
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Մէկշաբաթեայ ընդմիջումից յետոյ վերադառնում եմ ինձ վերապահուած ակնարկներին, որ մօտ 2 տարի է, ինչ աւանդութիւն է դարձել յուսով եմ՝ ոչ միայն ինձ համար: Տնտեսական աշխարհը պատրաստւում է նոր ալեկոծութիւնների, քանի որ ամերիկեան շուկան աննախադէպ թռիչք է ապրում, եւ որոշ տնտեսագէտներ կանխատեսում են մութ ամպերի մօտալուտ գալուստը: Այս մասին դեռ կը գրենք:
Այսօր չեմ խօսելու Հայաստանում անցկացուած աւագանու ընտրութիւնների արդիւնքների մասին, քանի որ բազմաթիւ վերապահութիւններ ունեմ ինչպէս մէկ, այնպէս էլ միւս կողմերի արտայայտած մտքերի հետ: Փոխարէնը կ՛ուզեմ նշել ահա արդէն որերորդ անգամ երեւան եկած «զօռբաներ»ի մասին, որոնց պահուածքից սրտխառնոց է առաջանում, երբ ներկայ էին իրենց «թաղում» անցկացուած ընտրութիւններին, ու «վրայ էին քշում» շարքային քաղաքացիներին: Ընտրութիւնների ընթացքում ինչպէս կին, այնպէս էլ տղամարդ դիտորդների մի մասը իրենց յանդուգն բողոքներն էին ներկայացնում, թէ լցոնումներ են եղել, մարդիկ քուէարկել են ուրիշների փոխարէն, մի քանի անգամ, տարբեր տեղամասերում, «կարուսել» են խաղացել եւ այլն: Իմ դիտարկումների արդիւնքում հասկացայ, որ կանայք աւելի ուղիղ ու բարձրաձայն էին բողոքում, եւ խօսքը գնում է ոչ թէ այս կամ այն քաղաքական գործչի, այլ հասարակ քաղաքացու մասին: Միգուցէ պէտք է աշխուժացնե՞լ հայ կնոջ դերը մեր իրականութեան մէջ, քանի որ «զօռբաները» իրօք որ աւելի էին շփոթւում կնոջ դէմ իրենց «էշը քշելու» քաղաքականութեան արդիւնքում, նահանջում էին, հեռանում տեղական «մարտադաշտերից»: Միգուցէ ժամանակն է, որ հայ կինը եւս կարողանայ ձայն բարձրացնել ու արտայայտել իր կեցուածքը, որպէսզի արդար հասարակութեան ծիլերը կանաչեն: Դա տղամարդու դերը չի ստուերի, այլ ընդամէնը նոր թափ կը տայ ժողովրդավարութեանը, եւ ամէն մի արդարամիտ տղամարդ, որ մտահոգ է իրականութեան վերաբերեալ, պէտք է որ ողջունելի համարի այս հանգամանքը: Ես չեմ խօսում այն կանանց մասին, ովքեր «հրաւիրուած են» կերակրամանի մօտ՝ ժողովրդավարութեան «իմեջ»ը (պատկերը-Խմբ.) ի լուր աշխարհի աղաղակելու համար, թէ՝ տեսէք-տեսէք, մենք էլ ենք քաղաքակիրթ ազգ: Խօսքը այն կանանց մասին է, ովքեր չեն վախենում իրերն իրենց անունով կոչել, պատրաստ են անձնականը զոհել յանուն արդարութեան եւ ճշմարտութեան: Համացանցում բազմաթիւ այսպիսի փաստեր կարելի է գտնել, երբ երիտասարդ լրագրող կինը անվախ յանդգնում է հարցնել «զօռբա»ին, թէ նա ինչու է այս կամ այն տատիկին յորդորում ընտրել այս կամ այն թեկնածուի օգտին, կամ թաղի տղերքին քաջաբար հարցնում է, ինչու են նրանք օրէնք խախտում, ու մի քանի անգամ մտնում ընտրատեղամաս: «Զօռբաները» նկատելիօրէն նահանջում են, քանի որ նրանցից քչերն են կարող գլուխ դնել կանանց արդարացի պահանջների հետ, իսկ տղամարդու բողոքները լռեցնելը շատ աւելի հեշտ է, բաւական է մի քանի հոգով «խուժանավարի» վրայ տան, ծայրայեղ դէպքում՝ բռնութիւն գործադրեն ու խաղից հանեն: Յաջորդ ընտրութիւններին դեռ ժամանակ կայ, եւ մինչ այդ հարկ է, որ առաջադէմ ուժերը աւելի մեծ թուով կանանց ներգրաւեն ու իրենց ասելիքը հրապարակելիս կանանց էլ օգտագործեն: Հայաստանում դեռ շատ անելիքներ կան այս առումով: Այստեղ հարկ եմ համարում յիշել մի խօսակցութիւն, որ տեղի ունեցաւ մօտ 5 տարի առաջ՝ ծանօթիս տանը: Երեւանեան շոյիչ երեկոյ էր, հաւաքուել էինք մտերիմներիցս մէկի տանը, մէկ երկու բաժակ Արարատեան գինին բացել էր բոլորիս տրամադրութիւնը, երբ խօսք գնաց հայաստանեան եւ սփիւռքեան իրականութեան մասին: «Ձեզ մօտ կանայք են ղեկավարում», ասաց ծանօթս՝ Հայաստանում ճանաչուած մի երգահան-երաժիշտ, ով փորձեց թաքցնել իր հեգնանքը: Ես չէի ցանկանում վիճել, ընդամէնը ասացի, որ կնոջ դերը այստեղ շատ աւելի ընդգծուած է, ու դա բնաւ երբեք չի նշանակում, որ տղամարդը դարձել է «փալաս» (անպէտք լաթ-Խմբ.), որ ընտանեկան յարաբերութիւններում նոր դինամիկա է ստեղծւում, ճիշդ է, եւ շատերը յաջողութեամբ են անցնում այս նոր փորձութեան միջով: Իհարկէ, այն տղամարդիկ, ովքեր չեն հաշտւում նոր իրավիճակի հետ, ընկճւում են, անախորժութիւններ ստեղծում, որը յանգեցնում է ընտանիքի փլուզմանը՝ իր բոլոր հետեւանքներով: Այդպէս էլ չկարողացայ բացատրել ընկերոջս, որ արեւմտեան իրականութեան մէջ տնտեսական առումով կինը վայելում է բացարձակ հաւասարութիւն տղամարդու հետ, եւ դա է պատճառը, որ կնոջ խօսքն աւելի մեծ կշիռ ունի այստեղ, համեմատած հայաստանեան պատկերի հետ: Բայց թէ

որքանով է նախընտրելի, որ կանայք ընդամէնը «ճաշ եփեն, երեխայ մեծացնեն, ու չխառնուեն լուրջ գործերին», դատէք ինքներդ:
Հայաստանեան իրականութեան մէջ կնոջ դերի բարձրացումը միայն կարող է դրական փոփոխութիւնների հասցնել, եւ կարիք չկայ ըմբոստանալու, տխրելու եւ ծաղրելու այս գաղափարը, չէ՞ որ խօսում ենք մեր մայրերի, քոյրերի, դուստրերի մասին: Այս մասին դեռ կխօսենք…
Տարօրինակ երեւոյթ է մարդու միտքը, այն կարող է թռչել մի թեմայից միւսը: Այսօր էլ բացառութիւն չի կազմում: Յիշո՞ւմ էք, թէ ինչ էի գրել Բոստոնեան դէպքերի կապակցութեամբ: Մրոտման փորձից յետոյ պարզուեց, որ հաւատափոխ հայը գրեթէ ոչ մի դեր չունի ահաբեկչութեան առումով: Առեղծուածային «խորհրդատուն»՝ Միշան, իրական դէմք դուրս եկաւ: Պարզուեց, որ նա ծնուել ու մեծացել է Բաքւում, նրա հայրը հայ է, մայրը՝ ուկրանուհի: Յետոյ ահաբեկիչների հօրեղբայրը ներողութիւն խնդրեց հայ ազգից, հեռաձայնելով մի փոքրիկ պարբերականի, ու հակիրճ շարադրեց իր մեղայականը: Կատարուեց այն, ինչ որ սպասւում էր: Դասական ցեխարձակումը կատարուեց համաշխարհային մասշտաբով, իսկ հերքումը տեղի ունեցաւ չափից աւելի նեղ շրջապատում: Իսկ Ապրիլի 24ի նախօրէին ջղագրգիռ հօրեղբայրը թէ ո՞ւմ պատուերն էր կատարում, մնաց անպատասխան: Իսկ «մեր» Միշան համագործակցում է օրինապահ մարմինների հետ եւ կտրականապէս մերժում է «խորհրդատու»ի իր պիտակը, որը հաւանաբար իրականութեան ուղիղ արտացոլումն է: Այսքանը այս տխրահռչակ դրուագի մասին, որ յուզեց շատերին, եւ միայն Մարկ Կիրակոսի յայտնի ելոյթն էր Սի.Էն.Էն. կայանից, որ ինչ որ չափով կարողացաւ մեր դատին տէր կանգնել, ու բոլորիս ձայնը հասցնել համաշխարհային հեռուստադիտողին: Բոլորիս անունից՝ խորին շնորհակալութիւն հայորդուն:
(«Զօռբա»-խօսքը պարտադող-Խմբ.)