ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ապրիլի 9ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձութիւնները ի յայտ բերեցին իրողութիւններ, որոնք ակնյայտ են դարձնում թէ՛ բացասական եւ թէ՛ դրական յստակ միտումներ: Նախ՝ Ապրիլի 9ին վերջնականապէս պարզ դարձաւ, որ ոչ թէ շարժումն է Րաֆֆի Յովհաննիսեանինը, այլ Յովհաննիսեանն է շարժմանը՝ բառի բուն իմաստով:
Այդ օրը Ազատութեան հրապարակում Յովհաննիսեանն առաջնորդւում էր ոչ թէ իր պլանով (ծրագիրով-Խմբ.), ոչ թէ յստակ նպատակադրումներին ուղղուած յստակ սցենարներով, այլ բացառապէս հանրային տրամադրութիւններին տուրք տալով: Նա փաստացի կորցրել էր վերահսկողութիւնը հանրութեան նկատմամբ եւ ամէն կերպ Բաղրամեան 26 գնալու նրա ձգտումը թելադրուած էր առաւելաբար հէնց հասարակական ակնկալիքներին տուրք տալով: Րաֆֆի Յովհաննիսեանը պարզապէս ի վիճակի չէր այդ հոսանքին դէմ գնալ:
Սովորական իրավիճակում սա այնքան էլ էական հանգամանք չէ: Սակայն երբ խնդիրը յանգում է իշխանութեան կամ ոստիկանութեան հետ հնարաւոր բախումներին, նման անվճռականութիւնը դառնում է ճակատագրական: Հանրութեանը պատ կազմած ոստիկանութեան առջեւ մենակ թողնելն ու առանց տրամաբանութեան Ծիծեռնակաբերդի յուշահամալիր գնալը պարզապէս փախուստ էր պատասխանատուութիւնից: Յովհաննիսեանի նման վարքագծի մոտիւացիան (մղիչ ազդակը-Խմբ.), թերեւս այն էր, որ նա տուեալ պահին հասարակութիւնից հեռանալը, մեկուսանալը համարեց պայթիւնավտանգ իրավիճակը լիցքաթափելու լաւագոյն տարբերակ: Բայց նա չէր հաշուարկել, որ առանց փաստացի ղեկավարման մնացած զանգուածը շատ արագ վերածւում է անուերահսկելի ամբոխի, որը կարող է սրբել իր ճանապարհին ամէն ինչ, եւ գործնականում՝ նման դէպքում՝ ուղղակի հնարաւոր չէր լինելու խուսափել երկրորդ Մարտի 1ից: Պարզապէս Յովհաննիսեանի բախտը բերեց, որ զանգուածն ինքնաբերաբար ամբոխի չվերածուեց:
Ապրիլի 9ը վերահաստատեց, որ Րաֆֆի Յովհաննիսեանը երկարաժամկէտ պլաններ կազմել պարզապէս չգիտի: Վերջին շրջանի նրա գործունէութեան միակ նպատակակէտը Ապրիլի 9ն էր: Եւ երբ հրապարակում երդման ակցիայից (ցուցական արարքէն-Խմբ.) յետոյ պարզ դարձաւ, որ Ապրիլի 9ը, իմաստային առումով, արդէն անցել է, նա սկսեց գործել տարերայնօրէն: Դա ակնյայտ կերպով դրսեւորուեց թէ՛ երթը չպլանաւորուած դէպի Բաղրամեան փողոց շրջելու, թէ՛ Դեմիրճեան փողոցում ոստիկանական «դուբինկաներ»ի (մահակ-Խմբ.) տակ յայտնուած երիտասարդ ակտի-ւիստներին փաստացի մենակ թողնելու եւ թէ՛ օրուայ վերջում խոստացած ծրագրային ելոյթն ունենալու փոխարէն կրկին դէպի Բաղրամեան արշաւելու «հրահանգ» տալու միջոցով: Նման կերպարները, որոնք ապրում են օրուայ զգացողութիւններով ու առաջնորդւում պահի թելադրանքով, ի զօրու են ընդամէնը կայծ առաջացնել, նրանք այդ կայծը հրդեհի վերածելու ունակութիւն չունեն: Եւ Րաֆֆին էլ չունեցաւ: Ապրիլի 9ը նաեւ ցոյց տուեց, որ «Բարեւի շարժումը» չունի նաեւ կազմակերպչական ներուժ: Այնտեղ բացակայում էր թիմը: Երբ առաջնորդը ինքնամեկուսացել էր Ծիծեռնակաբերդում, շարժումը մնացել էր անղեկավար՝ նման այն անգլուխ հեծեալին, որին իներցիայով դեսուդեն է տանում սեփական նժոյգը: Ո՛ւմ մտքով ի՛նչ անցնում էր՝ զանգուածներին ուղղորդելու առումով, այդ պահին ոչ միայն հարկ էր համարում բարձրաձայնել, այլեւ ինքնագործունէութիւն ծաւալել: Արտաքուստ դա նման էր պատասխանատուութիւնը վերցնելու փորձերի: Բայց երբ նման յայտ ներակայացւում է միաժամանակ մի քանի հոգու կողմից, դա արդէն նմանւում է անիշխանութեան եւ ինքնագլխութեան:
Որքան էլ առաջին հայեացքից թուայ տարօրինակ, Ապրիլի 9ին ոստիկանութիւնը շատ աւելի ողջախոհ գտնուեց, քան Րաֆֆի Յովհաննիսեանը: Ոստիկանութիւնը չգնաց Յովհաննիսեանին որեւէ պարագայում բերման ենթարկելու, ձերբակալելու՝ չնայած վերջինս անընդհատ հէնց դա էր դրդում: Նախ յայտարարեց, թէ այս օրը թող լինի ձերբակալութիւնների օր, յետոյ մի քանի անգամ փորձեց անձնապէս բախման մէջ մտնել ոստիկանութեան հետ՝ անընդհատ ձեռնաշղթաներ հագնելու պատրաստակամութեան ժեստեր անելով: Եթէ նա կարողանար հասնել իր այդ նպատակին, ապա իրավիճակը կտրուկ դառնալու էր անվերահսկելի, եւ արիւնալի բախումները լինելու էին անխուսափելի: Պարզ ընդգծուեց, որ ոստիկանութիւնը, գոնէ այն մակարդակում, որում գտնւում էր զանգուածային տրամադրութիւնը, առաջնայնութիւնը տալիս է բանակցութիւններին՝ երբեմն նեարդային (ջղագրգիռ-Խմբ.), երբեմն՝ կոշտ: Եւ սա ցանկացած դէպքում շատ աւելի նախընտրելի է, քան ֆիզիկական բռնութիւնների դիմելը: Ի հարկէ, դրանցից խուսափել չյաջողուեց ցանկացած դէպքում: Սակայն դրանց մասշտաբները նկատելիօրէն փոքր էին եւ դրսեւորւում էին միայն ծայրայեղ դէպքերում: Ոստիկանութիւնը դասեր է քաղել հնգամեայ վաղեմութեան ողբերգական դէպքերից, եւ սա կարելի է ձեռքբերում համարել: Նոյն կերպ եւ շատ աւելի ողջախոհ գտնուեց երթի դուրս եկած զանգուածը: Այն իրեն շատ աւելի ադեկուատ (պատշաճ-Խմբ.) պահեց, քան շարժման ղեկավարները, եւ դրանով իսկ հասկանալի դարձրեց, որ արդէն գործ ունենք ոչ թէ խառնամբոխի, որը պատրաստ է հեշտութեամբ տրուելու ցանկացած սադրանքի, այլ՝ հասարակութեան հետ:
Ազատութեան հրապարակում տօն է տալիս քաղաքացիականութեան ոգին: Եւ այն սկսել է ծաւալուել, վերածուել գիտակցութեան, որն արդէն ուղղորդում է հանրային գիտակցութիւնը եւ դառնում նրա ինքնապաշտպանութեան հիմնական գրաւականը: Եւ ինչպիսի՛ ընթացք էլ ունենայ այս շարժումը, այն արդէն տուել է պտուղներ, եւ դա ամենակարեւոր արժէքն է:
Himnagan antzoutartzin Djshmardoutyoun!!!
Հարգելի Գէորգ,
Կներեք ինձ, բայց անցած իրադարձությունների Ձեր գնահատականը համարում եմ մակերեսային :Համոզված եմ, որ ապրիլի 9-ը մեր ժողովուրդի պատմության հերթական ողբերգական օրն էր: Եվ ոչ միայն : Մեր ժողովուրդը այդ օրերին կորցրեց կամ չկարողացավ ոգտագործել (ինչպես ցանկանում եք) ստեղծված մի հազվագյուտ պատմական հնարավորություն, երբ կարող էր վերականգնել իր ազգային արժանապատվութունը, Հայի արժանապատվութունը, ազատվելով վերջին 15-18 տարվա ընթացքում ձևավորված քրեական-խմբիշխան վարչակարգերից, որոնց գործունեության հետեվանքով, եթե մեր ամբողջ ազգը վերջ ի վերջո չստափվի, առանց որևէ կասկածի հաջորդ մի քանի տարում հայ ազգը կորցնելու է իր պետականությունը : Կամ, ավելի ճիշտ, այն, ինչ մնացել է այդ պետականությունից: Դրանում համոզվելու համար բավական է ընդամենը ուշադիր վերլուծել Հայաստանին վերաբերվող այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մի քանի օրվա ընթացքում, ապրիլի 8-ից 10-ը: Եվ պետք է պարզ լինի, որ այդ իշխանությունները ուրիշ ելք չունեն, քանզի ոտքերով-ձերքերով կապված են, ամբողջովին կախված են ուրիշ երկրների իշխանություններից, որոնք իրենց մոտ ունեն այսօրվա մեր երկրի կառավարիչներին վերաբերվող եվ իրենց քրեական գործունեությունը բացահայտող բազմակողմանի վարկաբեկիչ փաստաթղթեր, նյութեր:Այդ քրեական-ոլիգարխ խումբը հասկանում է դա, եվ իրենց կաշին եվ կողոպտածը փրկելու համար պատրաստ է զոհաբերել մեր պետականությունը եվ, ավելին, ոտնահարել մեր Ազգային Պատիվը : Դրանով իսկ իրականացնելով 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկսզբի ցարական մի մեծ խումբ քաղաքական գործիչների իղձերը,որոնք արտահայտում էր “Կովկաս” տերթի խմբագիր Վելիչկո անունով մեկը, ասելով :”Մեզ պետք է Հայաստանը, բայց առանձ հայերի:” Համարում եմ, որ վերջին իրադարձությունները ողբերգական էին նաև երկու քաղաքական գործիցների համար` – Սերժ Սարգսյանի եվ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Առաջինը հնարավորություն ուներ, խելամտորեն օգտագործելով Րաֆֆիի նախաձերնած շարժումը, ազատվել իր քրեական-խմբիշխան շրջակայքից եվ մնալ մեր պատմության մեջ Արցախի հերոս-ազատամարտիկ և քաջ քաղաքական գործիչ: Բայց կամ չկարողացավ, կամ չուզեց: Դե ինչպես ռուսներն են ասում, իսկական հերոսը նա է, ով պատվով անցնում է կրակը,ջուրը եվ պղնձե շեփորները: Ցավոք,պարոն Սարգսյանը չկարողացավ պատվով անցնել պղնձե շեփորների միջով եվ դառնալ, այդ ասացվածքի համաձայն, իսկական հերոս: Իսկ Րաֆֆին,ցավոք,նույնիսկ չկարողացավ պատվով անցնել կրակն ու ջուրը : Եվ դրանով երկուսն ել լցրեցին հուսահատությամբ մեր ժողովուրդը,եվ ավելի փոքրացրեցին մեր պետականության պահպանման եվ մեր Վերածննդի հեռանկարները :
Առանց մեր շուրջը կատարվող իրադարձությունների խոռը հասկացողության,առանց համազգային անհապաղ գործողությունների մենք կշարունակենք այս կործանիչ երթը :
Հարգանքներով “ Գէորգ Հովսեփյան