ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Օրուայ խճողուած լրահոսի մէջ հայեացքս որսում է ոչ սովորական մի վերնագիր՝ Յունուարի 16ը Բիթլզի համաշխարհային օրն է: Էպոսագէտով, նախընտրական ինքնաոչնչացնող գզվռտուքներով, 20 եւ աւելի տարիներ մեր քաղաքական ու սոցիալական լրահոսն ու իրականութիւնը խցանած, բայց մեր կեանքը ոչնչով չփոխած, յոգնած դէմքերով գործիչների, անվերջ ու անյաղթահարելի թուացող ճգնաժամերի ու գրեթէ հակակրանք առաջացնող ընտրութիւնների մասին լուրերի ու վերնագրերի կողքին այնքան տարաշխարհիկ, մի քիչ յուսադրող, մի քիչ էլ ռոմանտիկ է թւում Բիթլզի օրուայ գոյութիւնը:
Պարզւում է, որ 2001ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕն Յունուարի 16ը նշում է որպէս Բիթլզի օր: Օրը չգիտէի, իսկ Բիթլզի մասին առաջին անգամ իմացայ, երբ եօթ կամ ութ տարեկան էի, երկիրն էլ Սովետական Միութիւնն էր՝ անպարտ ու աննահանջ թուացող, եւ որքան էլ զարմանալի թուայ՝ իմ մայրենի Աշնակ գիւղում, ուր սովորաբար անցկացնում էի ամրան երկու ամիսները: (Ճիշտ էր էլի մեր գիւղի ռուսերէն իմացող եւ գրական հայերէնով խօսող միակ մարդը, ուսուցիչ Գառնիկը, որի գինովցած ելոյթներն անխուսափելիօրէն աւարտւում էին «Աշնակ՝ կուլտուրական համալսարան տողով»):
Այդ ամառ մեր գիւղում ամէն շաբաթ օր էր Բիթլզի օր. Շաբաթ օրերը քաղաքից տուն էր վերադառնում համալսարանի բանասիրականի ուսանող մօրաքրոջս տղան ու գիւղի միակ ձայնարկիչի վրայ պտտեցնում Բիթլզի կապոյտ, փխրուն, փոքրիկ ձայնասկաւառակը: Մօրաքրոջս փայտէ, ճռճռացող աստիճանների ու բակի քարերի վրայ տեղաւորուած գիւղի առաջադէմ երիտասարդութիւնը որոնող լռութեամբ լսում էր Բիթլզի մի քիչ խզացող, մի քիչ էլ ցածր ձայնագրութիւնն ու, հաստատ, երեւակայութեամբ թռչում ուրիշ-ուրիշ աշխարհներ, ուր լայն փողքերով տաբատներ էին հագնում, սեւ ապակիներով արեւային ակնոց կրում, ուր հանրային այգու խոտերի վրայ կողք կողքի հիպի աղջիկներ ու տղաներ էին պառկում, ուր երաժշտութիւնից բացի ցոյցն էր նաեւ բողոքի տեսակ, ուր կոկա կոլա էին խմում եւ ուր շէնքերն անխտիր բարձր էին՝ երկինք հասնող:
Մեր գիւղի սիրուն, թիկնեղ ու մի քիչ թուխ սասունցի տղեքը, որ հաստատ æոն Լենոնի կամ Մաքքարթնիի երգերի իւրաքանչիւր պտոյտից յետոյ աւելի ու աւելի էին համոզւում քաղաք գնալու որոշման մէջ, իրենց չիմացած անգլերէնով փորձում էին հակասովետական բառեր որսալ: Ու ոչինչ չհասկանալով, ինձ էին հարցնում՝ ինչ ա ասում: Ես, որ անգլիական դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարանում պիտի լինէի, ու համագիւղացիներիս թւում էր, թէ արդէն անգլերէնով Շեքսպիր եմ կարդում, լաւագոյն դէպքում Yesterday, Come Together կամ Let It Be բառերն էի հասկանում, իսկ մնացեալը երեւակայութիւն էր… նաեւ մեր գիւղում Բիթլզի օրուայ մասնակից լինելու կարեւորութեան ու տարաշխարհիկ ինչ-որ բանի հաղորդակից լինելու զգացողութիւն: («Աշնակ՝ կուլտուրական համալսարան»):
Չծիծաղէք՝ մեր գիւղում նաեւ Հեմինգուէյի օրեր էին լինում: Համալսարանի բանասիրականի ուսանող մօրաքրոջս տղան քաղաքից իր հետ նաեւ «Գարուն» ամսագրի համարներ էր բերում, ու մօրաքոյրս որոշում էր, որ մեր գիւղի Փիրշնցի Վարդուշին կամ Տալուորիկցի Մայրամին Հեմինգուէյ պիտի կարդայ: Համ էլ կատակով աւելացնում էր՝ որ պարապ մնացին կը բամբասեն, աւելի լաւ ա զբաղացնեմ: Ու կարդում էր. փայտէ, ճռճռացող աստիճանների ու բակի քարերի վրայ տեղաւորւում էին Վարդուշը, Մայրամն ու նրանց թոռները ու մօրաքոյրս իրենց ցեղին բնորոշ արտիստական առոգանութեամբ կարդում էր «Կիլիմաջարոյի ձիւները»: Վարդուշը, Մայրամն ու նրանց աղջիկ թոռները լսում էին, տխրում, երեւակայում, երազում բարձրակրունկ կօշիկների, բնական մետաքսից ծաղկաւոր զգեստների, կարմիր շրթներկի, թափանցիկ զուգագուլպաների ու քաղաքի փողոցով սուրացող մեքենաների մասին: Բայց այս ամէնը երազ էր, ու նրանց նոյնիսկ քաղաք գնալը սեփական որոշում չէր, այլ յաջող ամուսնութեան հեռանկար: Ու նրանք մխիթարւում էին լուսանկարից իրենց նայող Հեմինգուէյի «սուիտր»ից գործելով, որ մոդային ու տարաշխարհիկութեանը մօտենալու գրեթէ միակ տարբերակն էր:
Նրանց հետ ես էլ Հեմինգուէյին առաջին անգամ մեր գիւղում ճանաչեցի, սիրեցի, ընտրեցի: (Աշնակ՝ կուլտուրական համալսարան):
Յետոյ, տարիներ անց, շատ տարիներ անց, Հեմինգուէյի՝ մեր գիւղում յայտնի այն «սուիտր»ով լուսանկարը տեսայ Բոստօնի ազգային գրադարանում: Մեր հայրենակից Իւսուֆ Քարշի լուսանկարների շարքում նաեւ այս բացառիկ դիմանկարն էր: Որտեղից այն ժամանակ աշնակցիներն իմանային, որ նկարի հեղինակը հայ է…
Բիթլզի առաջին համերգից անցել է 56 տարի, գրեթէ 61 տարի առաջ կեանքից հեռացել է Հեմինգուէյը: Մեր գիւղում առաջուայ պէս լսում են Բիթլզ ու կարդում Հեմինգուէյ:
Իսկ էս խառը, անհանգիստ ու տարօրինակ աշխարհում ինչ-որ մի տեղ պատերազմ է, քաղաքականութիւն, ընտրութիւններ, ռումբեր համալսարանի վրայ, իսկ կռիւներից ու արցունքից ազատ ժամերին աղջիկներն ու զինուորները երեւի Բիթլզ են լսում ու Հեմինգուէյ կարդում: