ՍԷՅԴ ՄՈՒՀԱՄՄԵԴ ԱԼԻ
ՋԵՄԱԼԶԱԴԷ
Թարգմ.՝ ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
ԽՄԲ.- Հայ ժողովրդի բարեկամ, պարսիկ մեծ մտաւորական, պատմաբան, ցեղասպանագէտ, քաղաքական գործիչ, գրող ու հրապարակագիր Էսմայիլ Ռայինի «Հայերի զանգուածային կոտորածները» գիրքը պարսկերէնով առաջին անգամ լոյս է տեսել 1970 թուականին, Իրանում:
Գիրքը հայերէնի է թարգմանել արձակագիր, դրամատուրգ Խորէն Արամունին, որից մեր ընթերցողին ենք ներկայացնում գրքում տեղ գտած պարսիկ մեծ գրող Սէյդ Մուհամմեդ Ալի æեմալզադէի՝ ականատեսի յուշերից մի հատուած:
Իրանի հռչակաւոր արձակագիր եւ պարսկական նորագոյն նովելի հիմնադիր Սէյդ Մուհամմեդ Ալի æեմալզադէն, որի գրքերը՝ «Լինում է չի լինում», «Գժանոց», «æրկիրի ճամբան» եւ այլն, մշտապէս երիտասարդ գրողների համար ուսուցողական ձեռնարկ են լինելու, ճիշդ այն օրերին, երբ օսմանահայերը թափառում էին անապատներում եւ մահուան հրէշը սաւառնում էր նրանց գլխաւերում՝ նա անցաւ մահուան եւ սպանդի այդ երկրով:
Նա այն ամէնը ինչ անձամբ տեսել ու վկայ է եղել, գրառել եւ հրատարակել է «Իմ անձնական դիտարկումները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» վերտառութեամբ:
***

«Իմ ճամբորդութիւնը Բեռլինից դէպի Բաղդադ, Առաջին համաշխարհային պատերազմից մի քանի ամիս անց, 1915թ. գարնանն էր: Թողնենք այն, որ Իրանի եւ Օսմանիայի թշնամիների, այսինքն՝ Ռուսաստանի եւ Անգլիայի դէմ, Թուրքերի ու նրա դաշնակիցների հետ ուս-ուսի կռուելու եւ բարեացակամօրէն նրանց ծառայելու նպատակով էի ճամբայ ընկել: Ստամբուլ մուտք գործելուն պէս, ընկայ օսմանական ոստիկանների ձեռքը: Երկար բարակ հարցաքննութիւններից յետոյ, օրինակ, եթէ մուսուլման ես, ինչո՞ւ ես եւրոպական գլխարկ կրում, եթէ իսկապէս իրանցի ես, ինչո՞ւ թուրքերէն չես խօսում՝ ձերբակալուեցի: Գտնւում էի ոստիկանութեան բանտ դարձած՝ յունական մի հիւրանոցում: Օրեր շարունակ ոչ ոք չգիտէր որտեղ եմ եւ ինչ է կատարուել ինձ հետ: Օսմանցի կոմիսարներից մէկը ապտակի սպառնալիքի տակ ցանկանում էր ինձ ստիպել թուրքերէն խօսել: Վերջապէս ազատ արձակուեցի եւ երկաթգծով Ստամբուլից ուղեւորուեցի դէպի Հալէպ:
Յետոյ յայտնի դարձաւ, որ այդ տարիներին Թուրքիային պատկանող Հալէպ տանող երկաթգիծը դեռեւս ամբողջութեամբ չէր կառուցուել, եւ ճանապարհի մի հատուածը պէտք է գնայինք գրաստով, կառքով կամ փոքրիկ ձիասայլով: Գիշերը վրայ հասաւ: Ես մտադրուեցի գիշերել մի գիւղի խղճուկ թէյարանում եւ յաջորդ իսկ առաւօտեան շարունակել ճանապարհս:
Ծուարեցի թէյարանի անկիւններից մէկում եւ քանի որ թուրքերէն չգիտէի՝ զրուցակից չունէի: Հետս ֆրանսիական մի վէպ կար, սկսեցի ընթերցել: Յանկարծ ինձանից մի քանի տարով աւելի մեծ մի երիտասարդ, շուրջ քսանհինգ տարեկան, հրճուանքով ինձ մօտեցաւ ու ֆրանսերէնով ասաց. «Ինչպէս երեւում է դուք ֆրանսերէն գիտէք…»: Գիտեմ՝ ասացի, ուրախացաւ եւ շուտով մեր զրոյցը տաքացաւ: Պարզուեց, որ երկուսս էլ ֆրանսերէնը սովորել ենք Բէյրութում եւ նոյն դպրոցում: Ասաց. «Ես այստեղ հեռագրող եմ եւ միայնակ եմ, ինչքան գիրք ունէի կարդացել եմ, եթէ կարող էք մէկ-երկու ֆրանսիական գիրք տալ ինձ, պատրաստ եմ ինչ գնով էլ լինի՝ վճարել»: Կիսատ թողած ձեռքիս գիրքը, որպէս յիշատակ, նուիրեցի նրան ու աւելացրի. «Ճամպրուկիս մէջ ուրիշ գրքեր էլ ունեմ, ձեզ կը տամ»:
Շատ շնորհակալ եղաւ: Ինձ հրաւիրեց թէյարանից դուրս, իր սենեակում, որը նաեւ հեռագրատունն էր՝ գիշերելու: Անսպասելի էր այդ շնորհը, ընդունեցի եւ գնացինք իր սենեակը: Անմիջապէս սկսեց ճաշի եւ խմիչքի պատրաստութիւն տեսնել, ասաց, որ Հալէպում եւս ընկերներ եւ ծանօթներ ունի, նրանց կը պատմի իմ մասին, որպէսզի ինձ դէպի Բաղդադ ուղեւորուելու ճանապարհին անհրաժեշտ օգնութիւնը ցուցաբերեն:
Կերանք, խմեցինք, ասինք, լսեցինք եւ, ի վերջոյ, ճրագը մարեցինք ու քուն մտանք: Լոյսը բացուելու վրայ էր, երբ դրսում աղմուկ-աղաղակ բարձրացաւ: Արթնացանք, երիտասարդը, որն ի միջի այլոց յայտնել էր իր հայ լինելու մասին, դրսի պատահարի մասին իմանալու նպատակով գիշերանոցով դուրս գնաց ու անմիջապէս վերադարձաւ: Շարժումների եւ դէմքի վրայ սարսափի խոր հետքեր կային: Ինձ միայն ասաց, որ ժանդարմները մի խումբ հայերի են բերել, եթէ իմանան, որ ես հայ եմ՝ գերի կը դառնամ: Նա յուզմունքով ու տագնապով, իր սենեակը, իրերն ու ունեցուածքը թողեց ինձ ու անյայտացաւ:
Այդ րոպէներից, հէնց այդտեղ՝ Օսմանիայում, Առաջին համաշխարհային պատերազմի առաջին տարիներին, առաջին անգամ ականատեսը եղայ թշուառ հայերի դաժանաբարոյ տանջանքներին ու խոշտանգումներին եւ ինչպէս հաւանաբար գիտէք, հինգ հարիւր հազարների սպանութեանը: Գրառման արժանի բազում դժուարին պատահարներով, Եփրատի ափին, արաբների կողմից, իմ գումարով պատրաստուած «Շախտէոր» անունով փայտաշեն մի նաւակով 22 օր ճամբորդելով Եփրատի ջրերի վրայ՝ հասանք Բաղդադ:
Բաղդադում, ինչպէս հաւանաբար լսել էք, մեր ընկերների օգնութեամբ, այդ թւում հանգուցեալ Էբրահիմ Փուրդաւուդի եւ հանգուցեալ Հաջ Էսմայիլ Ամիրխիզի ջանքերով հիմնեցինք «Ռաստախիզ» պարբերականը եւ քանի որ անգլիացիները Քութայ Օլ Էմարէի ուղղութեամբ մօտենում էին Բաղդադին՝ մենք տեղափոխուեցինք Քերմանշահ, իսկ այնտեղից էլ տեսնելով ռուսական բանակի մօտեցումը (ի միջի այլոց, անգլիացիները պարտուել ու չէին կարողացել հասնել Բաղդադ) դարձեալ մի շարք այլ ազգայնակաների հետ վերադարձանք Բաղդադ, ապա այնտեղից էլ ուղեւորուեցինք դէպի Ստամբուլ եւ Բեռլին:
Ես ընկերներիցս աւելի շուտ մեկնեցի Բաղդադից: Ընդհանուր առմամբ ճամբորդութիւնս տեւեց տասնվեց ամիս: Ինձ հետ էին Իրանի ժանդարմերիայում պաշտօնավարող երկու շուէդ սպաներ, տարիներ Իրաքի Սոլթանապատում բնակուող շուեյցարացի մի բժիշկ եւ Հաջ Մոհամմադ Բաղեր Քաշանի անուանումով մի իրանցի, որը դաժան ճակատագիր ունեցաւ: Բոլորս էլ սայլակով ու կառքով Բաղդադից, Արաբստանի ու Հալէպի ճանապարհով ուղեւորուեցինք դէպի Ստամբուլ: Հէնց առաջին իջեւանատանը հանդիպեցինք եւ առնչուեցինք հայերի բազմաթիւ խմբերի, որոնց զինուած ժանդարմներն ու հեծեալ թուրքերը անհաւատալի կերպով, հետիոտն, քշում էին դէպի մահ ու կործանում:
Սկզբում շատ զարմանալի էր թւում, սակայն կամաց-կամաց այնպէս ընտելացանք այդ տեսարաններին, որ երբեմն չէինք էլ նայում, եւ իսկապէս նայելու բան էլ չկար: Հարիւրաւոր հայ կանայք եւ տղամարդիկ իրենց երեխաներով մտրակի եւ հրացանի հարուածների տակ, հետիոտն եւ ուժասպառ առաջ էին քշւում: Տղամարդկանց մէջ չկային երիտասարդներ, քանզի բոլոր երիտասարդներին կամ ռազմաճակատ էին ուղարկել, կամ զգուշանալով (որպէսզի չմիանան ռուսական բանակին)՝ սպանել էին:
Հայ աղջիկները մազերը խուզել՝ իսպառ ճաղատ էին դարձել, որպէսզի թուրք եւ արաբ տղամարդիկ չբռնաբարեն իրենց: Կին եւ տղամարդ, ահել ու ջահել լաթերով, թղթերով, թելերով ու պարաններով իրենց համար, փոքրիկ օրօրոցների պէս կօշիկներ էին պատրաստել: Մի քանի հեծեալ ժանդարմներ այս խմբերին, ոչխարի հոտի պէս, մտրակի հարուածների տակ, առաջ էին քշում: Եթէ գերիներից մէկը գերհոգնածութիւնից, ուժասպառ լինէր կամ բնական պահանջից ելնելով հետ մնար խմբից, յաւիտենապէս հետ էր մնալու: Ապարդիւն էին հարազատների ու մերձաւորների լացն ու հառաչանքները: Տեղ-տեղ, ճանապարհի եզրերին, տեսնում էինք ընկած ու մահացած, կամ հոգեւարքի մէջ գտնուող հայ կանանց եւ տղամարդկանց: Յետոյ իմացանք, որ այդ վայրերի որոշ երիտասարդներ իրենց վաւաշը յագուրդ տալու համար, անգամ մեռած կամ հոգեւարքի մէջ գտնուող հայ աղջիկների պատիւն են պղծել:
Մեր ճանապարհը ձգւում էր Եփրատի արեւմտեան ափով, մերթ մօտենում, մերթ հեռանում էինք ափից: Չկար այնպիսի օր, որ գետի մէջ չհանդիպէինք դիակների:
Ցերեկները ճամբորդում, իսկ գիշերները, մեր եւ ձիերի հանգստի համար, փորձում էինք օթեւանել յարմար մի վայրում՝ ընթրել եւ գիշերել: Մի գիշեր իջեւանեցինք համեմատաբար շէն մի վայրում եւ կարողացանք տեղի բնակիչներից մի գառ գնել, մորթել ու խորովել: Հացահատիկային պաշար, այդ թւում՝ ոսպ, բրինձ, սիսեռ եւ լոբի ունէինք, բայց մի քանի օր մսի համը չէինք առել, խորոված ուտելու մեծ ախորժակ ունէինք: Գառան փորոտիքը այդ մօտիկ տարածքում դուրս էինք թափել, կանաչ հեղուկ էր, կանաչ ճաշի պէս հեղուկ: Յանկարծ նկատեցինք, որ մի խումբ հայեր, որոնց ժանդարմները մեր կողքին օթեւան էին յատկացրել, ընկել են այդ հեղուկի վրայ եւ ագահօրէն ուտում են: Մի տեսարան, որ երբեք չի մոռացուելու:

Մի օր էլ, տեղաւորուեցինք մի տեղ, ուրիշ մի շրջապատում, օսմանցի հեծեալ ոստիկանների հսկողութեան ներքոյ, հայերի մի հոծ քարաւան էր վխտում: Մի հայ կին մեռեալի դէմքով մօտեցաւ ինձ եւ ֆրանսերէն ասաց. «Ի սէր Աստծոյ այս երկու ադամանդները գնէք ինձանից եւ փոխարէնը մի քիչ ուտելիք տուէք մեզ, երեխաներս սովից մեռնում են»: Հաւատացէք, ադամանդները չվերցրի, նրան մի քիչ ուտելիք տուեցի: Մեր պաշարը նոյնպէս կամաց-կամաց սպառւում էր: Մինչեւ Հալէպ հասնելը դեռեւս մի քանի օրուայ ճանապարհ ունէինք: Մենք եւս դժուար կացութեան մէջ էինք:
Նոյն տեղում մի ծերունի մօտեցաւ իրանցի ժանդարմի համազգեստ կրող երկու շուէդ պաշտօնեաների եւ ֆրանսերէն լեզուով ասաց. «Աստուած իմ, հապա ե՞րբ է վերջանալու այս պատերազմն ու արիւնահեղութիւնը»: Ասաց. «Սա պատերազմ չէ, սա «Էքսթերմինասեոն է», այսինքն՝ սպանդ, արմատախիլ անել, բնաջնջել եւ ցեղը ոչնչացնել: Պարզուեց, որ Ստամբուլի բարձրագոյն դպրոցներից մէկում մաթեմատիկայի ուսուցիչ է եղել:
Նրա երիտասարդ տղաներին տարել էին անյայտ ուղղութեամբ, վստահ էր, որ նրանք ողջ չեն: Ցոյց տուեց խուզուած գլուխներով երկու դեռահաս աղջիկների, որոնք ուտելու չոր խոտ կամ արմատներ գտնելու համար ձեռքերով հողը տակնուվրայ էին անում: Նրանք կիսամեռ մարդիկ էին: Շուէդ պաշտօնեաներից մէկը, համեմատաբար մի մեծ կտոր հաց տուեց այդ մարդուն: Մարդը արագօրէն, կրքօտ ու ագահ սկսեց խժռել, սակայն հացի մեծ մասը թաքցրեց զգեստի տակ ու ասաց. «Ինձ համար է: Աղջիկներիս չեմ տայ, հաստատ գիտեմ, որ անօգուտ է, նրանք մօտալուտ մահից չեն փրկուելու, նրանց մի քնի չափ կեանք է մնացել, այնպէս են հիւծուել եւ ուժասպառ դարձել, որ այլեւս հնարաւոր չէ նրանց փրկել: Ուրեմն աւելի լաւ է այս հացը ինձ համար պահեմ…»:
Հասանք Հալէպ: Իջեւանեցինք «Փրանս» կոչուող մի մեծ հիւրանոցում: Տէրը հայ էր, նա սարսափահար մեզ մօտ եկաւ եւ ասաց, որ æեմալ փաշան Հալէպ է եկել եւ հէնց այս հիւրանոցում սենեակ ունի, վախենում եմ ինձ բռնեն, սպանեն ու հիւրանոցը բռնագրաւեն: Աղաչանքպաղատանքով խնդրում էր մեզ, որ գնանք դաժանութեամբ յայտնի, æեմալ փաշայի մօտ բարեխօսենք: Ասում էր՝ «դուք պատուարժան, յարգալից մարդիկ էք, հնարաւոր է ձեր միջնորդութիւնը ապարդիւն չլինի»: Սակայն ապարդիւն…: Մի քանի ժամ անց պարզ դարձաւ, որ այդ հայ մարդուն ձեռբակալել, ուղարկել են Բէյրութի շրջակայքում կառուցուած մեծ ու յայտնի մի սպանդանոց:
Մի խօսքով զարմանալի օրեր անցկացրինք: Օրեր, որոնք յիշողութեանս մէջ դրոշմուել են որպէս մղձաւանջային օրեր, որոնք պատեհ-անպատեհ պարուրում են ողջ էութիւնս:
Յետագայում, երբ տեղափոխուեցի Ժնեւ եւ այդ երկրի բնակիչը դարձայ, նկատեցի, որ շուեյցարացի մի քանի ընտանիքներ, հէնց այն ժամանակ, երբ հայերը թուրքական հողում տաժանակիր օրեր էին անցկացնում, հարիւր հազարաւորներ (զոհերի թիւը նշւում է երկուսից երեք միլիոն) գնդակահարւում, չոր ու տատասկոտ անապատներում մահուան ճանապարհ էին կտրում, Կարմիր խաչի օգնութեամբ, որբացած հայ երեխաներին Շուեցարիա են բերել եւ ոմանց որդեգրել, դպրոց են ուղարկել: Այնպէս, որ այսօր Ժնեւում կրթուած այդ երեխաները դարձել են անուանի ճարտարապետներ, ինժեներներ, բժիշկ ու վիրաբոյժներ: Մարդու ուղին այսպիսին է, տայ Աստուած, որ Ադամի զաւակները մարդ լինեն, առողջ բանականութիւն ու խիղճ ունենան եւ ընթանան այս ուղիով: