ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Հայաստանում որոշիչ օրեր են, աշխարհում տնտեսական խառնաշփոթ, գուցէ կը մտածէք, այս ամէնը թողած, ինչի՞ մասին ես խօսում, ու ինչո՞վ ես անհանգստացած: Վերջին երկու իրադարձութիւնների կարեւորութիւնը ընդունելով, այսօր դարձեալ պիտի անդրադառնամ երաժշտութեանը, քանի որ այն շատերիս կեանքի անբաժանելի մասն է կազմում: Եւ խօսքը ոչ միայն երգի, այլ դրա միջոցով մարդկային նկարագրի ձեւաւորման ու ամրացման կամ՝ վերացման մասին է:
Երգ կամ մեղեդի են լսում ուրախ, տխուր, կամ որոշակի հոգեվիճակ ունեցած ժամանակ, կամ էլ պարզապէս նուագարկիչ են միացնում, առանց նոյնիսկ լսելու երգը, բնազդաբար: Պարզւում է, թէ լսած երաժշտութիւնը կարող է որոշակի ներուժ հաղորդել շրջապատին, մարդուն, ինչ որ չափով կանխորոշել գալիք պահը, օրը: Մասնագիտական մի ուսումնասիրութեան ժամանակ հոգեբանները պարզել են, թէ մօր որովայնում գտնուող չծնուած մանուկը բիրտ ու ագրեսիւ է դառնում, եթէ ծնունդից առաջուայ մէկ երկու ամսուայ ժամանակաշրջանում ապագայ մայրը աղմկոտ, ագրեսիւ երաժշտութիւն է լսում: Մէկ այլ ուսումնասիրութեան ժամանակ մաժորային (լաւատես-Խմբ.) դասական ե-րաժշտութիւն են հրամցրել նոր զարթնած երիտասարդ զոյգին եւ օրուայ վերջում պարզել են, թէ նրանք առոյգ ու կենսուրախ են անցկացրել օրը: Ուրեմն, կախուած նրանից, թէ ինչպիսի երգ երաժշտութիւն ենք մենք ընդունում, լսում, մեր ամբողջական կերպարն էլ ինչ որ ձեւափոխութեան է ենթարկւում եւ երգն այդ ինչ որ չափով ուղղորդում է մեր կեանքը: Նախորդ յօդուածներիցս մէկում նշել եմ, թէ ինչո՞ւ են մեր բազմահազար հայրենակիցներ թրքական կամ խիստ արեւելեան երաժշտութեան հանդէպ զարմանալի բերկրանք ու թուլութիւն տածում: Հաւանաբար, նրանք այդպիսի երգ երաժշտութիւն լսել են իրենց տանը, երբ մանուկ են եղել, եւ պապն ու տատը, կամ հայրն ու մայրը այդ երգերն են մրմնջացել կամ երգել: Իսկ ի՞նչ ենք լսում այսօր: Վաստակաշատ Պապին Պօղոսեանի հետ մի հարցազրոյցի ընթացքում ժողովրդական սիրուած երգիչը փորձում էր պատճառաբանել, թէ նախկինում գեղարուեստական խորհուրդ գոյութիւն ունէր, եւ նրանք ցածրորակ կամ թրքա-արաբական վատ երգեր (յատկապէս հայերէն բառերով) չէին հանդուրժի, եւ երիտասարդ կամ փորձառու երգիչը կարող էր «ցտեսութիւն» ասել իր կարիերային (ասպարէզին.- Խմբ.), միայն հարսանիքում կամ ռեստորանում կարող էր երգել: Բեմի կամ հեռուստատեսութեան մասին նա կարող էր ընդմիշտ մոռանալ: Պապինը նաեւ նշում էր, թէ ամէն ինչ իր տեղն ունէր, քէֆի երաժշտութիւնը՝ քէֆի ժամանակ, բեմի երգը՝ բեմում: Այսօր ամէն ինչ խառնուել է. բացարձակ ազատութիւնը որոշ մարդկանց մօտ ամենաթողութեան է վերածուել, ու ոմանք անում են այն, ինչ ուզում են: Եթէ 3 կամ 4 հազար դոլար տաս, կարող ես ցանկացած ոռնոց այստեղի հեռուստատեսութեամբ մէկ ամիս պտտացնել՝ ամէն օր: Իսկ այդ ընթացքում քանի տասնեակ կամ հարիւր երիտասարդ թիւրիմացութեան մէջ կ՛ընկնեն, մտածելով, թէ քանի որ հայկական հեռուստատեսութեամբ է նման բան հնչում, ուրեմն երգն էլ հայկական է, կարելի է գնել ու ինքնաշարժի մէջ դնելով ձայնը մինչեւ վերջ բացել ու «խրոխտ հայեացքով» ոտքը գազին դնել ու սլանալ Գլենոքս պողոտայով՝ 100 մղոն ժամ արագութեամբ: Բայց ինչպէս նախկինում եմ ասել, վտանգաւոր չէ, երբ թրքերէն, կամ արաբերէն, կամ պարսկերէն են լսում. վտանգաւոր է, երբ այդ նոյն երգերին հայերէն բառեր են հագցնում ու որպէս նոր «ստեղծագործութիւն»՝ մատուցում են հանրութեանը: Այս ընթացքում եթէ տուեալ երգիչը փող ունի, ապա վարձում է կատարեալ մի երաժիշտ երանգաւորողի, վերջինս էլ իր ամբողջ շնորքը դնում է «թոյն» երգը լաւագոյն գործիքներով ու երանգաւորմամբ մատուցելու համար, ու ստացւում է գերժամանակակից մի «հիթ»: Այսպիսի երգեր առաւել վտանգաւոր են, քանի որ քօղարկում են «թոյնը» գեղեցիկ, շատ անգամ՝ գերպրոֆէսիոնալ ելեւէջներով:
Վտանգաւոր է նաեւ, երբ սիրուած դերասան-երգիչը յանկարծ որոշում է թրքա-պարսկական մի երգ երգել, դարձեալ այնքան արեւելեան, որ չադրան ու պորտապարն են պակասում: Այս երիտասարդի անունը չեմ ուզում տալ, քանի որ չափազանց շնորքով է, գեղեցիկ, ունի երաժշտական փայլուն կրթութիւն ու աստուածահաճոյ ձայն: Միթէ՞ նա՝ հայկական իրականութեան այս նոր աստղը փողի այնքան կարիք ունի, որ ստիպուած է այդ աստիճանի կոմպրոմիսի (զիջողութեան.- Խմբ.) գնալ ինքն իր խղճի հետ ու երգել գերարեւելեան երգը հայերէնով: Տեսնէք թէ ազնուական ու գեղեցիկ դէմքերով քանի քանի օրիորդներ են հալւում այդ երգի «քաղցր» ելեւէջների տակ, որոնք այնքան շատ արեւելեան (քաղցր) են, որ մարդու սիրտ է խառնում: Փսխել կարելի է, բայց հազարներով լսում են, իրար փոխանցում: Այսպիսի մեծ ժողովրդականութիւն ունեցող երգիչ-դերասանները կարող են ցանկացած երգ երգել, ու ժողովրդի մի զգալի մասը դա կ՛ընդունի ու կը սիրի: Ինչո՞ւ սա չի հասկացւում: Ինչո՞ւ նորմալ երգեր չեն գրւում, կամ գուցէ գրւում են, բայց «աստղերի» համար հետաքրքիր չեն: Ես, որ մեծացել եմ արեւմտեան երաժշտութեան մէջ, միայն չափահաս տարիքում եմ ուշադիր լսել ու հասկացել, թէ ինչու է պէտք լսել Խաչատրեան, Կոմիտաս, Մանդակունի: Բայց իմ բախտը բերել էր այնքանով, որ մեր տանը միակ երաժշտասէրը ես եմ եղել, ու ոչ մի տեսակի այլ երաժշտութիւն, բացի իմ նախընտրածից, չի հնչել: Ժամանակ պահանջուեց, որ լսեմ ու տարբերակեմ իսկական հայկականը միւսներից: Ի դէպ, եթէ ինձ հարցնէին, թէ ո՞րն է բոլոր ժամանակների գրուած լաւագոյն ՀԱՅԿԱԿԱՆ ժամանակակից երգը, միանգամայն անկեղծութեամբ ընտրութիւնս կը կանգնէր Մանդակունու «Սիրելիս» երգի վրայ: Սա իհարկէ սուբյեկտիւ (ենթակայական.- Խմբ.) կարծիք է: Ո՞ւր են «Սիրելիս»ի նման նոր երգերը, ինչ է, ցամաքեցի՞ն, թէ՞ աւելի հեշտ է ծայրագոյն արեւելք գնալ, կիսամուղամախառը կլկլոցներ վերցնել, որպէսզի լսարանը աւելի մեծ լինի՝ այդպիսի համերգներին մարդիկ աւելի մեծ պատրաստակամութեամբ են տոմս գնում եւ իրենց ցնծութիւնն արտայայտում:
Նորից յիշում եմ ընկերներիցս մէկի խօսքը, ով պնդում էր, թէ ռեստորանում թրքական կամ ադրբեջանական երգ-մուղամ մատուցելիս մի այնպիսի կռիւ էր լինում, որ մէկն անպայման վնասւում էր, իսկ երաժիշտներն այդ օրը սովորաբար շատ փող էին տուն տանում: Բայց 80ականներին այսպիսի երգերը միայն ռեստորաններում կամ որոշ հարսանիքների ժամանակ էին հնչում, ոչ թէ բեմերից կամ հեռուստատեսութեամբ՝ ուր ճաշակ է ձեւաւորւում:
Ինքս ազատութեան ու անկախ մտածելակերպին երկու ձեռքով կողմ լինելով, յիշեցնում եմ ինձ, որ բացարձակ ազատութիւնը միշտ չէ, որ բարիք է բերում, այն կարող է փչացնել, կեղեքել, ու կործանել, եթէ ճիշդ ինքնագնահատական չտրուի:
Ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում «գեղարուեստական խորհուրդի» գալստեանը սպասել պէտք չէ: Չնայած ասում են, թէ ժամանակին դաշնակացական տղաները Բէյրութում կոտրում էին խանութներից թրքական երգեր նուագող հայերի ձայնագրիչները: Ահա այսպիսի «գեղարուեստական խորհուրդ» ունէին դաշնակցական «տղաքը»: Քանի որ այսպիսի մեթոդներն այսօր չեն խրախուսւում, մնում է, որ երգիչը ինքը իր վրայ հսկողութիւն սահմանի, ու հետ կանգնի իւրաքանչիւր գայթակղութիւնից, որքան էլ որ դա մեծ գումարի հետ է կապուած: Խաղասեղանին փողից շատ աւելի մեծ բան է դրուած՝ մարդկանց, յատկապէս մատաղ սերնդին թիւրիմացութեան մէջ գցել չգցելու հարցը:
Ասում են նաեւ, թէ ժամանակին բազմաթիւ հայ երգիչներ պարսկական, թրքական, ադրբեջանական երգերի ձայներիզներ էին պատուիրում, »հեռացար, մոռացար, ետ արի եաաար« բառեր էին դնում ու վաճառում էին իրենց «նոր» հայկական երգը: Այսօր այդ երգերը հնչում են ամենաբարձր բեմերից: Իսկ մոլորուած դեռահասները, ովքեր վաղը միւս օրը հայր ու մայր պիտի դառնան, պաշտօններ գրաւեն, իրենց զաւակներին ինչպէ՞ս պիտի ցոյց տան, թէ ո՞րն է հայկական երգ երաժշտութիւնը: Ջա՛ն եմ ասել: