
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ուսուցիչների երախտագիտութեան շաբաթի շրջանակներում Մայիսի 4ին Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութիւնը («Armenian-American Public Service Employees Association»-AAPSE) կը մեծարի կրթական ոլորտում նշանակալի ներդրում ունեցած հայ ուսուցիչներին: Ձեռնարկի նպատակն է նաեւ համախմբել այս ոլորտի ամերիկահայ ներկայացուցիչներին: «Մենք պարզեցինք, որ կրթութեան համակարգում աշխատող հայերի որեւէ միութիւն չկայ, մինչդեռ հայ աշխատակիցների թիւը ամերիկեան կրթօջախներում, հանրային ոլորտի կրթական բաժիններում մեծ թիւ է կազմում: Մեծապէս կարեւորելով շատերի ներդրումն ու խորը ակնածանք տածելով կրթամշակների նկատմամբ, որոշեցինք տօնական ձեռնարկի շրջանակներում միաւորել ոլորտի հայերին», նշում է Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան հիմնադիր եւ նախագահ Յարութ Եդալեանը: Միջոցառման ժամանակ կը մեծարուեն վաստակաւոր ուսուցիչներ Սիրանոյշ Սուսան Մուրադեանը, Ալիս Պետրոսեանն ու Հերմինէ Մահսէրէջեանը: Միաժամանակ, հանրութեանը կը ներկայացուի «Խնամքի խթանումը իրազեկող» ծրագիրը, որտեղ ներգրաւուած է շուրջ 1200 հայ երեխայ: Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան նպատակներից է՝ իրազեկել այս ծրագրի մասին՝ հնարաւորինս աջակցելով հայերին:
Գլենդելի «Ֆրեսքօ» ճաշասրահում նախատեսուած ձեռնարկին կարող են մասնակցել կրթութեան եւ հանրային ոլորտի այլ ծառայութիւններում աշխատող բոլոր ցանկացողները: Տոմսերի վաճառքից ստացուած ողջ հասոյթը կը փոխանցուի «Խնամքի խթանումը իրազեկող» ծրագրին: Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների միութեան ուսուցիչներին նուիրուած ձեռնարկը տեղի կ՛ունենայ Մայիսի 4ին, ժամը 11ին: Տոմսերի եւ այլ տեղեկութիւնների համար՝ զանգահարել հետեւեալ հեռախօսահամարներով՝ (818) 339-4548, (818) 726-2212, կամ այցելել հետեւեալ կայքը՝ www.MyAAPSE.org:
Տեղեկանք
– Սիրանոյշ Սուսան Մուրադեան.- Կրթութեան ոլորտում իր գործունէութիւնը սկսել է Ռոզ եւ Ալէք Փիլիպոս հայկական վարժարանում, 1972 թուականին: Այնուհետեւ, LAUSD Grant Elementary-ում սկսել է կենսական նշանակութեան երկլեզու ուսուցչի աշխատանքը: Իր աւելի քան 40 ամեայ գործունէութեան ընթացքում, Մուրադեանը բազմաթիւ ուսուցիչների ու ծնողների դասաւանդել է մաթեմատիկա: Սիրանոյշ Սուսան Մուրադեանն այժմ էլ շարունակում է իր ակտիւ գործունէութիւնը՝ որպէս կամաւոր տարբեր կազմակերպութիւններում, եկեղեցում, «Արարատ Չարթըր» դպրոցում եւ «Արարատ» տանը:
– Ալիս Պետրոսեան.- Ներկայիս Կալիֆորնիայի վարժարանների Տնօրէնների միութեան նախագահն է եւ Լոս Անջելես գաւառի Կանանց յանձնաժողովի յանձնակատարը: Ալիս Պետրոսեանը վերջին 40 տարիների ընթացքում տարբեր մարզերի մէջ նպաստել է Կալիֆորնիայի աշակերտութեան կրթութեան մակարդակի բարձրացմանը: Պետրոսեանը վարել էր նաեւ Փասադինայի միացեալ կրթաշրջանի կրթական վերահսկիչի օգնականի պաշտօնը՝ ստանձնելով կրթաշրջանի Կրթական հարցերի գլխաւոր պատասխանատուի պաշտօնը: Նա նաեւ 11 տարիներ դասաւանդել է Գլենդել եւ Հէյուըրտ քաղաքներում, ու Կալիֆորնիայի տարբեր նահանգապետների կողմից նշանակուել է նահանգային մի շարք կրթական յանձնաժողովների անդամ՝ արժանանալով զանազան մրցանակների, որոնց թւում՝ 2012ին արժանացել է հեղինակաւոր «Էլիս Այլընդ» մեդալին: 2013ին, սենատոր Քերոլ Լուիի կողմից ճանաչուել է շրջանի «Տարուայ կին»ը: Պետրոսեանը նաեւ կամաւոր սպասարկութիւններ է մատուցել համայնքային տարբեր կազմակերպութիւնների միջոցով:
– Հերմինէ Մահսէրէջեանը կրթութեան ոլորտում է 1975ից: Նա տարբեր պաշտօններ է ունեցել բոլոր մակարդակներում՝ ներառեալ՝ Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում որպէս դասախօս, հոգեբան, տնօրէն, ուսուցիչ, համակարգող: Նա հայկական դասընթացներ է սկսել CSUN-ում 1983ին: Նա հայ համայնքի նուիրեալներից է:
Տեղեկանք.- Հանրային ոլորտի Ամերիկահայ աշխատակիցների միութեան նպատակն է համախմբել Լոս Անջելես գաւառի բոլոր ամերիկահայ աշխատակիցներին, ստեղծել սոցիալական ցանց: Կազմակերպութեան այլ նպատակներն են.
– Աջակցել ամերիկահայ աշխատակիցների մասնագիտական առաջխաղացմանը.
– Ներկայացնել եւ տարածել՝ գաւառի, քաղաքապետարանի, պետութեան կողմից առաջարկուող ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել հայ համայնքին ու հանրային ոլորտի աշխատակիցներին.
– Նպաստել կազմակերպութեան անդամների սոցիալ-տնտեսական եւ մասնագիտական բարօրութիւնը.
– Կազմակերպութեան անդամների շրջանում գործնական հնարաւորութիւնների եւ առաջխաղացման վերաբերող տեղեկատուութիւնը մշտապէս տարածել.
– Գործուն մասնակցութիւն ունենալ հայ համայնքի հասարակական միջոցառումներում: