
Այսպիսով՝ շուրջ 2 տարի տեւած ներկայացումն աւարտուեց: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը յայտարարել է, որ չի առաջադրուելու Փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում: Ելնելով դրանից՝ ԲՀԿն էլ որոշել է առաջադրուելիք թեկնածուներից որեւէ մէկին չսատարել: Այլ կերպ ասած՝ ԲՀԿն ֆորմալ (պաշտօնական-Խմբ.) առումով որոշել է որեւէ ձեւաչափով ընտրութիւններին չմասնակցել կամ պահպանել քաղաքական չէզոքութիւն:
Ծառուկեանի չառաջադրուելն անակնկալ չէր: Որ այսպիսի հանգուցալուծում է լինելու, yerkir.am-ը գրել է դեռ ամիսներ առաջ: Իսկական անակնկալը ԲՀԿի կայացրած երկրորդ որոշումն է՝ որեւէ թեկնածուի չսատարելու մասին, մի պարագայում, երբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ կամ անհատ, բացառութեամբ Սերժ Սարգսեանի եւ Րաֆֆի Յովհաննիսեանի, առաջադրուելու մասին յայտարարութիւն դեռ չի արել, այսինքն՝ դեռ ամէն ինչ չափազանց անորոշ է: Այս հանգամանքը թոյլ է տալիս անելու մի քանի դատողութիւն:
Առաջին՝ Գագիկ Ծառուկեանի առաջադրուել-չառաջադրուելը բացարձակապէս կապ չունէր հանրային պահանջարկի հետ, որքան էլ դա համոզելու համար ԲՀԿում կուրծք էին ծեծում: Սա կոնիւկտուրային (ենթադրական-Խմբ.) իրողութիւններից բխած քայլ էր՝ պայմանաւորուած կոնիւնկտուրային կուլիսային բանակցութիւններով ու յարաբերութիւններով: Եւ այդ յարաբերութիւններում ի յայտ եկած խնդիրները կամ գուցէ պայմանաւորուածութիւնները յանգեցրին նրան, որ այսօր Ծառուկեանը պէտք է հէնց այսպիսի որոշմամբ հանդէս գար: Եթէ առաջադրուելու հիմքը ոչ թէ դա լինէր, այլ հասարակութեան կամ կուսակցութեան պահանջը, ապա Ծառուկեանը ոչ թէ պէտք է անցած այս ողջ ամիսների ընթացքում նոյն այդ հանրութեանն ու կուսակցականներին պահեր շարունակական սպասողականութեան մէջ՝ զուգահեռաբար Սերժ Սարգսեանի հետ վարչապետի պաշտօնի շուրջ գործարքային բանակցութիւններ վարեր, այլ պարզ ու յստակ, հէնց սկզբից յայտարարեր, որ առաջադրուելու է ու ստիպեր թէ՛ իշխանութեանը եւ թէ ընդդիմութեանը իրենց քաղաքականութիւնը կառուցել՝ ելնելով հէնց այդ իրողութիւնից:
Նորմալ երեւոյթ չէ, երբ ԱԺում մեծութեամբ երկորդ խմբակցութիւնն ունեցող, մօտ 400 հազար քուէ ունեցող կուսակցութեան ղեկավարը, որը յայտարարում է այլընտրանքային ուժ լինելու մասին, ոչ միայն ունեցած այլընտրանքային ծրագրերը, նպատակներն իրագործելու համար թեկնածու չի առաջադրում, այլ որոշում է չէզոքութիւն պահպանել: Նման ուժի համար այսօրուայ իրավիճակում չէզոքութիւնը հաւասարազօր է դասալքութեան:
Երկրորդ՝ ընտրութիւններին որեւէ ձեւաչափով չմասնակցելու որոշմամբ Գագիկ Ծառուկեանը, ուզի թէ չուզի, ընդունի, թէ չընդունի, կրկին գործում է կոնիւնկտուրայի շրջանակում եւ բացառապէս իշխանութեան շահերի համատեքստում: Որովհետեւ չէզոք դիրք գրաւելը նշանակում է անորոշութեան մատնել սեփական հսկայական ընտրազանգուածին: Իշխանութեանը հնարաւորութիւն է տրւում նրանց մեծամասնութեան քուէի հետ վարուելու սրտների ուզածի պէս: Իսկ այդ ընտրազանգուածը ոչ թէ 10-15 տոկոս է, այլ 30-35, այսինքն՝ այնպիսի մի քանակ, որը կարող է ազդել ցանկացած ընտրութեան արդիւնքների վրայ: ԲՀԿն հրաժարւում է տէր կանգնել իր այդ ռեսուրսին, նրան մատնում ինքնահոսի եւ հրաժարւում լինել քաղաքական գործօն:
Երրորդ՝ յատկապէս որեւէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը բացայայտում է այն իրական նպատակները, որոնք ԲՀԿն դրել էր թէ՛ ընդհանրապէս այլընտրանքայնութիւն խաղալու, թէ՛ առաւել եւս միասնական օրակարգով ընդդիմութեան դաշտը կոնսօլիդացնելու (ամրապնդելու-Խմբ.) եւ միասնական թեկնածուով հանդէս գալու առաջարկի քօղի ներքոյ: Դուրս գալով խաղից՝ ԲՀԿն ուղղակի հաստատեց, որ դրանք իր համար ընդամէնը կազմել են իշխանութեան հետ բանակցութիւններում օգտագործելու տակտիկական (մարտավարական-Խմբ.) հնարանքներ ու գործիքներ: Երբ այդ գործիքների անհրաժեշտութիւնն այլեւս չկայ, առանց պատասխանատուութեան կարելի է դրանք դէն շպրտել ու պոչն անշառ ետ քաշել:
Եթէ ԲՀԿն բաւականաչափ պատասխանատու լինէր եւ բաւականաչափ յարգանք ու ազնուութիւն ունենար իր գործընկերների եւ յատկապէս՝ նրանից սպասելիքներ ունեցող հասարակութեան նկատմամբ, ապա գոնէ բարոյական նկատառումներից ելնելով պէտք է սպասէր, մինչեւ պարզ կը լինէր, թէ ովքեր են առաջադրուելու եւ ըստ այդմ որոշէր՝ արժէ՞ յանուն իր իսկ կողմից առաջինը շրջանառութեան մէջ դրուած այդ նպատակների նրանցից որեւէ մէկին սատարել, թէ ոչ: Թէ՛ հիմա, թէ՛ այս ամբողջ ընթացքում, Ծառուկեանն առաջնորդուել է յայտնի՝ «Եթէ ոչ ես, ուրեմն՝ ոչ ոք» կամ «Ինձնից յետոյ՝ թէկուզ երկրաշարժ» եսակենտրոն սկզբունքներով: Կարելի է պատկերացնել, թէ ինչ վիճակի մէջ էին յայտնուելու միւս ուժերը, եթէ ամբողջապէս հաւատային Ծառուկեանի «այլընտրանքայնութեանն» ու վճռականութեանը եւ նրան սկզբից եւեթ սատարելու որոշում կայացնէին: Եւ գուցէ լաւ է, որ փուչիկը հէնց այս փուլում պայթեց: Ինչպէս ասում են՝ լաւ է ուշ, քան ուշացած: Ամենեւին պէտք չէ զարմանալ, թէ ինչու էր ի սկզբանէ ԲՀԿն իրեն սատարող շրջանակներին լարում ընդիմադիր ուժերի ուղղութեամբ: Պարզ է՝ փուչիկի պայթունի ձայնը թուլացնելն ու այն ընդդիմադիրների վրայ բարդելու ցանկութիւնն էր նման կեցուածքի պատճառը, բայց արդեօ՞ք միայն դա…
«Երկիր»