
ԿԼԵՆՏԷՅԼ.- Չորեքշաբթի, Յունիս 12ին, Շամլեան Ազգային վարժարանը կազմակերպեց եւ հիւրընկալեց հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների վերապատրաստման յատուկ աշխատանիստ, որի նպատակն էր հիմնականում կենտրոնանալ հայերէնի դասարաններում արհեստագիտական հնարաւորութիւնների օգտագործման վրայ: Աշխատանիստին, որը ներկայացրեց եւ վարեց վարժարանի արեւելահայ բաժնի պատասխանատու եւ դասատու Սարօ Նազարեանը, վարժարանի ուսուցիչներից բացի, մասնակցում էին նաեւ Ֆերահեան, Ալէք Փիլիպոս եւ Արի Կիրակոս Միանսեան Ազգային վարժարանների հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչները:
Աշխատանիստի ընթացքում Սարօ Նազարեանը ներկայացրեց «SMART Board» կոչուող համացանցային գրատախտակի օգտագործման հիմունքները, մասնաւորաբար՝ ծանրանալով անոր այն հնարաւորութիւնների վրայ, որոնց օգտագործմամբ կարելի է հայերէնի ուսումնական ծրագիրը եւ առհասարակ հայերէն առարկաների դասաւանդումը առաւել արդիւնաւէտ ու հետաքրքրաշարժ դարձնել դասարանում: Այդ իմաստով, նա ներկայացրեց նաեւ «YouTube»ի հայկական տեսանիւթերի եւ համացանցի հայկական կայքէջերի համադրման հնարաւորութիւնները՝ «SMART Board»ի օգտագործման ժամանակ:
Շամլեան Ազգ. վարժարանը հպարտութեամբ արձանագրում է, որ մեծ կարեւորութիւն տալով արհեստագիտական աշխարհի ուսումնական ոլորտի նորարութիւններին՝ մշտապէս կիրառել է այդ հնարաւորութիւնները: Ներկայումս վարժարանի դասարանները օժտուած են 11 «SMART Board»երով եւ ծրագրւում է աւելացնել այդ թիւը մօտ ապագայում: Արհեստագիտական միջոցների կիրառման շնորհիւ, ուսուցիչներին հնարաւորութիւն է ընձեռւում առաւել արգասաբեր դարձնել ուսումնակրթական աշխատանքը՝ ստեղծելով ուսումնառման հրապուրիչ մթնոլորտ՝ իւրաքանչիւր աշակերտի համար:
«Մեր տեսլականն է աշակերտներուն սորվելու լաւագոյն միջոցներ ստեղծել, որպէսզի անոնք դառնան յաջողակ ուսանողներ եւ նոյն ատեն նախապատրաստուին արհեստագիտական աշխարհի հետագայ նորարարութիւններուն», նշել է վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանը:
(Թղթակցութիւնը՝ վարժարանէն)