ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ընթացիկ տարին խոստանում է հետաքրքիր լինել, բայց դժուար թէ նման հետաքրքրութիւնը կարելի լինի դրական համարել: Ինքներդ տեսաք թէ ինչպիսի դժուարութեամբ երկրի կոնգրեսը կարողացաւ որոշում ընդունել՝ խուսափել այսպէս կոչուած Ֆիսքըլ Քլիֆից, որի այլընտրանքը երկրի տնտեսութեան անխուսափելի կործանումն էր: Սակայն դեռեւս ճանապարհին է մէկ այլ, աւելի մեծ խոչընդոտ, որը վերաբերւում է երկրի պարտքի սահմանագծի մեծացման խնդրին:
Ինչպէս յայտնի է, Միացեալ Նահանգները անցեալ տարուայ վերջին օրը հասաւ երկրի բիւջէին տրամադրուած թոյլատրելի սահմանագծին, եւ նոր դրամ հայթայթելու համար Կոնգրեսը պարտաւոր կը լինի այդ սահմանագիծը մեծացնել: Բայց որոշում ընդունելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ քաղաքական ընտրանու մի զգալի մասը պնդում է, թէ պէտք է ընչազուրկներին յատկացուող դրամական քաղաքականութիւնը վերանայուի՝ կրճատուի: Այս ծրագրերը առանց այդ էլ վերջին 5 տարիների ընթացքում ցաւալի չափով հասել են նուազագոյնի, թէ սրանից աւել ի՞նչը կարելի է կրճատել, յայտնի չէ: Միաժամանակ խօսում են ռազմական ծրագրերի «կենսունակութիւնը» պահելու մարտավարութեան մասին: Այսինքն, արտաքին պատերազմների կարեւորութիւնը աւելի առաջնային է, քան ներսում մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հրամայականը, ըստ որոշ ստրատեգների (քաղաքականութիւնը մշակողներուն-Խմբ.): Ես չեմ ցանկանում իմ դիրքորոշումը պնդել ահա արդէն որերորդ անգամ, քանի որ ինքներդ էլ գիտէք թէ ինչ եմ մտածում: Պարզապէս որքանո՞վ է նպատակայարմար թշուառ ներքին պայմաններում «փայլող» ռազմական քաղաքականութիւն ունենալ, եւ որքա՞ն երկար կարելի է ձգել (շարունակել-Խմբ.) նմանօրինակ քաղաքականութիւնը:
Ընթացիկ տարուայ որոշ կանխատեսումներից հիմնականում նշում են, թէ մօտաւորապէս երկու ամսից կատաղի պայքար է գնալու հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ, երբ ժամանակը գայ պարտքի սահմանագծի աւելացման խնդրի քննարկման:
Այսպիսի «ոխերիմ» հակադրութիւնը խիստ բացասականօրէն է անդրադառնում այսպէս կոչուած «ներդնողների վստահութեան ինդեքսի» (consumer confidence index) վրայ, որ դրամատիրական հասարակութեան տնտեսական հաշուարկների ու կենսունակութեան հիմնական գործօններից մէկն է: Այսինքն, համաշխարհային տնտեսութեան ճգնաժամային վիճակից մինչեւ այժմ Միացեալ Նահանգները օգտւում էր, քանի որ ներդնողները իրենց միջոցները դէպի Միացեալ Նահանգներ էին ուղղում կարծելով, թէ իրենց ներդրումները այստեղ համեմատաբար ապահով էին: Երբ երկրի քաղաքական շրջանակները մինչեւ վերջին պահը վիճում են եւ քաղաքական խելամտութեան փոխարէն ամէն մէկը «իր էշն է քշում», աշխարհը ուշի ուշով հետեւում է այս ամէնին: Շատերն այս իրավիճակը բնութագրում են որպէս մի «նոր Յունաստան», նկատի ունենալով յունական ահագնացող ճգնաժամը, միայն թէ այն տարբերութեամբ, որ եթէ Միացեալ Նահանգներում իրադրութիւնը նմանուի Յունաստանին, ապա առաջացրած ալեկոծութիւնները կարող են տարերային աղէտի վերածուել:
Հարկերն են բարձրանալու, անխուսափելիօրէն: Առաջին անհրաժեշտութեան ապրանքների արժէքներն են բարձրանալու, այդ թւում մսի, կաթի, հացահատիկի գինը: Գերթանկարժէք ապրանքների պահանջարկը չի վերանայ, քանի որ գերհարուստներին չի վնասի վերը նշուած հնարաւոր ալեկոծութիւնները, եթէ վերջիններս սխալ ներդնումներ չկատարեն:
Եւրոպայի տնտեսութիւնը ե՛ւս կաղում է, եւ աւելի կը թուլանայ, եթէ Միացեալ Նահանգների տնտեսական առողջութիւնը վնասուի: Ֆրանսիան, օրինակ, գերհարուստներին որոշել է 75 տոկոսի հարկման ենթարկել: Այս որոշման վաւերացման գործընթացի հետ ներքին ալեկոծութիւններ են առաջանում: Յայտնի դերասան Ժերար Դէպարդէօն սկզբից յայտարարել էր, թէ տեղափոխւում է Բելգիա, ի նշան բողոքի: Իր հասցէին վիրաւորական արտայայտութիւնը լսելով ֆրանսիական առաջադէմ շրջանակներից նա յայտարարել է. «Ես ոչ գող եմ, ոչ մարդասպան, ոչ էլ խաբեբայ, վերջին տարիների ընթացքում երկրին որպէս հարկ վճարել եմ 140 միլիոն եւրօ, ինչո՞ւ են ինձ անարգում»: Եւ անմիջապէս դիմել է իր վաղեմի ընկերոջը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն անմիջապէս նրան ռուսական անձնագիր յատկացնելու թոյլտուութիւն է տուել: Մէկ այլ նշանաւոր ֆրանսիացի, երաժիշտ երգահան Ժան Միշել Ժարն նոյնպէս որոշել է հեռանալ Ֆրանսիայից: Չեմ զարմանայ, եթէ նա էլ Ռուսաստան տեղափոխուի բնակուելու: Առաջիկայ մի քանի ամիսները որոշիչ են համաշխարհային տնտեսութեան համար, եւ շատ բան է կախուած նրանից, թէ ինչպիսի հեռանկար է սպասւում Միացեալ Նահանգների տնտեսութեանը: Պինդ կացէ՛ք: