ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Ըստ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած քուէարկութեան նախնական արդիւնքների՝ Երեւանի աւագանիում մանդատ (պատգամաւորական աթոռ-Խմբ.) ստանալու իրաւունք է նուաճել ընտրութիւններին մասնակցած 7 քաղաքական ուժերից 3ը՝ ՀՀԿն, ԲՀԿն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը: Պաշտօնական տուեալներով՝ ՀՀԿն ստացել է ընտրողների 55.9 տոկոսի քուէն:
Ընտրութիւններն անցան ճիշդ նոյն սցենարով (բեմագրութեամբ-Խմբ.), վերարտադրման համար կիրառուած նոյն տեխնոլոգիաներով (արհեստագիտութեամբ-Խմբ.), ինչ նախորդ պառլամենտական (խորհրդարանական-Խմբ.) եւ նախագահական ընտրութիւններինը, հետեւաբար եւ պէտք է արձանագրուէին այն արդիւնքները, որոնք պլանաւորել (ծրագրած-Խմբ.) էր ստանալ իրավիճակն ամբողջութեամբ վերահսկող իշխանութիւնը: Վերջինիս, քուէարկութեան նման պատկեր ներկայացնելով, յաջողուեց լուծել երեք խնդիր: Առաջին՝ բացարձակ մեծամասնութիւն կազմել աւագանիում, ինչը հնարաւորութիւն կը տայ ոչ միայն միայնակ քաղաքապետ նշանակել, այլ բացառապէս կուսակցական հայեցողութեամբ ձեւաւորել կառավարութիւնը: Եթէ անգամ ՀՀԿն կամ, աւելի ճիշդ, նախագահ Սերժ Սարգսեանը նախընտրի գործադիր իշխանութիւնը ձեւաւորել կոալիցիոն սկզբունքով, աւագանու ընտրութիւնների նման արդիւնքը թոյլ է տալու հանդէս գալ միանշանակ խաղի կանոններ թելադրողի դիրքրերից: Այսպիսի արդիւնքով Սերժ Սարգսեանն սեփական դիրքերն ամրապնդեց:
Երկրորդ՝ ոչ իշխանական բեւեռից աւագանի անցնելու իրաւունքը տրուեց այն երկու ուժերին, որոնց մօտ ամենաքիչն է հնարաւոր կամ իրատեսական յետընտրական դաշինքի ձեւաւորումը: Ի հարկէ, ՀՀԿի՝ բացարձակ մեծամասնութիւն կազմելու պարագայում, զուտ իրավիճակ փոխելու պոտենցիալի (կարողականութեան-Խմբ.) առումով, նման դաշինքը ոչ մի ազդեցութիւն ունենալ չի կարող, սակայն ի զօրու կը լինէր արդիւնաւէտ վերահսկողութիւն իրականացնել գոնէ մայրաքաղաքային բիւջէի ձեւաւորման, ծախսերի եւ ծրագրերի կատարման նկատմամբ: Իրականում ընդդիմադիր միասնական բեւեռի ձեւաւորումը նախընտրական շրջանում տապալուեց հէնց այս երկու ուժերի դիրքային պայքարի ու չափազանցուած ամբիցիաների (փառասիրութեանց-Խմբ.) բախման հետեւանքով: Անգամ ընտրութիւններից յետոյ նրանք շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմեանց հասցէին: Դաւանելով բացարձակապէս տարբեր արժէքներ՝ նրանք այս ներքին հակասութիւնները տանելու են աւագանի, ինչը թուլացնելու է նրանց վերահսկողական գործառոյթը:
Երրորդ՝ ՀՀԿին անհրաժեշտ էր քուէարկութեան հէնց այսպիսի պատկեր ստանալ՝ սրբագրելու նախագահական ընտրութիւնների խայտառակ արդիւնքները Երեւանում: ՀՀԿին անհրաժեշտ էր ապացուցել, որ Երեւանն «իրեն է պատկանում» նոյնչափ, որչափ նախագահական ընտրութիւններից առաջ, եւ որ ամբողջապէս տիրապետում է իրավիճակին: Սրա հոգեբանական ենթաշերտն այն է, որ Սերժ Սարգսեանը փորձեց ապացուցել, թէ իր իշխանութիւնը գործնականում խոցելի տեղ չունի, իսկ նման տեղերի փնտռտուքը պարապ վախտի զբաղմունք է:
Թերեւս իշխանութեան գերկենտրոնացման այս միտումների մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ՕԵԿը՝ ՀՀԿի կոալիցիոն գործընկերը, աւագանի չանցաւ, այսինքն՝ այս անգամ ՀՀԿն սեփական արբանեակ կուսակցութեանն իր ետեւից քարշ չտուեց: Արդիւնքում՝ նա հնարաւորութիւն տուեց, որպէսզի ՕԵԿը բացայայտի իր մարդկային ռեսուրսների սնանկութիւնը: 15600ից աւելի մարդ է, ըստ ԿԸՀի ձայն տուել այս լուսանցքային ուժին, եւ դա բացառապէս նրա առաջին համարի՝ Արմէն Երիցեանի եւ նրա ղեկավարած նախարարութեան վարչական լծակների շահագործման «շնորքն» էր: Սակայն էականն այս իրավիճակում այն է, որ, ՕԵԿի ձեռքը բաց թողնելով, Սերժ Սարգսեանը գրեթէ բացայայտ հասկացնում է, որ այլեւս, գոնէ տեւական հեռանկարի կտրուածքով, ՕԵԿի կարիքը չունի: Դա պայմանաւորուած է, թերեւս, այն իրողութեան գիտկացութեամբ, որ 2018թ. նախագահական ընտրութիւններին ընդառաջ ՕԵԿը կարող է ինքնուրոյն խաղ սկսել, այսինքն՝ կորցնել վստահութիւնը, որովհետեւ այն ժամանակ կուսակցութիւնը գործ է ունենալու ոչ թէ Սերժ Սարգսեանի հետ, որին հաւատարմութեան երդում էր տուել, այլ նրա «ժառանգորդ»ի: Սա իրականում աւագ գործընկերոջ կողմից գօտկատեղից ներքեւ հարուած էր ՕԵԿին եւ դժուար է ասել՝ ինչպէս է վերջինս կարողանալու դուրս գալ նոկդաունից (զգետնուած վիճակէն-Խմբ.):
Բոլոր դէպքերում ընտրութիւններից յետոյ ստեղծուած իրավիճակը փաստի առաջ է կանգնեցնում անխտիր բոլոր այլընտրանքային ուժերին: Առաջիկայում քաղաքական լուրջ իրադարձութիւններ չկան, եւ դժուար է ասել՝ որն է լինելու այս ուժերի մոտիւացման հիմնական կռուանը: Սակայն կայ առնուազն երեք հարցադրումներ, որոնք, պայմանաւորուած այս ընտրութիւնների արդիւնքներով, պէտք է լուրջ քննարկման ու վերանայումների տեղիք տան:
1. Ինչո՞ւ հնարաւոր չի դառնում արդիւնաւէտ պայքարը իշխանութեան կողմից վարչական լծակների անսահմանօրէն շահագործման դէմ: Որքան այս ուժերը շատ են խօսում ընտրութիւնների ընթացքը վերահսկելու ունեցած ռեսուրսների, դրանց բաւարար լինելու մասին, այնքան ընտրազեղծարարութեան տեխնոլոգիաները կատարելագործւում են ու դառնում անվերահսկելի:
2. Ինչպէ՞ս յաղթահարել ընդդիմադիր կամ, այսպէս կոչուած, ոչ իշխանական դաշտում անընդհատ խորացող ու նորանոր դրսեւորումներ ստացող անհանդուրժողականութեան եւ անվստահութեան մթնոլորտը: Եւ ընդհանրապէս՝ շեշտը պէտք է դնել միասնականութեա՞ն, թէ՝ հատուածականութեան վրայ: Ի վերջոյ, ակնյայտ է, որ ՀՀԿին նման արդիւնքներ բերող հիմնական պատճառներից մէկը հէնց ընդդիմութեան ներքին «գզվռտոցներն» էին, որոնք չէին կարող չազդել ընտրողների տրամադրուածութեան վրայ: Իրականում տեղի ունեցաւ ընդիմադիր ընտրազանգուածի ձայների փոշիացում:
3. Այս ընտրութիւնները ցոյց տուեցին, որ իշխանութիւնը կատարելագործում է մի բոլորովին նոր, մանիպուլեացիոն (խարդախ-Խմբ.) տեխնոլոգիա՝ հիմքեր ստեղծել նաեւ ընդդիմադիր ուժերին մեղադրելու ընտրակեղծարարութեան մէջ: Նման արշաւ իրականացուեցին թէ՛ ԲՀԿի, թէ՛ ՀԱԿի եւ թէ՛ «Բարեւ Երեւան»ի դէմ: Եթէ ընտրակաշառքների բաժանման, ընտրողների հաւաքագրումների ու ընտրատեղամասերում տեղական հեղինակութիւնների կուտակումների ներազդեցութեան ճակատներում կարելի էր ԲՀԿի դէմ ուղղուած տեղեկատուական արշաւի տակ հիմքեր տեսնել, ապա նմանատիպ որեւէ լծակի չտիրապետող միւս ուժերի պարագայում նման մեղադրանքները ակնյայտ պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) բնոյթ ունէին: Նման արշաւի ողջ իմաստը, ընտրակեղծարարութեան մէջ միւս մասնակից ուժերի պատասխանատուութիւնը մեծացնելով, ՀՀԿի եւ իշխանութեան պատասխանատուութիւնը նուազեցնելն է: Սրանով ՀՀԿն պատասխանում է իր կողմից պետական լծակները կուսակցութեան վերատադրութեանը ծառայեցնելու մասին մեղադրանքներին: Եթէ թոյլ տրուի, որ իշխանութիւնը շարունակի այս միտումները, վաղը կարող է յայտնուենք մի իրականութիւնում, երբ պարզուի, որ այս երկրում ընտրախատումներ են կատարում բոլորը, բացի… ՀՀԿ-ից ու իշխանութիւնից: