ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակեանն այսօր (Մայիս 13ին) յայտարարել է, թէ ընդդիմութիւնը Հայաստանում գտնւում է զրոյական վիճակում: Նման գնահատական տալու հիմքը, բնականաբար, անցած երեք համապետական ընտրութիւններում իշխանութեան տարած յաղթանակն էր, որից ընդդիմութիւնը փաստացի դուրս եկաւ ձեռնունայն, գործնականում պարտուած: (Երեւանի աւագանու ընտրութիւնները էութեամբ եւս համապետական էին՝ հաշուի առնելով, թէ այդ ընտրութիւններում ինչ ծաւալով էր իշխող կոսւակցութիւնը բացայայտ մոբիլիզացրել իր մարզային, հանրապետական մասշտաբի ռեսուրսները):
Ընդդիմութեանը չյաջողուեց լուծել առաջադրուած թէ՛ ռազմավարական եւ թէ մարտավարական խնդիրներից եւ ոչ մէկը, իսկ դա այլ կերպ, քան պարտութիւն, դժուար է անուանել, անկախ այն հանգամանքից, թէ որքանով էր իշխանութեան տարած յաղթանակը ազնիւ կամ աւելի ճիշդ՝ անազնիւ: Գալուստ Սահակեանն, ըստ այդմ, ոչ այնքան նկարագրում է ընտրութիւններից յետոյ ընդդիմութեան ունեցած գերհամեստ ռեսուրսը, ժողովրդականութիւնը կամ հեղինակութիւնը, որքան, մի կողմից, ընդդիմութեան նկատմամբ իշխանութեան մօտ հաստատուած վերաբերմունքը, իսկ միւս կողմից՝
անվերջ յաղթանակների եւ դրանց ձգտումների թողած բարոյալքող ազդեցութիւնը բուն իշխանութեան վրայ:
Ժողովրդավարական ցանկացած երկրում իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի համար ոչ թէ հպարտութեան, այլ գլուխը ամօթից կախելու առիթ պէտք է լինէր ընդդիմութեան զրոյականութեան մասին յայտարարութիւն անելը, եթէ անգամ դա այդպէս է: Որովհետեւ իշխանութեան զօրեղութիւնն ու անյաղթելիութիւնը ոչ թէ ամէնուր ու ամէն գնով յաղթանակ ապահովելու մէջ է, այլ՝ ուժեղ ու իրական ընդդիմութիւն ունենալու: Ըստ այդմ՝ ընդդիմութեան զրոյականութիւնը ուղիղ համեմատական է իշխանութեան բովանդակութեան զրոյականութեանը: Մանկական ինքնախաբէութիւն է հրճուել այն փաստից, որ թագաւորում ես աւերակների վրայ, երբ շրջակայքում ոչինչ ու ոչ ոք չկայ, այսինքն՝ զրոյական վիճակում են, այն էլ այն դէպքում, երբ շրջապատի զրոյական լինել-չլինելը մեծապէս կախուած է քեզանից: Հետեւաբար, այս միտքը հպարտօրէն արտայայտող իշխող կուսակցութեան փոխնախագահը գուցէ խորապէս չի էլ ըմբռնում, որ դրանով որակում է նաեւ ամբողջ իշխանութեանը:
Բայց Գալուստ Սահակեանի գնահատականում պարզորոշ հնչում է ընդդիմութեան համար հիմնական ահազանգը՝ մարգինալացման (լուսանցքայնացման-Խմբ.) իրական վտանգը: Երեւանեան ընտրութիւններից յետոյ ստեղծուել է մի իրավիճակ, երբ բոլոր այլընտրանքային ուժերը կանգնել են պարզ հարցադրման առջեւ՝ ի՞նչ անել հիմա: Ակնյայտ է, որ Երեւանի աւագանու ընտրութիւններով աւարտուել է քաղաքական մի շրջափուլ եւ սկսուել է բոլորովին նորը, որտեղ, սակայն, ընդդիմադիր ուժերն իրենց տեղն ու անելիքը պարզելու խնդիր ունեն: Այդ իրավիճակի նոր լինելը պայմանաւորուած է նրանով, որ կայացած երեք ընտրութիւններով Սերժ Սարգսեանը ամբողջականացրեց իր բացարձակ, տոտալ իշխանութիւնը, ապահովագրեց իրեն քաղաքական այլ ուժերից հնարաւոր կախուածութիւնից եւ դա արեց՝ արտաքուստ պահպանելով խաղի իմիտացիոն (կեղծ-Խմբ.) ժողովրդավարական կանոնները, որով խաղալու ձեւը ընդդիմութիւնը դեռեւս չգիտի:
Առաջին պլան է մղւում հէնց ձեւը գտնելու խնդիրը: Առ այսօր քաղաքականութիւնը կառուցուել է հիմնականում ընտրութիւնների շուրջ: Նման մօտեցումն ակնյայտօրէն սպառել է իրեն: Քաղաքականութիւնը ոչ թէ ընտրութիւններով աւարտւում, այլ սկսւում է: Դա նշանակում է, որ ընդդիմութիւնը այլընտրանք ուղղակի չունի, քան յաջորդ ընտրութիւններին նախապատրաստուելը եւ, որ շատ աւելի էական է, հասարակութեանը նախապատրաստելը. դա ներկայիս նախալուսանցքային վիճակից դուրս գալու միակ ճանապարհն է, որտեղ արդէն իսկ ուրուագծւում են հիմնական անելիքները:
Նախ՝ ամբողջութեամբ պէտք է փոխել ընտրախախտումների դէմ պայքարի փիլիսոփայութիւնը: Քուէարկութեան օրը ընտրատեղամասում իշխանութեանը վերահսկելու մոդելն այլեւս չի աշխատում: Ամէն ինչ տեղի է ունենում քուէարկութիւնից առաջ եւ ընտրատեղամասից դուրս: Դրա դէմն առնելու ոչ մի մեխանիզմ առ այսօր չի մշակուել, անգամ փորձ չի արուել մշակելու: Ընտրողը մնացել է իշխանութեան վարչական, թաղային, օլիգարխիկ հզօր մամլիչի դէմ մեն-մենակ ու կուլ է գնում դրան: Ընտրողն ուզում է, որ իր փոխարէն իր գրպանը 5 կամ 10 հազար խցկող յանցագործի ձեռքը ոչ թէ ինքը բռնի, այլ ուրիշները, որովհետեւ վստահ չէ, որ եթէ բռնի այդ ձեռքը, ինքը չի յայտնուելու մեղադրեալի աթոռին: Ընտրողն այս իմաստով օգնութեան կարիք ունի: Ու այս գործառոյթը ընդդիմութիւնը պէտք է վերցնի իր վրայ՝ տուն առ տուն, ընտրող առ ընտրող աշխատելով:
Սա ենթադրում է նաեւ նախաձեռնողականութիւն ընտրական օրէնսդրութիւնը փոփոխելու ուղղութեամբ: Ոչ վաղ անցեալում ընդդիմութիւնը ընտրական օրէնսգիրքում փոփոխութիւններ կատարելու նախաձեռնութեամբ հանդէս էր գալիս ընտրութիւնների նախաշեմին, ինչը իշխանութեան համար պատրուակ էր դառնում դրանք մերժելու համար: Այս պրակտիկան փոխելու անհրաժեշտութիւն կայ: Կայացած ընտրութիւնների վերաբերեալ միջազգային դիտորդների, կազմակերպութիւնների արած դիտողութիւնները, արձանագրած թերութիւններն առաւել քան ամուր բազա (հիմք-Խմբ.) են ստեղծում յաւակնոտ փոփոխութիւնների նախագծով հանդէս գալու համար: Քաղաքական մեծամասնութիւնը դրանք մերժելու հիմքեր չպէտք է ունենայ, իսկ մերժելու դէպքում ստիպուած լինի գործ ունենալ ոչ թէ ներսի քաղաքական ուժերի, այլ միջազգային հանրութեան հետ: Իշխանութեանը մերժողականութեան դէմ պէտք է պայքարել նրա իսկ զէնքով:
Թերեւս միւս ուղղութիւնը կարող է լինել քաղաքացիական հասարակութեան կայացմանը նպաստելը: Ակնյայտ է, որ քաղաքական գործընթացների հանդարտեցումից յետոյ սկսուելու է քաղաքացիական նախաձեռնութիւնների, դիմադրողական շարժումների նոր փուլ, որոնք քաղաքական աջակցութեան կարիք ունեն: Այս պրոցեսն արդէն սկսուած է. ազատամարտիկների բարձրացրած բողոքի ակցիան՝ կապուած սոցիալական խնդիրների լուծման պահանջի հետ, դրա առաջին վկայութիւնն է, որը սակայն, քաղաքական ուժերի կողմից առայժմ գրեթէ բացարձակապէս անտեսուած է: Այդ խնդիրները պէտք է վերածել քաղաքական յստակ ձեւակերպուած ու իշխանութիւններին ներկայացուած պահանջների: Քաղաքացիական օղակները, որոնք պայքարում են իրենց այս կամ այն իրաւունքի համար, ենթագիտակցօրէն պէտք է ըմբռնեն, որ ընդդիմութիւնն իրենց կողքին է, եւ պայքարը լոկալ բնոյթի չէ: Ըստ էութեան՝ խօսքը տուեալ դէպքում վերաբերում է ընդդիմութեան եւ հասարակութեան միջեւ նոր որակի յարաբերութիւնների ձեւաւորմանը: Քանի դեռ ընդդիմութիւնը իր նեղ շահերի, ամբիցիաների (փառասիրութեան-Խմբ.) կապանքներից դուրս չի եկել, այս խնդիրը լուծել չի կարող: