
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տնտեսական տատանումների ժամանակաշրջանում մասնագէտները փնտռում են օրինակներ, որոնց նախկինում կարողացել են հետեւել զանազան պետութիւններ ու նաւարկել են փոթորկի միջով: 80ականների վառ օրինակը Մեծ Բրիտանիան էր, որ պետական գոյքի մասնաւորեցման (թեթչերիզմի) ուղիով փայլուն կերպով դուրս եկաւ տնտեսական ճգնաժամից:
Մէկ այլ օրինակ է Սինգապուրի մոդելը: Այսօր յաճախ են յիշատակում այսպէս կոչուած Նորդիկ (սկանդինաւեան) երկրների օրինակը, որ մեր քննարկման առատրկայ կը լինի: Շուէդիան, Դանիան, Նորվեգիան եւ Ֆինլեանդիան ներկայ գունատ պայմաններում բաւական առողջ են երեւում, ամէն տեսանկիւնից: Այս երկրների բնակիչները օգտւում են լաւագոյն տնտեսական, կրթական, առողջապահական, եւ ընդհանուր առմամբ՝ գերազանց սոցիալական պայմաններից: Այստեղ բացակայ է հարաւային Եւրոպայի տնտեսական ալեկոծութիւնն ու Ամերիկեան ծայր աստիճան բեւեռացումը՝ ունեւորների եւ ընչազուրկների միջեւ:
70ականների եւ 80ականների ընթացքում հիւսիսային Եւրոպական այս երկրները աչքի էին ընկնում իրենց բարձր հարկերով եւ խոշոր չափի հասնող ծախսերով: 1993ին Շուէդիայի ազգային ծախսերը գերազանցեցին համախառն արտադրանքի 67 տոկոսի սահմանագիծը: Շուէդիան աշխարհի 4րդ ամենահարուստ երկրից դարձաւ 14րդը՝ 23 տարուայ ընթացքում: 1993 թուականից յետոյ ընկած ժամանակաշրջանում Շուէդիան աւելի է ազատականացրել իր տնտեսութիւնը, կրճատել է կառավարական ծախսերը, իսկ հարկերն այստեղ 22 տոկոս են, որ շատ աւելի նուազ է, քան Միացեալ Նահանգներում: Հիմնական ուշադրութիւնը սեւեռուած է եղել արտաքին պարտքի վերացման քաղաքականութեան վրայ, եւ այսօրուայ դրութեամբ արտաքին պարտք գրեթէ չունի: Դանիայում եւ Նորվեգիայում հանրային հիւանդանոցները տնօրինում են մասնաւոր հիմնարկ/ձեռնարկութիւնները, եւ առայժմ որեւէ բողոք չի հնչում այս բնագաւառներից: Կրթութեան մէջ գործում է վաուչերային համակարգը: Կրթական եւ առողջապահական համակարգներում տիրում է բացարձակ թափանցիկութեան սկզբունքը: Կառավարական այն պաշտօնեաները, որ իրենց համեստ չեն պահում եւ չափից աւելի դրամ են ծախսում, դառնում են ծաղր ու ծանակի առարկայ: Միաժամանակ գրանցուած է, թէ աշխատուժի 30 տոկոսը ներգրաւուած է կառավարական աշխատատեղիներում:
Այսպիսով այստեղ հաշտ ու համերաշխ, իրար կողք կողքի, ապրում են դրամատիրութիւնն ու սոցիալիզմը: Նոյնիսկ այնպիսի ընկերութիւններ, ինչպիսիք «ՍԱԱԲ»ը եւ «Վոլվօ»ն էր, միջամտութեան չարժանացան պետութեան կողմից, երբ ֆինանսական բարդութիւնների առջեւ կանգնեցին: Առաջինը սնանկացաւ, իսկ երկրորդը գնեցին չինացիները:
Սակայն այստեղ էլ առկայ են որոշակի խնդիրներ: Օրինակ, գաղթականների մեծ մասը պետական նպաստների վրայ է նստած այս երկրներում, իսկ երիտասարդ շուէդները աւելի յաճախ են նախընտտրում Լոնդոն չուել ու այնտեղ հաստատուել, ինչ ինչ նկատառումներով: Այս երկրների առաւելութիւններից թերեւս ամենագլխաւորը ազգային պարտաճանաչութեան զգացումն է: Այստեղ հիմնականում շատ աւելի մեծ պատրաստակամութեամբ են հարկեր վճարում, քան, ասենք՝ Կալիֆորնիայում, քանի որ քաջ գիտակցում են, թէ իրենց վճարած հարկերը ապահովում են գերազանց առողջապահական եւ կրթական համակարգեր, որոնցից անվճար օգտւում է ազգաբնակչութիւնը: Մարդիկ հիմնականում օրինապաշտ համբաւ են վայելում եւ հետեւում են կարգուկանոնի: Ահա այս վերջինն է, որ տասնեակ, գուցէ հարիւրաւոր տարիների ընթացքում է ձեւաւորւում, եւ պարզապէս ազատական կամ մտածուած կառավարական օրէնքների գծագրումը բաւական չի լինի կարծելու համար, թէ աշխարհի միւս երկրները կարող են հետեւել այս օրինակին: Օրէնքը իրագործողը ժողովուրդն է, որի հաւաքական մտածելակերպը արժանի է խորը ուսումնասիրութեան: Շուէդիայում էլ են կաշառք տալիս, օրինակ իմ վերջին յօդուածներից մէկում յիշատակել եմ, թէ ինչպէս այնտեղի բջջային օպերատորներից մէկը մօտ 300 միլիոն եւրոյի կաշառք էր տուել Ուզբեկստանում իր ներկայութիւնը հաստատելու ակնկալիքով: Հարցը ջրի երես էր դուրս եկել, եւ այս առումով դատական գործընթացը ուժի մէջ է: Արդիւնքում մեղաւորները կը բացայայտուեն ու արժանի պատասխան կը տան, անկախ այն հանգամանքից, թէ ով է կանգնած այս գործարքի ետեւում՝ լինի դա նախագահի, կամ վարչապետի խնամին: Երբ որ պետութիւնները կարողանան կանգնել այնպիսի զարգացման ուղու վրայ, որտեղ իւրաքանչիւր անհատ պատասխանատու կը լինի իր արած կամ չարած քայլերի համար, այդ պետութիւնը կարող է դուրս գալ տնտեսական ու բարոյական ճգնաժամից: Ինչպէս անհատները, այնպէս էլ պետութիւնները զերծ չեն սխալ գործելու հեռանկարից: Սակայն ինչպէս եւ անհատի պարագայում, պետութիւնը եւս պարտաւոր է բացայայտօրէն ընդունել իր սխալը որքան հնարաւոր է՝ շուտ, ու առաջ շարժուել յստակեցուած մարտավարութեամբ:
Աշխարհի խոշոր տնտեսագէտների ուսումնասիրութեան առարկայ է դարձել Նորդիկ մոդելը, եւ աւելի շատ թուով պետութիւններ են փորձում ընդօրինակել նրանց որդեգրած մարտավարութեանը, բայց արդեօք ինչպիսի՞ արդիւնքներ կը գրանցուեն, միայն ժամանակը ցոյց կը տայ: