորնիոյ ներկայ հանրակրթական համակարգը ջրի երեսին պահելու ակնկալիքով: Կո՛ղմ քուէարկէք այս առաջարկին, այլապէս ստիպուած պիտի լինենք միասին դիմագրաւել աշակերտներին յատկացուող ֆինանսաւորման աննախադէպ կրճատման, դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով:
Proposition 32ի թիկունքում կանգնած են յատուկ խմբաւորումներ, որոնք ներկայացնում են գերհարուստների շահերը: Այն միտում ունի արհմիութիւնների դերը կրճատելու, այսպէս են մեկնաբանում այն քննարկող որոշ մասնագէտներ: Ոմանք պատճառաբանում են, թէ ամերիկեան հիմնարկները զգալիօրէն նուազեցրել են իրենց մրցունակութիւնը, քանի որ այս երկրում արհմիութիւնները «շատ են ուժեղ, եւ թոյլ չեն տալիս գործատուի համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան արդիւնաբերական ձեռնարկութիւնները երկրում զարգացնեն»: Աշխարհի տնտեսագէտների ճնշող մեծամասնութիւնը այն կարծիքին է, որ 60ականների եւ 70ականների ամերիկեան թեթեւ արդիւնաբերութիւնը, ինչպէս նաեւ ծանր արդիւնաբերութեան ճիւղերի մի մասը այլեւս երբե՛ք Ամերիկա չեն վերադառնայ: Դատէ՛ք ինքներդ, եթէ մի վերնաշապիկը կարելու համար արտերկրում գործատէրը ծախսում է, ասենք 50 սենթ, ինչպէ՞ս կարող է նա այս արտադրութիւնը Միացեալ Նահանգներ բերել եւ բանուորին վճարել 3 դոլար: Ամերիկացի աշխատաւորը պարտաւոր է տուն բերել նուազագոյն նոմինալ (խորհրդանշական-Խմբ.) մի գումար, որպէսզի կարողանայ իր ընտանիքը կերակրի (ես չեմ խօսում բարեկեցութեան մասին այլեւս): Նա երբեք չի կարողանայ մրցել չինացի կամ հնդիկ բանուորի հետ, քանի որ տարիների ընթացքում նրանք սովորել են բարձր որակի արտադրանք տալ, ամսական 200 կամ 300 դոլար աշխատավարձ ստանալով: Քանի՞ օր կարող է ամերիկացի բանուորը կերակրել իր ընտանիքին, ասենք՝ 200 դոլարով: Որքան էլ որ ոմանք պնդեն, թէ արհմիութիւններին տուած իրենց ամսավճարները «ի զուր ջուրն էն ընկնում», դա այդպէս չէ՛: Արհմիութիւնները դեռեւս պայքարում են ամերիկացի աշխատաւորների իրաւունքների համար, եւ այդ ամսավճարները անհրաժեշտ են, որպէսզի այս համակարգում աշխատող մարդիկ գոյատեւեն ու պայքարեն միւսների իրաւունքների համար: Պատկերացրէք, թէ ինչ կը լինի, եթէ արհմիութիւնները թուլանան կամ վերանան: Մի գեղեցիկ օր գործատուն կարող է մտնել իր ձեռնարկութիւնը եւ ժպիտը դէմքին յայտարարել, թէ յաջորդ օրուանից բանուորների կէսը կարող են գործի չգալ, եւ դրա համար ո՛չ մի բացատրութիւն կամ պարտաւորուածութիւն չվերցնել: Գուցէ օրինակը կոպիտ հնչեց, բայց արհմիութեան թուլացման եւ հակադարձ ուժի բացակայութեան պայմաններում նմանօրինակ զարգացումները յաճախակի կը դառնան: Դէ՛մ քուէարկէք Proposition 32ին, այն թուլացնելու է ամերիկացի աշխատաւորի ձայնը:
Վերջում ուզում եմ նշել, որ այս ակնարկը գրել եմ միմիայն սեփական համոզմունքներից ելնելով, եւ ո՛չ ոքի կողմից որեւէ շահ չեմ ստացել՝ դրամական կամ այլ կերպով: Մի քանի օրից ընտրութիւններն են: Որքան էլ որ յոգնած գաք աշխատանքից, կամ որքան էլ զբաղուած լինէք, եթէ ընտրելու իրաւունք ունէք, ապա ձեր ձայնը հասանելի դարձրէք հանրութեանը, որպէսզի հայ ընտրազանգուածի կարծիքի հետ հաշուի նստեն: