
«Ասպարէզ» օրաթերթի յարգելի խմբագրութիւն,
Ընթերցելով Աղուան Վարդանեանի եւ Լուսինէ Բարսեղեանի հարց ու պատասխանը՝ «Փորձելու ենք հասկանալ, թէ ինչ կարող էինք անել, որ չենք արել» («Ասպարէզ», 14 Մայիս, 2013) վերնագիրը եւ Վարդանեանի պատասխանը Լուսինէին, թէ ով է մեղաւոր ընդդիմութեան թոյլ վիճակում գտնուելու համար՝ «որ ես սովոր եմ առաջինը ինձ մեղադրել, որ մենք չենք կարողացել մեր քաղաքացիների մօտ վստահութիւն եւ փոփոխութիւնների հնարաւորութիւն ներշնչել» պատճառ են դարձել, որ Դաշնակցութեան համակիր անձինք եզրակացնեն, որ Դաշնակցութիւնը հայրենիքում լաւ չի գործում: Այս եզրակացութեան նպաստել է նաեւ այն, որ խորհրդարանի ընտրութիւններում, երբ արդէն ընդդիմադիր էինք դարձել ու կառավարութեան մէջ չէինք, աւելի քիչ թուով անդամ ունեցանք խորհրդարանում:
Ինձ համար պարզ էր, որ երբ միաւորումը չստացուեց, արդիւնքը այն կը լինէր, որ եղաւ, եւ պատճառը ոչ թէ «ինչ կարող էինք անել, որ չենք արել»ն է, այլ իրատես լինելով, պիտի գիտակցենք, որ 70 տարիների համայնավար կարգերի հակադաշնակցական քարոզչութիւնը չէր կարող վերանալ Հայաստանի մեր հայրենակիցների կաղապարուած մտածելակերպից: Մանաւանդ որ այս քսան տարիների ընթացքում մեր դպրոցներում հայերէն լեզուի ու պատմութեան վարժապետների հաւանաբար 90 տոկոսից աւելին շարունակում են իրենց ապատեղեկութիւնները փոխանցել աշակերտներին, հաւատարիմ մնալով Լ. Տէր Պետրոսեանի այն կարծիքին, թէ «ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորեա (դասակարգ-Խմբ.) է»:
Հայրենիքի մեր քաղաքացիներին, իմա նոր սերնդին, կարող ենք մեր հանդէպ վստահութիւն ներշնչել, երբ մեր հայեցի առարկաների վարժապետների առնուազն կէսը ձերբազատուած կը լինի Ստալինի հակադաշնակցական մոլուցքից:
ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴԽԱՆԵԱՆ