
ՇՈՒՇԱՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
«Ա.».- Ընթերցողի ուշադրութեանն ենք ներկայացնում սոյն թուի Փետրուարի 21ին, «Ապրիլ» գրախանութում գրող Խորէն Արամունու հետ հանդիպման երեկոյի ընթացքում հեղինակի «Խաշաթաղ-Գլենդէյլ» գրքի մասին Շուշան Կարապետեանի խօսքը:
Ողջոյն յարգելի խաշաթաղցիներ, Խաշաթաղին սահմանակից հայաշատ քաղաքների բնակիչներ եւ «Խաշաթաղ»ի հեղինակ Խորէն Արամունու հետ հանդիպել ցանկացողներ:
Առաջին առիթը, որ ունեցայ Խորէն Արամունու «Խաշաթաղ»ը կարդալու՝ ինքնաթիռի մէջ էր: Ընտանիքով ճամփորդութեան էինք մեկնում եւ, անկեղծ ասած, յոյս չունէի, որ ընթերցելու հնարաւորութիւն էր լինելու, քանի որ հինգ տարեկան աղջիկս մեզ հետ էր: Բայց ի զարմանս ինձ եւ մեր կողքի ուղեւորների, մեր դստրիկը գրեթէ ամբողջ ընթացքում նկարեց եւ իր նկարչութեամբ հիացաւ ու հիացրեց ամբողջ անձնակազմին՝ ինձ թողնելով իմ խաշաթաղցիներին ուսումնասիրելու գործին: Հետեւեալը կատարուեց այդ վեցժամեայ խաշաթաղեան թռիչքի ընթացքում, կանոնաւոր եւ կրկնուող եղանակով.
Ինձնից կամայ-ակամայ ծիծաղ էր բխում: Յաճախ վստահ չէի ինչպիսի ծիծաղ, երբեմն՝ ծիծաղելի միջադէպ պատկերացնելու անկեղծ, լիաթոք ծիծաղ, երբեմն՝ քմծիծաղ, հաճելի կամ տհաճ, բայց ամէն դէպքում հարազատ երեւոյթին շատ լաւ ծանօթ լինելու արդիւնքով. երբեմն էլ ցնցումի հարուածից սթափուելու նպատակով էի ծիծաղում, անկախ ինձնից, այլ յարմար միջոց չգտնելով խոցուած վէրքի մրմուռը մարսելու: Իմ փոփոխական տրամադրութիւնը նկատելով աղջիկս զարմացած հարցրեց.
– Մամա, ի՞նչ ես անում:
– Գիրք եմ կարդում:
– Մամա, ինչո՞ւ ես ծիծաղում:
– Ծիծաղելի բան կարդացի,- ծիծաղելի՞ էր արդէօք, մտածեցի ես:
– Մամա, ինչո՞ւ են աչքերդ լցուել:
Յարմար պատասխան չգտնելով, լուռ աչքերս եմ սրբում:
– Մամա, ինչո՞ւ ես գլուխդ էսպէս անում,- կրկնօրինակելով իմ դժգոհ կեցուածքը (գլուխս էի տարուբերում զայրացած):
– æղայնացել եմ:
– Մամա՛, ի՞նչ գիրք է,- պնդեց աղջիկս:
– Հայերէ՛ն գիրք,- պարտաւորուեցի նշել հեղինակի կողմից:
– Մամա, ինչի՞ մասին է:
Կարճ, բայց խորհրդաւոր դադարից յետոյ. «Մե՛ր մասին է, Անի ջան»:
Անմիջապէս միտքս թռիչք կատարեց դէպի 2004 թուական՝ «Անվերադարձ ապագայ»: Խորէն Արամունին որպէս անհատ եւ գրող, ինձ համար բացայայտուեց, երբ ես խաղացի Կարինէի դերը նրա «Անվերադարձ ապագայ» պիեսում: Կերպարն այնքան հոգեհարազատ էր, որ ինքս ինձ տեսայ եւ գտայ նրա մէջ՝ արմատներից հեռացուած, բայց արմատների կարօտից եւ պակասից տառապող, իր հայ ինքնութիւնը, իր «ես»ը փնտռող մի աղջիկ:
«Խաշաթաղ»ն էլ է անձի «ես»ը բնութագրում, սակայն այս անգամ ոչ թէ «ես»ը փնտռող, այլ «ես»ը կորցրած հային, թէ՛ Սփիւռքում, մասնաւորապէս՝ Խաշաթաղում եւ թէ Հայաստանում:
Նախաբանի փոխարէն հատուածում հեղինակը նկարագրում է իր ստուերի կարճանալու ընթացքը, որը թէ՛ հետաքրքրութիւն եւ թէ մտահոգութիւն է առաջացնում: Արդեօք հնարաւո՞ր է ստուերը տրորել, կոխկռտել, ծածկել, թաղել, եւ եթէ արտաքին ստուերի հետ այս փորձերն ապարդիւն են, հապա ներքին ստուերը, «ես»ը հնարաւո՞ր է տարանջատել էակից եւ կորցնել: Քանի որ մենք՝ խաշաթաղցիներս վաղուց անուշադրութեան ենք մատնել մեր թափառող, մոլորուած ստուերը, Խորէն Արամունին փորձում է հանդիսանալ այն թափանցիկ ուժը, որը խիստ մեղմութեամբ կամ երբեմն մեղմ խստութեամբ, աստիճանաբար մեզ ծանոթացնում է մեր խեղաթիւրուած ստուերի հետ:
«Խաշաթաղ»ով հեղինակը մի անծայրածիր հայելի է պարզում իւրանքանչիւրիս առաջ եւ թոյլ չի տալիս որ անգամ մէկ պահ գլուխներս շրջենք իրականութիւնը դիտելու ընթացքից: Ի հեճուկս այն փաստի, որ յաճախ հայելու մէջ ինքներս մեզ դիտելուց ցնցւում, կծկւում ենք ցաւից, փշաքաղւում այդքան խորը ամօթ ապրելուց, բազմիցս՝ անյաջող փախուստի դիմում, նա անդադար եւ շարունակաբար ճնշում է գործում, որ յանկարծ մեր աչքերը մի կողմ չդարձնենք, չշեղենք մեր աղաւաղուած կերպարից:
Անցնենք բուն նիւթին՝ ԽԱՇ-ին: Ի սկզբանէ ծանօթանում ենք «խաշ» բառի եւ երեւոյթի ստուգաբանութեանը: Հեղինակը նկարագրում է, որ հին ընտրախաւն ու իշխանաւորներն անասունի գլուխը, տոտիկները, փորոտիքը, երբեմն նաեւ լեզուն, որպէս ուտելու համար ոչ առողջարար ու պիտանի մասեր, շպրտում էին ստրուկների առաջ. «Սոված ստրուկները, հաշուի չառնելով անասուններից իրենց բաժին հասած կտորների որակն ու ծանրամարս լինելը, ախորժակով ուտում էին»: Թէեւ այն ժամանակուայ սոված ստրուկներն այսօրուայ ընտրախաւն են, միեւնոյնն է, հեղինակը գրքի ամէն էջում, ամէն տողում մատնանշում է, որ «ստրկամտութիւնից դեռեւս չենք ձերբազատուել: Մինչեւ հիմա ստրուկի նման ինչ որ մեզ շպրտւում է, արագ լափում ենք, առանց մտածելու թէ դա սննդարար է մեր տեսակի համար, թէ՝ ոչ: Խաշաթաղցիներիս տեսակէտից, ամենակարեւորն այն է, որ մէր ֆիզիկական որովայնի աճը խաշ ուտելով ապահովենք: Մտաւորական ա՜ճ, զարգացու՜մ, սրանք աւելորդ հարցեր են…»:
Լաւ, ովքե՞ր են խաշաթաղցիները: Ինչպէս պատմութեան գրքի սկզբում, որը պիտի ներկայացնի տուեալ մի ազգ կամ երկրամաս, առաջին գլուխը սովորաբար նուիրուած է ակունքների ուսումնասիրութեան: Այդ նոյն մօտեցումով ծանօթանում ենք Խաշաթաղի հայկական ցեղախմբերին, որոնց թւում են աւանդական կուսակցական խմբերը, եւ սովետահայ, լեւոնական, հոգեւորական, բժիշկների, փաստաբանների, զանգողների ու անտարբերների ցեղերը: Ամէն ցեղ բնութագրուած է Արամունու ուրոյն զաւեշտախառն գրչով, ընթերցողին բոլորովին չսպասուած նկարագրութիւններով:
Գլխաւոր հերոսներին ծանօթանալուց յետոյ, կոչ անելով «Երկիր Նաիրի»ն, հեղինակի մօտ ցանկութիւն է առաջանում Եղիշէ Չարենցին եւ մեզ ներկայացնել Խաշաթաղի «հրաշալիքները», օրինակ Խաշաթաղի «դուխանները», որոնք մէկը միւսի կողքին բացուելով քաղաքին տալիս են «հայկական» դէմք: Առաջին հայեացքից մի գուցէ հնարաւոր չլինի զանազանել հայերի «դուխաններ»ի ազգային պատկանելիութիւնը, բայց մի քիչ քթածակ ունեցողը անմիջապէս կը կողմնորոշուի որն է պարսկահայինը, հայաստանցունը կամ Միջին Արեւելքի հայինը՝ ցուցանակների լեզուների ընտրութիւնից եւ վաճառուող ապրանքների տեսակներից: Արամունին Չարենցի հետ կիսւում է. «Տխուր է, չէ՞, շա՜տ տխուր է, իւրաքանչիւրը մի ազգի մշակոյթի ստրուկ, ոչ թէ տիրողի մշակոյթը գիտակցօրէն իւրացրած հայ, այլ անճարակ ստրուկ, որն իր հայրենասիրութիւնը արտայայտում է դուխանի ապակիներին փակցրած Եղեռնին նուիրուած ազդով Ապրիլ 24ին՝ «ՓԱԿ ԵՆՔ»:
Ինչպէ՞ս են մեր տարբեր ցեղակիցները «սգում» Ապրիլի 24ը. երիտասարդ ներկայացուցիչներն իրենց ինքնաշարժերը ի ցոյց դնելով, իսկ չափահասներն ամիսներ առաջ Լաս Վեգասում կամ Փալմ Սփրինգզում տեղ ապահովելով:
Հրաշալիքներից ընտրագոյնը. խաշաթաղցիները իւրայատուկ տաղանդ ունեն հաշմանդամների համար յատուկ թողարկուած արտօնագիր ձեռք բերելու, որը վարորդին իրաւունք է վերապահում ինքնաշարժը կանգնեցնել իրենց՝ հաշմանդամների համար նախատեսուած կանգառներում: Այդ արտօնագիրը ինքնաշարժի հայելուն կախելուց արդեօք երբեւէ չե՞նք ուղղում հայելին, որ ինքներս մեզ տեսնենք: Երեւի սպասում ենք, որ Խորէն Արամունի՞ն հայելին թեքի դէպի մեզ:
Մէկ այլ «հրաշալիք» ընձեռնուեց մեզ «Չարթեր Քոմունիքէյշն»ը ընկերութեան կողմից, «հնարաւորութիւն տալով ունենալու ազատ եւ անկաշկանդ հեռուստահաղորդաժամեր եւ առանց էթիկայի նորմերի պահպանման, առանց գրաքննութեան, ասել ու անել այն ամէնը, ինչը կարելի է, անգամ այն ամէնը, ինչը չի կարելի: Սովետական, Արեւելքի ու Միջին Արեւելքի ստրկամիտ, չտես կապանքներից փախած հայերիս համար ստեղծուած հիանալի առիթ, որ հանդիսանանք պրոֆեսիոնալ հաղորդավար «մասնագէտներ» եւ սնենք ու աճեցնենք պրոֆեսիոնալ զանգողների ցեղ: Էլ չեմ խօսում սերիալների մասին, որոնց միջով հայերս մեր «սուր հոտառութեամբ ու հային յատուկ ընդօրինակման ընդունակութեան (կապկելու) շնորհիւ, գտել ենք փող շինելու ճամբայ»:
Նոյնիսկ, աչքի ենք ընկնում մեր ճոխ մեռելաթաղութեամբ, որտեղ մեր «ես»ը դնում ենք ցուցադրութեան, գցում-բռնում, թէ մեր ուղարկած ծաղկեպսակն ինչպէս է համեմատւում միւսների պատուիրածների հետ, եւ թաղման արարողութիւնը դարձնում բեմականացուած երեւոյթ՝ show business:
Խաշաթաղի «հրաշալիքներ»ը անթիւ են:
Սակայն անձամբ ինձ համար ամենացաւոտ «հրաշալիքը» հայոց լեզուի խնդիրն է, այսինքն աւելի ճշգրիտ՝ խաշաթաղցիներիս ստրկամտութեան ծաւալն այս հարցում: Իհարկէ, բոլորս էլ պէտք է ընդունենք, որ լեզուն կենդանի երեւոյթ է, որն անհնար է դնել մի փոքրիկ արկղի մէջ եւ նոյն անփոփոխ կերպով փոխանցել սերնդէ-սերունդ: Որեւէ լեզու ազդեցութիւն է գործում իր միջավայրի վրայ եւ, փոխադարձաբար, միջավայրի ազդեցութիւնն է կրում, հետեւաբար, զարմանալի չէ, որ ունենք Խաշաթաղի բարբառ: Նորից մի փոքր գանձ Արամունու գրչից. «Մեծ Հայքի սահմանակից բոլոր քաղաքներում ապրում են մեծաթիւ հայեր, ովքեր դեռ, առայժմ, հըլա, տակաւին, հիմակ ու հիմա, կը խօսին հայերէն, խառը հայերէն, այնպիսի հայերէն, որը ոչ հայերէն է, ոչ արեւելահայերէն, ոչ էլ արեւմտահայերէն, կարելի է ասել՝ «խաշահայերէն»: Գուցէ հարցնես՝ հե՞ր բաբամ, ես կը պատասխանեմ, because խաշահայերէնը համեմուած կ՛ըլլայ արեւմտահայերէնով, արեւելահայերէնով, թուրքերէնով, պարսկերէնով, արաբերէնով, ռուսերէնով, անգլերէնով, իսպաներէնով, բաստուրմայով, խարդալով, սոմախով, սոխ ու սխտորով… Իսկ եթէ սրանց աւելացնենք իւրաքանչիւր տարբերակի համեմունքները՝ հնչերանգ, շեշտադրութիւն, նոր կամ կորցրած հնչիւններ…»: Սա հասկանալի է: Բայց մեր ստորակայութեան բարդոյթը մեզ երբեմն մղում է անհեթեթութեան: Արամունին նկարագրում է երկլեզու եկեղեցական արարողութիւն եւ հարցնում. «Ինչո՞ւ են մեր հոգեւորականները տասը օտարազգի հիւրերի համար սրբապղծում՝ թքում մեր մայրենիի վրայ»: Ես լաւ պատասխան չունեմ: Կամ արդեօք սրբապղծութիւն չէ՞, երբ շատերն իրենց երեխաներին քաջալերում են, որ անգլերէն խօսեն տանը, «հայերէնն ինչի՞դ է պէտք» կամ «յանկարծ անգլերէնն ակցենտով չխօսես» արդարացումով: «Սերունդ ենք դաստիարակում, կասկածի տակ չդնենք մեր ազգի ազնուական լինելը, եկէք չթունաւորենք մեր աճող սերնդին, նրան չը վանենք հայերից ու հայրենիքից: Իրենց արմատներից հեռացած իմ ու քո սերունդը վաղը, միւս օրը, եթէ պիտի թքի որեւէ մէկի երեսին, ամենամօտիկը փախուստ տուողներիս երեսն է լինելու…»
Ամբողջ գիրքը երկու անգամ ընթերցելու արդիւնքում ամենաշատը ազդուել եմ հետեւեալ կերպարից. խաշաթաղցի Յակոբը իր հայրենասիրութիւնն ապացուցելու նպատակով որովայնի վրայ դաջել է «պատմական» ու «ներկայ» հայաստանների քարտէսները: Խաշաթաղցիներիս համար Մեծ ու Փոքր Հայքերի քարտէսը, հին ու նոր քաղաքների, լեռների ու ճարտարապետական արժէք ներկայացնող աւերուած ու կանգուն յուշարձանների անունները ծառայում են որպէս ուղեցոյց ոչ թէ հայրենիքի տեղանունների եւ յիշարժան կոթողների, այլ՝ ռեստորանների, հրուշակեղէնի ու պարէնային խանութների: Այցելէք Ղարաբաղ, Անի, Հին Գիւմրի, Դուին, Զէյթուն, Կիլիկիա, Արաքս, Արարատ, Արմէնիա, Գառնի, Մուսայ Լեռ, Արագած: Ձեզ բարի ախորժակ:
Ահա «ես»ը կորցրած մարդը: Գիրքն աւարտւում է համանուն վերնագրով մենաթատրոնի ներկայացմամբ: «Կողոպուտ է, ինչ որ մէկը, կամ մէկերը, այսինքն ինչ-որ հանգամանքներ, ինձ կողոպտել են, «ես»ս գողացել են… Տարել են, «ես»ս են տարել, էութիւնս, այն ամէնը, ինչ տարիներ շարունակ մեծ զրկանքներով ու նուիրուածութեամբ ձեռք էի բերել, իմ կեանքի ողջ վաստակն ու ձեւաւորուած «ես»ն են տարել, ինքս ինձ չեմ գտնում…» Նոյնիսկ հայրենիքի քարտէսը դաջած մեր մարմնին, մեր որովայնները պրկած դուրս, մնացել ենք անհասցէ, դատարկ, անդէմ, ան«ես»: Կենցաղային անհրաժեշտ կարիքները բաւարարում ենք, սակայն հոգու սովն է մեզ ներսից քայքայում: Ախտորոշման համար նախ պէտք է ընդունենք հիւանդութեան գոյութիւնը, յետոյ նախանշանները մատնանշենք, բայց ոչ թէ որպէս քննադատող օտարական, այլ որպէս սրտացաւ հարազատ: Ահա Խորէն Արամունին, իսկական սրտացաւ հարազատի կատարեալ կերպարը, որը ստիպուած ապտակում է մեզ արթնացնելու համար: Անկեղծ ասած, ամէն կարդալուց այտերս այրւում են դառն իրականութեան ապտակների գրոհից: Դրա հետ միասին երեսիս մկաներն են ցաւում ծիծաղից, հազար ու մի տեսակ ծիծաղից, որոնք ուղղակի անհրաժեշտ են այս ցաւոտ ճշմարտութեան տառապանքները փարատելու: Եւ եթէ պիտի ապտակ ստանամ, նախընտրում եմ Արամունու հարազատ եւ կարեկից ձեռքից…
Կ՛եզրափակեմ Խորէն Արամունու առաջարկին միանալով, գալիք առիթներին, երբ նուէր տանելու խնդիր լինի, ում որ չէք սիրում, քաջալերում եմ նուիրէք հայերէն գիրք, յատկապէս Արամունու գրքերից, մասնաւորապէս՝ «Խաշաթաղը»: