
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Բաւական հետաքրքրական մի ակնարկ էր հրատարակուած այս շաբաթուայ բրիտանական մամուլում, որտեղ նշուած էր, թէ իրենց իրականութեան մէջ հասարակութիւնը բաժանուած է ոչ թէ 3 խաւի՝ աշխատաւորներ, միջին եւ ունեւորներ, այլ՝ 7: Աւանդական 3 խաւերը հաշուի առնելու դէպքում, Մեծ Բրիտանիայի բնակչութեան ընդամէնը 39 տոկոսն է ընկնում յստակ ձեւակերպումների տակ: Պարզւում է, որ նոր դասակարգումը ընդգրկում է աւելի լայն զանգուածներ: Նոր ձեւակերպման վերին հորիզոնականում են ընտրեալները՝ «էլիտա»ն, իսկ ստորին սանդղակին է precariat-ը (նոր տերմին), (բառեզր-Խմբ.), աղքատ, երերուն վիճակում գտնուող աշխատաւոր պրոլետարիատը (բանուոր դասակարգը-Խմբ.), ում գլխին կախուած է ամէն ինչ կորցնելու վտանգը: Աւելի քան 161 հազար քաղաքացիների շրջանում կատարուած հարցման արդիւնքները բաւականին հետաքրքրական են: Նախկինում դասակարգման հիմքում 3 բաղադրիչ էր ընկած՝ մասնագիտութիւնը, հարստութիւնը, կրթութիւնը: Վերջին հարցման ժամանակ հաշուի են առնուել, թէ ինչպիսի տնտեսական, սոցիալական եւ մշակութային արժէքների է պատկանում հարցուած միաւորը (մարդը): Տնտեսական միաւորի սահմանման մէջ են մտնում ստեղծուած առարկայական արժէքները՝ եկամուտը, խնայողութիւնները, կալուածքը: Սոցիալական միաւորը՝ ո՞ւմ եւ ի՞նչ որակի մարդկանց հետ է անձը շփւում, այսինքն, ի՞նչ որակի շրջապատ ունի: Մշակութային միաւոր ասելով սահմանել են, թէ մշակութային առումով մարդու հետաքրքրութիւնները ի՞նչ աստիճանի են, եւ որքանո՞վ է անհատը ներգրաւուած այդ հետաքրքրութիւնների մէջ: Ստորեւ ձեզ եմ ներկայացնում նոր հարցման արդիւնքում ի յայտ եկած խաւերին:
«Ընտրեալներ».- Մեծ Բրիտանիայում սրանք միւս բոլոր դասակարգերից աչքի են ընկնում իրենց հարստութեամբ: Այս խմբաւորմանը պատկանող մարդիկ վերը նշուած երեք չափանիշների առումով բարձրագոյն ցուցանիշների են հասել:
«Հաստատուած միջին դասակարգ».- Սրանք ունեցուածքով մի փոքր զիջում են վերեւիններին, ինչպէս նաեւ մի փոքր զիջում են մշակութային կապիտալի (ունեցուածքի-Խմբ.) առումով: Նրանք թուով ամենամեծ տոկոսն են կազմում դասակարգումների մէջ:
«Տեխնիկական միջին դասակարգ».- համեմատաբար փոքրաթիւ, նորաստեղծ, սակայն նշանակալից մի խումբ, ովքեր բարգաւաճել են, բայց ցածր արդիւնքներ են գրանցել սոցիալական կամ մշակութային կապիտալի առումով:
«Նոր ապահովուած աշխատաւորներ».- Երիտասարդների մի խումբ, ովքեր սոցիալական եւ մշակութային առումով բաւական ակտիւ են եւ կարողացել են իրենց համար միջին կարողութիւն ապահովել:
«Աւանդական աշխատաւորներ».- Բոլոր երեք կատեգորիաներում (դասակարգերում-Խմբ.) այս խումբը ցածր արդիւնք է գրանցել, բայց ամբողջութեամբ ընչազուրկ չէ: Սրանց կալուածքների արժէքները միջին սահմանի են, ընդհանուր առմամբ:
«Նոր կազմաւորուող ծառայողներ».- Երիտասարդ քաղաքաբնակների նոր կազմաւորուող մի խումբ, ովքեր համեմատաբար աղքատ են, բայց սոցիալական եւ մշակութային բարձր կապիտալ ունեն:
«Պրեկարիատ, կամ երերուն դիրքի վրայ կանգնած պրոլետարիատ».- Ընչազուրկներ, ովքեր շատ ցածր սոցիալական եւ մշակութային կապիտալի տէր են:
Նախկինում ընտրեալներին դասում էին ղեկավար աշխատողների եւ յաջողակ մասնագէտների կողքին, բայց այժմ նրանք աւելի յստակօրէն են առանձնանում միւսներից: Ամենաընչազուրկները կազմում են բնակչութեան 15 տոկոսը: Մասնագէտների վկայութեամբ, նմանօրինակ նոր մօտեցումը աւելի յստակ պատկերացում է տալիս հասարակարգում առկայ շերտերի վերաբերեալ: Ինչպէս նախկինում, պատկերը միանգամայն պարզ է բարձր եւ ստորին դասակարգերի վերլուծաբանութեան ժամանակ: Միջին մասում գտնուող խաւերի դասակարգման յստակեցումը աւելի լայն հնարաւորութիւններ է բացում ամենատարբեր բնագաւառի մասնագէտների համար:
Հաստատուած միջին դասակարգում է այսօրուայ անգլիացիների 25 տոկոսը, իսկ աւանդական աշխատաւորական դասակարգը կազմում է բնակչութեան 14 տոկոսը: Այս վերջին հատուածը աւելի մասնատման է ենթակայ տնտեսական ճգնաժամի հետ կապուած, քանի որ ահագնացող գործազրկութիւնը սպառնում է ջնջել նրանց երբեմնի համեմատական բարեկեցութիւնը, երբ մարդ կարողանում է իր աշխատանքով պահել իր ընտանիքը, առանց անհանգստանալու, թէ ինչ է դնելու սեղանին յաջորդ օրը, յաջորդ շաբաթ ու ամիս:
Այս նիւթը պատրաստելիս ակամայ մտածում էի, թէ նոր դասակարգումը ինչպիսի՞ արդիւնքներ կը տայ Հայաստանում:
Ունե՞նք արդեօք «ընտրեալներ», ովքեր գերհարուստներ են ոչ միայն նիւթականով, այլ իրենց սոցիալական եւ մշակութային կապիտալով, եւ որքա՞ն է նրանց թիւը: Իսկ ի՞նչ դասակարգման են ենթարկւում նրանք, ովքեր ահա տասնեակ եւ աւելի տարիներ է, ինչ աշխատանք չունեն: Գուցէ Հայաստանում եւ նոյն կարգավիճակի միւս երկրներում հարցում անցկացնելիս՝ կարիք կը լինի աւելացնել կամ պակասեցնել դասակարգերի թիւը, փոփոխութեան ենթարկել ձեւակերպումներն ու մօտեցումները: